«100 կվարտիրանոցը», որտեղ անցել են Կարենի մանկությունն ու պատանեկությունը, Մարկես կարդացած Հերոսիս երբևիցե իր Մակոնդոն կերտելու որոշմանն է բերել։ Մարկեսին ու նոր Մակոնդոն թողնենք Կարենին և մենք դառնանք ու պատմենք հենց իր՝ Կարենի կենսապատումը, որտեղ «100 կվարտիրանոցը» կենտրոնական տեղ է զբաղեցնում։ «100»-ից մնացած ամենավաղ հիշողությունը ցայսօր մտապահված ապտակն է։ Անջիգյարանց Վալոդի հարսը՝ «100»-ի նրանց հարևաններից, իր երկու զավակների կռվի մեղավոր կարգեց նրանցից հեռու մենակ կանգնած Կարենին, իջավ երկրորդ հարկից ու մի շառաչուն ապտակ հասցրեց 4-ամյա երեխային։ Եվ Սիրուշի՝ Կարենի մոր զարմացած հարցին՝ «Չտեսա՞ր, որ Կարենը հեռու կանգնած էր, երեխեքդ են իրար քաշքշում», պատասխանեց.
— Բա ինձ պետք ա՞՝ ով ա քաշքշել, չե՞ս տեսնում՝ էրեխուս ճակատը փորթ ա եղել, կատաղած եմ։
Կարենն այդ ապտակը չմոռացավ։
Չէ՛, այնպես չի, որ կյանքում ուրիշ ապտակ չի կերել։ Չի մոռանում, որովհետև անմեղ տեղն էր, ու մինչև հիմա ցավում է։ Այնպես չի, որ մտքից հանել է, բայց այս կարգի չի մտապահում, օրինակ, բանակում սպա Շաղոյանից կերած դաժան ծեծը։ Բայց տեղին է համարում ու դաս է քաղել, դրա համար մեջը վրեժ չկա։ Իսկ ահա Անջիգյարանց Վալոդի հարս Սուսանից անմեղ տեղը կերած ապտակը Կարենը չի մոռանում։ Էդպես մինչ օրս չի մոռանում Լիլի-Մերի քույրերից Լիլիի քամահրական վերաբերմունքն ու վիրավորանքը. «Ամեն գետնի որդ պարոն չի դառնա»։ Ու թեև ինքն արդեն վաղուց դասախոս է, թեև դասախոսների խնդրանքով դաս էր պարապում դեռ ուսանողական տարիներին, դրանով իսկ դասախոս էր հենց ուսանողական նստարանից, այնուամենայնիվ, Լիլիի էս դաժան խոսքերը դեռ կոկորդում են։
Լիլի-Մերին լավ պահած, ունևոր ապրելուց տեղնուտեղը լեզուն կաշկանդանքից ազատած երեխեք էին ու վերևից էին նայում «կարկատած շալվարավորներին», որոնցից մեկն էլ այդ օրերի Կարենն էր։ Եվ Կարենը մտածում էր՝ ի՞նչ կլիներ, եթե իր ու մոր կողքին լիներ հայրը՝ КИП-ի բարձրակարգ, բարձր վարձատրվող ինժեներ Մարատը։ Նա մորը խնամելու համար (իսկ ըստ Սիրուշի՝ պատրվակով) թողեց ընտանիքին բարօրություն բերող աշխատանքն ու մեկնեց իր ծննդավայր՝ Վրաստան։ Դրա համար է Սիրուշը «Վրաստան» ասելիս հայացքը խոժոռում և «վ» ու «ր» բաղաձայնների մեջ խտացնում մի անասելի նողկանք, որ ցանկացած համեմատությունից անդին է։
— Այնուհանդերձ, պետք չէ աշխարհից նեղանալ, թե քեզ չեն հասկանում, թե չեն ուզում ընդունել, ավելի լավ է ճիշտ հանդերձավորվել, պետք եղավ՝ զրահակիր ու սաղավարտով լինել և «լինել-չլինելու» խնդիրը վճռել հօգուտ ԼԻՆԵԼՈՒ, իհա՛րկե, ո՛չ «թրիքի վրայի որդ», ինչպես պատգամել է Բուդդան, այլ՝ «աշխարհի ռիթմը դարձող, թեկուզ կարճ ապրող երանելին» լինել, ինչպես խորհուրդ է տալիս Ռուսմարը,- ասում եմ։ — Լինել, թեկուզ, նախանձողները գետնի վրայի որդ համարեն. միևնույն է, հենց հաջողությունը ժպտաց, ու հենց պարոն լինելուդ պահը որսացին, առաջինն այդ որդի հետ համեմատողներն են խոնարհվելու և ոտքերիդ տակ թավալվելու։ Կամ էլ իրական արժեքիդ կողքին իրենց առինքնող ոչնչություն զգալով՝ պապանձվելու են,- քաջալերում եմ։
Պարոնի սանդուղքով բարձրացող Կարենին առաջինը Մերին նկատեց։ Երբ բացարձակ 20-ներով ինստիտուտ ընդունվեց (ճակատագրի հեգնանքով՝ վճարովի, թեև անվճարի սահմանից 8 բալ ավելի էր ստացել. պարզապես մորից ժառանգած բնատուր հոռետեսությունը, իր բախտին չհավատացողի սովորությունը դրդել էին «անվճար» հայտը չլրացնել), նրա արժանավոր լինելում արդեն համոզված Մերին ասաց. «Բա որ դու սենց լուրջ տղա ես, խի՞ ես քեզ էս ցինիկ գյադեքի հետ նույնացնում»։
Լիլին լուռ էր, անդրդրվելի. նրա համար Կարենը հենց միայն ցինիկ էր, որ կար։ Ցինիզմը Կարենի երկրորդ ես-ն է, ավելի շատ ինքնապաշտպանական ռեակցիա է շրջապատող իրականությանն ու մարդկանց, մանկության տրավմաների հետևանք է նաև։ Այդ ցինիզմը դրսևորվեց նաև մի ուսանողուհու՝ Նատայի պարագայում, որի պատճառած վերքերը դեռ թարմ են։ Նա իր խոսքերով Կարենին ստիպում է հաճախ վերհիշել Լիլիի՝ ատամների արանքից տհաճությամբ նետված խոսքերը, որ հնչել էին ի պատասխան ընկերություն անելու առաջարկի։
— Ռա՛դ եղիր, ա՛յ ոչնչություն,- ավելի շատ Կարենի անբռնազբոս համարձակությունից և ուղիղ առաջարկից խրտնեց Լիլին։
— Այդպես արհամարհանքով մի՛ խոսիր հետս,- զուսպ արձագանքեց դեռ մանկուց միշտ գրական խոսող, այդ ժամանակ 16-ամյա Կարենը,- կգա օրը, երբ ինձ հետ բոլորը պարոնով կխոսեն։
— Ամեն գետնի որդ պարոն չի դառնա։
Կարենը հասավ բաղձալի պահին, ու թեև դեռ ոչ բոլորը, ամեն դեպքում հետը պարոնով խոսողներ կան։ Հոգին գուցե փառավորվել է, բայց դժվար օրերի նեղություններն ու կրած անարգանքը չի մոռացվել ոչ ուրիշների, ոչ հատկապես իր կողմից։ Ջոն Մ. Քութզիի «Անարգանք»-ը կարդալիս դասախոսի որոշ արարքների ու ապրումների նկարագրություններում իրեն է տեսնում։ Դժվար օրերը Կարենը չի մոռացել, և հոգին ծանրացել է՝ իմանալով, որ Վասիլ Մեծ կայսերն անգամ օտարը «Կճուճների թագավոր» կնքեց՝ չմոռանալով փողոցից միանգամից պալատ բերվածի նրա պատմությունը։ Ինչպես Կարենը չմոռացավ ո՛չ Լիլիի խոսքերը, ո՛չ էլ՝ Նատա ուսանողուհու։ «Դրանից ինչ պարոն, դա արա էլ չի, պարզապես գյադա ա»,- ընկերուհիների միջավայրում ասել էր ուսանողուհին՝ մի կերպ զսպելով Կարենի տարօրինակ արարքները չհասկանալու զայրույթն ու ցավը։ Նա այդպես էլ չհասկացավ, թե Կարենն իրեն սիրում է, չի սիրում, լո՞ւրջ առաջարկ է անում, թե՞ պարզապես դասախոս-ուսանողուհի լսարանային ֆլիրտ է մտքինը։
— Ինձ համար ճշմարտություններ չկան, ճշմարտությունն այն է, ինչ ես մտածում եմ,- ասում էր Կարենը։
Այդպես նա սոցցանցային տիրույթում արգելափակեց սկզբում առաջին, ապա երկրորդ, հետո՝ երրորդ ընկերուհուն ու գործընկերուհուն, որոնք նախ համաձայնում էին, ապա՝ ինչ-որ պատճառով մերժում հանդիպման առաջարկը։ Եվ կապ չունի՝ հանդիպման չգալը հիմնավո՞ր պատճառ ուներ, թե՞ պարզապես պատրվակ էր, աղջկական քմահաճույք, Կարենի արձագանքը միշտ նույնն էր՝ BLOCK։ Վերահաս բաժանման վտանգն զգալով՝ ձգտում էր հեռանալիս գոնե պատվավոր Առաջինը լինել։
Թեև կողքի սթափ հայացքով՝ մի քանի դեպքում բանը հրաժեշտի ու բաժանման կարող էր չհասնել։ Հակառակը. ամուսնության լուրջ նախադրյալներ կային ու դեռ ավելի կարող էին լրջանալ, ինչպես, օրինակ, Նատայի դեպքում։ Նա Կարենի բոլոր սոցցանցային հրապարակումները, քանի դեռ դրանք գրականագիտական լուրջ հիմնավորումներով ինքնուրույն արտահայտումներ էին, ու քանի դեռ ցինիկ ես-ն իր անզուսպ դրսևորումներով չէր զարթնել Կարենի մեջ, սկզբում սրտիկում էր ՖԲ-ում, ապա, երբ միայն իրեն հասկանալի պատճառներով Կարենը մերթ կարճաժամկետ, մերթ երկար ժամանակով արգելափակում էր Նատային, մի օր նա ինքը հեռացավ… ընդմիշտ։ Կարենը Նատային և մի ուսանողի նախ միասին միջոցառման կանչեց, ապա դարձյալ միայն իրեն հայտնի դրդումներով նրանց կասկածեց միասին լինելու մեջ, ապա ինքզինքը հիմնավոր համարեց այդ կասկածը, ու նորից՝ BLOCK։ Դե իհարկե, նախքան այդ՝ մի սրտահույզ նամակ՝ գեղեցկախոսություններով ու լրջագույն պատճառահետևանքային հիմնավորումներով, որտեղ լավագույնս բացատրվում էին իր արարքի՝ դարձյալ միայն իրեն հայտնի դրդումները՝ լավագույնս ձևակերպված ու ինքզինքը ամեն ինչ ճշտորեն արտահայտող իր մի դիպուկ արտահայտությամբ, «առանձին մի կրակոցով», ինչպես ինքն է սիրում ասել։ Թեև իր կրակոցները միշտ անտեղի են ու հենց ի՛ր սրտին և սպանում են բոլոր հարաբերությունները՝ թե՛ նորածիլ ու նորաբողբոջ, թե՛ տարիների ընթացքում ձևավորվածներն ու կարծրացածները։ Ու Նատան էլ թռավ-գնաց՝ հետը տանելով բոլոր բարեմասնությունները…
***
Կանացի բարեմասնությունների մեջ հետույքը կարևորելու սովորությունը գալիս է բանակից։ Գրագրություն անելու համար շտաբ կանչված նորակոչիկ Կարենի երևակայությունը «ոռիկների» վրա սևեռվելու և հավիտյանս գրգռվելու էր աժդահա հրամանատարի ու տեղակալի մի կարճ երկխոսությունից.
— Էսօր Սևան չգնա՞նք, Վահա՛ն։
— Գնանք, Գալո՛ւստով, գնանք, մի քիչ ոռիկներ նայենք,- արձագանքեց աժդահա արջակերպը, որին Կարենն այդ օրվանից Բալու էր կնքելու։ Նա հետո իմացավ, որ Վահանին վաղուց էին Բալու կնքել, բայց ոչ ոք բարձրաձայն կանչել չէր համարձակվում։ Միայն մտքում, թե չէ ամբողջովին աչքուականջ դարձած արջակերպը, որ ամեն ինչ լսելու և ոչ մի բան անարձագանք չթողնելու սովորություն ուներ, Կարենի մեծ կտորն ականջը կթողներ։
Մեծ կտորն ականջը մնալուց բոլոր զինվորներն էին վախենում։ Բալուից ահաբեկված Կարենը ուրախության ու զարմանքի եզակի պահերն ունենում էր, երբ մարտկոց էր գալիս Բալուի վերադասը՝ փոխգնդապետ Բագրատ Մարտիրոսյանը.
— Հա..ությունյան,- լեզվի արատի պատճառով «ր» հնչյունը մի տեսակ բաց թողնելով՝ ասում էր Մարտիրոսյանը,- Հա..ությունյան, Հա..ությունյան, էս ի՞նչ ա վիճակդ, էս բլյախդ ո՞ւ.. ա… էս ո՞նց ես դիմավո..ում հը..ամանատա..իդ…
Բալուն այդ ողջ ընթացքում գլխիկոր կանգնում էր։
«Բալուն գլխիկո՞ր էլ է լինում, էսպես խեղճացած»,- խորհում էր Կարենը՝ անալիտիկ մտածողության օգնությամբ փորձելով վերհանել իրավիճակի պատճառահետևանքային կապերը…
***
Անալիտիկ մտածողությունը, շախմատ խաղալը, ֆուտբոլի ֆանատ լինելը, մի խոսքով՝ ինչքան լավ բան կա, որ Կարենին Կարեն է դարձրել, բերել, գիտության թեկնածուի շեմին է հասցրել, ահա այս բոլորը հայրական գենի արդյունքն են։ Սիրուշ մայրն էլ սա լավ գիտի, բայց տեղի, էլ առավել հաճախ անտեղի Մարատ ամուսնու բոլոր առավելությունները խմող լինելու փաստով քվիթ է անում։ Մարատին ճանաչում եմ, խմելը չհաշված՝ իդեալական մարդ է, թեև կողքի աչքով՝ խմելը Մարատի իդեալականությունից գրեթե ոչինչ չի պակասեցնում։ Տնեցիներն այլ կարծիքի են. հասկանալի է՝ Մարատի խմելը Կարենին՝ անհայր մանկություն, Սիրուշին անմարդ կյանքի աննկարագրելի դժվարություններ է բերել, և հիմա ամեն մեկն իր դարդի մեծությունով է չափում Մարատից ստացած օգուտն ու վնասը։
Բայց դե չասել չի լինի՝ Մարատը Կարենին այսօրվա Կարենը լինելու գենն է տվել (իր գիտելիքներով պարծենալու իրավունքի համար Կարենը հենց հայրական՝ բնատուր սերնդեսերունդ մաթեմատիկների գենին է պարտական)։
Սիրուշն էլ է ֆուտբոլ խաղացել. մինչև 15 տարեկանը՝ թաղերում։ Հետո միանգամից հայտնվել է Էջմիածնի ակումբագրադարանային տեխնիկումում ու դարձել մասնագետ գրադարանավար։ Բայց պետք եղած պահին վիրաբույժ է, մարզական մեկնաբան, անգամ մաթեմատիկոս ու փիլիսոփա և, ամենակարևորը, քաղաքական վերլուծաբան: Ամենակարևոր հարցերի շուրջ կբանավիճի և՛ վիրաբույժի, և՛ փիլիսոփայի, և՛ մարզական մեկնաբանների ու հատկապես քաղաքագետների հետ։ Ասել, որ բանավեճը վեճի կվերածվի, նշանակում է ոչինչ չասել։ Եթե թույլ տան, վիրաբույժի ձեռքից կխլի վիրահատական գործիքները և կմասնակցի վիրահատությանը, փիլիսոփային կկոչումազրկի ու հենց տեղում բանավոր կներկայացնի իր «դոկտորական» ատենախոսությունը, իսկ քաղաքական գործիչներին ու մեկնաբաններին տեղում փոշիացնելը և ոտի վրա երկրի զարգացման ռազմավարություն մշակելը մեկից մեկ է նրա համար։
Սա՝ Կարենի ընդունակությունների մասին, իսկ նույն Կարենի հայհոյախոսությունն այլ ակունք ուներ…
***
Թաղի՝ «100 կվարտիրանոցի» քֆուրչիներից մեկն Ուստա Ռազմոն էր։ Նա բարեբախտաբար չէր խմում, միայն ուտում էր (200 կգ կլիներ)։ Ռազմոյի ձեռքից կինն ազատվելու կարիք չուներ, իսկ նրա քֆուրներից Հերիքնազին ոչ ոք չէր կարող ազատել, հատկապես, երբ ամռան շոգին սիրտը պաղպաղակ էր ուզում։ «Հերիքնա՜զ, ա՛, Հերի՛ք-նա՜զ… Ա՛, մի հատ մառոժնի բեր, ուտեմ, սիրտս հովանա, ա՛ քու լավը…»,- նստարանին նստած, ոտքերը չռած, փորը կախ գցած, միշտ արևածաղկի կճեպը պռոշին՝ ասում էր Ուստա Ռազմոն ու սիրտը քֆուրով հովացնում, նախքան կինը կբերեր պաղպաղակը։ Սովոր կնոջ համար նրա հայհոյանքը համարժեքվել էր «այ ես քու ցավը տանեմ»-ին։ Միգուցե Ռազմոն ուզում էր ասել «պաղպաղակ բեր, անո՛ւշս», «պաղպաղակ բեր, թանկագի՛նս», «պաղպաղակ բեր, հոգի՛ս», բայց այդ քնքուշ բառերի վրա Ռազմոյի ուղեղում դրված լեզվական համակարգի ծրագիրը «կախում էր», ինչպես պարզագույն համակարգիչը՝ բարդ ծրագրային հաշվարկների ժամանակ, և խզվում էր կապը նախադասության ու իմաստի, նշանակչի ու նշանակյալի միջև՝ արմատավորելով մեկ այլ կապ՝ Ռազմոյի արտաքինի և խոսքերի միջև։ Իհարկե, վիթխարի ժայռաբեկոր հիշեցնող Ռազմոյի միջից դուրս եկող խոսքը հայհոյանք պիտի լիներ։ Հայհոյանքը նրա օրգանիզմում բառաֆիլտրման մեխանիզմի դեր էր կատարում։ Սերը, քնքշանքը, զայրույթը վերածվում էին նույնարժեքված հայհոյանքի, հետո նոր միայն արտաբերվում խոսքային աշխարհ։ Թաղում մեծով-փոքրով գիտեին Ուստա Ռազմոյի բառապաշարն ու կնոջ հետ հայհոյախառն անուշախոսելու սովորությունը, ու Ռազմոն ազատ արտահայտվում էր՝ չնայելով կողքերն ովքեր կան՝ կի՞ն, թե՞ տղամարդ, միջին տարիքի՞, թե՞ կրտսեր, մանկահասա՞կ, թե՞ մոր գրկի ծծկեր։
Մանկության թաղի հիշողություններից Կարենը հետը գրադարան ու թատերականում դասախոսելու է տարել նաև Ուստա Ռազմոյի քրֆելու սովորությունը: Այսօրվա հայհոյախոս Կարենն, իհարկե, տիպիկ մեծ հորեղբայրն է։ Բենոն դեռ անկողնուց վեր չկացած էր հայհոյում կնոջն ու թե՝ «արա՛ղ դիր սեղանին»։ Թեև նրանց տանն էն ե՞րբ է շիշը սեղանից պակասել կամ բոչկեքով արաղը՝ մառանից։ Մանուչարյանները՝ մեծ թե փոքր՝ լիտրերով են խմել միշտ. չափման միավորն էլ՝ «մե վեդռո»։ Նյարդայնացած պահերին Կարենի մոտ գլուխ է բարձրացնում «բենոյախոսությունը», որ թունդ հայհոյաբանի տիպիկ հատկանիշն է, ու բառը բառարան կարելի է մտցնել նաև որպես «հայհոյախոս»-ի հոմանիշ։ Հատկապես վերջին շրջանում կյանքի մատուցած տխուր անակնկալների շատացման հետ ամեն օր է գլուխ բարձրացնում «բենոյախոս»- հայհոյաբանը։
Կարենի համար մեղք գործելն ու մեղավոր լինելը սովորական բան են, ինչպես քրֆելն ու մի երկու չափաբաժին էլ ստանալը փոխադարձ, որ օրհնաբեր անձրև էլ կարող է համարել։ Ո՛չ էլ Էրիկ Կանտոնա է Կարենը, որ հայհոյի էլ, կռվի էլ, նստի էլ, դուրս էլ գա։ Կկռվի ու չի նստի, լեզու կգտնի հետները, ինչպես որ էս վերջերս մի քանի անգամ եղել է։
***
Գրողական հետաքրքրությունս ստիպեց Կարենի հետ շրջայց կատարել «100 կվարտիրանոցի» բակ։ Իհարկե, որպես գրող՝ պարտավոր եմ ծանոթանալ այն միջավայրին, գոնե տեղանքին, որի մասին գրում եմ։ Վթարային «100 կվարտիրանոցն» անմարդաբնակ շենք էր հիշեցնում, թեև բնակվողներ, այնուամենսյնիվ, դեռ կան շենքում։ Երկուսին տեսանք՝ կատուն գրկած, պլանշետը ձեռքին երկու պատանի։
— Սրանց չեմ ճանաչում,- ասաց Կարենը,- հավանաբար չորրորդ սերնդի հարյուրցի են, որոնց մի տեսակ իսկի հարյուրցի էլ չես համարի։ Հարյուրցին սենց չի լինում։ Պլանշետով, վերջին սերնդի այֆոնով հարյուրցի որտե՞ղ ես տեսել։ Չէ, սրանք հարյուրցի չեն, պարզապես հարյուրի տարածքում են։ Հարյուրցին հալամոլա կխաղար, պախկվոցի, որ մենք տապկնոցի էինք ասում, յոթ քար, Եվրոն ու Մունդիալը կնայեր… Ու առհասարակ «100»-ը սենց լուռ չէր լինում։ Տեխնիկական առաջընթացն ամեն ինչ ա ավերում, «100»-ի հիմքերն էլ ա սկսել քանդել…
Շարունակեցինք շրջայցը։
Բուդկան չկա, որի առաջ քֆուրչի Ռազմոն էր նստում. Ռազմոն ու Հերիքնազն էլ վաղուց են հոգիներն ավանդել։ Մենք մի ուրիշ բուդկայի առաջ, որտեղ աթոռ-սեղան կար, նստեցինք՝ քիչ հանգստանալու։ Ապա մեկ-երկու զարմացած հարյուրցու հայացքը ֆիքսելով՝ շարունակեցինք։
— Հասանք թաղի ամենասեքսուալ կետին. Լիլի-Մերիենց պադյեզդն ա. այստեղից էին դուրս գալիս թաղի՝ բոլորին հիացնող սիրունները,- բացականչեց Կարենը։
Ցույց տվեց նաև ավտոտնակը, որտեղ թաքցված, բայց իր աչքից չվրիպած դագաղը Լիլի-Մերիի պապի համար Վարուժը՝ նրանց հայրն էր բերել։
Կարենը ցույց տվեց նաև Պիլիբիստրիկի՝ Սերոժ պապի տունը, Գագարինի՝ մյուս Սերոժի ավտոտնակը։ Շենքավորը Սերոժին խորհրդային առաջին տիեզերագնացի անունով կնքեց, երբ շենքի բնակիչներից առաջինը նա՛ ինքնաթիռ նստեց։ Սերոժը ջղայնանում և հայհոյում էր թաղի ջահելներին, երբ իրեն Գագարին էին ասում։ «Ինձ Գագարին ասողի…»,- արձագանքում էր երեխաներին։ Աղջիկն՝ ընդհակառակը, երբ իր իրավացիությունը կամ աշխարհատեսությունն էր ուզում հաստատել, ասում էր. «Իմ հորս Գագարին կասեն»։
Հետդարձի ճանապարհին ոտքերը Կարենին Սիրո ուղեծրով տարան։ Ցույց տվեց պատշգամբը, որի տակ եղել է իր ու Գառնուկի՝ կարճաժամկետ մտերմուհիներից մեկի բաժանմանը նախորդած միակ համբույրը։
***
Սիրո պատշգամբի տակ բակունցյան հանգով խոսում է Կարենը.
— Լինե՜ր, այնպե՛ս լիներ, որ մեր թատերականի հոգեբանության դասախոս Սոֆյայի տակը քանդեի (Սոֆյան ամուսնացած ա, իմ սիրային ուղեծրում տեղ չունի, ինչի՞ս ա պետք իրա՝ մեզ մոտ աշխատելը), ինչ-որ հրաշքով տարածական, ժամանակային, միջանձնային խոչընդոտները քանդեի ու գյումրեցի հոգեբան Անահիտին, էն հրաշք Անահիտին մեզ մոտ դասախոս բերեի։ Հետը մտերմանայի, որոշ ժամանակ անց սկսեի սիրային գրոհս, ինքն էլ ինձ հավաներ, ու պարարվեստի կուրսի աչքի առաջ, Նատայի, տո՛ Լիլիթի, հայտնի ու գաղտնի բոլոր երկրպագուհիներիս ու չերկրպագուհիներիս աչքի առաջ ուզող-չուզողներիս ինադու կերտեինք մեր սիրո պատմությունը։ Ու նայեի դրանց աչքերի մեջ ու ասեի. «Դե՛ կերե՛ք»։
— Հա, բայց քո խասյաթի համաձայն՝ մի շաբաթվա մեջ ամեն ինչ չքանդեիր, չփչացնեիր հարաբերություններդ Անահիտի հետ,- ասում եմ ես։
— Էդ դեպքում էլի կնայեի մյուսների աչքերի մեջ, կխեղճանայի, աչքերս կլցնեի ու կասեի. «Աղջիկնե՛ր ջան, էս էլ չստացվեց, դե՛ եկե՛ք»։ Իսկ իրենք չէին գա։ Չէին գա ու կասեին. «Արդեն կերել ենք, չենք գալիս»,- մեկ դերասանի թատրոն է ներկայացնում Կարենը։
— Պարզ ա։ Իրենց ինքնասիրությունը թույլ չէր տա հետ գալ։ Բա քո՛, քո՛ ինքնասիրությունը կդիմանա՞ր դրան…
— Կդիմանար… Իմ ինքնասիրությունը պինդ ընկույզ ա։ Տենց բաների՞ ա դիմացել։ Իմ ինքնասիրությունն Անջիգյարանց Վալոդի հարսի անարդար ապտակին ու լեյտենանտ Շաղոյանի արդար ծեծին ա դիմացել։ Իմ ինքնասիրությունը կրակայինի ժամանակ ծուռ կրակելուց հետո մարտկոցի հրամանատար հանրահայտ Բալուի «Ո՞ւր ես խփում, դեբիլ, տո՛ւր ստեղ» ու նույն հրամատարի՝ մնացած երեք փամփուշտով երեք թիրախը խոցելուց հետո «Սիկտի՛ր շարք» վիրավորանքներին ա դիմացել։ Բայց ի տարբերություն շատերի՝ թոքերը չի գցել իմ ինքնասիրությունը, դասեր ա քաղել, յուրացրել ա նշանառման կարգն ու հենց հաջորդ կրակայինի ժամանակ գերազանց ա ստացել։ Բա՞։ Աչքերին չհավատացող Բալուն իր դիտակետից դիմել ա կապիտան Հրանտ Գալստյանին. «Արա՛, էդ ո՞վ ա կրակողը»։ «Մանուչարյանն ա, պարո՛ն մայոր»։ «Մանուչարյա՞նը…»։ Հա, Մանուչարյանը, պարոն մայոր։ Մանուչարյանները չեն սիրում հետին պլանում լինել։ Կամքով ու աշխատասիրությամբ, երբեմն անգամ վիրավորանքները կուլ տալով՝ միշտ հաստատում են իրենց դիրքը։ Բա՛, մայոր Հարությունյան։ Մանուչարյանն ա կրակողը։ Հայրենականի հերոս Շալիկոյի թոռ Մանուչարյանը, որի մասին մերս էս հիշողությունն ա թողել։ Հակիրճ ու պատկերավոր ա խոսում մերս. «Առավոտը զարթնում էր, ԼԱԿՈՒՄ, գնում էր գործի, կեսօրին գալիս էր, ԼԱԿՈՒՄ, էլի գնում գործի, իրիկունը գալիս էր, ԼԱԿՈՒՄ, քնում»։ Ինքը է՛ս Շալիկոյին ա տեսել, բայց Շալիկոն հո մենակ է՞ս չէր։ Շալիկոյի կյանքի պատմությունն իմ ծնվելու ու ապրելու իրավունքն ա հաստատում։ Ախր հլա տես, հլա տես, թե երբվանից էր Աստված հանգամանքները նենց դասավորում, որ ես ծնվեի։ Իմ ծնվելու հավանականությունը շատ քիչ էր, երևի 1/100։ Ու դա սկսվում ա հենց Շալիկոյի ծննդից։ Ախր ավելի հավանական ա, որ 65 տարեկան Ասլանը Շալիկոյին չէր ունենա, քան կունենար, չէ՞։ Ամեն օր չի, որ 65 տարեկանում երեխա ունեցողի կտեսնես։ Իսկ Շալիկոն ծնվել ա, մեծացել, 18 տարեկանում ֆաշիստական Գերմանիայի հարձակմանն առնչվել։ Ես է՛ս Շալիկոյի թոռն եմ, պարո՛ն մայոր։ Ավելի շատ Շալիկոյի թոռն եմ, քան Մարատի տղեն, որովհետև Մարատն էլ իմ հերը լինելուց առաջ Շալիկոյի՛ տղեն ա։ Պարո՛ն մայոր, Հայրենականի ժամանակ գերմանական շրջափակումից խուսափած, կիլոմետրերով վազած, մի կերպ շունչը տեղը բերած, պատերազմի ողջ ընթացքում քաջաբար կռված, Բեռլին հասած, հաղթական քոչարին պարած Շալիկոյի թոռի ինքնասիրությունը քո վիրավորանքին կդիմանար։ Կդիմանար, բայց վիճակը տենց չէր թողնի։ Երկրորդ կրակայինի ժամանակ ցույց տված գերազանց արդյունքս քեզ կստիպեր բոլորի մոտ շնորհակալություն հայտնել, ոնց որ առաջինից հետո բոլորի մոտ ամոթանք էիր տվել։ Չէ, քեզ չեմ մեղադրում, պարոն մայոր, քո դիտողության մեջ թույն չկար։ Քո շնորհիվ լրացրի էդ բացը… Ու հետո Շալիկոն ամուսնացել ա։ Արդեն երկու երեխա ուներ։ Երրորդին կարող էր, չէ՞, չունենալ։ Բայց առաջինից 14, երկրորդից 7 տարի հետո Մարատ հերս ա ծնվում, որ հետո ի՛նձ ունենա… Իմ ինքնասիրությունն «անհեր երեխա» բնորոշմանն ա դիմացել, երբ հերս ողջ-առողջ էր։ Հա, ողջ-առողջ, բայց մեռածից էլ մեռած, որովհետև մեռածի գոնե տեղը գիտես, գոնե անդառնալիությունն ու վերադարձի անհնարինությունը, թեկուզ ցավով հանդերձ, ներքին հանգստություն են բերում։ Իսկ գիտե՞ս՝ ինչ ա նշանակում ողջ-առողջի էդ անորոշությունը։ Ինքն ինչ-որ տեղ ողջ-առողջ ա, բայց դու չգիտես էդ տեղը, վստահ չես ոչ ողջի, ոչ առողջի ճշմարիտ լինելու մեջ ու «անհեր երեխա» արտահայտությանը ոչինչ չունես հակադրելու։ Լուռ, սուս-փուս ընդունում ես ու կուլ տալիս նաև էդ արդա՞ր, թե՞ անարդար ապտակը։ Իմ ինքնասիրությունն ա՛յ սրան էլ ա դիմացել։ Իմ ինքնասիրությունը կարկատած շալվարին ու ծակ մարզակոշիկին ա դիմացել։ «Արա՛, ամոթ չե՞ս անում, որ էդ ծակ բուծին հագնում ես»,- մեր սերնդակից Աստղիկոյի էս ապտակին էլ ա դիմացել։ Իմ ինքնասիրությունը Լիլիի հեգնանքին, Լիլիթի չպատճառաբանված հեռացմանը, Վաղոյի՝ էդ անասունի հայհոյանքին էլ ա դիմացել, Նատային էդքան մոտ լինելու, իրեն համարյա իմը համարելու երջանկությունից հետո աչքին միանգամից «գյադա» դառնալու անկմանն ա դիմացել։ Ասում են՝ կյանքը տալիս ա արժանի պատասխաններ։ Ասում են, ու հավատում եմ, որովհետև ասողը Սոսն ա՝ Աստծու ընտրյալներից մեկը։ Սոսը, գիտե՞ս, ինչ ա ասում։ Ասում ա. «Ինձ նեղացնողները մեռնելու են քաղցկեղից, որովհետև չի կարելի կպչել Աստծու ընտրյալներին»։ Փոքրուց գիտեի, որ ես էլ եմ Աստծու ընտրյալ։ Բայց էսքան ցավի դիմաց՝ մենակ Վաղոյի ջարդած չանե՞ն։ Պատկերացնո՞ւմ ես՝ մենակ էդ անասունն ա հատուցել, էն էլ՝ մենակ ջարդած չանով։ Թեպետ հատուցումը ճիշտ ա, ինձ հայհոյող բոզի տղեն ջարդած չանով պիտի պատժվի կամ կտրված լեզվով։ Իմ ինքնասիրությունն ա՛յ էսքան բանի ա դիմացել։ Նեղացրածս աղջկա մոտ վերադառնալն ի՞նչ ա, որ չդիմանա։ Մենակ թե իրա ինքնասիրությունն էլ իմի պես պինդ լիներ, բայց չէ, փխրուն ա։ Նատան չի ներում վիրավորանքները։ Նատան տեղի-անտեղի արժանապատվություն ա խաղացնում։ Ու դեռ ե՞ս չգիտեմ՝ սերն ինչ ա։ Ու դեռ ե՞ս եմ էգոիստ։ Վերջին նամակիցս հետո երևի մտքում ասում էր՝ երկի՞ր էիր վարի տալու ինձ համար, անասո՛ւն։ Երկի՞ր, ի՜նչ փոքր բան ես ասում, Նատա։ Քեզ համար տիեզերք էլ վարի կտայի։ Բայց չէ։ Էս մեծ հարցերում պրծնում ա ձեր սերը։ Ձեր սերը կենցաղային նշան-ամուսնություն-կարմիր խնձոր եռանկյունու մեջ ա պարփակված, իմը տիեզերքն էլ ա պայթեցնում։
— Անահիտով սկսեցիր, Նատայով ավարտեցիր։ Է՞դ ա քո սերը։ Ու դեռ սիրո հավերժությունից ու անսահմանությունից ես խոսում։
— Բայց ախր ի՞նչ ասեմ, երբ նույնը պատրաստ եմ տալ Անահիտին էլ, Նատային էլ, տո՛ Լիլիթին էլ։ Ի՞նչ տարբերություն։ Էդ սերը մեծ ա, միակն ա ու հավերժ ա, օբյեկտներն են տարբեր, գալիս-գնում են։ Իմ սերը նրանը կլինի, ով կհասկանա հոգուս տիեզերքը։
— Փնտրի՛ր, փնտրի՛ր, Կարեն ջան։ Տա Աստված՝ գտնես քո այդ տիեզերական սերը։