«Տրամվայը, ներսի լույսերն անջատած, իջնում էր քաղաքի ողնաշարով: Ներսի մարդիկ, ճակատները պատուհանին հպած, ուշադիր նայում էին ծանոթ քաղաքի շենքերին, մայթերին, տներին, ոնց որ առաջին անգամ տեսնելիս լինեին, ու ոչինչ չէին տեսնում, որովհետև իրենց մտքերի մեջ էին»:

«Երևա, Երևա, Երևան» գրքում Լուսինե Հովհաննիսյանը, պատմելով իր կենսագրությունը,  ընթերցողի համար բացահայտում է իրեն հարազատ Երևանը և այն պատմությունը, որն անցել է քաղաքի և երկրի միջով:

Չնայած ընթերցանության գրեթե ողջ ընթացքում ինձ չէր լքում օտարության զգացումը, այնուամենայնիվ, գիրքը սիրելի դարձավ: Շարունակում էի կարդալ՝ հուսալով, որ որքան ժամանակների մեջ Երևանի նկարագրությունը մոտենա մեր օրերին, այնքան վերջապես կնշմարեմ ինձ հարազատ Երևանը: Գրքի ամենավերջում ես և հեղինակը վերջապես հայտնվեցինք միևնույն վայրում, բայց այդ վայրը ոչ այնքան Երևանն էր, որքան պատերազմը:

Ինչու էր քաղաքը, որում ես ծնվել եմ և ապրել գրեթե քառասուն տարի, ինձ այդքան օտար այս գրքում:  Ընթերցանության ընթացքում ինձ չէր լքում այն տպավորությունը, կարծես, մի խումբ մարդիկ միասին հիշում են իրենց անցյալը, կես բառից միմյանց հասկանում, շարունակում միմյանց մտքերն ու հիշողությունները, իսկ ես ոչ մի կերպ չեմ կարողանում ներգրավվել խոսակցության մեջ, թեև թեման ինձ անծանոթ չէ:

Կարելի է մտածել՝ պատճառը սերնդային է կամ այն, որ ես ոչ թե Երևանի կենտրոնում, այլ այլ  թաղամասում եմ մեծացել, այլ խավերի միջավայրում: Հավանաբար իր ազդեցությունն ունի նաև այն, որ ես չեմ կիսում գրքում ընթերցված կարոտը քաղաքի անցյալի հանդեպ: Ինձ դուր է գալիս նաև փոխվող, քանդվող, վերակառուցվող, խառը-խշտիկ, «մոռացկոտ» Երևանը:

Բայց սրանք, անշուշտ, գրականության համար հաղթահարելի հանգամանքներ են: Իսկ ընթերցողի օտարվածության  հիմնական պատճառը, երևի թե, գրելու ոճը, գուցե լեզուն կամ տոնայնությունն է, որը պատմվող աշխարհի մեջ ներգրավվելու և այդ աշխարհը ճանաչելու հրավեր ընթերցողին կարծես թե չի առաջարկում:

Իսկ ինչպե՞ս է տեքստը ներգրավվելու հրավեր պարունակում: Այս հարցը շատ պատասխաններ ունի, բայց ես ուզում եմ մեկին անդրադառնալ, որը հասկացա այս գրքի ընթերցման ընթացքում: Հավանաբար խնդիրը պատմածի մտածվածության և պատմվածության մեջ է, գրելիքի հայտնիությունը հեղինակին: Կենթադրեմ, որ նկարագրված պատմություններից շատերը հեղինակի կողմից պարբերաբար հիշվել ու մտածվել են, պատմվել այլ առիթներով, որոշները գուցե ընտանեկան և ընկերական միջավայրերում ժամանակ առ ժամանակ վերապատմվել, ուստի որոշակի միջավայրերին հատուկ լեզվական հղկվածություն են ստացել: Արդյո՞ք գրվող ստեղծագործության մեջ պատմությունը կարող է ներդրվել այլ միջավայրում հղկված տոնայնությամբ, թե՞ այն պետք է մտածվի և պատմվի նոր ստեղծվող գրական միջավայրում: Հակված եմ վերջին տարբերակն ընտրել: Անշուշտ սա չի նշանակում գրել հանպատրաստից, այլ նշանակում է մտքում ունենալ նորից մտածելը, նորովի, այլ կերպ պատմելը:  Պատմության՝ գրվող տեքստի համար վերաստեղծման մտադրությունը հեղինակի տոնայնությանը, լեզվին և ձևակերպումներին հաղորդում է այն երանգը, որն ընթերցողն ընկալում է որպես ներգրավվելու հրավեր: Գրողը, որը գրելիս ճանապարհ է անցնում, տեքստում ճանապարհներ է թողնում նաև ընթերցողի համար: Լեզուն, որ փորձում է նոր բան գտնել իր մեջ թրթիռ է պարունակում, որն ընթերցողը զգում է, իսկ հմուտ ընթերցողը՝ նաև հասկանում: Հետևաբար ընթերցումը մասնակցային է դառնում:

Եվ չնայած ես՝ որպես ընթերցող և Լուսինեն՝ որպես Երևանի մասին պատմող չհանդիպեցինք՝ միևնույն տարածքից նայելու Երևանին, գիրքն, այնուամենայնիվ, ինձ դուր եկավ:

Ինձ դուր եկավ տեսնել, թե ինչպես է պատմությունը բացվում առօրեական դրվագներում:  Օրինակ՝ 07 միջազգային հեռախոսակապի նկարագրությամբ պատմվում են Բաքվում հայերի նկատմամբ բռնությունները և տեղահանությունը: Ինձ սիրելի էր նաև հեղինակի հոգատարությունն ու պատասխանատվությունը պատմելիքի և ջերմությունը՝ մարդկանց հանդեպ:

«Ու երբ հարվածում էին լեզվի ինստիտուտի հաստ պատերին, ու պատերը չէին քանվում, ես տեսնում էի՝ ոնց է քանդվում հայրս ու իր՝ պաշտամունքի հասցրած Երևանը: Հարվածող ծանր գործիքը խփում էր լեզվի ինստիտուտի ահավոր հաստ, ամուր, հին պատերին «յանուն հօր եւ որդւոյ»… Ու քանդում էր շենքը մեծ ջանքով»:

 

Հարցեր, որոնց մասին դեռ կմտածեմ

Ինչպե՞ս պատմել պատմությունը:

Ինչպե՞ս է հեղինակի և գրելիքի միջև հեռավորությունն ազդում ընթերցման փորձառության վրա:

 

Կիսվել նյութով

Թողնել մեկնաբանություն