Պոետական մեդիտացիա

Դու մեդիտացիա ես անում
ընթերցողի հետ։
Նրա միտքը
կենտրոնացնում ես
հոգու շնչառական ձայների,
մարմնից հոգի տեղաշարժերի
և զգացողությունների վրա՝
ուղեղից հեռացնելով
ներքին հակասությունները։
Մարմինն ազատում ես տագնապից
ու անհանգստությունից,
դեպրեսիայից ու ցավից,
կարգավորում ես
զարկերակային ճնշումը:
Սովորեցնում ես նրան
սիրո միջոցով
կառավարել սթրեսը։
Բարձրացնում ես ընթերցողի
ինքնագիտակցումը
և կետրոնացնում
ներկա ակնթարթի վրա։
Տեղափոխում ես նրան
ծովի ափ ու հոգուդ ձեռքով
փակում ես աչքերը։
Նա փակ աչքերով
կարդում է քո
բանաստեղծությունները
ծովի ալիքների վրա։
Ընթերցողը սիրում է իրեն՝
ընդունելով անձնային
հատկությունների համակարգը։
Դառնում է աստվածապաշտ
կամ չի կորցնում
աստվածավախ լինելու բնազդը։
Ընթերցողի միտքը
սրբագործվում է։
Բանականության մեջ
սիրո ընկալման
նոր հայեցակարգ է ձևավորվում։
Սերն ընդունում է
որպես Աստծո պարգև՝
իրեն նվիրաբերելով սիրելիին։
Համբուրում է սիրո
հոգևոր շուրթերը,
և ծնվում է Աստվածային ժպիտը։
Հավերժ Քեզ հետ եմ
Լուսնի դեմքով եմ
և աստղերի աչքերով։
Ծիծաղում եմ մանկան շուրթերով
և խոսում ճնճղուկների ձայնով։
Շնչում եմ զբոսայգու
ծառերի տերևներով
և արտաշնչում
երեկոյան մեղմ զեփյուռով։
Արտասվում եմ
անձրևի կաթիլներով
և բարկանում կայծակի միջոցով։
Երգում եմ ծղրիդի բերանով
և պարում կարապի թևերով։
Սիրտս զարկում է
ապակու վրա
անձրևի կաթիլներով։
Քնում եմ ամպերի վրա
և արթնանում արևի
ճառագայթներով։
Սիրում եմ Քո սրտով,
ժպտում Քո հոգով։
Ես ձուլվել եմ բնությանը,
որ հավերժ Քեզ հետ լինեմ։

 

Ինքնություն

Ես փնտրում եմ ինձ
իմ հոգու սրտում։
Տեսնում եմ իմ
էության արտացոլանքը
մանկան աչքերում,
ով նայում է իր
կերպափոխված ինքնությանը։
Նա փորձում է ճանաչել
և ախտազերծել
գիտակցությանս
բովանդակությունը՝
թողնելով միայն
բնածին զգայությունների ըմբռնման
երևակայական մտածողությունը։
Վերագործարկում է
ինքնագիտակցությունս՝
համապատասխանեցնելով
իր անհատական չափորոշիչներին։
Մաքրագործումից հետո
մանկան աչքերն
արևային ճառագայթներով
ջերմացնում են
իր վերածնված հոգու սիրտը։
Ես դարձյալ մանուկ եմ՝
բյուրեղյա աչքերով,
անաղարտ սրտով
և հրեշտակային ժպիտով։

 

Նոր կյանք

Քո աչքերից թափանցող
սիրո մագնիսական շողերը
լուսաբացը դարձնում են եթերային։
Քո արցունքներով
ամպերը լալիս են։
Քո բիբերի լուսարձակները
գունավորում են ծիածանը։
Քո շնչառությունը
վարդերին նրբաբույր է ներարկում։
Քո շուրթերի ջերմությունն
արևին ճառագայթներ է փոխանցում։
Քո ժպիտի կենսաէներգիան
սնուցում է տիեզերքի
բիոէներգետիկ անոթները։
Քո ձայնի թավշյա նոտաներով
ծղրիդները երգում են։
Քո հոգու երկնային լույսով
լուսինը լիցքավորվում է։
Քո սրտի զարկերով
աստղերը փայլում են։
Քո էությամբ երկրի վրա
ՆՈՐ ԿՅԱՆՔ է ստեղծվում։

Կիսվել նյութով

Թողնել մեկնաբանություն