Մեղք
Օգոստոսն եմ հիշում
Իմ չանցնող անցյալի խորքից։
Սև գծեր եմ հիշում մարդկանց դեմքերին՝
Հետքը քրտինքի ու արցունքի։
Ընկերոջս դագաղի բեռն եմ հիշում՝
Ուսիս վրա, սրտիս վրա, կյանքիս վրա
Անասելի, անպատմելի, անտանելի՛ բեռը,
Որի տակ կճկռեր Սիզիփոսն անգամ։
…Ինչո՞ւ են մարդիկ թաղվում ցերեկով։
Ստորություն չէ՞ր, ընկերս,
Որ գործեցինք քո դեմ ձեռ-ձեռի տված-
Երբ դեռ նոր էին լցվում
Ավարտական աղջիկների կրծքերը
Դողով ու կորությամբ,
Եվ շուրջը բերքահավաք էր,
Սիրահարություն ու թավիշ-
Քեզ խցկեցինք խոնավ հողերի մեջ…
Էն հողերի,
Որտեղից մի օր
Սարսափահար
Փախել ենք մենք բոլորս։
…Ասա՛, ընկերս, ստորություն չէ՞ր։
Ինչ-որ մեկը ինձանից
Մի բաժակ օղի խմեցի։
Փլվեցի բազկաթոռի մեջ։
Կպցրեցի սիգարետս՝
Հենց այնպես, բայց զզվանքով։
Հիշեցի հորս, որ զոռով էր
Դեղերը խմում,
Հիշեցի մորս, որ հուզվում ու խաչակնքվում էր
Ամեն ճաշը եփելիս…
Հիշեցի էլի խառը բաներ՝
Արդեն վաղուց ցնդած իմ մանկությունից։
Հետո նայեցի շուրջս՝ վարձու սենյակ՝
Օտար երկրի օտար բանտի պես-
Խորթ նկարներ, խորթ իրեր,
Խորթ խզբզանք պատերին…
Հետո թեքվեց հայացքս ու սառեց
Երիտասարդ կնոջ կծկված մարմնի վրա,
Որ լալիս էր դեպի ներս,
Եվ ինքն իր արցունքով
Իր կոկորդի կրակն էր մարում…
Հետո էլի թեքեցի հայացքս,
Հետո էլի՛, էլի՛, էլի՛…
Բայց չստացվեց կտրվել կնոջից,
Որի խորքերում
Արյունը չէր դառել արյուն,
Երեխան չէր դառել երեխա…
Հետո նորից խմեցի,
Հետո նորից ծխեցի,
Հետո էլի՛, էլի՛, էլի՛…
Հետո նորից նայեցի կնոջը՝
Իր մարմինը դատարկ բեմի էր նման,
Կլեպ-կլեպ շուրթերը,
Ձայնը՝ խզացող ռադիո,
Դողացող ձեռքերը,
Ակնախորշերը՝ անձրևով լցված փոսեր։
Նորից, նորից, նորից նայեցի կնոջը,
Որին վիճակված չէր
Օրոցքի մոտ արթուն մնալ,
Եվ նա էլ ծխում էր արդեն
Առանց խիղճ ու ափսոսանքի…
Եվ ընդհանրապես պատուհանից դուրս
Խլվլացող աշխարհը զգացի,
Որն ինձ համար փոխված փողի
Արժեք ստացավ՝
Պատերազմի օրերին…
Հետո նայեցի կրծքավանդակիս,
Եվ տեսա, որ ինչ-որ մեկը
Ուզեց դուրս գալ ինձանից,
Բայց չստացվեց…
Հետո նորից խմեցի,
Հետո նորից ծխեցի,
Հետո էլի՛, էլի՛ ու էլի…
***
Հիմա տխուր ու պարապ մարդիկ
Ինչ-որ տողեր են գրում
Ուշ աշնան դառը խոստումով լցված,
Որ դառնում է վերջում
Բանաստեղծություն՝
Առաջին ձյան սենտիմենտի մասին։
…Քո բացակայությունը
Մեթանի պես
Թունավոր նստել է քաղաքի դնչին։
Եվ ես բոլոր պարապների պես
Քո անունն եմ գրում
Ծառից ընկնող վերջին
Տերևի վրա։
***
Ինչքան էլ ճզմես լիմոնը՝ մի կաթիլ դեռ կա։
Այ սե՛նց են քեզ թալանել միշտ։
Երևան, խաբված երեխա,
Երևան, դու արցունք ես անբասիր։
Ես չեմ քայլում-ես շոյում եմ երեսը քո,
Ու ասում եմ, որ… դու մեղավոր չես-
Մարդիկ են՝ երկար ու ձիգ ճամփեքի
Թշվառական ավազակների պես։
…Բայց ես չեմ հավատում քո ավարտին-
Սուտ են սրանք, որ կրում են հատիկ-հատիկ
Ինչ որ ունես՝ ծախելիք ու թանկ։
Ես չեմ հավատում քո ավարտին,
Ինչպես մարդը երբեք չի հավատում
Անհավանական մահվանն իր։
Ես չեմ հավատում քո ավարտին։
***
Իմ մանկությունը եղինջ է ու փուշ,
Հավերժորեն նստած փոշի է
Դալմա կոչվող հին անտառի
Ճամփեքին։
Պնդացող արյուն է ծնկներս ի վար,
Արգելված պտուղ է,
Գողացած ցոգոլ՝
Ծոցովս մեկ լի ու լի
Աններելի մեղքի նման,
Քո՛ համար, հեքիաթից պոկած
Մեր թաղի աննման աղջիկ…
Իմ մանկությունը
Սերկևիլի տերև է՝
Սրբիչների դարակում,
Նաև
Հումանիստ գայլ է,
Խելքահան «Զայեց»։
Իմ մանկությունը
Մորս հայտնվելն է հստակ՝
Ցավն ու հերսը
Կոպերում թաքո՜ւն-թաքուն…
և ծորում է, որպես դեղին արյուն
Մեղրը՝ սոմին հացի անկյունում…
Օրերն անցնում են աննկատ՝
Անթիվ մրջյունների պես,
Որ տանում են քաղցր թութը
Թափված բլքոզ տանիքներին…
Իմ մանկությունը կավիճ է ու գաջ,
Որով գծեցի հետո իմ բախտը
Դարուփոսերով իմ հին փողոցին,
Ինչպես էրեխեն
Կնկարեր ցատկախաղ։
Իմ մանկությունը կավիճ է ու գաջ՝
Անձրևի ծեծած,
Անձրևի դաղած ասֆալտի վրա։
Իմ մանկությունը կավիճ է ու գաջ։
Բոլորս
Հետո նորից մենք ապրում ենք-
Չզարմանաս։ Գիտե՞ս ինչ
Զարթնելով մենք հրում ենք
Ծանր օրը, ծանր օրից։
Օրը օրին գլորում ենք
Քարերի պես հրում փոսը-
Չզարմանաս։ Գիտե՞ս ինչ
Այդպես էր և Սիզիփոսը-
Հետո նորից մենք ապրում ենք։