Նավասարդ ամիս, օր Աստղիկ
Զբոսանք ասվածը հինգ րոպեանոց տեսիլք է: Դուրս ես գալիս, ռունգներդ լայնացնում ես, որ օդ շնչես, քեզ խուց են քշում: Է~հ, Վարժապետյան… հիշու՞մ ես, որ իջնում էիք պարտեզ, բնության գրկում դաս էիր անում: Թու, քո մարդ ասողին: Թող չսովորեր… կամ էդ լակոտին ինչու՞ չէին տարել հատուկ դպրոց` հատուկ ժառանգների: Է~հ:
(Նույն օրը ինչ – որ տեղ քաղաքում)
-Պարոն Անկուշտյա՛ն, ախր փող չկա:
-Ինձ չի հետաքրքրում: Գնա կնոջս բացատրի, որ չկա: Աշխատել չես իմանում, էսենց էլ բան կլինի: Հո տոմսերը հետ չեմ տալու՞, կինս երբեք Շրի Լանկայում չի եղել, հասկանու՞մ ես:
Հոռի ամիս, օր Միհր
Զզվելի է: Թթու կաղամբի մի քանի կտոր և ջուր` ջրիկ-վռիկ: ՈՒտել չի լինում, գոնե սառը չլինի: Ինչի՞ համար Վարժապետյան, գրողը տանի: Չէր սովորում, թող չսովորեր, հոր նման բթամիտ մնար… Քեզ պե՞տք էր, որ ազգի ապագայի մասին էիր մտածում, լավ սերունդ դաստիարակում, տեսա՞ր ուր ընկար:
— Բյուջեից էդ յոթ միլիոնը դուրս կգրենք, կձևակերպենք, լսու՞մ ես, հա~… մի միլիոնի կարգով նորոգում կանեք, էն մյուսն էլ դե գիտես…
Սահմի ամիս, օր Պարխար
Պատժախուց: Համարձակվել էի նախարարի ներկայացուցչին գանգատվել, որ ներքնակ չեն տալիս: Հայաստանի ողջ քարերը քո գլխին, Վարժապետյան: Ի՞նչ ես արել: Մի հատ շոյելու աստիճան մեղմ ապտակ ես հասցրել էդ տղային:
— Եթե ձեր թաղից երկու հարյուր ձայն չբերես` գործից կհանեն:
Պետք է երեք հազար ձայն հավաքեմ: Ուզում ես կաշառք տուր, ուզում ես ահաբեկիր, ուզում ես համոզի` ինձ չի հետաքրքրում, գնա:
Տրե ամիս, օր Արամազդ
Ցուրտ է: Մարմինս սանտիմետր առ սանտիմետր տառապում է: Կծկվում եմ նառի վրա / էդ անտերի անունը հայերեն չգիտեմ/: Հատակի լաստ, փայտոջիլների դղյակ: Ահա թե ինչ է նառը: Բա կարելի՞ է համեմատել իմ թախտի հետ, գուցե բախտիս հետ համեմատեմ… Իմ նյարդերն թշնամին են, թե ասա ինչու խփեցիր հաստավզի տղային: Թող չսովորեր, թող մնար էշացման պրոցեսում: Է՜հ Վարժապետյան ջան:
— Սպանեցի՞ր:
— Հա, շեֆ ջան:
— Ապրես, առ քեզ պարգև: Կարևորը` մարդու ձեռքը չդողա… խեղճ լինես` գլուխդ կուտեն:
Քաղոց ամիս, օր Գրգուռ
Խելքս կորցրել եմ: Հուսահատությունից մեռնում եմ, ուզում եմ փախչել: Շատ մարդիկ են բանտերից փախել: Ես էլ որ կարողանայի ազատվե՜լ… թող հետո բռնեին, գոնե մեղքի զգացում կունենայի: Ինչ ես արել, ա՛յ Վարժապետյան:
-Հանրապետության բոլոր ելքերը փակված են:
-Դատարկ բան է: Ով որ ասել է գնա, նա էլ փակել է, օդանավով կհեռանամ:
-Հետախուզում է հայտարարված:
-Միամիտ մի եղիր: Դա հասարակության համար է հայտարարվել:
Արաց ամիս, օր Ծմակ
Այսօր բախտ վիճակվեց կես ժամ հեռուստացույց դիտել: Ինչ հրաշք երկրում ենք ապրում: Լրատվական հաղորդում էր, ամբողջ ընթացքում կարմիր ժապավեն էին կտրում: Մի՞թե մեկ տարում էդքան փոխվել է երկիրը: Վա~յ, ախմախ Վարժապետյան, ինչու՞ էդ բանն արեցիր, ազատ լինեիր` դու էլ կմասնակցեիր հայրենիքի բարգավաճմանը: Դավաճան…
-Լսում եմ:
-Մանկապարտեզի վերանորոգումը վերջացրել ենք:
-Տեղավորվեցի՞ք միլիոնի մեջ:
-Այո, աշղեկին էլ պատժեցինք` գողություն էր արել:
-Խանդավառվա՞ծ են մարդիկ:
—Այո, այո… բացումը ե՞րբ կհրամայեք:
—Սպասեք, սպասեք կանենք, ոնց էլ լինի կիսամյակի ընթացքում մի նախարար կգա տարածաշրջան:
—Էդքան ու՞շ:
—Բա հո հենց էնենց բացում չենք կատարելու, թող գյուղն էլ պատրաստվի:
—Ամեն ինչ կա, գառներն էլ սև են:
—Ապրեք, ապրեք:
Մեհեկան ամիս, օր Գիշերավար
Մի բանտարկյալ կա. վաթսուն տարեկան է, քառասունն անցկացրել է բանտում: Զարմանալիորեն էս մարդը շատ գոհ է այսօրվա բանտերից: Ասում է, թե սովետի ժամանակ ամբողջ օրը քարհանքում աշխատացնում էին` գիշերն էլ մի խցում 20-25 հոգի էին խցկում: Մեզ էլ ասում է` ինչու եք դժգոհում, պետք է սովետի օրոք բանտ ընկնեիք, որ հիմիկվանի գինն իմանայիք: Բա՜, Վարժապետյան, սովետի ժամանակ ուսուցիչը ամենահարգված մարդն էր, հիմա մի շոյանքի համար` երեք տարի…
—Պետք է դպրոցներից կոռուպցիան իսպառ արմատախիլանել:
—Պարոն վարչության պետ, էտենց ո՞նց կլինի, որ գնանք ստուգումների ի՞նչ կեղտ բռնենք:
—Ինչ ուզում եք բռնեք: Կարևորը` դուք պարտաճանաչ լինեք ու ձեր ամսական «տուրքըե…
Արեգ ամիս, օր Վանատուր
Դանակահարություն: Բոլորիս պատժում են, անտանելի պայամաններ են, թացը չորի հետ վառում են, զրկված ենք նույնիսկ գարշապուրից: Բայց ես ի՞նչ էի արել, որ հատուցում եմ: Մի րոպե… կարծես հասկանում եմ. ես ապտակ եմ հասցրել «բարձրե խավին, բարոյալքված, հանցագործ խավի բարոյականությունն եմ ոտնակոխ արել: Հասկացա~…
—Էդ կինը տունը չի ուզում վաճառել:
—Լավ չես համոզել:
—Ո՞նց… Ասել եմ` քո ինչին է պետք կենտրոնում բնակարան, գույքահարկը թանկ, վաճառի, էդ փողով մի տեղ երեք սենյականոց գնիր, մյուս մասն էլ մինչև կյանքիդ վերջ կեր:
—Ինչ է ասում:
—Ասում է, թե մտավորականությանը կենտրոնից աքսորել եք ծայրամասեր, ինձ երբեք չեք աքսորի:
—Տես, ինչեր են դուրս տալիս:
—Ես ինչ անեմ:
—Քեզ երեք օր ժամանակ, որպեսզի էդ ջադուն ստորագհջ:
Ահեկան ամիս, օր Լուսնակ
Բազմաթիվ բողոքներից հետո արձագանքեցին: Հինգ րոպե ժամանակ ունեի բանավոր ներկայացնելու: Ես քսան րոպե նրան կզննեի, ինչ հետաքրքիր դեմք էր` ականջները… ստամոքսը միանգամից երեսուն կիլոգրամ կարող էր ընդունել: Ափսոս զզվանքը հաղթեց հետաքրքրասիրությանս, չնայած հինգ րոպեն սպառվել էր: Անպատասխան բարև ձեզ- ից զատ ոչինչ չասացի: Թղթերում գրեցին, որ բողոք չունեմ: Վերադառնալով խուց տարակուսում էի, գուցե էդ երիտասարդն իմ աշակերտն է եղել… Է~հ, Վարժապետյան, պարապությունից գրոտում ու ձանձրացնում ես:
—Մենք ոչինչ չենք գողացել:
—Իսկ ո՞վ ասաց գողացել ենք, ընդամենը վերցրել ենք մեր հասանելիքը:
—Ճիշտ է, բա որ էդքան բարեգործություն ենք անում հաշիվ չի՞:
—Լավ, բավական է: Վերցրու սա ու մի ուսանողի վճարը փոխանցի:
—Տեղեկատու հոլովակ էլ պատրաստել տա՞մ:
—Բա առանց դրա իմաստ ունի փոխանցումը;
Մարերի ամիս, օր Ցրոն
Բանտարկյալներից մեկը մահացավ: Բանտապետը դա համարեց իր չար բախտից: Հենց եվրոդիտարկողների օրը պետք է մահանա՞ր: Հսկիչներից մեկն ինձ մահակով հրահանգեց. երբ կարդան բանտարկյալների համարները` և՛ իմ, և՛ հանգուցյալի դեպքում ասեմ` ես եմ: Տառապելով արտաբերեցի մահացած հանցագործի ես եմ- ը: Բանտարկյալների աչքից ընկա. չէ՞ որ բանտապետի կեղծիքն անցկացրի: Որպես ուսուցիչ մի քիչ հարգանք ունեի կալանավորների մոտ, դրանից էլ զրկվեցի: Ինչ դարձար, Վարժապետյան:
—Երեք ու կես միլիոն մարդ է բնակվում:
—Լավ հաշվեցինք հա՜:
—Կարիք կար…
—Հիմար, վաղը չէ մյուս օր պետք չի գա՞:
—Գոնե մահածացներին չհաշվեինք:
—Մեռած հոգիները ցանկալի քվեարկողներ են:
Մարգաց ամիս, օր Մազդեղ
Շոգ է: Բանտախցի բռաչափ կապույտից քամի սպրդնեց ներս: Մխիթարանքի մի վայրկյան: Փախավ քամին: Լեռների ու ծովերի զավակը բանտարկվել չի կարող: Բանտն ինձ նման անճարի տունն է, այո, ինձ պես ապուշի տեղն է: Գոռացեք բոլորդ` ապուշ Վարժապետյան:
—Աղջիկը մահացավ:
—Բժիշկին պատժիր:
—Կարիք չկա, նա ոչինչ չէր կարող անել:
—Դե լավ, դարդ չանենք, լիրբ էր:
—Դեռ չափահաս էլ չէր:
—Էդ դեպքում ապագա լիրբ էր:
Հրոտից ամիս, օր Մանի
Գիշեր է: Լիալուսինը հպվել է խցիս պատուհանին: Օդանցքն էդքան փոքր ու ամբողջ լուսինը գրկա՞ծ: Չեմ զարմանում, զարմանալի է, որ ես այս խցում եմ: Զարմանալի է, որ մեր օրերում չես կարողանում դատավորին կաշառք տալ: Կաշառք չտալը մեղք է ու ես դարձա հանցագործ, անբարոյական: Կկոտրեն Վարժապետյան, ա՛յ այսպես կկոտրեն:
—Լսում եմ պարոն նախարար:
—Ինչու՞ եք վերանորոգման անվան տակ ջրամբարի ողջ ջուրը դատարկել:
—Դե, դե…
—Խիղճ չունեք:
—Վերևներում տեղյակ են:
—Երկու բեռնատար կարմրախայտը Ֆրանսիա… մենք դրա համից չէի՞նք հասկանում:
—Կներեք պարոն նախարար, օրվա վերջում ստուգեք ձեր բանկային հաշիվը:
Ավելյաց ամիս
Բանտում օրերն ավելանում են: Ինչով ասես օրը լցնում ենք: Ամեն ինչ սովորեցի` թղթախաղ, «ուռելե, «չծակվելե, էքսկուրսիա կատարեցի դասակարգված համայնակարգերում, լիքը արժանիքներ ձեռք բերեցի` ստել, հայհոյել, խորամանկել, տակից դուրս գալ: Ի վերջո սովորեցի ապտակելիս ոչ թե շոյել, այլ հարվածել` հարվածել այնպես… Ստանիսլավսկու «եթե իրոքե- ով: Եթե իրոք թշնամի է, ինչպես կհարվածես: