Աղմուկների քաղաք

Հիշողության աղմկումներ,
միաոտ ու միթևանի
մանուկներ կան`
ներսումս արթուն,
ինքս ինձ հետ
դեռ չպարզված
հաշիվներ կան`
անցած սերեր,
անցած վախեր,
ու կարոտներ,
որ հուշվում են
արդեն միայն
հին նկարից…

Սու՜սսս,սու՜ս,
քնի՛ր,
օրօր,օրոր
Պոյի բոլոր ագռավներին…

***
Կարոտում եմ քեզ
տխուր գիշերներին,
երբ
բառեր չեն լինում ասելու,
և ինձնից կիլոմետրեր հեռու ձգվող
տներից, մեքենաներից ու ճանապարհներից
այն կողմ` այն ուրիշի տանը,
ուրիշի կողքին և ուրիշի մասին
երազներ տեսնողի
բառերը, ձայնը,հոտը
լցվում են քիթս, ականջներիս մեջ,
ու կարոտում եմ քեզ ցերեկները,
և հիշում եմ, որ հիշողությունը,
գույնից առավել
համ և հոտ ունի`
ցավացնելու չափ
իրական ու մոտ…
Ու ներսս ինչ-որ ցավից
սկսում է երգել`
այնքան հաշտված,
այնքան տխուր
ու այնքան ըմբոստ…
ոնց սենյակումս տարածվող ձայնը
Զեմֆիրայի երգի…
և հիշում եմ,
որ միշտ լսում ես նրան,
և հիշում եմ քո սիրելի
երգերը,
սիրելի քաղաքները,
սիրելի գրքերը…
ու չեմ մոռանում
քո սիրելիին…
քեզ հիշում
եմ
բոլոր գիշերներին,
բոլոր ցերեկներն
ու առավոտները…
հիշում եմ,
հիշում եմ
բոլոր օրերին…
ու կարոտում եմ քեզ…

***
Ես կորուստներ չունեմ,
իմը միայն բացակայություններ են…
ու դու էլ իմ կյանքում
հերթական բացակայությունը լրացնելու
իզուր փորձ ես միայն…
որովհետև տարածություններ կան,
որ չեն լցվում
ո՛չ սիրո մասին հորինած սիրուն պատմություններով,
ոչ էլ ապագայի` մտքում արված լուսանկարով`
ամուսնու, երկու պստիկների, շան,
աման-չամանի և այլնի ֆոնին,
որ երևի սիրում են հորինել
ինձ պես ռոմանտիկ ու սովորական
գրեթե բոլոր աղջնակները,
որ կորուստներ չունեն,
այլ միայն հերթական բացակայություն,
որ փոխարինվում է ինչով ասես,
բայց զուր,
որովհետև տարածություններ կան,
որ չեն լցվում կյանքում….
պոեզիայով անգամ:

***
Ամենակարևորը հիմա անունս հիշելն է…
Չգիտեմ` երբ էր` փողոցներում,
մայթերի վրա,
ծանոթ ու անծանոթ մարդկանց խղճացող
կամ քմծիծաղող հայացքներում,
ոնց հայելում ծռված ,
դիմագիծս էր լողում`
սակայն օտար-օտար…
ու օտար քաղաքի լույսերը,
ստվերները տարան
անգունության հեռուն…
և քաղաքի աղմուկներում,
ձայների մեջ
որոնեցի ու չգտա…
մեծ քաղաքում`
հազարարավոր անուններում
խճճվեցի
ու կորցրի… իմ անունը:
***
Այն ժամանակ, երբ դեռ
հասկանալի էր ինձ
փոքրիկ արջուկների,
տիկնիկների լեզուն,
աղոթողի պես էի
ձեռքերն իմ երկարում
առաստաղից կախված
լուսե աստղիկներին,
հիմա հավաքել եմ
առաստաղից,տանից
զիզի բիզիները,
բայց դեռ երկարում եմ
աղոթողի նման
իմ ձեռքերը… երկինք:

***
Ասում եմ`դժվար է հիշելը,
բայց մոռանալը` ավելի դժվար…
ասում եմ ` վախենում եմ դուրս նայել,
բայց ներսում էլ աղբ է, ցավ է, վախ է…
ասում եմ` կարևոր մտքերը մնում են
տողերի արանքում,
հիշում եմ` մտքերը և երազները հորինվածքներ են,
որ փլվելու սովորություն ունեն… սրտիս:
ասում եմ` անքնությունն էլ երևի
գիշերվա երազն է…
Ասում եմ` շատացել են ագռավները,
միշտ գիշերով գալիս,
ինչ-որ բան են ասում`
անորոշ ու չար…
հետո հասկանում ու չեմ հասկանում նրանց,
ասում եմ` Տեր, երևի իմ աղոթքներն էլ
ագռավների պես են ականջներիդ հասնում…
ասում եմ` դժվար է կռռոցները լսել,
ասում եմ, Տեր, հասկանալը դժվար է…
հասկանում եմ, բայց էլի ասում եմ` Տեր….

***
Աղմուկների՛ քաղաք,
համր, համր եղար,
գոռոցներս մեռան
շշուկներիդ մեջ լուռ
ու նվաղեց ձայնս
աղմուկներում…
Ու Երևանը ողջ
առած ոտքերիս տակ
ես քայլեցի մենակ,
ու լացեցի մենակ
փողոցներում…
Սև զենքի պես քունքիս
տկտկացին հարցեր,
հարցեր, որոնց ոչ մի
պատասխանող չեղավ:
Աղմուկների` քաղաք,
օտար, օտար եղա
ու վազեցի մենակ
ու կանչեցի իզուր,
բայց իմ կանչի հանդեպ
դու խուլ, դու խուլ եղար,
ու լռեցիր` որպես …
գերեզմանոց:

***
Ցավերի,ցավերի երկրում,
հանդիպեցինք, Սեր իմ,
և հասկացանք իրար
տառապանքի լեզվով,
ու ուզեցիր, որ ես
խեղճությունս նետեմ
քաղաքի բոլոր
պատուհաններին,
ու դու տեսար
մերկությունը հոգուս,
իսկ ես հոգուդ բոլոր
սպիները տեսա…
բայց և այնտեղ անգամ
մենք մնացինք մենակ,
որովհետև կյանքում
ես անկարող եղա
մաշկից ամուր կառչած
մենությունդ պոկել,
իսկ դու այդպես էլ ինձ
չներեցիր, գիտեմ,
կին լինելս երբեք չներեցիր,
ու քաղաքում կրկին
մենք մնացինք մենակ,
ու վազեցինք զատված
փողոցներում ցավի…

***
Սե՛ր իմ, ձեռքս բռնիր,
պահի՛ր ամուր,ամուր,
որ չկորչեմ մենակ
փողոցներում…
սե՛ր իմ, ես ի՞նչ անեմ ,
առանց քեզ ի՞նչ անեմ
մեծ քաղաքում, որը
սովորեցրիր սիրել
քո՛ աչքերով, քո՛ պես,
հենց քո՛ սիրով:
Մեծ քաղաքում, սե՛ր իմ,
ինձ չթողնես մենակ.
մենակ, մենակ մի՛ թող,
չէ որ մենք լավ գիտենք,
որ վախերը բոլոր
փնտրում են մենակ հոգիներին,
որ լափում է նրանց
քաղաքը մեծ,
ու չի խնայում նա
և ոչ ոքի…
Ախր դու լավ գիտես`
ոնց եմ, ոնց եմ հոգնել
վախենալուց….
Ախր մենք լավ գիտենք,
որ քաղաքը մեկ-մեկ
փոքրանում է մարմնին`
ասես լուցկու տուփիկ,
որից էլ ելք չկա…
Սե՛ր իմ, ձեռքս բռնիր
ամուր, ամուր, ամուր,
մի՛ թող, սեր իմ, մենակ
մեծ քաղաքում:

Կիսվել նյութով

Թողնել մեկնաբանություն