…երբեք չէի մտածում, որ կդառնամ չիզքեյք։ Կդառնամ չիզքեյք, որովհետև իմ անունը պանրային թխվածքի վրա կրեատիվ է հնչում։ Ու ընդհանրապես, իմ անունը կրեատի՞վ է հնչում։
…երբեք չէի մտածում, որ ինձ կհամեմատեն մթության, հնության, գողության հետ… Բայց ո՛չ գոյության։
Ճոճվել պարանին՝ երկու ժայռի խաչմերուկում։
Ճոճվէլ-էլ-էլ-էլ։
Ճոճվել պարանին՝ Ջերմուկում, լվացքի ու լուսնի ոտնահետքի արանքում։
Ճոճվէլ-էլ-էլ-էլ։
Ճոճվել պարանին՝ ձմերուկում, այնտեղ, ուր քեզ չես գտնում։
Ճոճվել ու գտնել։
…երբեք չէի մտածում, որ կդառնամ պատմվածք։ Որտեղ դեղին մամուլն իմ մասին կիմանա ամբողջ սուտը։ Ու ինձ կպատմեն բարոյախրատական նպատակներով։ Կհարստանան։ Իսկ ես… Կճոճվեմ պարանին։ Ինձ այնքան կպատմեն, կսիրեն, կդատեն, կանմահացնեն, որ…
…երբեք չեմ մտածի, որ մի օր կմեռնեմ։
Ես երեք հարյուր երեսուներեք տարեկան եմ։ Քրիստոսի մահվան տարիքը՝ 33+3=333։ Մի՛ ծիծաղեք։ Մեր թաղերում այդպես են հաշվում։ 33+3: Վերջին երեքը՝ մեղքերն են՝
լռություն
փոքրություն
ես սև եմ
։
Դուք իմ մասին գիտեք ամբողջ սուտը։ Բայց դա ինձ դուր է գալիս։ Ես ժամանակակից եմ։ Չեմ ընկնի հայ ժողովրդի հզոր պատմության հետևից։ Կապրեմ այսօրվա օրով։ Չնայած կարող էի պատմել Իսրայել Օրու՝ Պետերբուրգ այցի մասին, Կոմիտաս-Սարյան-Չարենց, Մեծ Եղեռն, սովետ-սովել-սոված… Սոված եմ, մի բան կուտեի, մի բան-բառ-ղառ-ղառ։ Կարող էի պատմել ԱՄՆ-ի անկախության, առաջին, երկրորդ, շուտով նույնիսկ երրորդ աշխարհամարտերի մասին։ Բայց ես պետք է պահպանեմ լռությունը։ Չէ՞ որ դա իմ առաջին մեղքն է։ Իսկ ես հարգում եմ իմ մեղքերն այնպես, ինչպես դուք՝ ձեր պատվիրանները, ու ոտնահարելուց առաջ՝ պարտադիր աղոթում եմ։
***
Դուք ընդունո՞ւմ եք ձեր մեղքը։
Այո։
Դատարանը հեռանում է վճիռ կայացնելու։
***
Գարնանային լուսապայծառ առավոտ էր։ Դաշտերը պատվել էին աշնան տերևներով։ Ամենուր բուրում էր հեզաքնքուշ ծաղիկներով։ Գյուղացիներն աշխատում էին օրնիբուն և թխում իրենց հանապազօր հացը։ Նրանց օգնում էր արևը, որ շոյում էր ցորյանի արտերը իր ոսկեգույն ծամերով…
Հավատացի՞ք: Չէ՞ հա։ Կատակ էր։
Գարնանային լուսապայծառ առավոտ չէր։ Ու եթե հիշում եք, որ ես պատմվածք եմ, ուրեմն՝ լսեք։ Նախօրոք զգուշացնում եմ, որ խմբագրված չեմ։ Ու դեմ եմ խմբագիրներին։ Նրանք խլում են հեղինակային իրավունքներս՝ ընդամենը տառերիս մազերը կտրելով։ Իսկ հետո ասում.
— Իբր ի՞նչ էր գրել, որ… Եթե ես չլինեի…
Եվ այսպես… Պատմվածքը հայտարարում եմ բացված։
Դեպքը կատարվում է ձեր ուղեղում, ներկա ժամանակում ու չի՛ ընդմիջվում գովազդով։ Քաղաքապետարանի դիմաց գտնվող Երևանի երկու հազար ութ հարյուրամյակին նվիրված այգին, որի մազապուրծ փրկված ծառերից մեկի վրա քնած եմ ընտանիքիս հետ, բարբարոսաբար ավիրվում է։ Երկաթե աղջկան բռնաբարում են, կուժը կոտրում ու որսը հավանած գիշատիչ փղի պես՝ խմում միջից թափվող անձրևաջուրը։ Դաժանաբար ծեծում են երկաթե տղային, կեղտոտ կոշիկներով պղտորում իր գետը, տշում նավակը ու գոլ խփում Մյասնիկյանի արձանի գլխին։ Քունս էլ չի տանում։ Իջնում եմ ճյուղից, կանչում ընկերներիս ու թռնում՝ տղային փրկելու։ Բայց աչքս ծակում է նավակի ոսկեգունատ դեմքը, որ շողում է Մյասնիկյանի լուսապսակ ճակատին։ Բնազդ… Իմ հոտառության մայրուղիով վազում են ձագերիս երազանքները։ Նավերի, սիրուն երկրների, շատ ցորենի, քիչ ապրելու… Բայց նավերի մասին։ Ես ամբողջ ուժով սլանում եմ դեպի Մյասնիկյանի ճակատ։ Եվ նավակն արդեն իմ ճյուղի վրա է։ Երբ ձագերս զարթնեն, ամեն ինչ ուրիշ կլինի։ Հիշում եմ տղայի մասին։ Իզուր։ Նա էլ ոչինչ չի հիշում։ Որովհետև… Երբ ես թռա դեպի նավակը, ընկերներս թռան դեպի բզկտված աղբամանները, որտեղից թափվել էր մի քանի ադիբուդի, արևածաղկի կեղև ու լիքը տոպրակ, որոնցում չխեղդվելն ամոթ է անգամ ընկերներիս համար, բայց իրենք չեն մեռնում։ Իսկ տղան մեռավ։ Իսկ ձագերս երջանիկ են։ Ընկերներս՝ կուշտ։ Ուրեմն՝ շնորհակալություն հայտնենք ավերիչներին։
Բայց մի րոպե… Գործողությունները շարունակվում են: Դրանք հենց այս պահին ուղիղ եթերով նկարահանում է մի զբոսաշրջիկ։ Գնամ, խանգարեմ, երկրիս ամոթը չտեսնի… Բայց քունս տանում ա, է… Լավ, առավոտյան կխանգարեմ։
Ինչպես արդեն ասում էի, առավոտյան ամեն ինչ ուրիշ կլինի ու է՛։ Ձագերս յոթերորդ երկնքում են, եթե ութերորդը չկա։ Էլ պարաններին չեն ուզում ճոճվել, չեն ծրտում լվացքի վրա, պանիր չեն գողանում ու ինձ նման չիզքեյքի անուն չեն դառնա։ Մենակ նայում են նավակին ու երազում։ Հավատացի՞ք։ Հըմ։ Ձեր իրավունքն է, հո չեմ կարող խանգարել…
***
Ոտքի՛, դատարանն է գալիս։
Ահահահահառ, ղահղահղառ, ուհուհուռուղուռուղառ։
Սա ի՞նչ բան է։ Քշեք այդ կեղտոտ ագռավներին։ Լռություն։ Լռություն պահպանեք։
Պատուհանը բաց էր։ Ես ու ընկերներս մի լավ պարեցինք մարդկային գլուխների վրա։ Նույն արձաններն են, պարզապես մի քիչ փափուկ։ Ավերիչների գլուխները մարմարի պես սղլիկ ու պինդ էին՝ արձանների պես։ Երևի ճաղատությունն է կամ ուրիշ պատճառ էլ կա… Մեր խրախճանքը, ինչպես և բոլորինն աշխարհում, երկար չտևեց։ Եվ ահա մենք նորից փողոցում ենք։ Ես էլի փողոցում եմ։ Ընկերներս էլի գնացին։ Ես էլի մենակ եմ։ Բայց բարձր խոսքը լսվում է նաև պատերից այն կողմ։ Եվ ես մնացի։
Դուք դատապարտված եք չորս տարվա ազատազրկման։
Ազատության մեջ նրանք կկոտրեին կանանց ձեռքերի ցողունները, կբռնաբարեին աստվածներին ու կլափեին ձագերիս արցունքաջուրը։ Կամ կփոխեին իրենց կյանքը ու կդասվեին սրբերի շարքին, ինչպես հաճախ պատահում է։
Որքան ծիծաղելի են լացում ավերիչները ճաղերի ետևում։ Պատմում են անկեղծ պատմություններ երեխաների մասին։ Ու իրենց գտնում։
«Սա իմ ինքնախոստովանական նամակն է։ Ես կարող էի խանգարել, բայց բնազդներս… Ո՛չ, դա անարդար արդարացում է։ Ես կարող էի խանգարել, բայց ձագերիս երազանքները… Ո՛չ, դա խղճահարությամբ վեհագույնը նսեմացնելու արդարացում է։ Ես կարող էի խանգարել, բայց չէ՞ որ ընկերներս էլ կարող էին… Ո՛չ, դա ամբոխաշերտի տակ քնելու արդարացում է։ Ես կարող էի խանգարել, բայց հիմար եմ… Իսկ դա չունի արդարացում։
Չգիտեմ՝ ինչու եմ այստեղ, դատարանի փակ պատուհանի հակառակ կողմում։ Ես ինձ հռչակել եմ ազատ ամբաստանյալ, ով լսելու է իր դատավճիռը ու չի՛ պատժվելու։ Բնազդներս միշտ հաղթում են։ Երեք հարյուր տարին բավարար չէ։ Մարդիկ իմաստություն, ճշմարտություն են փնտրում վաղամեռիկ գրողների, ուրվական աստվածների ու հողի մեջ։ Թելից կախված քամու կտորներ, որ փոխվում են եղանակի հետ։ Իսկ պետք էր ուղղակի սովորել իմ լեզուն»…
…երբեք չէի մտածում, որ կդառնամ չիզքեյք։ Կդառնամ չիզքեյք, որովհետև իմ անունը պանրային թխվածքի վրա կրեատիվ է հնչում։ Ու ընդհանրապես, իմ անունը կրեատի՞վ է հնչում։
…երբեք չէի մտածում, որ ինձ կհամեմատեն մթության, հնության, գողության հետ… Բայց ո՛չ գոյության։
Ճոճվել պարանին՝ երկու ժայռի խաչմերուկում։
Ճոճվէլ-էլ-էլ-էլ։
Ճոճվել պարանին՝ Ջերմուկում, լվացքի ու լուսնի ոտնահետքի արանքում։
Ճոճվէլ-էլ-էլ-էլ։
Ճոճվել պարանին՝ ձմերուկում, այնտեղ, ուր քեզ չես գտնում։
Ճոճվել ու գտնել։
… երբեք չէի մտածում, որ կդառնամ պատմվածք։ Որտեղ դեղին մամուլն իմ մասին կիմանա ամբողջ սուտը։ Ու ինձ կպատմեն բարոյախրատական նպատակներով։ Կհարստանան։ Իսկ ես… Կճոճվեմ պարանին։ Ինձ այնքան կպատմեն, կսիրեն, կդատեն, կանմահացնեն, որ…
…երբեք չեմ մտածի, որ մի օր կմեռնեմ։