Իմ գլխում ամեն գիշեր սիրուն մտքեր են ծնվում, իսկ առավոտյան` մոռացվում: Ես վաղը կարթնանամ, կվերցնեմ մի մեծ սպիտակ թերթ ու մաքուր կթողնեմ, որ նոր տարին լցնի հույսերիս էջը: Մաքրի անցնող տարվանից բացասականն ու թողնի բարին: Ես թղթի վրա կգրեմ, որ հաջորդ տարին լավն է լինելու, ու էդպես էլ կլինի, որովհետև ես էդպես եմ ուզում: Հույսերը փրկում են մարդկանց, ստիպում են ապրել, ամեն օր բացել աչքերն ու շնորհակալ լինել ունեցածի համար: Ես մի քիչ բարություն եմ ուզում ու մի քիչ էլ սեր, որ չչարանամ: Մի քիչ հոգատարություն ու էլի սեր, որ երջանիկ լինեմ: Ուզում եմ` մեծ, սպիտակ թվերով կանաչ զարթուցիչ, որ չմոռանա ինձ ամեն օր 8-ին արթնացնել, կիրակի օրերին էլ մի քիչ ինձ ներել: Ուզում եմ` սենյակիդ պատի անհասկանալի ճապոներեն գրվածքն ինձ երջանկություն բերի, ու չխաբվեմ սիրուց: Ուզում եմ` ստեղծածս ճիշտ դուրս գա, ու չհիասթափվեմ ինքս ինձնից: Ուզում եմ` կոշիկիս կապերն ամրացնող լինի ու խոպոպներով աղջիկ` մի քիչ ավելի ուշ: Ուզում եմ` մարդիկ հավատան միայն ներքին հեղափոխությունների ու միշտ հաղթած դուրս գան` անկախ արդյունքից: Ուզում եմ` աշխարհի բոլոր ընտրությունները ճիշտ դուրս գան, ու մարդիկ ընտրեն միայն լավի ու լավի միջև: Սիրուն տոնածառ, մի զույգ տաք գուլպա ու… Ես երազանքներ նկարող սարք եմ ուզում կամ երջանկության գործարան, հիմա չգիտեմ էլ, թե ինչ կարելի է ուզել Ամանորին, բայց մի բան հաստատ է` ես հավատում եմ, որ մտքերն իրականություն են դառնում, ու բոլոր երազանքները կատարվում են մի օր: Իմ գլխում ամեն գիշեր սիրուն մտքեր են ծնվում, իսկ առավոտյան ես գրում եմ դրանք թղթի վրա:

 

Երբ երազը դառնում է շոշափելի, այն այլևս դժվար է նորից երազի վերածել: Ինչ-որ պահից սկսած հնարավոր չէ տարբերել տարիների ընթացքը: Երբ փոքր էի, հավատում էի Նոր Տարվա հրաշքին: Հիմա ամեն օրվան եմ հավատում: Գիտեմ, որ տոնածառի լույսերը հերիք չեն երջանիկ լինելու համար, բայց ես ունեմ մի խաղալիք, որի մեջ ես եմ: Ես չեմ մեծացել, պարզապես երազանքներս են փոխվել: Հիմա էլ կարող եք ինձ տիկնիկ նվիրել, ու ես առաջվա պես կժպտամ: Ես կսպասեմ 12-ին ու ինչպես ամեն տարի` երազանք կպահեմ: Մինչև 12-ը մտովի ետ կգնամ ու կթերթեմ 365 օրերս: Մի պահ կտխրեմ անհաջողություններիցս, բայց շնորհակալություն կհայտնեմ 365 հնարավորություններիս համար: Կժպտամ, աչքերս կփակեմ ու կվայելեմ տոնական զնգոցները: Նորից կխոստանամ խելոք աղջիկ լինել ու տոնածառի տակից կվերցնեմ նվերներս: Ես նոր սկզբեր չեմ փնտրի, ոչ էլ ամեն օր կմտածեմ կյանքս նոր էջից սկսելու մասին: Ես կվայելեմ տեղացող ձյունն ու կհիանամ փաթիլների գեղեցկությամբ, որոնք աչքերիդ պես կպսպղան: Թե ինչ կբերի ինձ նոր տարին, կորոշեմ միայն ես: Կգնահատեմ ապրածս յուրաքանչյուր վայրկյանն ու կսպասեմ հրաշքների:

 

Իմ գիրքն էջեր չունեցավ, ու ես հասկացա, որ պետք չէ հաղթել այնտեղ, որտեղ ինքդ էլ չես ուզում: Հետո նաև կհասկանամ, որ թեև գիտակցաբար վախենում ենք չսիրվելուց, իրական վախը սիրելու վախն է, երբ առանց երաշխիքի տրվում ես հույսին: Եթե մենք մեր մտքերը չենք, գոնե զգացածն ենք: Իմ սերը ես եմ, իմ հույսերը, ապրված բառերն ու չմոռացվող պահերը: Ամեն տարի մինչև դեկտեմբերի 31-ը ես կհամոզեմ բոլորին, որ մեր տոնածառը վաղուց կորցրել է իր հմայքը, իսկ խաղալիքները հոգնել են իրենց կյանքից: Ամանորի գիշերը կսկսեմ զարդարել աշխարհի ամենասիրուն տոնածառն ու երազանք պահել ամեն կախվող խաղալիքի հետ: Զանգերի հետ բոլորս մտքում կամփոփենք տարին ու խորը շունչ կքաշենք` գիտակցելով, որ հենց նոր 365 հնարավորություն ստացանք ավելի լավը դառնալու:

 

Հանի՛ր ներսիդ դատարկությունն ու ապրի՛ր ներքին թռիչքներով: Այս ձմեռը քո կարիքն ունի: Շատերը հույս ունեին, որ կզգաս իրենց, բայց բոլորին կիսատ թողեցիր: Ուր պիտի թաքցնես քեզ: Ներսո՞ւմդ: Դու երբևէ մտածել ես այն մարդու մասին, ում լքում են: Ձայներ, ձայներ: Իսկ ո՞րն է իմաստը մարդկային կյանքի: Այլևս չլինել այն, ինչ եղել ես ու սեփական անունն էլ մի կողմ նետել: Լսել օվկիանոսի ձայնն ու կամաց-կամաց հավերժություն զգալ: Գիտես` իսկական սիրահարները չպիտի իմանան մայրամուտների մասին: Սիրուց չպիտի տանջվել, պիտի վայելել այն: Իսկ եթե սեր չկա, պիտի վայելել բնականոն կլիման` միայնությունը: Սիրելիներից չեն բաժանվում, իսկ եթե բաժանվում են, ուրեմն այդքան էլ սիրելի չէին: Հազարավոր մարդիկ վտանգի մեջ են` պետք է փրկել նրանց: Բայց ինչ-որ մեկին փրկելը նման է ներկայացման, երբ հանդիսատեսից մեկը նետվում է բեմ, միջամտում գործողությանն ու հավատում, որ ինքը կարգին դերասան է: Սրտի վրա իշխել չկարողանալն ամենամեծ թուլությունն է: Հանգստություն է պետք, ժպտացող դիմակ: Անմշակ կավ է հոգին մարդու, բայց մենք այդքան էլ լավ կավագործներ չենք: Երբ երկու առավոտներ իրար խառնվեն, դեմքդ կհալվի անձրևի մեջ: Մի քիչ էլ կմտապահեմ տեսիլքդ, հետո թույլ կտամ, որ չքանա: Հաճախ դժվարանում ենք որոշել ինչի մասին գրել: Դժոխքի, քավարանի, թե միանգամից հույսի ամենաբարձր ոլորտի: Մեզ ազատություն ենք տալիս ու ընկնում ինչ-որ համաչափ ընթացքի մեջ, իսկ վերջում հասկանում, որ հենց մենք էինք մեր փնտրածը: «Էստեղից էլ ո՞ւր գնամ: Գնալու տեղ չկա»: Օվկիանոսից այն կողմ ալիքներ են ու էլի ալիքներ: Երանի ակնթարթը հավերժ տևեր: Աշխարհում շատ հաճույքներ կան, բայց կղզում միայնակ լինելը մեծագույն պարգև է: Հոգիդ ճախրում է երկնքում: Ուրիշ ոչ մի տեղ այսքան հանդարտ չէր եղել: Իրականության ու երազի սահմանը հատվում է, ու դու միայն ալիքների ձայնն ես լսում: Ներսումդ միայն մի ցանկություն է` ամեն ինչ լցնել օվկիանոսն ու դատարկ վերադառնալ: Հետո նայում ես մարդկանց դեմքերին ու ինչ-որ բուդդայական կարեկցանք ես զգում օվկիանոսի, աշխարհի, բոլոր ծովերի, մարդկանց ու ինքդ քո հանդեպ: Հետո կայմի պարանները ձգվում են, ու ամեն ինչ իսկական խեղկատակություն է թվում: Դու սկսում ես մտածել, որ նույնիսկ աշխարհի ծայրում օվկիանոսի ալիքները քեզ չեն կարողանա փրկել, մաքրել ախտից, ու դու նորից սխալվում ես, որովհետև այս տեսարանն ապրել էր պետք միայն, իսկ դու նորից գրում ես դրա մասին: Գիտես` մի օր դու կսովորես գնահատել իրականն ու չմտածել մարդկանց մասին: Նրանց ապրումները նրանց են, ու դու երբեք չես կարող մասը դառնալ: Իսկ դու հիմա կատարյալ նիրվանա ես ապրում, որովհետև ամեն ինչ ունես երջանիկ լինելու համար: Ուրեմն` շարունակիր նայել օվկիանոսին ու վերջապես զգալ քեզ: Մենք ամբողջ կյանքի ընթացքում ինչ-որ բան ենք փնտրում ու հանկարծ պարզում, որ մեր փնտրածը հենց մենք էինք:

 

Մեր կյանքն էլ նման է ձմռանը: Սկզբում անհամբեր սպասում ենք: Առաջին ձյան հետ երազանք պահում, հետո հավատում, որ այս տարվա ձմռան հեքիաթն անպայման իրական է լինելու, և նոր տարին իսկապես նոր է լինելու: Ձյան փաթիլները նման են մեր երազանքներին, երբ հայտնվում են օդում, աննկարագրելի գեղեցիկ են, փափուկ, աներևույթ սահելով իջնում են ներքև ու… նորից հիասթափություն, դառնում են ցեխ կամ մեքենայի տակ ընկնում: Ձեզ թվում է` մյուս փաթիլները չգիտեն, թե իրենց ինչ է սպասվում: Գիտեն դեռ չծնված: Բայց օդում պտտվող փաթիլները հասցնում են իրենց գործն անել: Ձյունն այդ մի քանի վայրկյանների ընթացքում էլ հասցնում է իր երգը երգել ու ստիպել մարդկանց հավատալ հրաշքների: Չէ՞ որ ամեն ինչ պետք է սկսել սպիտակ, մաքուր էջից, հետո ինչ որ հաջորդ էջը նորից սև ու ցեխոտ է լինելու:

Կիսվել նյութով

Թողնել մեկնաբանություն