Այդ երեկո մայրս խաղալիքների հետ տոնածառից կախեց բոլոր երազանքներս: Իմ ձեռքով դրեցի լույսերը: Աշխարհը տոնածառի պես կանաչ թվաց, մարդիկ՝ խաղալիքների պես անհոգ ու թեթև: Տատիս իլիկի պես երկրագունդը պտտվե՛ց-պտտվե՛ց, հետևից բարակ թել թողնելով իջավ, կանգ առավ հատակին: Ծխախոտի ծուխը կանգ առավ լույսերին, դարձավ գույնզգույն, բարձրացավ վեր ու տարրալուծվեց օդում: Ամանորի ճոխ սեղանը իր նախօրեին տարավ մորս նշանի մատանին: Հիմա բոլորը «անհոգ» ժպտում են՝ տեսնելով ուրախությունս: Դրսում վիրավոր արջի պես ոռնում է բուքը: Տոնածառի տակ դնում եմ նամակս: Որոշում եմ չքնել, սպասել, տեսնել ձմեռ պապին: Անկողնում այս ու այն կողմ եմ շրջվում, պայքարելով քնի դեմ: Հայրս կտրատում է երշիկը, մայրս, նկատելով, որ արթուն եմ, կոնֆետ է վերցնում, մոտենում ինձ:
— Ինչի՞ չես քնում:
— Քունս չի տանում:
— Կեր ու քնիր, որ գա ձմեռ պապը:- Քունը հաղթում է վերջապես:
Առավոտյան արթնանում՝ բարձիս տակից հանում եմ մեքենաս ու մինչև գոտկատեղս ձյան մեջ խրվելով՝ վազում եմ փողոց ցույց տալու նվերս:
— Արի հաց կեր, նոր գնա,- բակում ձյուն մաքրող հայրս կանչում է հետևիցս:
— Սոված չեմ:
Հրացանն ուսին, դանդաղ քայլում է դաշտից տուն վերադարձող Արոն: Գոտկատեղից կախված նապաստակի արյունոտ ականջները քսվում են ձյանը՝ սպիտակի վրա թողնելով կարմիր հետքեր: Հորս հետ շնորհավորում են միմյանց:
— Շատ կա՞ր:
— Չէ, մեռա ման գալով մինչև գտա: Ծխախոտ կա՞ մոտդ,- Արոն հրացանը դնում է պարսպի կիսաքանդ պատին:
Հայրս ծխախոտ է տալիս: Երկու ծուխ կուլ տալուց հետո վերցնում է հրացանն ու հեռանում: Թույլ արևը վազում է սպիտակ կտուրի վրայով: Երկնքում շրջապտույտ կազմած թռչունները պտտվում էին դեզերի շուրջը, բաց տեղ նկատելով իջնում՝ ցորենի կամ գարու հատիկ գտնելու: Դեզի տակ թաքնված կատուն չէր վրիպում երբեք, և ամեն անգամ թռչունները օդ էին բարձրանում մեկով պակաս: Հեռվից ցախավել հիշեցնող մերկ ծառերը ձյան բեռան տակ կքված լռել էին այգում: Գունատ երկինքը ցրտից կծկվել ու տեղ-տեղ կապտել էր:
— Շնորհավոր,- Սաքոն սեղմեց բոլորիս ձեռքերը: Նստեց սեղանի մոտ: Հայրս օղի լցրեց:
— Հլը գնա նայի դատախազությունից հո մարդ չկա՞,- այդ արտահայտությունը ծանոթ էր:
Դուրս եկա, նայեցի ու ներս մտա:
— Հը՞…
— Գալիս ա:
— Ու՞ր ա հասել:
— Գևորենց տան մոտ:
— Վերցրեք խմենք, քանի չի հասել: Է՛, շնորհավոր, բերք ու բարիքի տարի լինի:- Խմեցին:
Սաքոն թթու վարունգ կերավ, հանքային ջուր խմեց:
— Լավ չեմ հեչ:
Ներս մտավ Աստղը, հանեց գլխարկը, թափ տվեց վրայի ձյունը: Շնորհավորեց բոլորին:
— Ամոթ ա, ամոթ, մի շաբաթ առաջ մեռնելուց պրծար, գոնե դեղերդ պրծի նոր խմի:
— Քո գործը չի, թող խմեմ մեռնեմ, իմ տեղը ով լինի, որ չխմի, վարկս երկու միլիոնի է հասնում, կովն առա, տակ տվեցի, տրակտորն առա, տակ տվեցի, էլ ինչ անեմ:
— Դու էլ բախտ չունես:
— Հա, ինչ արեցի, չեղավ:
— Քիչ խմի, կլինի:
— Ես որ դառնամ դագաղ սարքող, ոչ ոք չի մեռնի,- Սաքոն խմեց օղին և հոտ քաշեց թթու վարունգից:
Վիճելով դուրս եկան մեր տանից: Ոտքը ձյան վրա սահեց, ընկավ Սաքոն: Հայրս Աստղի հետ օգնեց բարձրանալ նրան: Ոտքի կանգնեց, տրորեց աչքերը: Ձյունով լվացվեց, ծխախոտ վառեց ու հեռացավ կնոջ հետ:
Արևը հավաքեց շողերը և թեքվեց իր երեկոյան մուտքը: Մեքենաս տոնածառի տակ դրեցի, նստեցինք: Մորս թխած լավաշի մեջ փաթաթեցի տատիս քաշած պանիրն ու բերանումս զգացի Աստծո հետ համերաշխ ապրելու համը: Հայրս իմ կենացը խմեց. ամաչեցի թաքուն ծխելուս համար: Ամեն տարվա պես այս անգամ էլ մայրս իր պատրաստած չրից վերցրեց եղբորս համար: Ամեն տարի նա չիր էր պահում ու ամեն տարի ես էի ուտում այդ չիրը: Հայրս սեղանին, հետո՝ գրպաններում փնտրեց ծխախոտը:
— Աչքիս՝ Սաքոն տարավ,- վեր կացավ սեղանից:
Նա հագավ վերարկուն, դրեց գլխարկը, գնաց ծխախոտ գնելու: Տատս խառնեց վառարանի կրակը, աթար գցեց: Գնաց նստեց բազմոցին, վերցրեց իլիկը: Դողացող ձեռքում դարձյալ պտտվեց երկրագունդը՝ հետևից բրդյա թել թողնելով:
Առավոտյան արևի թույլ շողերը գլորվել էին ձյան վրա և աչք ծակող դարձել: Դրեցի արևային ակնոցս: Մայրս մի քանի մոմ վերցրեց: Մինչև ծնկներս ձյան մեջ խրվելով՝ եկեղեցի հասանք: Պատուհանից ներս մտած քամին հանգցնում էր մոմերը: Պատի բացված ճեղքից երևում էր դրսի ձյունը: Ամեն կիրակի մայրս մի նոր աղոթք էր կախում անքահանա եկեղեցու սրբատաշ պատերից:
Ճանապարհին ձայն լսեցինք:
— Կով ա ընկել լիճը:- Վազեցի:
— Զգույշ կլինես:
Ամուսնուն խոպանում թողած անօգնական կինը բռնել էր կովի պոզերը և արտասվում էր անզորությունից: Կիսով չափ լճում, դեմի ոտքերը սառույցին դրած, ուժասպառ անասունը հանձնվում էր կարծես: Տղամարդիկ վազեցին, բռնեցին պոզերը, սկսեցինք քաշել: Դժվարությամբ դուրս բերեցին ջրից: Անզոր կենդանին ընկավ սառույցին:
— Թողեք մի քիչ հանգստանա:
Հեռվում կանգնած՝ Աննան չէր կարողանում զսպել արցունքները:
— Սկսեցինք:
Տղամարդկանցից երկուսը բռնեցին պոզերը, երկուսը՝ պոչը: Ոչինչ չստացվեց, կովը չէր կանգնում, կարծես ոտքերը թուլացած լինեին:
— Վախեցել ա, գնա մի հատ տախտակ բեր:- Վազեցի տախտակ բերեցի: Եկել էր նաև Սաքոն, ով ոտքի վրա հազիվ էր կանգնում: Տախտակը դրեցին փորի տակը: Տղամարդկանցից երկուսը բռնեցին տախտակը, երկուսը՝ պոզերը, Սաքոն էլ պոչը: Բարձրացրին:
— Մի քանի րոպե պահեք, տախտակը չհանեք, մինչև կանգնի:- Տախտակն ամուր բռնած տղամարդիկ առաջ քայլեցին: Սաքոյի ոտքը սահեց: Սառույցի ջարդված տեղից ջուրն ընկավ: Տղամարդկանցից մեկը վազեց, բռնեց Սաքոյին: Նրա հին գլխարկը պտտվեց ու անցավ սառույցի տակ:
— Տուն տարեք, կսառի,- Վանոն բարձրացրեց Սաքոյին, թևանցուկ արեց ու քայլեցին սառույցի վրայով: Սաքոն ձեռքը գրպանները տարավ:
— Սպասի, հեռախոսս չկա:
— Տո, հեռախոսի մասին ես մտածում, մի վայրկյան ուշ հասնեի, դու էլ չէիր լինի:
Կովը դանդաղ առաջ էր շարժվում: Աննան փայտը ձեռքին քայլում էր նրա հետևից: Վանոն թևանցուկ արած տանում էր Սաքոյին, նրա թաց շալվարից ջուր էր կաթում:
Քամին դադարեց, ձյուն եկավ: Խոշոր փաթիլներն իջան, ու Աննան ճերմակահեր դարձավ: Սև կատուն ցատկեց դեպի աղավնին, բռնեց ու մարագ վազեց: Մենակ մնացած աղավնին բարձրացավ ու կախվեց երկնքից: Երկար ժամանակ պտտվում էր մարագի շուրջը, հետո հոգնեց, իջավ, նստեց կտուրին ու կտուցով քորեց դոշը: Մարմինը ցնցվում էր արտասվելու պես: «Ղուշբաս» Կարոն հրացանը ձեռքին մարագ վազեց: Կրակոց լսվեց: Վիրավոր կատուն պատուհանից փողոց թռավ ու հետևի կոտրված ոտքերը քարշ տալով, առաջացավ: Կարոն կտրեց նրա ճամփան, վիրավոր գալարվող մարմնում դատարկեց մեկ պարկուճ ևս: Կատուն վերև թռավ, ուժեղ ձայն արձակեց, անշարժ մարմինը փռվեց ձյան վրա:
Երեկոյան ցուրտն ավելի սաստկացավ: Մարդկանց ստիպեց փակվել տներում: Կտուրներից բարձրացող ծուխը գալարվում ու քամու հետ տարածվում էր աստղազարդ երկնքում: Տատիս ձեռքում շարժվող մաղի տակից ձյան մանր փաթիլների պես ալյուրն իջնում ու սեղանին փոքրիկ բլուր էր դառնում: Անկողնում երկար ժամանակ լսում էի կտուրին քամու ձայնով վազող ձմռան ոտնաձայները: Տեսա վառարանի դռնակի կլոր անցքերի ետևում փայտի հետ վառվող կանաչ ծառերին: Հետո կտուրին կանգ առավ քամին, վառարանում մոխրացավ փայտի վերջին կտորը: Լռություն տիրեց, մեքենաս վերմակիս տակ դրեցի, սեղանից մրգի հոտը եկավ, պտտվեց գլխավերևումս: Իսկ մութ ժամանակի մեջ դեռ վառվում ու փայլում էին ծիրանագույն մանկությանս բոլոր երազանքները: