ԱՆԿԱԽԻՆ ՍՊԱՍԵԼԻՍ
Այդ օրերին փոքրիկ տղաներն իրենց բռունցքները չափում էին պապաների բռունցքների հետ, դնում սև ու կոշտ ափերի մեջ, ու պստիկ տղերքի պստիկ բռունցքները լորի ձվի չափ փոքրանում-ճերմակում էին:
Կանգնել էր ժամանակն այլ ուղղությամբ՝ հացի գնացող մեծերի ձեռքին դատարկ տոպրակներ էին, ցուցամատները քթանցքներում՝ մանկապարտեզ գնացող երեխաները դեռ բակերում էին. սպասում էին: Հոսում էր ժամանակն այլ ուղղությամբ, հոսում էր ճանապարհների վրա՝ տղամարդիկ ու կանայք, մեծ ցուցապաստառներ բռնած, Հրազդանից ոտքով ճանապարհ էին ընկնելու Երևան: Փոքրիկները չիշիկ արել ու հողերի վրա էին նստել, լաց էին լինում: Տատիկների էլ կաթնագույն հաստ պարանոցները այդ օրերին սմքել, մանր երակները, ջղերը, նյարդերը լարվել ու գլուխներն էլ նմանվել էին հողից արմատներով պինդ կառչած կոճղերի:
Իմ ընտանիքում մայրս հորս վրա գոռում էր.
— Քո գնալով ի՞նչ պիտի փոխվի, հենա, բոլորն էլ գնում են, դու մի՛ գնա, դու մնա:
Չհասկանալով՝ վախենում էի:
Հայրս մեր սև-սպիտակ հեռուստացույցն էր նորոգում. կապտած ուռուցքի նման լամպը շպրտեց մորս վրա. մածուն էի ուտում, ամանս ջարդվեց, լամպի կտորներից էլ մածունիս մեջ ընկան: Ես լաց էի լինում ու մածուն ուտում: Հորս դեմքը լամպի պես կապտել էր: Ինձ գրկեց, դուրս եկանք: Հիշում եմ, այդ օրերին էր՝ հայրիկի աճեցրած կակտուսները ծաղկել էին:
Փոքր քաղաքն ուներ փոքր հրապարակ, ուր հետո հերթով նույն տղերքը, ովքեր այդ օրը ցուցապաստառներ ու բռունցքներ էին նկարում, եկան դարձան աղբյուր ու ծաղիկ, որոնց գունավոր թերթիկներից հետո մեզ համար եղունգներ սարքեցինք:
Հրապարակում նկարվեցինք: Ես՝ մեծ պապայիս, մեծ ձաձաների ու փոքր տղերքի հետ: Աղջիկներից միայն ես էի: Այսօր այդ նկարում հեղձամահ սևն է բնակվում: Իմ աչքերը՝ սարսափ: Այդ նկարը՝ անգոյության մանկությունը:
Իմ ընտանիքում մայրս հորս վրա գոռում էր.
— Քո գնալով ի՞նչ պիտի փոխվի, հենա, բոլորն էլ գնում են, դու մի՛ գնա, դու մնա:
Հասկանալով՝ վախենում էի: Նույն խոսակցությունը մեր շենքի տարբեր դռների ետևից լսվում էր:
Հայրս իր կակտուսներն էր ջրում: Մեկը ծաղկամանով մորս կողմը շպրտեց, մայրս լռեց:
Բռունցքները հերթով գնացին պատերազմ ու հերթով մահացած, վիրավոր ու երբեմն ողջ գալիս էին: Հայրս ողջերից էր, ու մորս տագնապոտ դեմքը ամոքելու համար իրար պինդ գրկում, քնում էին օրը ցերեկով: Հիշում եմ. այդ օրը հաստատ հայրիկի աճեցրած կակտուսներից մեկը ծաղկել էր:
Իմ մանկության տարիներին մեծերի աչքերում սպասում կար: Մի բան լինելու տագնապ:
Ամիսներ անց հայրս էլի եկավ. մորս ուռած փորը տեսնելն ու ապշանքը, մորս լացը:
— Հանե՛լ տայիր:
— Ուշ էր:
Հիմա ինձ հասկանալի է, այն ժամանակ էի զարմացած: Վախենում էի, որ մամաս կռացած ավլում էր հատակը: Վախենում էի, որ քույրիկս կամ եղբայրիկս հենց էդպես էլ կընկնեն գետնին:
Քույրիկս:
Հայրս մտել էր առաջին հարկի կոմիսիոնն ու լիքը դերբի շոկոլադ էր առել ու աստիճաններին ում պատահել, մաղարիչ էր արել: Հետո խոնավ պատմում էր.
— Հրամանատարն ասեց՝ քանի՞ երեխա ունես:
— Երեք աղջիկ:
— Դե շուտ իջի պոստերից: Առաջ չգնաս:
Դուռը թակեցին: Երկու փոքրիկ աղջիկ, քույրիկներ հավանաբար, սպիրտայրոց ու կանաչ սանրեր էին վաճառում:
Հայրս տուն էր եկել կակտուսները ջրելու:
— Հանե՛լ տայիր:
— Ուշ էր:
Ծանոթ խոսակցություն էր:
Հայրս հոգու խորքում որդի էր ուզում:
Եղբայրս:
Ու էդպես մայրս, հարևան կանայք իրենց երեխաներին բարուրում էին ու առաջին հարկի կոմիսիոնում սերիալի ծես էին վայելում՝ վարագույրի ետևում կերակրելով ծծկերներին: Կանայք տխրում էին ու սպասում:
Այսօր՝ եղբորս բանակ ճանապարհելիս տեսա, որ հայրիկիս աճեցրած կակտուսները ճերմակել են. ճերմակն իմ անգոյություն մանկությունն էր:
ԲԱՑԱԿԱՆԵՐԸ
Այդ օրերից չեմ կարող ասել՝ որքան էր անցել, որովհետև մանկության մեջ ժամանակը կանգնած է: Շենքի բակում արգելակեց Ուազը, ու տղամարդիկ գորգեր, կահույք, ջահեր դատարկեցին: Մորս աչքերը կայծկլտում էին, ինչպես խոպանից հորս առաջին փողն ուղարկած ժամանակ: Դռան զանգն ու հորս դատարկաձեռն հայացքը.
— Էլ մարդ չկա՞,- մայրս ապշած է:
— Չէ:
— Բա՜…
— Դուռը փակիր:
Գրկախառնվեցինք: Այնտեղից միշտ գալիս էր նավթի, քրտինքի, օղու հոտով ու թախծոտ ժպիտով. մազոտ դեմքի վրա մի քիչ երևում էին ժպիտի փոսիկները: Գիրկս կանաչ կրիա դրեց: Հորս միակ ավարը: Թշնամի կրիա: Ուրախացել էի: Մայրս խոհանոց մտնելիս միջանցքում գլխիս խփեց:
Հայրս ծնկել էր եղբորս մանկական մահճակալի առջև. նրանք առաջին անգամ էին տեսնում իրար: Պատերազմի ժամանակ պատահում են իրար չճանաչող հայրեր ու որդիներ:
Չեմ կարող ասել՝ որքան կանցնի, հայրս խոպանից կգա ածիլված, նուրբ օծանելիքի հոտով, մենք կգրկախառնվենք, իսկ երկու տարեկան եղբայրս կասի՝ ձաձա, պապիլոզդ վելցլու: Պատերազմից հետո էլ կպատահեն հայրեր ու որդիներ, որ չեն ճանաչի իրար: Ու նրանք դժվար կհաշտվեն:
Կրիայիս կապտած թաթիկները նորածին եղբորս թաթիկներին էին նման:
Հայրս տուն էր եկել տոնակատարության:
Երկարությամբ փռված սեղանների շուրջ հարևանները հավաքվեցին աչքալուսանքի: Հորս կողքին Ջոնին նստեց: Նա մեր շենքում միակ տղամարդն էր, ով մտել էր մահճակալի տակ ու գոռացել՝ էդ իմ պատերազմը չի:
Ջոնիի կինը լվացքի պարանին ամուսնու վարտիքների արանքում երկար վերմիշելներ էր ամրացնում ու բակով մեկ գոռում՝ սաղիդ աչքը Ջոնիիս վերմիշելին ա: Ծիծաղի ու սեքսի պակասից կանայք հռհռում էին:
Սեղանի շուրջը փորձող հայացքները Ջոնիին են նայում. քառասուն օրական եղբորս հոր կենացն են խմում՝ ապագա զինվորի զինվոր հոր կենացը: Ես չեմ ուզում եղբայրս զինվոր լինի ու կրիայիս առած՝ մտնում եմ սեղանի տակ: Ջոնիի քամակը դանդաղ բարձրանում է կանգնելու: Համատարած քրքիջը նրան փրկեց հորս բռունցքից, որի ձևավորվելը սեղանի տակից կերևար միայն:
Այդ ժամանակից սկսած՝ կրիայիցս սովորեցի ինքս իմ մեջ թափանցել՝ կծկվել, մի անկյունում փոքրանալ: Սեղանի տակ կոշիկներն իմ աշակերտներն էին՝ տեղ-տեղ բացակա: Չարաճճի աշակերտս՝ կրիան. դա էր իմ մանկության նշանը:
Տարիներ հետո դեկտեմբերներին բացակայելու էին աշակերտները, որովհետև պապաները խոպաններից գալիս էին, ու տոն էր: Մեր կես դատարկ դասարանը՝ երեկվա բացակաները, նստարանների տակ ռուսական կոնֆետների թղթեր են ճռճռացնում:
Դուռը թակեցին: Բացեցի: Երկու փոքրիկ աղջիկ, քույրիկներ հավանաբար, սպիրտայրոց, կարմիր սանրեր ու հողաթափեր էին վաճառում: Նրանց լեզու հանեցի ու շրխկացրի դուռը:
Մեր տանն այդ օրը ուտելիք կար ու տաք էր:
Ուզեցի կրիային ծոցումս քնացնել, բայց շատ սառն էր. ոսկորը չէր տաքանում, սարսռում էի: Հողաթափերիս վրա քնացրի: Կրիան անընդհատ մորս ոտքի տակ էր ընկնում: Առավոտյան մահճակալիս տակ առնետները կրիայիս գլուխը կերան: Պապայիս հարցրի՝ կարող ա՞ Աստվածը կրիայի մեջ ա: Երկուսով կրիայի առջևից նայեցինք, ետևից նայեցինք. չկար Աստվածը:
ՊԱՏԵՐԱԶՄ — ԶՆԳՈՑ
Ալվինիկը նորոգման հանած երկաթյա դռան տակ, փափուկ արջուկը թևի տակ, ավազներով խաղալիս է եղել Բաբիկ հորեղբորս տան բակում: Դուռը ճռռացել, ճռռացել, ընկել է վրան, փափուկ արջուկն ու երեխան ճզմվել են դռան տակ: Ճզմված Ալվինիկի ու արջուկի տնքոցի հետ հայտնվել էր պատերազմը: Առաջին անգամ այդ օրը կրակեցին: Լանջին՝ գերեզմանոցի փռված տարածության մեջ, Բաբիկ հորեղբայրս խրամատներ էր ցույց տալիս, պատմում, պատմում, որ ինքն ու Վահան եղբայրը մի գիշերվա մեջ բարձրացել ու գրավել էին Բլրի պոստը՝ մեր դիմաց էր: Ասեց՝ զզվացրել էին արդեն, ուղիղ տանս վրա էին կրակում: Բլուրների վրա եկող ամեն քամի ու թռչուն Բաբիկին ողջունում էր: Բլուրների մասին պատմելու ժամանակ ոտքը ոտքին էր գցել, ձախ ոտքը սրտի ամեն խփոցի հետ բարձրանում իջնում էր, բարձրանում-իջնում էր, բարձրանում-իջնում էր: Տեսավ՝ ուշադիր նայում եմ, ոտքն իջեցրեց:
— Եթե էդ օրը չվիրավորվեի, եթե օգնությունը հասներ, ես ու ախպերս էինք ու մի չորս զինվոր, ջահել երեխեք էին, վերևի լանջն էլ կգրավեինք, հիմա էլ էդտեղից են կրակում տանս վրա:
— Իսկ էն աջ կողմի բլուրը տեսնո՞ւմ ես: Իրանց պոստն ա: Պետք ա վերցնեինք, տանկը պատրաստ էինք պահել, որ հարմար պահի հարձակվենք վերցնենք: Էդ օրերին ներքևներում պաշտոնի կռիվ էր գնում: Հարձակման պահին տեսանք՝ տանկի սալյարկեն գողացել էին: Հիմա էդտեղից արտերի վրա են կրակում:
Իմ գնալու նախորդ օրը Բաբիկին Բերդի ռեստորաններից մեկից իր հրամանատարը շտապ կանչել էր: Մեկը մյուսից հարբած՝ վիճել են, թե առաջինն ով Բլուրի դիրքը գրավեց:
— Բաբոն մեզ հետ ա եղել, ինքը ճիշտը կասի: Բաբիկն, իհարկե, ճիշտը գիտեր, էդտեղ բոլորն էլ ճիշտը իմացած են եղել: Բաբիկին ծաղրում էին:
— Բա ի՞նչ արեցիր:
— Մոտեցա հրամանատարին, ընենց տվի, բեղերը զնգացին, հետո լուռ դուրս եկա: Կանգնեցի ծխելու. բակում ծերուկներ էին գնդակով խաղում: Հրամանատարին խղճացի:
Հնարավոր է, էդպես չի եղել: Իհարկե էդպես չի եղել: Ոչ մի բեղ էլ չի զնգացել: Բաբիկը ամաչելով՝ համեստաբար պատասխանել է՝ ի՛ր հրամանատարը և դուրս է եկել ու ծերուկների հետ գնդակ է խաղացել:
ԱՄԵՆԱԳԵՂԵՑԻԿ ԽԱՂԱԼԻՔՆԵՐԸ
Մեր բարձրահարկ շենքն ու իմ ընկերուհի Մարինեենց շենքն իրար կողքի էին: Նրանք էլ էին յոթերորդ հարկում, մենք էլ: Մեր պատուհաններն իրար շատ մոտ էին, երբեմն պատուհանից պատուհան իրար նամակներ էինք գցում:
Այդ օրերին պատերազմից մի երկու օրով արձակուրդ եկած հորս բակում իր հրամանատարն ասել էր.
— Կողքիս կանգնի, տղամարդկանց հավաքագրենք, տանենք Քելբաջար, հայրենիքի վիճակը ծանր ա:
— Հայրենիքիդ մերը, ես ո՞ւմ զոռով բռնեմ, ասեմ գնա մեռի, բա ես դրա տակից ո՞նց եմ դուրս գալու,- քրֆել էր հայրս ու հրել կամանդիրին:
Տարիներ հետո հորս համար տղամարդիկ բաժանվելու էին երկու խմբի՝ կռվածների ու չկռվածների: Պատերազմը նրա բոլոր հարցերին պատասխանելու էր:
Հրամանատարի հետ վեճից հետո գնացել, մի լավ խմել, հարբել, եկել էր տուն, մորս թե՝ չուլանի բանալին տուր, ես պիտի դրանց սաղին տրաքացնեմ:
Այդ օրերին բոլորի տանը զենք կար:
Մայրս ընդդիմանում է, հայրս խփում է, մայրս ընկնում է լվացքի մեքենայի մեջ: Ես այդ ընթացքում մառանի բանալին Մարինեենց պատուհանից ներս եմ գցում:
Ու պատուհանի մոտ՝ տրաքոց, ճայթոց, պատուհանների զնգոց, մուխ, ծուխ: Վախից քարացա: Ինձ թվաց բանալին տրաքացրեց տունը: Մարինեի եղբայրները՝ տասը և ութ տարեկան տղաներ, էդ պահին մահճակալի տակից հանած են եղել երկաթե արկղի մեջ շարած նռնակները, կռիվ-կռիվ խաղացել, ձգանները քաշել, ցրիվ եկել, ու հենց այդ պահին ես բանալին Մարինեենց պատուհանից ներս եմ գցել: Այս տեսարանն իմ մանկության ավարտի ամենատպավորիչ տեսարանն էր: Հետո հիշում եմ, որ հայրս ու մայրս հայտնվեցին թիկունքումս, հայրս սթափվեց, մայրս լաց եղավ: Ինձ հեռացրին պատուհանի մոտից: Հորս հարցրի՝ Օմարում էլ ա՞ սենց ծուխ-մուխ: Հայրս գլխով արեց: Դե, ես պատերազմը հենց էդպես էլ պատկերացնում էի: Փոշի, մուխ, ծուխ, ու բակում կանգնեց կանաչ ժիգուլին, էնքան արագ էին եկել, չորս անիվն էլ ծակվել էր, փոշու մեջ մորուքով չորս տղամարդ իջան՝ զինվորական համազգեստով: Երեխեքն ասեցին՝ տեսա՞ր, Մարինեի պապան էր քշում:
ԱՆԿԱԽԻ ԵՐԱԶԱՆՔԸ
Գնում եմ հիվանդանոց: Պատերազմից քսան տարի հետո Բաբիկ հորեղբորս ոտքը ականը տարել է: Թշնամու համար ի՛ր դրած ականը: Վազում եմ ու ոտքիս նայում, ընթացքում մի ոտքի վրա թռչկոտում եմ: Բաբիկի փոխարեն փորձեր էի անում մի ոտքով ապրելու:
Ասում եմ՝ հոպար, տե՛ս, ձեր շտաբի պետի մի ոտքը չկա, տե՛ս, նախարարն էլ ա կաղում, դու նրանցից ի՞նչ պակաս տղա ես:
Բաբիկը որոշեց՝ պրոթեզ են դնելու, ուզեց մի քիչ երկար սարքեն, որ գոնե իր զինվորների բոյին հասնի:
Բաբիկի համար ինտերնետից իր մասին նյութերն եմ հանել hayzinvor.am-ից, իր հարցազրույցները: Ասում եմ՝ էս օրերին բոլորը քո մասին են խոսում, քո նկարներն են դնում: Երջանիկ ջան:
— Միայն երազանքներում ա հնարավոր երջանիկ լինել, բալե՛ս: Երբ դեռ պատերազմ էր, երազանքս հաղթանակն էր: Իսկ արդյունքում հաղթանակը մեր պարտությունն էր: Ամենատխրությունը միշտ պատերազմից հետո ա գալիս: Հիմա էլ՝ երազներումս միայն պատերազմ ա, ու երազում երջանիկ եմ, որովհետև պատերազմի ժամանակ պաշտպանում ես, դու միայն էդտեղ ես ուժեղ, էդտեղ ես պետք: Կին ես պաշտպանում, ով մտածում ա՝ աշխարհում լիքը տղամարդ, իսկ իմ տան կողպեքը փչացած, աշխարհում լիքը տղամարդ՝ անկողինս դատարկ: Հենց այդ օրերին էր մարդ ուզում գեղեցիկ լինել, երջանիկ լինել, ծիծաղել: Ընկերոջն օգնել: Կին սիրել:
Հիվանդանոցային սավանը ափի մեջ ոլորում է:
Բաբիկի ասածները տխրության մասին հետո հաստատվեցին, երբ էլի կրակոցներ էին, ու քսան տարի անց կամավորներ էին բարձրանում դիրքեր: Նրանց փորձել էր միանալ մի ծերուկ, դողդողալով, խեղճացած՝ թե ի՛նձ էլ տարեք, դիրքերում պետք կգամ, ստեղ ոչ մեկին պետք չեմ:
— Գալիս էի վաշտի համար զենքը տանելու: Իմը թողնում էի տղերքի մոտ, գալիս ասում՝ ինձ էլ զենք տվեք: Իսկ մերոնք զենքը ծախում էին: Էնտեղ դիրքում պատրաստված, առողջ, պինդ տղերքս առանց զենքի դիմադրում էին, սրանք ստեղ զենքը Նիվայով, Նիվան էլ հետը ծախում էին: Տղերքս իսկական մարտիկներ էին, իսկ պատերազմը հիմարություն է:
Շրջվում է: Լաց լինում: Ես չեմ տեսնում արցունքները: Ցնցվող ուսերն եմ տեսնում, հետո երբ շրջվում է՝ կարմրած աչքերը.
— Բայց էս ոտքս ի՞նչ ա որ, ինչքան օրգան ունեմ, հայրենիքիս կտամ:
Բացակա ոտքի մնացորդն ուռել, կապտել, տնքում էր: Սրտի ամեն զարկի հետ բարձրանում-իջնում էր, բարձրանում-իջնում էր, բարձրանում-իջնում էր…
Ամիսներ անց իր տանն էի: Ջերմում էր: Իմ գնալու նախորդ օրը կրակոցներ էին եղել: Գիշերը հարևանի տանիքը հրդեհվել էր, Բաբիկը վազելիս ոտը ոլորել էր, դույլը ձեռքին ընկել էր, պրոթեզը մի ձեռքին, դույլը մյուս ձեռքին՝ հազիվ տուն էր հասել: Առանց այն էլ սահմանին դրությունը լարված է եղել, Բաբիկի որդուն գիշերով դիրքեր էին բարձրացրել: Ընկնելու ու իրեն՝ հազար տարվա հրամանատարին դիրքեր չկանչելու վիրավորանքը մեծ էր: Բաբիկի ջերմությունը չէին կարողանում իջեցնել:
ԲԱԲԻԿԻ ԱՂՋԻԿԸ
Զբոսնում էր գերեզմանոցում: Նրան միշտ հետաքրքրել են գերեզմանոցները: Այնտեղ իրեն ապահով էր զգում, հենց տան նման: Զգում էր սառը քարերի նկատմամբ մարդկանց հոգատարությունը, շոշափում էր բազմագույն, բազմաոճ, «ասեղնագործ» խաչքարերը: Նա քայլում էր իր հրաշալի այգի-գերեզմանոցում: Սպիտակ շոր էր հագել՝ կարմիր պուտերով: Կակաչներ էր հավաքել: Գերեզմանոցում իր սիրելի մեռյալներն ուներ: Նրանց գերեզմանաքարերին կակաչներ էր դնում ամեն առավոտ: Երկնքում ինքնաթիռ էր հայտնվել: Միանգամից չէր տեսել, սկզբում ձայնն էր լսել: Հետո ձայնի արձագանքները քարերի արանքներում, խոտերի մեջ որոտացել են: Շրջվել էր: Ինքնաթիռը թռել էր նրան մոտիկ-մոտիկ: Մոտեցել էր: Հենց իր մոտ: Երկնքի և հողի մեջտեղում՝ միայն ինքն ու ինքնաթիռն են եղել: Սարսափել էր: Փախել էր գերեզմանաքարերի միջով: Ինքնաթիռին աղջիկն էր պետք, ու աղջիկը սարսափով գիտակցել էր՝ ինչու: Ինքնաթիռն այնքան մեծ էր եղել, ինքն այնքան փոքր, անօգնական: Վազել էր գերեզմանաքարերի արանքով՝ մեջքը կորացնելով: Թաքնվել գերեզմանաքարի տակ՝ միակ փրկությունն է եղել: Վազել էր ամբողջ ուժով, բայց իրեն թվացել էր՝ նույն տեղում դոփում է: Ինքնաթիռը մի քանի պտույտ էր արել օդում, շրջվել, եկել կանգնել էր նրա առջև: Ստվերը ծածկել էր մարմինը: Մրսել էր: Թաքնվել էր մի գերեզմանաքարի տակ: Կողքին փափուկ արջուկ էր եղել դրված: Հետո ոչինչ չի հիշում: Միայն գիտի, որ հիմա ողջ է: Հիմա հեռուստացույցով հաճախ կրակահերթ բացած ինքնաթիռներ է տեսնում, զգում է, որ նորից վազում է գերեզմանոցում, թիկունքից մահացու բեռով հետևում են ինքնաթիռները, շատ-շատ, ու նա փախչելու տեղ չունի այլևս: Էդպես հետո երազներում շատ պատահեց նրա հետ:
ՄԻ ՊԱՐԿ ԿՅԱՆՔ
Դե, պատերազմը երկար տևեց, էդ ընթացքում շատերը նյարդայնացան, շատերը խելագարվեցին: Բայց քանի որ իմ մանկության մեջ պատերազմից առաջ ու հետո տեսած մարդիկ նույնն էին, փոփոխությունները դժվար էր նկատելը:
Չորրորդ հարկի Աստղիկ տատի միակ տղան մեր շենքի ջահելներից առաջին զոհն էր: Աստղիկը որդու հետ Սումգայիթից հազիվ էր փախել. ամուսնու ականջները կտրել էին, կնոջ ու որդու առաջ կրակել: Որդու զոհվելու օրը չորրորդ հարկից մինչև բակ ավլեց: Լուռ ավլում էր: Բերեցին բակում եռագույնի տակ՝ մոմի նման տղայի վրա Աստղիկը լացեց, լացեց, տարան Եռաբլուր: Աստղիկը հաջորդ օրը ավելը ձեռքին չորրորդ հարկից մինչև բակ ավլեց: Հարևաններն ասացին՝ խելագարվել է, բայց երբ տեսա, որ ամեն օր մեկը Աստղիկի համար տաք ճաշ է եփում ու իջեցնում, մյուս օրը որոշեցի ավելը ձեռքիս միանալ Աստղիկ տատին: Աստղիկի ձեռքին մի պարկ կար: Երկուսով լավ փոշի բարձրացնելով ավլում էինք: Ասացի՝ Աստղիկ տատ, տուր պահեմ մեշոկդ: Չարացած վրաս նայեց, հրեց ինձ: Հարևանները մորս ասացին՝ երեխուն հեռու պահի խելագարից:
Հետո աշուն էր, հետո ձմեռ, պատերազմների ժամանակի անտանելի եղանակները: Էդ տարիներից միայն քաղցած աշունն ու ցուրտ ձմեռն եմ հիշում: Աստղիկը մաքրելու տարածքներն ընդլայնել էր: Տուն այլևս չէր գնում: Լռել էր: Ով ինչ հարցնում էր, ապշած՝ հարցնողի դեմքին էր նայում: Չորս տարիների ընթացքում կռացած և նույն շորով ամբողջ թաղամասի բակերն էր մաքրում, մինչև չորրորդ հարկերը և օր օրի փոքրանում էր: Կռացած ավլելուց մեջքին կուզ գոյացավ: Ապրիլի կողմերը Աստղիկն արդեն միայն մեր բակում էր քնում՝ ձեռքի պարկը գլխի տակ: Առավոտյան դպրոց գնալիս տեսա կուզի կողմից շորը պատռվել է, կուզի վրա վերք է բացվել ու վերքին ճանճեր են հավաքվել: Մայիսի վերջերին՝ հրադադարից հետո, տղամարդիկ վերադարձան: Աստղիկը տեսել էր վերադարձող նիհար, տխուր-ուրախ տղամարդկանց, ծիծաղել, ծիծաղել ու բակում հորս ձեռքը բռնել, մինչև մեր տուն եկել էր: Մենք ուրախացած, հորս շուրջն էինք պտտվում, իսկ պառավը հորս ձեռքը բաց չէր թողնում: Հետո բացեց սև պարկը: Պարկում մեռած որդու շորերն էին: Շորերը, լուռ, հորս առաջ դրեց: Ասեց՝ որդուս նման ես, քեզ համար եմ պահել, կհագնես: էդ օրն առաջին անգամ հայրս դեմքն առավ ափերի մեջ ու հոնգուր-հոնգուր լացեց: Ես էդպիսի բան չէի տեսել:
ԱՆԿԱԽԻՑ ՀԵՏՈ
Հայրս ամբողջ գիշեր չքնեց: Գորշ գույնի հողաթափեր էր կարում: Ասեղի ծայրը այլևս նրա բութ մատը չէր ծակում: Առավոտյան տասը սպիրտայրոցի պտուտակներն ամրացրեց, դրեց հողաթափերի մոտ: Հորաքրոջս՝ աշխատավարձի փոխարեն տրված կանաչ սանրերը նույնպես:
Հողաթափերը թեթև էին, քրոջս տվեցի, մնացածն իմ ձեռքին՝ անկյանք ու հանդարտ ճանապարհ ընկանք:
Ամեն շենք մտնելիս երկուսով հարկ-հարկ վերև էինք նայում, մինչև վերջինը: Մենք փոքր էինք ու գլուխներս հետ թեքելիս ծոծրակի մասում ցավում էր: Այսօր այդ հայացքների մասին մտածելիս հասկանում եմ, որ դրանք հեռու ուղղված աչքեր էին:
Առաջին սպիրտայրոցի վաճառվելը և՛ ուրախ էր, և՛ տխուր: Ուզեցին փորձել. քույրս տագնապած ձեռքս բռնեց.
— Պապաս ա սարքել, ձեռքի աշխատանք ա,- ես եմ: — Տաք, փափուկ դամաշնիկներ էլ ունենք:
Քույրս թիկունքումս թաքնվեց: Իրենց դասարանի Դավիթը սենյակից մեզ էր նայում: Փորձեցին, կապույտ, գարշահոտ տաքություն, սպիրտայրոցը սևացավ, վճարեցին: Դավիթի մաման մեզ մանդարին էլ տվեց:
Դռներ կան, որ թակելուց մեկ է չեն բացվում, ու մենք դռների առջև՝ խաղաղ դատարկության մեջ նստած, վաստակած դրամներն էինք հաշվում:
Մի դռան դիմաց երկար կանգնեցինք: Միջանցքում դոլմայի ու նոր թխած հացի հոտ էր լցվել: Դուռը թակեցինք: Քառակուսի դեմքով մի լկստված մեզ լեզու ցույց տվեց: Քույրս ասաց՝ սոված եմ:
Մանդարինը մաքրեցինք: Կլեպներից հյութը իրար վրա պզզացրինք, ծիծաղեցինք:
Յոթերորդ հարկի դուռը կրնկի վրա բաց էր, ու միջանցքում աթոռին նստած մի մարդ ճոճվում էր. խելագար աչքեր ուներ: Փախանք:
— Պապաս ա սարքել, ձեռքի աշխատանք ա,- դուռը կամաց թակել, տատիկի աչքերին եմ նայում:
— Չենք ուզում:
Թեև ես մեծ էի, այնուամենայնիվ, քույրիկիս հետ ձնագնդի խաղացի, մեծի պես ուզեցի իմ փոքր քույրը մոռանա ճոճվող մարդուն:
Ու մինչ տուն հասանք, Նոր տարին սկսվել էր, փոքր քույր ու եղբայրս քնել էին, իսկ ծնողներս մեր տոնածառը սենյակի կենտրոնում առաստաղից էին կախել, հայրս կանաչ սանրեր ու հողաթափեր էր ամրացրել տոնածառին, իսկ շուրջը սպիրտայրոցներն էին շարել, կապույտ լույսը սիրուն էր, ու չորսս էլ լուռ ուրախանում էինք:
ԵՐԿԱՐ ՃԱՆԱՊԱՐՀ
Էս Նոր տարուն չէր, նախորդին էր, հայրս որոշեց, որ գնալու ենք Տավուշ, իր ծնողների հետ Նոր տարին նշենք: Հերն էլ անիծած, թե կրակոցներ էին, հերն էլ անիծած, թե պապիս տան կողքի տունը տրաքացրել էին: Մի խոսքով, պատերազմի հերն անիծած, հայրս ուզում էր ծեր ծնողների կողքին լինի, որովհետև իր աղաչանք-պաղատանքին չէին լսել ու չէին եկել մեր տուն պատսպարվելու:
Դեկտեմբերի երեսունմեկին Հրազդանում ապրող շամշադինցիներով լցվել էինք Ուազի թափքը: Տարիներ հետո էդպես մեր լույս զինվորներին տեսա Ուազի թափքերում տեղից տեղ տեղափոխվելիս: Մեքենայով հասել էի հետևներից ու մի բուռ շոկոլադ լցրել թափքի մեջ: Հասել էինք արդեն Ծաղկավանի ոլորաններին, մեքենան սառույցի վրա սղղացել, նույնիսկ հաստ շղթաներով փաթաթած անիվները չէին օգնել, հետ-հետ էր գնացել: Հայրս ու մեր շենքի Անտոնը վերջում են նստած եղել, հայրս թռել է, Անտոնն էլ գոռացել՝ Ռուզան, Աննային գրկի՝ իջեք: Հայրս Անտոնի ուսը քաշել է՝ մենակ քո ընտանիքը չի մեջը, արա՛, քար ման արի, ու հրել, իջեցրել է թափքից: Անտոնն էդ օրերին մահճակալի տակ թաքնվողներից էր: Հորս շփոթված դեմքը տեսել, Ուազի հետսահի ընթացքում տղամարդիկ արագ իջել են, որը ուսով, որը քարով կանգնեցրել են մեքենայի հետընթացը, ու կանանց-երեխաներին արագ իջեցրել: Մեքենայի արգելակները փչացել էին: Ու երեկոյի մութն արդեն ընկել էր: Մոտ երեսուն հոգանոց մեր խումբը ճամփա ընկավ: Սառույցի, ձյան մեջ ոտքերի՝ ձյունը տրորող ձայներ էին լսվում: Էդ կողմերի ճանապարհներն էլ անտառների միջով ոլորաններ են: Ծաղկավանից մինչև մեր գյուղ՝ մոտ տասը կիլոմետր: Առաջինը մեր գյուղն էր: Ամբողջ ճանապարհին տղամարդիկ Գետաշեն, Քաջ Թաթուլ էին երգում: Երեխեքը մրսելուց լաց էին լինում: Տասնմեկի կողմերն էր՝ հասանք գյուղ: Մեր տանն ենք: Քառասուն տարեկան հորեղբայրս էնքան էր ծերացել էդ օրերին, որ մեծ-փոքր, ով մոտենում էր, նրան հայրիկ ջան-ով էր դիմում: Հետո կրակոցներ սկսվեցին: Տատս ու պապս բոլորին իջեցրին նկուղային հարկ: Անտոնի Ռուզանը նոր գնած մուշտակը մոռացել էր երկրորդ հարկում: Անտոնին նայում էր ու լացում՝ գնա պալտոս բեր, չէ՛ որ չէ՛, պալտոս բեր: Անտոնը վախից քիչ էր մնում լացի: Հորեղբայրս բարձրացավ, անծանոթ Անտոնի անծանոթ մորը հիշելով, Ռուզանի մուշտակն իջեցրեց:
Հայրս, հորեղբայրս ու ճամփի մեր հյուրերից պապիս օգնեցին, ամբարից պարկերով ցորենը բերեցին, պատուհանների դիմաց մի քանի շար շարեցին, որ ներս բեկորներ չընկնեն, ապակիները չփշրվեն, ու մենք խաղաղ դիմավորենք Նոր տարին: Պապս հյուրերի գնալուց հետո ասաց՝ կյանքիս ամենաուրախ օրն էր: Բայց հենց էդ օրերին պապս վերարկուն ուսերին դուրս է եկել միզելու, փամփուշտը ոտքի տակ հողը ցրիվ է տվել, վախեցել, ու ասում են՝ արյունը ջուր էր դառել:
Մի քանի ամիս անց հայրս անակնկալ իջել էր դիրքերից: Մորս երազ պատմեց՝ մամային եմ տեսել երազում, սատկած թռչուն կար ձեռքին, գրկել էր, լացում էր, ասաց՝ արի:
Հետո զանգն եմ հիշում: Պատերազմը դեռ չավարտված՝ պապս մահացավ: Մեզ էլ գյուղ չտարան: Մի քանի օրից ծնողներս վերադարձան: Մեր տանը լիքը մարդ էր հավաքվել: Ես փոքր էի ու թռչկոտում էի հյուրերի կողքին: Դե, քանի որ էդ օրերին ամեն անգամ հորս տուն գալն ուրախություն էր ու խնջույք, պապայիս հարցրի՝ բա մագը չենք միացնելո՞ւ: Հայրս սևեռուն նայեց ինձ: Ուղիղ աչքերիս էր նայում: Հետո չեմ հիշում երբևէ ինձ էդպես նայած լինի:
Ո՛Չ, Ո՛Չ, Ո՛Չ ՊԱՏԵՐԱԶՄԻՆ
Հիմա: Բաբիկի զանգը՝ տղուս ավտոյի վրա մեր դիրքերի մոտ էշի քուռակները կրակել են, պաժառ ա ընկել, գնամ տեսնեմ ինչ ա եղել: Ես, հայրս, եղբայրս արագ նստում ենք մեքենան, սլանում: Սահմանամերձ գյուղի միջով լույսերն անջատած եմ վարում: Տարօրինակ վախ եմ զգում՝ անորոշ տեղից մեզ վրա կրակելու վախ: Հետ եմ նայում գյուղին: Բոլոր տների լույսերն անջատված են: Նրանք էլ մթան մեջ սպասում են, վախենում են: Մեքենան հեռու կանգնեցնում ենք ու քայլում: Մոտենում ենք մի խաչմերուկի: Հայրս մեզ համոզում է՝ էստեղ սպասեք, ես իջնեմ Բաբիկի մոտ, տասը րոպեից չեկա, կվերադառնաք մեքենայի մոտ:
Հորս հեռանալուց հետո Բաբիկի խոսքն եմ հիշում՝ կարո՞ղ ա Աստված ինձ պատժում ա, որ մարդ եմ սպանել: Բաբիկն էս խոսքերն ասել էր, որովհետև Բաբիկի երկու երեխեն էլ տասը տարուց ավելի ամուսնացած են, և ոչ մեկն էլ երեխա չէր ունենում:
Նախորդ օրերին հորս հետ Արցախում էինք: Բոլորի մոտ Բաբիկից էր պատմում: Բաբիկին ոչ ոք չէր ճանաչում: Վերադառնալիս էլ Աղդամում մոլորվել էինք. Աղդամը՝ նռան հովիտը, լքված Ակնան՝ ու ես մոլորված պտտվում էի նրա սպիտակ ավերակների մեջ: Այստեղ հաղթանակը ավերակ էր, հպարտությունը ավերված էր, նռան կարմիր մանր-մանր ծաղիկները՝ ուլունք-նվերներ ավերակներին:
Հիմա հայրս գնում է իր չճանաչված հերոսի մոտ: Գիտի, զենքն ուսին է դրել, կաղալով մոտեցել է այրվող մեքենային, որդուն է փնտրում: Կռվի թեժ ժամանակներում նրան մենակ չէր թողել, հիմա էլ, առավել ևս, դրա իրավունքը չունի: Էդպես մտածելով էր գնում:
Ես ու եղբայրս որոշում ենք քայլել, ու աաաայ էն ընկուզենիների տակ կնստենք, կսպասենք: Եղերդակի սուր հոտ էր տարածված: Լռություն էր մեր շուրջը: Հեռվում տեսնում ենք այրվող մեքենան: Կրակի ձայնը չէր լսվում: Անձայն կրակը տխրության, ուղեղի հիվանդությունների, հանկարծակի մահերի, անպատեհ պատերազմների ու էն նռան հովտի լուռ շարունակությունն էր: Տասը րոպեն անցավ, չկա հայրս: Ես ու եղբայրս անհանգստանում ենք: Փորձում էի գոնե թռչունի, միջատի, սողունի ձայն որսալ: Չկա ու չկա: Միակ ձայնը կարող էր այրվող մեքենայից գալ, էդ էլ չկար:
Զանգում է Բաբիկի տղան.
— Էդ դո՞ւք եք պոպոքների տակ:
Հեռվում կանգնած մեքենան էր տեսել:
Ասում եմ՝ հա Անդրո ջան, դու լա՞վ ես, հո քեզ բան չի պատահել:
— Չէ, ես հասցրի մեր դիրքեր բարձրացա: Էս ինչի եք էս գիշերվա կեսին հասել ստեղ, ոնց եք հասել, գիտե՞ք, որ համ մեր, համ իրանց նշանառության տակ եք: Մտեք ճղոպուրների հետևն ու մի շարժվեք: Իրանց պոստավիկների սմենափոխության ժամանակ հենց զանգեմ, կփախնեք ըտեղից: Վտանգավոր ա, պապան ո՞նց ա թողել հասնեք ըտեղ:
Ու հենց խոսելու ժամանակ ոտքերիս տակ հողը ցրիվ եկավ, հեռախոսի լույսը տեսել են ու կրակում են: Ես չհասկացա՝ ինչ կատարվեց, ախպերս թևս բռնեց, վազեցինք մտանք ընկուզենիների հետևը. վախենում էի վախեցած լինենք, ու արյուններս ջուր դառնա: Վախեցած ենք: Վախից ծիծաղում ենք: Ասում եմ՝ ապեր, կարո՞ղ ա էստեղ սենց անհեթեթ մեռնենք, ինչ ամոթ կլինի:
Էստեղ եղերդակի հոտն ավելի է գալիս: Եղերդակի սուր հոտն անընդհատ մենակ ապրող տատիս է հիշեցնում: Գնում էր մոտակա անտառները, արմատներով բերում ու տան շուրջբոլորը տնկում, ջրում: Սիրում էր կապույտ խալաթը հագնել, մտնել իր ծաղկանոցը: Տեսել էր, որ իր ծաղկանոցի մեջ առնետներ են վազվզում, երշիկի վրա կանաչ դեղ էր լցրել ու ծաղիկների թփերի տակ դրել, հետո հետևել, թե ինչպես են առնետները երերում-երերում ու սատկում, հետո նստել ծաղիկների թփերի տակ լաց է եղել: Թե, ասա, ա՛յ տատ, ինչի, էլի… Որ կապույտ խալաթով է եղել, առնետները ծաղիկներից չեն տարբերել տատիկիս, տատիս արհամարելով՝ եկել իրենց ընկեր առնետների լեշերը քաշ տալով տարել են: Ինձ պատմում էր ու հեկեկում, թե իրեն ոչ ոք քաշ չի տա, տիրություն չի անի, իրեն ոչ ոք չի սիրում, ըսկի մի առնետ էլ չարժի: Ու էլի եղերդակի փունջն ինձ է մեկնում: Էդ ծաղիկի հոտից սիրտս խառնում էր: Հիմա տպավորություն էր, թե երեքով ենք թաքնվել մահից՝ ես, եղբայրս, տատս:
Մինչև լույսը բացվելը կրակեցին: Կրակում էին և՛ մեր ուղղությամբ, և՛ այրվող մեքենայի: Մերոնց պատասխան կրակոցներից հետո ավելի թեժացավ, սկսեցին գյուղի վրա կրակել, ջարդվող ապակիների ձայները վախենալու էին: Գյուղում մի տուն այրվեց: Ախպորս ասում եմ՝ պատկերացնում ես, հիմա էնտեղ երեխեքը վախենում են ձայներից: Ու նրանք միշտ էդպես են ապրել էս գյուղում: Երկրորդ տունն է այրվում: Ես անընդհատ ուզում եմ կոշիկներիս թելերը կապեմ, որ հարմար լինելու դեպքում արագ վազեմ, բայց չեմ կարողանում, ձեռքերս դողում են: Մթան մեջ ախպերս կապեց կոշիկներիս թելերը:
Հետո, երբ լույսը բացվեց, տեսանք՝ ահագին հեռացել ենք մեքենայից, մեր մոտից լուցկու տուփի չափ էր երևում: Անդրոն զանգեց, թե՝ փախեք: Վազեցինք: Հասանք մեքենայի մոտ, տեսանք հեռվից իրար թևանցուկ մեզ էին մոտենում Բաբիկն ու հայրս: Գալիս էին: Լուսադեմին էնքան հոգնած ու անուժ էինք, որ նրանց քայլելը հեռվում նման էր խելագար ու շողշողացող, լողալով մոտեցող ամառային երազի:
Բաբիկի զենքը հարել էր ուսերը, կողերը, հարել ու մրմռում է: Ամբողջ գիշեր երկուսով դարանակալած հսկել են, որ հակառակորդից ոչ ոք չմոտենա մեզ: Իրենք չէ, բայց ես տեսա, որ ժամանակն իրենց ջարդել է, որ էլ ուժ չունեն պատերազմի, որ հոգնել են պատերազմից, մահից մոռացված՝ հոգնել են բոլոր տեսակի պատերազմներից: