երեսունութ օր
նվիրում եմ քեզ, որ որոշեցիր չծնվել
լինել հղի առաջին անգամ
երկրորդ անգամ
երրորդ անգամ
չորրորդ անգամից սկսում ես վախենալ
համակարգչիս հոսանքը երեսունութ րոպեից կանջատվի
երեսունութ րոպեում պիտի հասցեմ սղագրել շարքս
որ գրել եմ երեսունութ տարի
երբ հիշում եմ, որ փորս էլի մեծացնելու,
կախելու ես,
դու էլ ներսից ինչքան ուժ ունես խփելու ես,
գիշերներն էլի փորի վրա քնել չեմ կարողանալու,
իսկ հետո արդեն ծիծիկներիցս ես կախվելու,
հասկանում եմ, որ շատ շատ եմ հոգնել
հագնվում էի,
քսվում էի ,
նոր շորեր էի գնում,
մազերս էի կտրում,
սիրունանում էի,
օր օրի ավելի էի ինձ նմանվում,
դու
ինչից էիր ուշացել,
հասկանալի չի
կգայիր էլի
հայ կանանց ասում ես՝ հղի եմ
հարցնում են՝ բերելու ես
չբերեմ բա ինչ անեմ
բոլորովին անպատեհ ժամանակներ են
վերջինի քաքը դեռ տուտուզին չի չորացել
չորրորդը ճանապարհին է
երեսունութ օր առաջ որոշել էի փոխել կյանքս,
նոր պատումների որսի էի անցել
մեկ ուրախությունից եմ լացում,
մեկ սթրեսից,
մեկ տխրությունից ինքնասպան լինել եմ ուզում,
մեկ շարունակում եմ ճաշ եփել ասես ոչինչ չի եղել,
հենց հիշում եմ, որ հղի եմ քեզնով,
տեղիցս վեր եմ թռնում
լինել հղի առաջին անգամ
երկրորդ անգամ
երրորդ անգամ
չորրորդ անգամ
ինչքան ուժ ունեմ փորձում եմ զգալ քո
ինքնատիպ ներկայությունը,
որ հեղափոխում է արգանդս
հեղափոխության օրերն էին
գրառում արեցի,
որ չորրորդ երեխային լույս աշխարհ կբերեմ,
հեղափոխությունն ավարտվեց
քաղաքական գործիչները խոստացել են նոր հայաստան
իմ սրտի Հայաստան
իմ սրտի նախարար
իմ սրտի խանութպան
իմ սրտի գնացքի վարորդ
իմ սրտի գորգագործս
իմ սրտի գազի մարդ
իմ սրտի պատգամավոր
իմ սրտի ծաղկավաճառ
իմ սրտի պատեր
իմ սրտի բաբախյուն
իմ սրտի խնդիրներ
իմ սրտից քո սիրտ մի քանի սմ է
քո սիրտն իմ փորի մեջ է
արդեն երեսունութ օր
Երազում Աբովյանի երրորդ հանրակացարանի բակում եմ
մեքենան կանգնում ա
դիմացի գազելում կին ֆիդայիներն են
Հասմիկը, Ալվարդը, Մանուշը, Կարինեն, ամենքը էնտեղ են,
երեխեքին ասում եմ՝ սպասեք, բարևեմ, գամ,
առավոտյան սիրտս ճմլվելով զարթնում եմ,
քոթոթ Ալվարդը չկա,
վերջին անգամ երբ Հայաստանում էի,
կար
քոթոթ Ալվարդը
ում տան պատին գորգի փոխարեն եռագույնն էր կախած
ինձ ամեն անգամ տեսնելիս ասում էր՝
տղա լինեի քեզ հո չէի գզիիիիի
լինել հղի առաջին անգամ
երկրորդ անգամ
երրորդ անգամ
չորրորդ անգամ
գրողը տանի
քանի անգամ կարելի
հոսանքի անջատվելուն մնաց տասը րոպե
տասը րոպեում պիտի հաջողացնեմ
սղագրել ներսիս վախերը
մենությունը
կռիվները
բողոքները
Աղմուկը
Կիսատ մայրություն
եթե որոշել էիր լույս աշխարհ գալ
ինչու այդքան կարճ կապեցիր
ես փորձում էի լավ մամա լինել քեզ համար
հիմա ես աշխարհի ամենատգեղ կինն եմ
առավոտյան թարմ միրգ ուտելուս համար առիթ ունեի
սիրտդ ինչու դադարեց բաբախել
ես սկսել էի քեզ սիրել աշխարհի չափ
հիմա ողբում եմ քեզ համար
ինձ ինչու մենակ թողեցիր
իմ մարմինը բաց էր քեզ համար
հիմա ում է պետք իմ մարմինը
որտեղ դեռ քո փոքրիկ, շատ փոքրիկ
թաթիկներն են տաքանում
արյունահոոսությունից չեմ վախենում
սովորել էի անգլերեն միսքերիդ բառը
բայց ես չէի ուզում որ դա երբևիցե ինձ հետ
առնչություն ունենար
ես ուզում էի տեսնել քո երեսը
ես անգամ անունների տարբերակներ էի
հորինել քեզ համար
դու սիրտ ունեիր, որ բաբախում էր
դեմքիցս արցունքներ են կախ
նոր նոր ձայնս պիտի լսեիր
արդյոք ցավ զգացել ես հեռանալիս
ես ուզում եմ հասկանալ կանանց
աչքերիս մեջ լույսեր էին
ներսումս կյանք կար
քո մարմինն անշունչ դեռ ներսումս է
մինչև արնակոլոլ հրաժեշտ տանք իրար
բայց ես երջանիկ եմ, որ ես ու դու փորձեցինք
չստացվեց ավաղ
դու կունենայիր երեք ավագ քույր եղբայր
ու ամեն ինչ հրաշալի կլիներ
չգիտեմ ինչու էդպես որոշեցիր
բայց ես ուզում եմ հարգել քո որոշումը
ես սիրում եմ քեզ
չտեսնված բան է
գերմանական խանութում զկեռ գտնելը
ես լսեցի որ որոշել ես չապրել
ես տեսա որ սիրտդ չի բաբախում
գնեցի մի աման զկեռ
որ մոտ լինեմ իմ գյուղին ու տատիս
ում այնքան շատ կուզեի տեսնել հիմա
Անահիտ, ախեր հին օնիս է էդ չուլերումը
թույլ տուր քեզ անուն տալ հրաժեշտից առաջ
սիրունս, անուշս