Չունեմ
ես ունեմ զգացմունքներ
որոնք արտագրել որևէ լեզվով հնարավոր չէ
դրանք հաչում են օրնիբուն երեսնիվար
դրանք հաչում են ու լռում
ես ունեմ բողոքներ
որոնք ասելու չեն ոչ մեկի
մեծարում եմ մեծարում մեծարում
հետո քանդում էդ ամենը
հատիկները դնում հոսացող ջրի տակ
գնում ծառեր են դառնում
ծառերը տալիս են պտուղներ
դառնահամ կամ քաղցր
մի մասը կարմրավուն են պտուղների
իսկ մյուսը պտուղներ չեն բնավ
դրանք կախարդական հատիկներ են
որ կպչում են ուտողի բերանին
ու ոսկիներ են թափվում բերանից
ու բարիանում են մարդիկ
ու մերկանում են ստերը
ու բորբոքվում են կրքերը
ու ծնվում են երեխաներ
սիրված ու սիրելի երեխաներ
հետո թափվում են հյուսքերն ուսերին
ու հոսում են բառերը վարսերով
ու դառնում են դրանք տեքստեր
ու բուժում են բուժում են վերքերից
իսկ վերքերը չեն լավանում երբեք
դրանք մի օր չոր են իսկ մի այլ օր բուրում են տհաճ
նայած թե ինչ խորությամբ լող կտաս
ու արդյոք կկարողանաս մոռանալ թե չէ
ու արդյոք կներես մի օր
իսկ գորտերը կռռում են ոսկեգույն
իսկ սաթե դաշտերը օրնիբուն
միանում են համերաշխ միտինգին
ու ծփում են ուղղակի փրփրագույն
անիմաստ անիմաստ թեթև

Կրկին լաց
երբ այնքան շատ լացեմ որ էլ լացելու բան չունենամ
ու արցունքներս վտառներ առած լցվեն գետերը ու ծառերը ջրվեն ու աղի պտուղներ տան
երբ այնքան շատ լացեմ որ կոպերս էլ բաց չլինեն
ու գլուխս ծանրացած լինի ու էլ ջուր չթափվի աչքերիցս այլ միայն բյուրեղյա ասեղներ
որոնք ամեն անգամ ավելի ուժեղ կցավեցնեն ինձ որ ես այլևս ցավ չեմ զգա
ու ես դժբախտից դժբախտ կլինեմ
միգուցե դու գոհ ժպտաս
ինչու դու սիրում ես ինձ ցավեցնել ու հետո փորձում
հասկանալ թե որտեղից կուտակվեցին
այսքան շատ ասեղները
որ խրվել են բարձերի մեջ ու չեն թողնում գիշերը սիրուն երազներ տեսնել
և ամենևին ոչ ցուցադրաբար ասում եմ քեզ մնաս բարով սիրելիս
բլուրը որի հետևում ես սիրում եմ սրբել արցունքներս մաշվել է
ընկերներիս կորցրել եմ ու երազել էլ չի ստացվում
ես ինչ էի ուզում դառնալ հանրահայտ լուսանկարիչ թե լավ պոետ
անձրևներն ու գետերը լցվել են տունս
ոտս ոտի առաջ չեմ կարող դնել ու թրջվել են գրքերս բոլոր
օբյեկտիվներիս մեջ լույս չի թափանցում
ու ես այլևս անկողին չունեմ
այն թացից թաց է ու ես չոր երազ անգամ տեսնել չեմ կարողանում
ես գիշերները նավով սենյակից սենյակ եմ գնում փնտրելու ինձ
որ ժպտում էր միշտ ու երջանիկ էր միշտ
ես թաքուն բացում եմ հայելիները ու միջից տնտղում իմ նոր եսը
գիրացած մարմին
սթրեսից խունացած աչքեր
թարթիչներս սև եմ քսել ու աչքերս արի ու տես ժպտում են դեռ
ես քեզ չեմ ուզում ես քեզ չեմ սիրում
դու իմը չես էլ
ազատ ես սիրելիս
գնա ու գտիր քո երջանկությունը
տուր դրան գույներ ու թևեր ինչպիսիք ուզում ես
ունեցեք երեխաներ ու տվեք անուններ որոնք ուզում եք
ես այլևս տեղ չունեմ գնալու ես խունացել եմ ու գետը առատորեն հոսում է ներս
ես այլևս գոյություն չունեմ
ինձնից բան չի մնացել
ես քեզ բաց եմ թողնում սիրելիս
գնա ու եղիր երջանիկ
ես չեմ կարոտելու քեզ
ես չեմ կարոտելու ինձ քո գրկում

Երկաթե կաթե ագաթե
թե մի օր մենք միասին կերազենք
գետն ի վեր սարն ի վեր
տունն ի վեր երազն ի վեր
մի օր մենք երկաթե
մենք կաթե
մենք ագաթե
տուր ձեռքդ ասում է նրանցից առաջինը
ինչ սառն են աչքերդ
ասում է նրանցից երկրորդը
անդին էլ բան չկա հանգիստ եղիր ասում է նրանցից կոլոտն ու գեշը
պարպել ես ահագին ունեցածդ ասում է նրանցից ամենածերը
ինչպես չես դադարում սայթաքել ասում է նրանցից մուգ մազերով
երբեք էլ նախկինը չես լինի ասում է նրանցից ամենագեղեցիկը
ծամածռում է շուրթերն ասես սելֆի է անում ամայացած այդ միջանցքում
ես փորձում եմ չհպվել պատերին
ես փորձում եմ գրեթե կիսասահ անցնել կարոտների միջով

և դու անհատակ քնից կարթնանաս ու ինձ չես գտնի
և դու անհատակ քնից կարթնանաս ու ես չեմ լացի
չեմ զարմանա երբ քնաթաթախ աչքերով մոտենաս ու սուրճ ուզես
չեմ զարմանա երբ ինձ գրկել փորձեմ
և դու անհատակ քնից կարթնանաս ու ես քո համբույրներին էլ չեմ պատասխանի
քանի որ մաշել եմ ես իմ զգացմունքները
քանի որ ես մաշել եմ իմ մարմինը
քանի որ ես մաշել եմ բառերը
քանի որ ես մաշել եմ քեզ
քանի որ ես մաշել եմ օրերը
քանի որ ես մաշել եմ անհանգստությունները
քանի որ ես այլևս երբեք երբեք չեմ զարմանում
չեմ կարոտում
չեմ ոռնում
չեմ երգում
չեմ երկնում

անհատակ մի սար եմ
որ ժամանակին ծնունդ է տվել լիքը երեխաների
բազմերանգ մի ծառ եմ
որը բույն է դարձել բազմաթիվ որդերի
բազմաշերտ տորթ եմ
որը կերել կերել են ու չեն կշտացել
բազմահանգ պոեմ եմ
որը գրել են գրել են ու գրել են

կարոտների միջով զգույշ անցնել եմ սովորել
պատերին չեմ կպչում հետք չեմ թողնում չեմ ալեկոծում
նայում եմ բարևում քթիս տակ խոսելով անցնում եմ

Նոր բանաստեղծություն
Երբ այլևս չես կարող վերգտնել քանի որ անիմաստ է
Ինչ թիթիզություն կորցրածի հետևից հեծեծալ
Մազերս ճերմակել են
Մարմինս ծռմռվել է
Հղի եմ ու զգայուն

Աստված իմ
Ինչպիսի շքեղություն անընդհատ լույս աշխարհ բերել նոր ծառեր
Ինչ շքեղություն հանդիպել թափթփված ստվերների հետ
Որում ննջած գեղեցկությունը մի պահ ապրելու հույս է արթնացնում
Գայթակղելով խլում զգոնությունս
Բայց այլևս երեկ չի լինի
Բայց այլևս երեկը չի գա
բայց այլևս այլևս բայց

Ու չնայած ճերմակել եմ
բանաստեղծություն գրելու անզոր ճիգեր եմ գործադրում
Մտքում հանգեր տնգտնգացնելով հավաքում սեղանը
Հանգեր չխկչխկացնելով
Ափսեները լվալու դնում
Հանգեր փլխկացնելով
Երակներիս կապույտն եմ ստուգում

և ինչ հեշտությամբ է ամեն անգամ ֆղաու Բոցերը երակ մտնում
Դու դա երբեք չես հասկանա
Կարմիրը լցնում է տարայի մեջ
Հետո ես շոկոլադ եմ ուտում

Ամեն ինչ անցյալում մնաց
Ամեն ինչ այլ կերպ գնաց

Դու էլի աստիճաններին ինձ ձեռ ես մեկնում
Կարծում ես բռնելու եմ
Նախկին հիմարը գնացել է
Էն ով կանգնած է քո դիմաց ամենևին նախկին ծիտը չէ
Ճերմակած մազերով
Ծռմռված մարմնով
Ծառեր ջրելով
Երեխաներ ունենալով

Բացում եմ թևերս
Վաղուց չեմ բացել ու մի թեթև ժանգոտել են
Ասում եմ ինձ
Հալալ ա քեզ
Ասում եմ ինձ
Հիմա ամեն ինչ նախկինի պես կլինի,
Ես կթևածեմ ինչպես ծիծեռնակ քո գլխավերևում
Գրելով նոր բանաստեղծության բառեր

Մարդակեր
Ես եկա ու քեզ ասացի
Մարմինդ կարոտել եմ տուր ինձ
Այն հոշոտել եմ ուզում ու փաղաքշելով լիզել
Քանի չի ծերացել
Քանի անուշ հոտ ունի
Քանի չեմ ուշացել
Քանի ուժ ու հալ կա վրես
Քանի տեսքս լավ ա ու ես ցանկալի
Քանի կարող եմ սիրել
Քանի միասին լավ ա ու քանի միասին վատ չի
Քանի դռները չեն փակվել ինձ համար
Մարմինդ կարոտել եմ ինձ տուր
Մատ մատ իջնեմ ներքև
Համդ հիշելով լիզեմ քեզ
Քանի չեմ կշտացել
Կետ կետ իջնեմ ներքև
Քանի չենք հեռացել

…ինչ ես պլանավորում անել
քո միակ, անմշակ ու թանկարժեք կյանքի հետ

Կիսվել նյութով

Թողնել մեկնաբանություն