և ես երերում եմ երերում եմ
երիվարի վրա վեր ու վար
դունչը խոնավ ու թաց է
ոտքը կաղ է ու ցավում է
իսկ ես երերում եմ երերում եմ
գլուխս հետ
վիզս ձիգ
աչքերս կապ
ամուր ու զով է իմ ներսում
երազներն ինձ տանում բերում են
տաք բրդերի վրայով քայլում են ոտքերս
իսկ ես երերում եմ երերում եմ
տատս կաթի սերն է քաշում
պապս տաք հացը վառարանից վերցնում
մոտեցնում է շուրթերին
պապս բոյով բոյով է
իսկ ես երերում եմ երերում
վերևներում խոտն արդեն չորանում է
հուռուց թոռները քաղաքում են ապրում
գյուղն անտեր է մնացել
իսկ ես երերում եմ
պապերիս գերեզմանաքարերն են շուռ տալիս
ում եմ այցի գնալու
ձիու սև բաշը շողշողում է
երեկոյան արևի շողերի տակ
իսկ ես երերում եմ երերում եմ
զուգահեռ ինտերվյու եմ լսում
սումգայիթի բաքվի
ու կիրովաբադի հայերի մասին
սարից ցած ենք գլորվում ձին ես
ու ձին ու խոտերը գրկում ենք իրար
տաք է տաք է տաք է
շնչահեղձ շնչահեղձ եմ լինում
տաք է տաք է տաք է
ձին ես
իսկ բուրդը վերմակ է դառնում
տատս քարերն ի վար վազում է
ծնկները ծեծելով վազում է
խոխենքս խոխենքս եկալ ըն
եկալ ըն եկալ ըն եկալ ըն
թոնրից տաք ծուխ է դուրս գալիս
ներսից զրնգում է Թամարա տատի ձայնը
պանրի ամանը
զրույց անող կանայք ներսում են
տաք է տաք է
երերում եմ
իմ ներսից երեխաներ են դուրս գալիս
մեկը մյուսը հետո էլի
իմ վրայից կաթ է թափվում
շատ շատ շատ
ձին զարմացած վրաս է նայում
խրխնջում
պապս բոյով բոյով է
գոմ մտնելիս կռանում է
շան աղջիկ
ձիու վրայից ջուր ա թափվում
գնա տուն
***
ձայն չկա
էլ չկա ձայն
երազում քեզ տեսա
քեզնից ավելի թիկնեղ էիր
երազում քեզ կարոտել էի
գիտեի որ չկաս այլևս
գիտեի որ երազինս էլ դու չես
դե հեչ քեզ նման չէիր
բայց մեր ընդհանուր հուշերից խաբար էիր
ով էր պատմել քեզ եթե դու չէիր
կամ ինչու պիտի պատմած լինեիր
կամ ինչպես էիր հիշում
դու ախր չգիտեիր էլ
որ աղբրի մեջ ընկնելուց հետո
ցիրուցան մազերով շոր էի ման գալու
կարմիր արյուն էի
մանկահասակ տղաները
հեչ երկտակ մտածել չգիտեք
մամ քո պսպղուն աչքերը հառում էիր վրաս
ախր դրանք այրում էին
ախր դրանք վախեցնում էին
ինչ կա չկա վերևներում ասում եմ ես
իսկ դու լուռ նայում ես
բան չես ասում
ծպուտ չես հանում
ինչի էիր այցի եկել
ինչ էիր ուզում ասել
ախր ես արժանի էլ չէի
գիտեի որ չկաս այլևս
ով գիտի միգուցե երազիս այցելուն էլ դու չէիր
բայց արհեստականորեն
ժամանակ էի ձգձգում ժամանակ
որ միասին ավելի երկար լինենք
դե որովհետև
մենք նույն բանի շուրջ շատ էինք մտածում
որովհետև նույն սարերն էինք
ոտնատակ տալիս
նույն չոլերի համար սրտներս դուրս էր գալիս
նույն աղբյուրից ջուր էինք խմել
նույն մարդկանց էինք ճանաչում
նույն լեզվով էինք խոսում
դու զոհվեցիր
***
շատերը չհավատացին
բայց ես իսկապես երեկ չէ առաջին օրը գրել եմ
էդ գրողի տարած բանաստեղծությունը
հորաքույր Արևը հավատաց հեչ հերիք
մի հատ էլ ինձ ուղտ
բանաստեղծությունն էլ ուղտաբեռ կոչեց
ամեն ինչ եղել էի
90-ականներին ռաբիս էր բայց մռութ էի
հետո սկյուռ էի հորս համար շան լակոտ
բայց ուղտ դեռ չէի եղել
խնդալու ա
էդ բանաստեղծությունը հեչ իրեն նման չի
եսիմ էդ ինչ բեյջուռա թե բեջուռա
(ընտրությունը ձեզ վրա եմ թողնում)
բան դուրս եկավ
(էսօր էլ մեր հարևան Զոյա տոտային ու
իր աղջիկ Ժաննային եմ տեսել երազում
Էդ ինչ ա նշանակում)
Ժաննային կարող ա՞ հիշեք
մեկ այլ բանաստեղծությունից
Ժաննան Հադրութից
Ստեփանակերտ ա տեղափոխվել հիմա
բայց չէ
ես հո մեծարենցը չեմ որ հիշեք
բայց գլխիցս չի թռնում էդ գրածս
երեկ չէ առաջին օրվանն էլի
Էն աստիճանի
որ արածս ձվածեղի
երեխեքի համար պատրաստվելիք նախաճաշի
նոր արթնացող քաղաքի կենտրոնում
նստած էդ եմ պատմում
կարող ա՞ հատվածաբար տնկեմ էդ բանաստեղծությունը
որ երեկ չէ առաջին օրը գրեցի
***
երբ գրում ես էն բանաստեղծությունը
որին երկար սպասել ես
որը միգուցե բոլորովին անիմաստ է
հեչ էլ լավը չի
բայց քամված է սրտից
մարդու ցույց տալու չի
բայց բարձր ամբիոնից կարդալու համար է
մի օր խոստանում եմ
մի օր արտասանելու եմ ես այն ձեզ համար
սպիտակ մազերը ուսերիս ծածանելով
հավանաբար ակնոցն աչքերիս
բայց թղթից չեմ կարդալու
քանի որ այն գիտեմ ես անգիր
էս գիշեր էլ ուսուցչուհուս էի հյուր գնացել
ականջօղերս հավանեց
ես էլ հանեցի իմ օղերը ու նվիրեցի նրան
էդ ողջ ընթացքում հուսալով որ նույն խանութից
կարող եմ գնել նույնն ինձ համար
էս օղ նվիրելը ոնց որ ադաթ ա դառել
հետո տեսա որ անցնում եմ իմ դպրոցի մոտով
հետո տեսա որ մեր դահլիճը չգիտես ինչի
բացօթյա են դարձրել ու վերջին զանգի փորձ են անում
զինվորներն ավտոմատներն ուսներին հրամայում են
վերջին զանգը սկսված է
հետո ծաղկեփնջեր են նվիրում իրենց
այսինքն նաև իմ ուսուցիչներին
էս անգամ լուսանկարել եմ աբովյանը
իմ մանկության քաղաքը
լուսանկարել եմ բայց չեմ կարողանում խմբագրել
կարող ա որովհետև
հարցեր ունեմ լուծելու քաղաքի հետ
իսկ ամուսինս կատակում է
կլինի ասում է դու մի լուսանկարի ոչ մի բան
ինչ լուսանկարում ես էլ մերը չի լինում
բայց ես գիտեմ որ մի օր վերադառնալու եմ հադրութ
ու կարող ա հենց խծաբերդի կլուբի բեմում էլ
(ոնց չէի մինչ հիմա կռահել)
երևի հենց կլուբի բեմից էլ արտասանելու եմ
էդ իմ երկու օր առաջ գրած բանաստեղծությունը
***
ախ էդ բանաստեղծությունը
որի մեջ հնչում է
լսեք
հնչում է հետևյալ քառատողը
«Ու չունեմ ես վաշտ ու զինվոր
Մենակ եմ կրկին անապատ
Դարձրիր հավետ սպասավոր
Վիրի եմ վիրի եմ յարոտ»
ու ոնց է հնչում
ճիշտ սրտիս զարկերին համահունչ
քարշ ա տալիս ինձ քարերով սարերով
տանում ա
(Կարգին Հայկոյին էլ հիշենք)
մասսային տանում ա
ու տանը երբ անում եմ հերթական փորձը
դե էդ բանաստեղծությունը բարձրաձայն կարդալու
երեխեքս կարծում են
չէ վստահ են
որ մամային տարել ա
վաղուց էլ ուշադրություն չեն դարձնում
մի քանի անգամ հայտարարել եմ որ ես բանաստեղծ եմ
մենակ լվացք հարթուկ ճաշ եփելու համար չեմ
որ ես կարող եմ բարձր արվեստի հետ հարցեր լուծել
ու որպես աննորմալ բանաստեղծ սիրել Կոմիտաս
բայց նաև Սայաթ Նովային մերը համարել
ու հա
ամեն գործի մեջ էլ մարդ ընտրելու իր ձևն ունի
իսկ էդ ընտրելը նաև զտելն ա
զտել ասեցի հիշեցի
չզտած կաթից պանիր էր սարքում
մորքուրիս սկեսուր Գրետան Պլեթանց գյուղում
ու իրենց պանիրն անասելի համեղ էր
էս ուր հասա
***
գիտեմ գլուխներդ գնաց
բայց քանի պատմում եմ թողեք պատմեմ
էս գիրս բանաստեղծություն չի
սա էն տեքստն ա որ ասում էին
մեր գյուղի կանայք իրենց որդիների շիրիմներին
սա էն տեքստն ա
որ բարձր գրականություն էր ինձ համար
այո տիկնայք ու պարոնայք
իրավացի եք
քանի որ այն հորդում էր սրտից
քանի որ այն պատմում էր ցավը
քանի որ այն քողարկում էր
պատերազմից հետո պատահող երջանկությունը
գնացին հեռացան այդ կանայք
իրենց հետ տանելով
բոլոր արտասուքից խեղդվող բանաստեղծությունները
դրանցից մեկը հորինել էր տատս
տատս հիմնական ողբասացներից չէր
բայց էդ անգամ
ու մեկ էլ երբ ինքն էր լինում
միակ տարիքով կինը կատարում էր այդ դերը
ինչ էի ասում
հա տատիս հորինածը սկսում էր էսպես
Աշոտ հե Աշոտ դիմելով պապիս
եր կաց եր տըս հուվ ա եկալ
ես էի
իսկ հիմա ես փակ ճամփեքի պատճառով
դեռ այցի չեմ գնացել տատիս
ում համար լիքը տեքստեր ունեի պահած
իսկ պապիս գերեզմանը… հավանաբար…
գիտեմ գլուխներդ գնաց
բայց քանի պատմում եմ պատմեմ
էս աղմուկի ու անորոշության մեջ
ամեն բան իմաստազրկվել է
ու ես չէ որ պիտի ձեզ այդ մասին ասեմ
քանի որ դուք երբեք Խծաբերդի մեր տնից
բարձրաձայն Թմկաբերդի առումը ասելով
Թեղուն սորբ չեք հասել
այդ երեխան ես էի
***
ու մինչ ես զբաղված էի ճաշ տուն երեխա լողացնելով
տիկնայք և պարոնայք
սոթքի վրա էլի հարձակում է եղել
որը չգիտես ինչի
հայ պաշտոնյաները որակում են սադրանք
և զոհ կա և վիրավոր
ու քանի դեռ վիրավորն ու զոհը ձեր ծանոթի ծանոթը չէ
հետքի լուրը ձեզ համար ընդամենը լուր է
հեռավոր մի լուր
տիկնայք և պարոնայք հեռավոր հեռավոր հեռավոր
իսկ հորեղբայրս փակ ճամփից էն կողմ գուժում է
Խորին մահացել ա
դուք Խորուն էլ չէիք ճանաչում
բայց եթե ինձ ծանոթ եք համարում
ապա նա ձեր ծանոթի բարեկամն է
ուրեմն Խորին պատերազմից հետո
երբ ինձ տեսավ
կակազելով մի տասը անգամ նույնը կրկնեց
Անա, Անա, Անա, գյուդում ըս, կռեվ ա լալ, է,
կռեվ ա լալ, մատաղ ինիմ, կռեվը փիս ա,
նուրբ հոգի ուներ Խորին ով էդպես էլ չէր ամուսնացել
ասում են մի քանի անգամ փորձել են պսակել
մի անգամ էլ երբ աղջիկ տեսնելու են գնացել
սեղանի տակ Խորու ոտքը տրորել են
որ ավել բաներ չխոսի
Խորին էլ ոչ ավել ոչ պակաս ասել ա թոքըշ այ էշ
չգիտեմ թե ինչի հիշեցի էս պատմությունը
որն ընդամենը լրացումն է բանաստեղծական վարժանքի
իսկ վարժանքը դժվար պատմվող
լուրերով ավարտին հասցնելը հեչ լավ բան չէ
ու չկա Խորին որ աննորմալ բանաստեղծի ոտքը տրորի
Անա կռեվը փիս ա
***
չգիտեմ չգիտեմ իսկապես չգիտեմ
երեք տարի լացելուց հետո ցամաքել էի
Խաչուն գետի պես
որը արխերով տարել էին բոստանները
իսկ հին հունը իր մշակած քարային գեղեցկությամբ
ու շուրջն աճող ծաղիկներով չքացել էր
արխերով գետի ջուրը քչքչալով գնում էր բոստանները
դիմացի սարին գյուղի հին գերեզմանատունն էր
որի կողքին դպրոցի խնձորի այգին էր
որի պահակը տատս էր
բայց ես քանիցս հորթերին ման գալու գնալիս
գրպանս եմ լցրել թթու-զհար խնձորները
ու չրթելով բարձրացել սարի դոշն ի վեր
հիշում եմ արարատ բարձրանալուց առաջ
հորս դասընկեր խանձաձորցի Ռիմա քուրիկը
մի լեռնագնացի համար տվեց
որ անպայման խոսեմ հետը մինչ ճամփա ընկնելը
ու երբ զանգեցի ինձ հարցրեց Արագածը բարձրացել ես
ոչ ասացի ես
իսկ Հատիսը
ոչ ասացի ես ձանձրալի սար է ճիշտ մեր տան կողքին
բայց անիմաստ քայլում քայլում ես
իսկ ինչ սար ես բարձրացել
հարցրեց լեռնագնացը
էդտեղ լեզուս Խաչուն գետի պես բաց ընկավ
ու քչքչալեն պատմեցի Տեմեն սարի Դիզափայտի,
Սլկհան սարի մասին
որը բարձրացել եմ քրոջս Վադիմի ու Ռոմայի հետ
ով զոհվեց էս վերջին պատերազմին
(էստեղ արցունքի կաթիլները գլորվում են,
որովհետև ես հիշում եմ մթին տփտփելով
սարից իջնելու մեր հետօրը)
էհ դրանք հեչ ասաց ծանոթ լեռնագնացը
հեռախոսալարի մյուս կողմում
բայց համենայն դեպս ինձ հաջողություն մաղթեց
ու ես գնացի
վայ էն գնալ որ գնացի
սարերը որոնք մերն էին նեղացած էին ինձնից
ձորերը որոնք մերն էին խորացած էին ինձնից
ծառերը որոնք մերն էին հեռացած էին ինձնից
Արարատը որը մերն էր մոտ էր ու շոշափելի
***
ահա Քուրդիստանը
Արարատի գագաթից մառախուղների միջից
ձեռքը տարածելով ասաց քուրդ Ջուման
մեր հայկական հողերը ցույց տալով
իսկ ուր է Հայաստանը հարցրի ես Ջումային
Ջուման էն ժամանակ կարգին անգլերեն չէր խոսում
իմ խոսացածն էլ մի բան չէր
բայց ես հիշում եմ իմ ձևակերպումը
ընդ ուեր ար արմենյան լենդս
հարցրի ես
Արարատի գագաթից նայելով ներքև ու բան չտեսնելով
նայելով ներս ու բան չտեսնելով
նայելով ու չտեսնելով
իսկ որտեղ է որտեղ է մերը
մեզ հարկադրաբար քշել եք այստեղից
բայց ով է հիմնել էս բարձրադիր քաղաքը
որի խաչքարերն ու գերեզմանաքարերը լուսանկարելիս
քուրդ ձիավորները հասան մեզ վրա
իսկ ով է ապրել այստեղ ու ինչու հիմա չի ապրում
խոսքս թողնեմ Արարատի գագաթին
որին ամեն օր նայում էի Աբովյան քաղաքի
Չափիչ գործարանի
երրորդ հանրակացարանի
բնակարաններից մեկի պատուհանից
գնամ հասնեմ Դիարբեքիր
որտեղ շատ պատահաբար
ներկա էի քուրդ ու թուրք կանանց խոսակցությանը
թուրք կինն ասում էր որ ինքն ընդունում է
որ էդ տարածքներում կարող է լինել Քուրդիստանը
ու ես առանց հապաղելու ասացի լավ դա շատ լավ է
ուրեմն հայերն էլ կարող են վերադառնալ իրենց տներն
ու ապրել իրենց քաղաքներում ու տներում
դա անհնար է
տեղից վեր թռնելով ինձ պատասխանել էր իմ ընկերը
ում ես էս պատերազմից հետո
հանել եմ ընկերների շարքից
ինչ արած
ես էլ մարդ եմ
ես էլ զգացմունքներ ունեմ
մի խոսքով
ասաց որ անհնար է
ինչու
հարցրի ես
չէ որ այստեղ ապրել են հայերը
ու եթե քեզ համար խնդիր չէ
այս հողերի Քուրդիստան լինելը
ինչու է խնդիր հայերի վերադարձն
իրենց պապական հողեր
հաջորդ օրն ընկերս ինձ ասաց
որ երկար է մտածել էդ մասին ու որ շնորհակալ է ինձ
որ ցույց տվեցի
որ հարցը ոչ թե թուրք-քրդական է
այլ հայ-թուրք-քրդական
իսկ Ջուման տարիներ շարունակ
ամեն անգամ երբ Արարատի գագաթին էր
զանգում էր
անահիտ
ասում էր
Արարատի գագաթին եմ
լավ է ասում էի ընկեր լավ է
ու Ջուման մի անգամ ինձ ասաց
որ հոգնել է իմ ընկերը լինելուց
ու ուզում է իմ բոյֆրենդը լինել
ես խնդալուց մեռա քանի որ արդեն հղի էի
համ էլ որովհետև վերջապես գլխի ընկա
թե ինչի էր նա համառորեն հարցնում
թե քանի ոչխար են բերում աղջկա խոսքառին
***
խառն եմ գրում
գիտեմ
ձեզ տանելով Աբովյանից Արարատ
Արարատից Խծաբերդ
Խծաբերդից բարեկամներիս տները
գիտեմ որ երբեմն մտքիս մի ծայրը մնում ա մի անտառում
մյուսը հասնում ա չգիտեմ ուր
բայց եթե ինձ համարում եք ձեր ծանոթը
ոչինչ հանդուրժեք
անտառ ասեցի հիշեցի
ուրեմն հորեղբայրս
չգիտեմ որ ազատագրված գյուղում է
նա կապի մասնագետ էր
ապրում էր մեզ հետ Աբովյանում
ու երբ պատերազմը սկսեց իրերը հավաքեց ու գնաց
հիշում եմ
մեր տանը երկար քննարկումներ էին
տուն էլ որ ասում եմ մի քանի մետր մի կողմում էր
մի քանիսը մյուս
մի քանիս էլ որ ասում եմ սենց պատկերացրեք
սենյակում տեղավորվում էր սովետական
ավանդական չափսերի մի սեղան
մի թախտ ու մի փոքրիկ պահարան
էդքանից հետո սենյակում քայլել հնարավոր չէր
պիտի նստեիր թախտին կամ աթոռներին
դա Աբովյան քաղաքի
Չափիչ գործարանի համար երկու հանրակացարանն էր
որը նայում էր Աբովյան քաղաքի բացօթյա կինոթատրոնին
ու մեր պատուհանից
մենք նայում էինք բոլոր հնդկական կինոները
ինչպես նաև բոլոր ֆուտբոլի խաղերը
քանի որ կինոթատրոնի հետևում էր գտնվում
քաղաքի մարզադաշտը
էսքանը դեռ քաղաքի մասին
մի խոսքով սենյակում մերոնք են
հորեղբորս չգիտեմինչ են ասում
պա հինչ կասին մարդիկ ես հղե ըմ ինգյում
հակադարձում էր հորեղբայրս
վերջը էդ ազատագրված գյուղի դպրոցում
կապայիններն էին ու հերս թույլտվություն էր ստացել
որ մեզ հետ հորեղբորս մի քանի օրով տուն տանենք
ես մինչև հիմա ափսոսում եմ
որ էդ թվերին լուսանկարիչ չէի
դրա համար ստիպված պիտի նկարագրեմ
էդ դպրոցի ընդարձակ սենյակները
որտեղ տեղակայված էին լիքը ցանցերով մահճակալներ
իսկ տղաները խաղում էին իրենց հանգստի ժամանակ
արևը վազում էր դպրոցի բակում
ես գլուխս տնկել էի վերից վար
հետո մենք ճամփա ընկանք գյուղ
***
երևի հոգնել եք ահագին կամ ուղղակի զահլա չունեք
կարդալու հերթական բանաստեղծությունը
բայց ես եփածս ճաշը պիտի մինչ վերջ ուտեմ
թե չէ ինձ Նախշունի ծոռ Անահիտ չեն ասի
Նախշունը
դուք չեք տեսել մորս տատ Նախշունին
ով տասը տղաների ու հատիկ աղջկա մայր էր
հեչ հերիք մի հատ էլ իր սկեսուրի տղային
իր ամուսնու եղբորն է կրծքով կերակրել մեծացրել ու
իր տղաների պես
իր ամուսնու եղբայրն էլ Նախշունին
Նախշուն մամա ա ասել
ինչեր ասես տեղի չեն ունեցել Արցախում
հայկական Արցախում
հայրենի Արցախում
հետո Նախշունն իր մեծ գերդաստանով
մորս ամուսնացնելուց հետո
տեղափոխվել է Տաջիկստանի մայրաքաղաք Դուշանբե
մեղրածոր Դուշանբե
քաղցր Դուշանբե
ես առանձնապես որքան էլ ինձ համար ցավալի էր
Նախշունի սիրելիներից չէի
հատկապես երբ մայրս մոտակայքում չէր
ես չէի հանդգնում հայտնվել Նախշունի մատույցներում
նա ուներ իր սիրելի ծոռները
նրանք ովքեր իր աչքի առաջ էին մեծանում
ես եկվոր էի
ու սրանից մի քանի տարի անց միայն
քաղաքացիական պատերազմից հետո ես որոշեցի
որ պիտի մեկնեմ Դուշանբե
ու էնտեղ մորս մնացած հատուկենտ բարեկամներն
ինձ տարան հայկական գերեզմանատուն
ու
ես
հասկացա
գրողը տանի հասկացա
որ
երազը
որում
ես
թափառում էի օրերով շաբաթներով ամիսներով
հենց Նախշունի գերեզմանն էր
ես դա չէի իմանա եթե չգնայի այցի իմ պապի մորը
ես հոնգուր-հոնգուր լաց եղա մորս, մորաքույրներիս,
քեռուս փոխարեն ու հետո ուխտ արեցի
մորս հետ էլի գնալ Դուշանբե
էս ինչ ցիրուցան ենք
արածս մեծ բան չի
էկրանի առաջ նստում եմ ու կտկտացնում
ու հենց մի բառ չեմ գտնում ու որոշում եմ
որ վերջ սա ինձ ի վերուստ տրված չի
միշտ հիշում եմ խրամատներում
ու առաջնագծում կանգնած երեխեքին
մեր երեխեքին
իմ ընկերների բարեկամների երեխեքին
իմ ծանոթների ծանոթներին ձեր ընկերների ծանոթներին
հետո աչքովս է ընկնում Պան-ի ստատուսը
որ մինչ մենք քնած էինք վիրավոր զինվորը մահացել է
հետո էլի մի քանի լուր
իսկ վերջում ինչ-որ սիրուն լուսանկար
ինչ-որ տուֆտա ծտերի մասին
***
երբ հայացքդ հաճախ ես ուղարկում վեր
թռչունների հետագիծը
արևի լողը անսահման կապույտում
որ կամաց-կամաց վայրէջք է կատարում
դիմացի շենքի հետևում
իսկ գյուղում այն գնում էր դեպի խոտհարք
որտեղ մի անգամ հորեղբայրս խոտ էր հարում
իսկ աղջիկս վազվզում ծաղիկների մեջ
որտեղից մի անգամ տուն գնալիս
մառախուղն էնքան կտրուկ իջավ
որ ես ու քույրս իրար ձեռք պինդ բռնած քայլում էինք
գետի ձայնին զուգահեռ որ հանկարծ գերի չընկնենք
էն ժամանակ պատերազմը դեռ նոր էր ավարտվել
ու սահմանների մասին մեր գիտելիքներն էին նվազ
ու երբ հեռվից նշմարվեցին
իմ խրոխտ գյուղի տանիքները
ես որոշեցի խաղալ քրոջս նյարդերի հետ
վայ Արմին ոնց որ ուրիշ գյուղ ենք եկել
մի անգամ էդ նույն սարի թեքության վրա
հորաքրոջս տղան գոռաց
որ ես ու քույրս մի պահ կանգնենք
հետո ասաց եկեք պայմանավորվենք
որ մենք միշտ երեքով էս պահը հիշելու ենք
չգիտեմ քույրս հիշում է արդյոք
հետո դպրոցում դիսկոտեկ
հազիվ չքնած աչքերով վառել ենք փեչը
ու ծխի բնական քուլաների մեջ պարում ենք
Օխտաց ճուխտուկնեն ածում ըն
մենք ցքցքցքցքցքցքցքցքցք
հիմա էնտեղ թշնամու բանակն է գիշերում
հատակը որի վրա մենք պարել ենք
կալոշով բոթասով կոշիկով
դպրոցի բակում պապիս խոտանոցն էր
որտեղ երբեմն հավերը ձու էին ածում
խոտանոցներում գտած ձվերն իմ
գանձերի կղզու ոսկիներն էին
արևից հետո երկինքը զարդարում էին աստղերը
ու ինչ հեշտ էր Խծաբերդի երկնքում
զանազանել համաստեղությունները
էն ժամանակ պատերազմը դեռ նոր էր ավարտվել
մենք պարում էինք դիսկոտեկում ցքցքցքցքցքցքցք
խփելով հատակին ուժեղ
կալոշով բոթասով կոշիկով
***
սրտիս խփես արյուն չի գա
բայց չեմ կարողանում նայել
զոհված զինվորների ծնողների բողոքի կոչերը
դատարանի բակում
կամ կարելի է ասել շենքի քարերով վեր ու վար
չեմ կարողացել չեմ ուզել չեմ գնացել եռաբլուր
ես էդքան ուժեղ չեմ լաո էդքան ուժեղ չեմ
Աբովյանը նկարելիս
Գոջոյի հետ գնացի Աբովյանի եղբայրական գերեզման
ով չգիտի ասեմ
որ ամեն քաղաք փոքր ու մեծ ունի իր եռաբլուրը
ու սենց հերթով անցնում էինք քարերի կողքով
մեր հարևանի թոռը
չորս տղա ու մի աղջիկ ուներ մեր հին հարևան Անոն
մեր վերևի հարևանի տղան
փախստականների հանրակացարաններից մեկը
երևի գնացել էր վրեժ լուծելու
կամավոր էր
ծանոթ երեխա
էդ երեխայի մայրը իր մյուս տղային
արգելել է հայրենիքի մասին պատմող
ցանկացած բանաստեղծություն սովորել
ցավում է
շատ է ցավում
հետո լսում եմ Վովա Վարդանովին
ով արդեն աղջիկներին բանակ ուղարկելուց է խոսում
ես էդքան ուժեղ չեմ
ես չեմ ուզում
ու եթե մինչ երեկ ձևակերպումը չէի գտնում
հիմա արդեն ունեմ
այսինքն կրկնելու եմ էն
ինչ ասում ա ընկեր Պետրոսյանը հարցազրույցում
ես իմ հայրենիքը շատ եմ սիրում
բայց եթե ընտրելու լինեմ հայրենիքի ու երեխայի միջև
կցանկանայի ես չլինել երեխայի փոխարեն
(խմբ. բառացի չեմ հիշում)
իսկ քանի երեխեքս փոքր են
մնում ա վայելել նրանց հետ անցկացրած ժամանակը
ով գիտի ինչ ժամանակներում կհայտնվեն նրանք