հղիության թեսթ մաս առաջին
փորս ուռել ա
հղիության թեսթ եմ արել
հաստատ հղի չեմ
ուրեմն չգրելուց ա
հղիության թեսթ մաս երկու
սիրտս խառնում ա
առավոտից իրիկուն լուր եմ կարդում
բաղրամյան
որ տռտռիկ ավտոբուսը բարձրանում ա
մտնում կոմիտաս
մտածում եմ` ուր որ ա տեղ կհասնեմ
հղիության թեսթ մաս երրորդ
երրորդ երեխուս սկսել եմ սիրել
այսինքն սկսել եմ արտահայտել սերս
այսինքն ասում եմ մաման ուտի քեզ
այսինքն սովորական մամա էլի
այսինքն վախ ունեմ որ ինքը վերջին երեխաս ա լինելու
այսինքն էլ չեմ հղիանալու
ու փորս էլ դուրս չի գալու
ու էլ չեմ չաղանալու
ու էլ երկուսով չեմ լինելու
ու էլ ոչ մեկ ինձնով չի սնվելու
ու էլ ոչ մեկ իմ միջից դուրս չի գալու
ու էլ ոչ մեկ ինձ ներսից չի խփելու
ու էլ ոչ մեկ ինձ չի սիրելու
ու էլ ոչ մեկի համար չեմ վախենալու
այսինքն անպետք մի մարմին
հղիության թեսթ մաս չորրորդ
ես չգիտեի որ խխունջները կարող են այսքան աղմկոտ լինել
երբ գիշերը տուն ա գալիս
ու մութը լցվում ա սենյակները
երբ ինձ արտաքին աշխարհին կապողը
միայն ինտերնետն ա ու ֆեյսբուքը
նրանք
թվով հինգ խխունջներ
աղմկարարներ
ցուցարարներ
անհնազանդներ
հասարակական կարգը խախտողներ
շնչում են խխունջի համար բավական բարձր ձայնով
ներսս դատարկ դատարկ ա
ինչ երեխա
ինչ բան
հղիության թեսթ մաս հինգերորդ
երևանում հղիության թեսթը արժե հարյուր դրամ
ֆրանկֆուրտում` չորս հազար հինգ հարյուր
ամեն անգամ ստուգելուց առաջ երկար մտածում եմ
ուզում եմ հաստատ իմանալ թե անակնկալի գալ
հղիության թեսթ մաս վեցերորդ
Սարերի վերևում նստած ենք, մենք` խամր կանաչ հագուստներովս,
մի տեսակ հանգիստ, որ հարձակում չի լինելու,
հայացքներս վեր պարզած ճանապարհն ենք հաշվում,
մեկ էլ հանկարծ սևզինվորազգեստավորները,
որ #չգիտեմթեորբանակից են,
վերևից, մորեխների հոտի նման, կրակի հետ գլորվում են դեպ մեզ,
ոչինչ չի մնում անել, միայն վազել, վազել, վազել սարն ի վար, վազել,
սևերի ձեռքին մուգ երկաթագույն, քառածայր, քիչ նման խաչի,
տարբերությամբ, որ գագաթները թեթևակի կեռացված են, զենքեր են,
նետում են, հենց կպնում է գետնին, պայթում է,
մենք` խամրած կանաչներովս`
սատկած ճանճերի պես թափվում ենք գետնին,
հարյուրներով, հազարներով ենք թափվում,
մենք ոչնչանում ենք, ասես չենք էլ եղել,
մենք կամաց-կամաց ավարտվում ենք,
մեր մահերից ձայն չի գալիս,
իսկ մարմինները իսկի հոտ չեն արձակում,
մենք նահատակներ ենք, չգիտեմ թե որ պատերազմի նահատակներ,
ամեն մեկս #տուն-տեղ-երեխա-տաք-կաթսա թողած,
զվարճասեր հասարակության դիմաց վազում ենք,
մասնակցելով զեխ մի խաղի,
որի հիվանդագին արմատները խոր խրված են անդին,
չգիտեմթեոնց ես մնում եմ վերում, վիրավոր, չմահացած,
հատուկենտերիս համար արագության գլորները հետ չէին գալու,
պարզ է,
քանի անգամ ինքս ինձ ասում եմ` հնարավոր չի,
դու արդեն մահացել ես,
սա արդեն քո հոգին է թեթև թրև գալիս մահվան հովտում,
դու արդեն պոետ չես ու ոչ էլ լուսանկարիչ,
հետո ձեռքս տանում եմ ոտքիս` արնաքամ եմ լինում,
խնդրում եմ` չմոռանաք,
որ ներքևում իրար հետևից բազմատրոփ վազում են մեդուզաները,
կրակի ու արյան հետ խառը,
միայն դեղին բոցկլտուն սար:
Չգիտեմ թե ոնց տեսարանը փոխվում է,
այս անգամ ես #կին եմ,
շատ բարձրահարկ մի շենքի տանիքի
բացօթյա զուգարանում պպզած,
ցածր պատերով,
որի հետևից դեմքդ ու դեմքիդ արտահայտությունը պարզ երևում են,
անհարմար զգալով փորձում եմ հոգալ կարիքներս,
մեկ էլ տեսնում եմ երկու տարեկան տղաս,
մեն-մենակ, մորեմերկ, կանգնած դիմացս` ճիշտ պատի վրա,
դողդողալով, բայց չգիտեմորտեղից ուժեղ մի ձեռք, բռնում է որդուս,
հիմա միայն մտածում եմ`
ինչպես պահել հավասարակշռությունս այս անպարկեշտ դիրքում:
Չգիտեմ թե ոնց տեսարանը փոխվում է,
ես ծննդաբերող կին եմ,
սենյակում հետուառաջ եմ անում,
երկու սիրուն, նիհար, անուշ դեմքով աղջիկներ,
հրեշտակների պես վերահսկում են շարժումներս,
այնպիսի տպավորություն է,
որ ինձնից բացի հիվանդանոցում ոչ ոք չկա,
չնայած վստահ եմ, որ լիքն են ծննդաբերողները,
ինձ թեթևակի բացատրել են, թե ինչ դիրք պիտի ընդունեմ,
մեյք ը ռաունդ, մեյք ը ռաունդ,
հետևից գոռում-գոչում է հատուկ թարս դիրքով
ծնունդների մեջ հմտացած բժիշկը,
սկզբում լավ չէի հասկանում,
հետո մեջքս կորացրի ու ներսս դատարկվեց:
հղիության թեսթ մաս վերջին
ես ինձ հաճախ եմ ասում`
նայիր, չգժվես,
կյանքը վտանգավոր է,
կյանքը վտանգավոր է,
կյանքը անցավոր է,
սահմանները երբեմն բաց ու երբեմն էլ փակ են,
կարմիր ու սպիտակ դրոշը միշտ չի մեքենավարի
ներկայությունը հուշում,
ղեկին նստած ուրիշ բաների մասին մի մտածիր,
լույսերը կամաց հեռանում են,
ծառերը չորանում են,
ես ինձ հաճախ եմ ասում`
խելագարվելու աստիճանի զգայուն ես,
քեզ խոցում են, խոցում են, խոցում են,
ճիրաններդ բացելու փոխարեն հիմարավարի ժպտում ես,
քեզ փակելու փոխարեն` երեխաներ ես լույս աշխարհ բերում,
չէ, դու լրիվ խելքդ թռցրել ես, թռցնելն էլ ոնց ա լինում,
գրածներդ ցրում ես ֆեյսում,
պատից կախ, պատից կախ, պատից կախ,
տարածությունը գնալով կրճատվում է,
ներսի կյանքն ու դրսինը մեկ եղել,
ժամանակը հակադարձվել է,
ջնջվել, ջնջվել եմ ուզում,
աստիճանների կորությունը հատիկ-հատիկ
թացով մաքրելով ներքև եմ գնում,
վերջում արդեն բաց դուռն է,
ժամանակն է հեռանալ,
սահմանները երբեմն թաց ու երբեմն էլ ուռուցիկ են,
խելքը թռցնելու համար ավելին պետք էլ չի,
լույսերը գնալով հեռանում են: