Սև զգեստ Անաիսը շատ էր սիրում: Նա այդ կարևոր օրվա համար արդեն գնել էր մարմնի նրբագեղությունը լավագույնս ընդգծող, ծնկները ծածկող զգեստը: Խնամքով ընտրել էր զուգագուլպան, օծանելիքը, շպարի պարագաները: Առանձնակի ուշադրությամբ մաքրել էր տուփում պահված աշնանային թավշյա բարձրակրունկները: Ճիշտ է, հանգիստ էր, բայց հուզմունքը սրտի աշխատանքն էր արագացրել: Այս արարողությանը վաղուց էր պատրաստվել` մտովի և հաճախ կասկածում էր՝ անե՞լ թե՞ ոչ: Մոտ երկու տարի է՝ երջանիկ միտքը նրան հանգիստ չէր տալիս: Այժմ վերցրեց մեղրամոմը, անձեռոցիկները, ատամի խոզանակն ու որակյալ մածուկը: Նախորդ մեկ շաբաթվա ընթացքում փորձեց համեմատաբար թեթև սնվել՝ ավելի լավ ինքնազագցողություն, հետևաբար, ավելի հմայիչ տեսք ունենալու համար: Տանը զգուշացրել էր, որ երեք օր քաղաքում չի լինելու՝ հերթական դասընթացի է: Վերցրեց պայուսակը՝ հագուստով և ընտրված ապրանքներով լի, հագավ սպորտային կոշիկները, մազերը կապեց բարձր, համբուրեց հարազատներին, ապա տան դուռը դրսի կողմից փակեց, ասես ոչինչ չէր եղել: Փորձեց մոր ջերմ հայացքը չհիշել ու չմտապահել. դա նրան կստիպեր հետ կանգնել իր վճռից: Սովորության համաձայն՝ մի քիչ ցատկոտելով՝ իջավ շքամուքի աստիճաններով: Այս անգամ ոտքը ոլորեց, իսկ ընկնելու պահին աստիճանի հենակը շատ սիրելի դարձավ (չնայած աջ ուսը սաստիկ ցավեցրեց և թվաց՝ կապտելու էր): Բարեբախտությամբ, նրա անկման ձայնը տուն չհասավ, և մուտքում էլ մարդ չկար: Անաիսը անշտապ ոտքի կանգնեց, մի ձեռքով բռնեց ուսը, մտածելով, որ գուցե ինքն իրեն կբուժի, հետո տրորեց այն և ծնկի վրայից թափ տվեց փոշին: Նա արագ սրբեց արցունքները և էլի կայտառ իջավ աստիճաններով: Ապա ամուր փակեց մուտքի երկաթե դուռը, որ եթե անգամ ուզենար, չկարողանար բացել: Ճիշտ է, մտքով դա չանցավ, բայց ապահովությունը լավ բան է: Օրն արևոտ էր, թեև քամին զովություն էր տալիս: Շենքի պատուհաններից կախված լվացքի բույրը շնչեց սիրով, գրպանից հանեց հեռախոսը: Նախորդ օրվա զանգերի ցուցակում փորձեց գտնել անհրաժեշտ համարը, մտքում իրեն նախատեց, որ էլի, սովորության համաձայն, համարը չի պահպանել և ստիպված է լինելու գուշակելով զանգել: Հաջորդ վայրկյանին ներեց իրեն, հիշեց, որ հորոսկոպով առյուծ է, իսկ առյուծներն ալարկոտ են:
Ալո… Բարև Ձեզ… Ես եմ: Հիմա կարո՞ղ եմ վերցնել բանալիները … Գամ հենց հասցեով, թե՞ կենտրոնում հանդիպենք… Լավ, ուրեմն, կես ժամից: Հաջողություն:
Նա քայլեց դեպի մետրոն: Երբ ուզում էր մանրը հանել պայուսակից, մի պահ հայացքը սառավ և կարծեց, թե տանն է թողել սրվակը… Քանդեց պայուսակի հատակը, տեսավ, որ մոտն է: Հանգստացավ: Իսկ ժետոնն արդեն գցված էր իր ճիշտ տեղը:
— Ինչպե՞ս եղավ, որ սրվակը դնելիս ուշադիր չէի գտնվել,- ներքին ձայնը նախատեց նրան:
Շարժասանդուղքը Անաիսին իջեցրեց ճեպընթացի մոտ:
-Ի՛նչ քիչ մարդ կա այսօր,- մտածեց,- երևի շաբաթ է:
Վագոնում կամ ավտոբուսում նստած ժամանակ (չնայած վագոնում մտածելն ավելի հարմար է, ուիշների էներգիան այնքան էլ չի ճնշում), մարդիկ այլ են: Ավելի շուտ՝ այնպիսին են թվում, ինչպիսին կան: Իսկ փողոցում նրանց չես առանձնացնի և չես կարդա. մինչդեռ վագոնում մարդիկ դյուրընթեռնելի են: Հաջորդ կանգառում դռները բացվելուն պես ներս մտավ մի կին: Նա այլայլված էր: Անաիսը կնոջ ձեռքին դատարանից նամակ տեսավ: Կինը նստեց, ամուսնական մատանին հանեց մատից, դրեց պայուսակի մեջ:
-Ամուսնալուծվել են, — մտածեց Անաիսը,- կարծում եմ՝ իրար չեն էլ սիրել: Հանգամանքներ… Իսկ ինչու՞ էին, այդ դեպքում, ամուսնանում: Կարելի՞ է, որ լինեին միայն ծնողներ, ոչ ամուսիններ: Եվ դա էլ այնպես վարպետորեն, որ բոլորին խաբել հաջողվի: Ամո՞թ է ասել, որ միայն երեխա ունենալու համար են կենակցել՝ այն էլ նախապես պլանավորված օրը: Երևի հետո միասին անձայն որոշել ու հա-մաձայնության են եկել «տերն ու ծառան» խաղալ տանը, իսկ տնից դուրս՝ ամուսիններ ևս: Երևի խաղից հոգնեցին: Գովելի է: Հիմնականում նոր խաղի կանոններին անպատրաստ են մարդիկ: Անվտանգ է երկար ժամանակ նույն խաղը խաղալը երևի: Շատ կանայք ամուսնությունից հետո տարիների ընթացքում երեսուն-քառասուն կիլոգրամ գիրանում են: Նրանց ամուսինները կամ շատ գե-ղեցկանում ու առնականանում են (եթե կարող են իրենց թույլ տալ սիրուհի ունենալ), կամ էլ սմքում-սևանում են ու նրանցից դառը ծխախոտի հոտ է գալիս (անսեր ցամաքում են): Նրանք միայն ծնողնե՞ր են, թե՞ամուսիններ՝ ևս: Գաղտնի՞ են պահում: Կարծում եմ, ես գիտեմ, թե ինչպես տարբերել այդպիսի հարաբերությունները: Եթե կինը կորցնում է իր մարմնի նկատմամբ սերն ու շատ կարճ է կտրում վարսերը, ապա նրա ամուսինն ու նա միայն ծնողներ են: Կորչում է կինը, մնում է մայրը: Նրանք՝ բոլորը, մեղադրողներ են: Մեղադրում են խաղն ընդհատածներին, նայում են քամահրանքով՝ իբրև թերի մեկին: Հիմա այս կինը տխրում է, բայց երևի արդեն շատ ուշ է տխրելու համար: Պետք էր պարզապես սիրել:
— Հանրապետության հրապարակ: Զգուշացե՛ք, դռները փակվում են: Հաջորդ կայարանը՝ Զորավար Անդրանիկ:
Շարժասանդուղքը Անաիսին բարձրացրեց քաղաք: Նա անշտապ քայլերով ուղղվեց դեպի օպերա, որին կից շենքերից մեկում սպասում էին նրան: Երբ գրեթե հասնում էր, մտավ խանութ, ընտրեց իր սիրելի շամպայնը՝ ոսկե փաթիլներով, վերցրեց մի գավաթ, ևս՝ նարնջի սառը հյութ, ելակ և կաթնային շոկոլադ: Մի քանի վայրկյան նայեց սառնարանին, որտեղ գարեջրի շշերն էին: Հետո հիշեց, որ մենակ գարեջուր խմել չի սիրում: Դրամարկղի գանձապահը մեխանիկորեն «բարև» ուղղեց նրան:
-Կուտակային քարտ ունե՞ք,- հարցրեց հաջորդիվ:
— Հը-ըմ:
— Ձեզ հաճելի օր:
Մի քանի քայլ և արդեն…
— Ալո… Կներեք, ես մի քիչ ուշացա: Կիջնե՞ք, մուտքի դուռն առանց բանալու չի բացվում:
Անաիսը սիրում էր սպասելիս ոտքով խաղալ գետնի մանր քարերով, բայց՝ աննկատ:
— Շըխկ,- և դուռը բացվեց:
— Բարև Ձեզ: Դու՞ք էիք զանգել:
— Բարև Ձեզ: Բարձրանա՞նք: Նկարներն եմ միայն տեսել, ցույց տայիք՝ ինչը որտեղ է:
Մուտքը մաքուր էր և, բարեբախտաբար, վերելակից ավանդական բույրը չէր գալիս: Միայն աստիճաններից մեկին թքածի հետք կար: «Տեսնես տղաները գիտե՞ն, որ թուք կուլ տալուց դեռ ոչ մեկը չի մահացել»,- մտածեց: Խեղճերը, երևի, կարծում են` իրնց թուքը թունավոր է: Ու, իսկապես, նրանք հաճախ տխուր են: Երևի նրանց ներշնչել են, որ իրենց օրգանիզմը թույն է արտադրում, դրա համար թքում են: Իսկ կանայք հոգ են տանում, որ չտխրեն:
Դուռը մաքուր էր, բայց դռան առջև փոքր գորգ չկար, ինչը հուշում էր, որ տունը մշտական բնակիչ չունի:
— Սա նախասրահն է, բաղնիքը, խոհանոցը, ննջասենյակները: Թարմ սպիտակեղենը՝ մահճակալին, սրբիչներն ու օճառը` բաղնիքում:
— Տեխնիկան աշխատու՞մ է:
Դրական պատասխանից հետո Անաիսը վճարեց երեք օրվա համար նախատեսված գումարը:
-Երրորդ օրը նույն ժամին Դուք կարող եք գալ: Նախապես զանգել պետք չէ:
Երբ անծանոթը հեռացավ, Անաիսը հանեց կոշիկներն ու արձակեց վարսերը: Նախ, հետաքրքրությունը նրան ստիպեց անցնել բոլոր սենյակներով՝ ոտաբոբիկ: Ապա հերթով բացեց բոլոր դարակները, նայեց բոլոր պատուհաններից: Նրան դուր էր գալիս ամեն ինչ, մանավանդ՝ սառը հատակը, որը հանդարտեցնում էր ոտնաթաթերը: Անկողինը փորձարկելը սիրելի գործն էր: Մահճակալի աջ կողմում զգեստապահարանն էր, որի դռներին մեծ հայելիներ կային: Մոտեցավ հայելուն ու նայեց աչքերի մեջ: Երկար նայելը թախիծով լցրեց հայացքն ու հապճեպ փակեց կոպերը: Ցնցուղի ձայնը նրան միշտ շատ դուր էր գալիս: Լողանալուց հետո ծալեց ու տոպրակի մեջ դրեց հագուստը, որով եկել էր, ուղղակի պահեց աչքից հեռու տեղում: Մեղրամոմն արդեն բավական տաքացել էր: Անձեռոցիկները վերցրեց և անցավ գործի: «Շատ հաճելի է, երբ զգում ես տաք մեղրամոմը ոտքերիդ վրա»,- մտածեց նա: Բայց երբ անձեռոցիկը դնում ես վրան և մի րոպե անց պոկում, բոլորովին հաճելի չէ:
-Ա՜յ, գրողը տանի,- անսպասելի ճչաց ցավից:
Մարմնի յուղը հաջորդեց մազահեռացմանը: Ապա հագավ նախատեսված ներքնազգեստն ու սև զգեստը, բարձրակրունկ կոշիկները: Միացրեց երաժշտությունը: Դանդաղ ներկեց աչքերը սևաներկով, այնուհետև շուրթերը`մորու գույնով: Բայց աչքերի մեջ այլևս չնայեց: Մազերը չէին չորացել, և դա Անաիսին հանգստացնում էր: Խոշոր ատամներով սանրը մազափնջերը կոկիկ պառկեցրեց գլխին և ճակատն ու ականջները բացեց: Հիմա այլևս գրեթե ոչինչ չէր պակասում: Պայուսակից վերցրեց ծրարը և դրեց գետնին՝ մահճակալի և հայելու միջև ընկած տարածքում: Դանդաղ քայլերն ուղղեց դեպի խոհանոց՝ վայելելով կրունկների ամեն հարվածը հատակին: Ցուցամատի երղունգը մխրճեց շամպայնի փայլաթիթեղի մեջ, ապա բացեց շիշը՝ այն լավ թափահարելուց հետո: Արդյունքում՝ սեղանը ակամա լողացրեց շամպայնով և դարձրեց խնջույքի մասնակից: Մի կտոր շոկոլադ, 1/3 ելակ, կես գավաթ շամպայն: Եվ լույսերը մարեց: Հեռուստացույցից լսվող ցածրաձայն երաժշտությունն ու մոխրագույն էկրանը պարուրեցին սենյակը: Նա դանդաղ քայլերով մոտեցավ լուսամուտագոգերին՝ չկտրվելով կրունկների ձայնից, բացեց բոլոր պատուհանները: Քամին պոռթկուն ներս սողոսկեց՝ կարծես փորձելով լավ բռնել կոկորդն ու դուրս նետել իր ծիսարանից: Անաիսը մի ձեռքով պահեց գավաթը, մյուսով վերցրեց սրվակն ու գնաց ննջարան: Այնտեղ՝ հատակին, մահճակալի և հայելու միջև, իրեն էր նայում ծրարը: Պաշտում էր գետնին պառկել.կարծես ներսում եղած մտքերի ողջ ծանրությունը ներքևից մեկը ձգում էր դեպի իրեն: Իսկ այժմ, երբ փոքր-ինչ գինովցած էր, և քամին պատուհանից սղոցում էր մաքուր մարմինը, հատակը նրա լավագույն օրորոցն էր: Նա հանդարտ պառկեց ծրարի մոտ, բերանի մեջ դրեց սրվակի կոճակներն ու գավաթի պարունակությամբ դրանք կուլ տվեց: Զգաց հեղուկի ամբողջ շրջապտույտն օրգանիզմում, աչքերը՝ քամուց սառած արցունքներով, ապա ուղղվեց դեպի հայելին և շրթներկով դրոշմեց ծրարը.
«Երբ կյանքն ընտրության առաջ է կանգնեցնում, երկար մտածելու ժամանակ չի տալիս: Այդպես են լինում կյանքիդ հետագա ընթացքը որոշող իրադարձությունները: Հանգամանքներն են հաճախ տերը կատարվածի, բայց մարդիկ մեղադրում են մարդկանց, ոչ թե իրողություններն ու իրական պատճառները: Մարդն ամենից շատ իրենից պիտի վախենա, քանզի իր ամենավտանգավոր թշնամին, ամենազորեղ ոչնչացնողն ինքն է: Դեռ չի ստեղծվել աշխարհում մարդու դեմ առավել հզոր կործանարար ուժ, քան իր ներսում ապրող դևը: Գազան, որին եթե չդիմադրես, կդարձնի սատանայակերպ կենդանի: Հաճախ մարդիկ չեն զգում՝ ինչպես է այդ ուժը վերափոխում իրենց` դարձնելով խամաճիկ սեփական ձեռքում: Մինչև սկսում ես գիտակցել, որ արդեն հյուծվում ես չար ուժից և փորձում ես ընդդիմանալ, վերագտնելով ներդաշնակությունդ, կորցրած ես լինում ամենակարևոր և միակ կենսական լույսը՝ հավատը, սերն առ սեփական անձդ ու աշխարհը: Ոմանք հասնում են այդ գիտակցության շատ բան կորցրած, ոմանց հանդեպ կյանքն ավելի բարեգութ է գտնվում և տալիս է ճակատագրական մարդկանց, ովքեր տեսնելով, որ անդունդի եզրին ես ու դեռ նայում ես նրա մեջ կախարդվածի դիվային հիացմունքով, քաշում են ձեռքդ, հետ բերում սթափության վիճակի: Մարդկայինը, ամենամարդկայինն անգամ՝ արարելը, այլևս ուժ չի տալիս ապրելու: Եթե ինքնասպանության վախը չլիներ, գուցե իրենց անիմաստ գոյության հետ չհաշտվող մարդականց թիվն այսքան շատ չլիներ, գուցե աշխարհն ավելի երջանիկ դառնար, գուցե փողոցներում միայն երջանիկ մարդիկ քայլեին, ովքեր կամ կյանքը չեն զգում, կամ էլ դեռ չեն հասել ցավով զգալու կետին: Իսկ ես հոգնել եմ զգալուց, հոգնել եմ զգալուց, հոգնել եմ զգալուց: Չեմ ուզում զգալ կյանքը, կյանքում չեմ ուզում զգալ: Միայն զգալը դադարեցնելու համար՝ արժե չապրել: Բայց իսկապե՞ս այդպես է: Իսկ պատասխանատվությու՞նը: Եթե մենակ լինեի, վայրկյան անգամ չէի տատանվի, ինձ կտայի իմ թուլությանը: Ծնողներ չունենայի, եթե…Ես այնժամ անմեղ կլինեի մեղսավոր անմահությունն ընտրելիս: Ուրեմն ի՞նչ… Բռնություն չէ՞ հարկադրված կերպով կյանքը տանելը: Ազատությունը բարձրահունչ գաղափար է, ուտոպիա: Հանգամանքներն են տերը բոլորիս: Իմ այս քայլը անպատասխանատու քայլ մի որակեք: Արդեն երկու տարի է, որ ես զգում եմ, թե կյանքս ընդհատվել է: Գուցե և դա ձեզ անհասկանալի թվա: Ես ապրում էի ոչ ձեր շարքերում, այլ՝ ինքս իմ մեջ: Երկու տարի է, իմ կյանքն այլևս չկա, ինձ կտրել են ինձնից: Եվ ես որոշեցի ինքս իմ երջանիկության պատասխանատուն լինել: Երջանկությունը Նյուտոնի խնձորը չի, որ նստած ժամանակ ընկնի գլխիս: Ինձ համար այդպես չէր: Երկու տարվա ընթացքում միայն այսօր կարողացա իրագործել այն, ինչն արդեն հոգեպես տեղի էր ունեցել: Մարմինս ի զորու չէ՝ առանց ինձ ապրելու, ապրելու այնտեղ, ինչը դուք «այստեղ ու հիմա» եք կոչում կամ պարզապես՝ կյանք: Երբ հաբերս գնեցի, ստիպված էի 12 տարբեր դեղատներից փոքր չափաբաժիններով վերցնել: Այն միտքը, որ ամեն դեղատուն ինձ մոտեցնում էր ինձ հասնելու ճանապարհին, երջանկացրել է ինձ: Երկու օրից տանտերը կգա բանալիների հետևից: Այդ մասին ես հոգացել եմ: Երկու օր հետո ինձ ձեր կյանք հետ բերել չի հաջողվի, արդեն ուշ կլինի: Մի մեղադրեք այս քայլիս համար ոչ մեկին. ես փոխեցի խաղի կանոնները: Ես հիմա ավելի երջանիկ եմ, անսահման երջանիկ…»: