Ամենակենտրոնում էիր: Չգիտեիր թե որտեղ, բայց վստահ, որ մեջտեղում ես: Ընթանում էր: Հստակ չէր ինչը, բայց այն առաջանում էր: Դու էիր: Պարզ չէ՝ ինչ կերպարանքով, սակայն այդ դու էիր՝ ընթացքի մեջ ու ինչ-որ տեղ՝ ամենակենտրոնում: Քարացած էիր՝ անշարժ: Հանգույցներդ քեզ չէին ենթարկվում, կամ՝ ուղղակի չկային: Գիտակցությանդ գոյն էր թափառում, կա՛մ սովորականի պես ընկղմված, կա՛մ էլ տարածաժամանակայինում լուծված: Դու էիր՝ անէության մեջ ու անմարմին, կամ էլ վերջինս կար, բայց անզգայացած: Ընտելացած էիր ոտքերիդ, ինչպես և ձեռքերիդ, ուստի ենթադրում էիր դրանց լինելիությունը: Գլխիդ էլ էիր վարժված, ինչը չծանրանալով մարմնիդ, քեզ բեռնաթափել էր, և դու թեթև էիր՝ աննյութ: Դու էիր՝ անշարժ, անմարմին, անհասցե, անլուսության մեջ: Կոպերիդ ներքո հայտնված խավարը կիսամթից անջատվող ճրագալույսին էր ձուլվում: Թարթիչներիդ արանքով առաստաղ էիր նշմարում, որը զանազանում էր բեռնա­խցիկը տիեզերական անպարագծելիից: Կկոցած աչքերդ էին, որոնցով աշխարհն ես ճանաչել: Քթիդ ուրվապատկերն էր լող տալիս կիսախավարում: Դու էիր՝ պառկած ամենամեջտեղում, առաջ էիր գնում չգիտես՝ թե ուր և ում հետ: Կողքից մեկի շունչն էիր զգում: Արտաբերածը մակընթացության պես քեզ էր հասնում, քեզնով բովանդակվում ու իր հետ տանում: Նա էր, չգիտեիր թե ով, բայց նա էր՝ հենց ինքը: Իսկ դու կենտրոնում էիր՝ ձեռքով ու ոտքով, ընդարմացած մարմնով: Միայն կոպերդ էին շարժվում, այն էլ՝ ոչ քո կամքով: Աչքերդ փակվեցին ու նորից անհայտություն, իսկ դու՝ ամենակենտրոնում…

Կիսվել նյութով

Թողնել մեկնաբանություն