Աշնանային արևը ձեռքը դրել է ուսերիդ և ուղեկցում է քեզ դժոխք: Հասնելով դռանը` փորձում ես հանել բանալին, բայց նկատում ես, որ կորցրել ես այն: Սեղմում ես զանգի կոճակն ու անհանգիստ շարժումներով սպասում դռան բացվելուն: Դու շտապում ես հերթական անգամ գնալ այնտեղ` ուր քեզ են սպասում նրանք: Ահա լսվում է բանալու կտտորցն ու դուռը ճռռալով բացվում է` ամբողջովին կլանելով քեզ իր մեջ:
-Բարի գալուստ, -ասում են նրանք ու բռնելով օձիքիցդ քաշում են ներս:
Շուրջդ մութ է… Լսվում են միայն նրանց ձայներն ու հիստերիկ հռհռոցները: Դու հերթով մոտենում ես ու շոյում բոլորին: Այնուհետև հոտոտում ես յուրաքանչյուրին և փորձում կռահել գույները: Ուղեղդ մթագնել է զազրելի հոտից ու այլևս անկարող ես որևէ բան անելու: Նրանք հերթով պտտվում են աչքերիդ առաջ ու գայթակղում քեզ իրենց գույներով: Դու փորձում ես վերցնել վրձինն ու…
Շուրջդ մութ է… Դու դժոխքում ես: Դժոխային լռությունը ծակում է ականջներդ ու հասնում ուղեղիդ: Այնտեղ սավառնում են գույները, իսկ դու անկարող կանգնել ես նկարակալի առաջ ու չես կարողանում համբուրել ներկն ու հոտ քաշել անավարտ նկարից:
Դու մահացել ես…

ՁՄԵՌ

Ձմեռ է…
Քայլում եմ սպիտակով…
Նայում եմ կապույտին ու տեսնում սևերը, որոնք այս ու այն կողմ ճախրելով` հեռանում են, կորում…

Ձմեռ է…
Քայլում եմ սպիտակով…
Նայում եմ մոխրագույնին ու տեսնում սպիտակները, որոնք մոտենալով մոխրագույնին` դիպչում են ու վերանում…

Ձմեռ է…
Քայլում եմ սպիտակով…
Նայում եմ սպիտակին ու տեսնում սպիտակները, որոնք հպվելով սպիտակին` գրկում են ու շոյում…
Ձմեռ է…

ԱՐՎԵՍՏԱՆՈՑՈԻՄ

Արվեստանոցում եմ: Նստել եմ իր կյանքն ապրած բազմոցին ու նայում եմ անվերջությանը: Հայացքս լողում է անվերջության ծովում ու կանգ առնում դատարկ պատերին: Սկսվում է նոր անվերջություն, որ պարփակում է ինձ իր մեջ ու խեղդում իր խորությամբ: Ես` ճնշված դատարկ պատերից վերցնում եմ թուղթ ու մատիտն ու գծմծում: Գծերը պարում են… Աչքերս փորձում են հետևել պարին ու…
Արվեստանոցում եմ: Նստել եմ իր կյանքն ապրած բազմոցին ու նայում եմ անվերջությանը: Դուռը թակում են: Մտովի մոտենում եմ դռանն ու բաց անում` նորից անվերջությունն է, որ գալիս է անժամանակ, որ գալիս է իբրև երազ… Փակում եմ դուռն ու վերադառնում, բայց նա արդեն մտել է, նա վաղուց ներսում էր: Ես ճնշված դատարկ պատերից վերցնում եմ թուղթ ու մատիտն ու գծմծում: Գծերը պարում են… Աչքերս փորձում են հետեվել պարին ու նկատում են իրենց կուրությունը: Աչքերս այլևս չեն տեսնում…
Արվեստանոցում եմ: Նստել եմ իր կյանքն ապրած բազմոցին ու նայում եմ անվերջությանը: Անվերջությունը մոտենում է ինձ ու ապտակում, ես սթափվում եմ ու բացում աչքերս…
Արվեստանոցում եմ…

Դուռը

Ցերեկային անձրևից հետո մնացած անձրևաջրերը շրջանցելով դու արագ-արագ քայլում ես դեպի այնտեղ, ուր քեզ են սպասում թափանցիկները: Տեղ հասնելով անցնում ես նրանց միջով ու հայտնվում այն դռան մոտ, որը քո փրկությունն է… Դու թակում ես բաց դուռն ու սպասում բացվելուն: Դու սեղմում ես զանգի կոճակը, բայց մարդ չի մոտենում:
Մտամոլոր քայլում ես դռան մոտով ու վերագնահատում կյանքդ: Դու ցանկանում ես ներս մտնել, բայց ոչ ոք չի ընդառաջում: Դաստիարակությունդ թույլ չի տալիս մտնել այնտեղ, որտեղ քեզ չեն դիմավորում: Գլուխդ կախ շրջվում ես ու ետ քայլում, առանց հասկանալու, որ դուռը քեզ համար էր բաց թողած…

ԳԵՐԵԶՄԱՆԱՏՈԻՆ

Հաստաբուն ու բարակ ծառերը, որ աճում էին գերեզմանատանն ու պաշտպանում շիրմաքարերը ամռան արևից` հանկարծ սկսեցին փտել: Հանգուցյալներն իսկույն միտինգ արեցին ու պահանջեցին ծառերը լավ խնամել` ժամանակին ջրել, սրսկել… Ու մինչ գերեզմանատերը փորձում էր քայլեր ձեռնարկել` հանգուցյալները հանգիստ պառկած իրենց տեղերում` կրծում էին ծառերի արմատներն ու սպասում ձեռնարկվող քայլերին…

ԱՆՎԵՐՆԱԳԻՐ

Հաց էի ուտում երբ արթնացրին: Աչքերս բացեմ տեսնեմ մահացած պապս ջայլամի վրա նստած անցնում է սեղանի ետևով: Նա ուշադիր նայում է ինձ ու հոնքերը կիտելով` գնում դեպի խոհանոցի ելքը: Ես փորձում եմ բացատրել, որ մոռացել էի նրա նասկիները պարանից հավաքել, բայց նա առանց վրաս ուշադրություն դարձնելու` դուրս է գալիս խոհանոցից…

Հաց էի ուտում երբ արթնացրին: Աչքերս բացեմ տեսնեմ մահացած տատս շոգեքարշով անցնում է սեղանի ետևով: Նա ուշադիր նայում է ինձ ու հարցնում, թե պապիս չե՞մ տեսել: Ես բացատրում եմ, որ պապս քիչ առաջ ջայլամի վրա նստած դուրս եկավ խոհանոցից: Տատուս դեմքին միանգամից հայտնվում է երջանիկ ժպիտն ու սեղմելով շոգեքարշի սուլիչը` ուրախ-ուրախ հետևում է պապուս ճանապարհին…

Հաց էի ուտում…

Կիսվել նյութով

Թողնել մեկնաբանություն