Եր­թու­ղա­յին­նե­րը, գնացք­նե­րը, սրճա­րան­նե­րը մարդ­կանց հոս­քին, նրանց ան­ցո­ղի­կութ­յա­նը, վազ­քին մի կե­տից հետևե­լու հրա­շա­լի վայ­րեր են: Այս կե­տը քեզ հա­մար Գրե­թերթն է, որ­տե­ղից տես­նում ես, թե ով­քեր են գնում գա­լիս, ինչ են դառ­նում, շնչում, գնում են, չեն գա­լիս, գա­լիս են` մշտա­պես մնում, ինչն է տե­սա­նե­լի… 

Կյանքն էլ էդպիսի մի կետ է, ապրում ես, նայում ու չգիտես` ինքն է քեզ ստեղծել, թե դու իրեն, ինքն է իրական, թե դու, թե երկուսդ էլ իրական եք կամ երկուսդ էլ Ինչ-որ Մեկի երազը կամ փորձարարությունը: «Գրեթերթը» սովորական խմբագրություն չէ, իմ ու հեղինակների հարաբերություններում հայր-որդիական ինչ-որ երանգ կա, նույնիսկ նրանց, որ մի անգամ են տպագրվել թերթում, երբ փողոցում տեսնում եմ` տաք ինչ-որ բան եմ զգում, մտածում եմ` ինքն էլ է մեր նավից: Նմանություն կա նավին, գնացքին կամ երթուղայինին, բայց երթուղայինի շարժմանը հետևելիս կարող ես ազատ տրամաբանել, փիլիսոփայել, իսկ էստեղ հոգիդ խանգարում է, կապված ես, Ռեմբրանդտ-հոր տաք ձեռքերի պես է («Անառակ որդու վերադարձը» կտավը հիշեցի), ես վշտանում եմ, երբ հեղինակներից ոմանք, ինչ-ինչ պատճառներով, հեռանում են թերթից, թեև իհարկե կարելի է հասկանալ` սերունդ է ձևավորվում և էն ռոմանտիկ ցանկությունը, թե էս սերունդը վերջապես բացառելու է խանդերը, ամբիցիաները, խարդավանքները, և «Գրեթերթն» էն օջախն է, որ նպաստելու է դրան, դժվար իրագործելի է, բայց հիմնովին ձախողվող չէ, և սա ուրախալի է, հիմնական կորիզը մնում է, միասին են, նույնիսկ` եթե ոչ թերթի տարածքում, ապա ուզած տարածք իրենց համախումբ ներկայությամբ նշագծվում է որպես «Գրեթերթ»: Վերջերս հավաքվեցինք, հիշո՞ւմ ես, մի քանի ժամ ինչ կարոտով ու ջերմությամբ էինք «սոսնձվել»: Հեռացածների պատճառած դառնությունը մնում է, բայց էս հիմնական կորիզի կայուն ներկայությունը շատ ուրախալի է: Ուրախացնում է նաև նոր «ուղևորների» գալուստը, մեկ էլ տեսնում ես տասնվեց-տասնութ տարեկան մեկը վարանոտ մտնում է սենյակ, կանգնելու ձևը չի գտնում, նստելու տեղը չի գտնում, մնում է անկապ մի կետում շփոթված կանգնած, ու նրա վստահ անվստահությունը, աչքերի այլ փայլը հուշում են, որ գրականություն հիվանդությունը շարունակվում է:
Երբեմն մտածում եմ` եթե «Գրեթերթը» հովանավորներ ունենար, փող ունենար` երևի կկորցներ իր հմայքը, գուցե դառնար ամսագիր, առատ հոնորարներ տար, սենյակը կահավորվեր, հզոր համակարգիչ, սարք- սուրք… բայց հաստատ կկորչեր էն ազնիվ, պատանեկան անմիջականությունը, էն հետաքրքիր խմորումը, որ միայն անշահախնդիր էնտուզիազմով, անկեղծ սիրով ու ջերմությամբ է լինելի:

Լեզուն ու բանը, գրականությունը… Խոսքն առհասարակ: Լեզվի նպատակը:

Նախ բա՞ռն էր, թե՞ միտքը…
Ոմանք ասում են` բառն էր, որ տիեզերքից ուղարկված` մխրճվեց ուղեղի մեջ և մտքի ալիք սկզբնավորեց: Էստեղ միստիկան չափազանց է: Ես հակված եմ կարծելու, որ նախ միտքն էր` ուռել-փթթել` ելք էր փնտրում, արտահայտվելու միջոց, ու ստացավ. սկզբում` ճիչեր, ձայնարկություններ, գոռոցներ, ապա բառ, լեզու, խոսք: Գրականությունն ինձ համար լեզվային նպատակ չէ, այլ` ասելիքային, կա Մեկը, որ գրելիս անհանգստացնում է, հուշում, թե լեզուդ չի զորում, բառ չի հերիքում, բավարար ճկուն չէ, ազատ չէ… Ո՞վ է նա, որ լեզու է պահանջում, եթե պահանջում է` ուրեմն վե՞ր է լեզվից… Միտքն է, ասելիքը, որը լեզու է պատվիրում դրսևորվելու համար, առավել դրսևորվելու համար` նա առավել է կատարելագործում իր միջոցը` լեզուն: Սակայն երբ լեզուն առաջ է ընկնում ասելիքից` դառնում է կեցվածք, պճնանք, կուռք, պաշտամունք, նա ամբարտավան է դառնում, գոռոզ, ինքնաբավ, այսպիսի լեզուն թույլ չի տա մտնես ուր ուզես, տեսնես ինչ ուզես, պատմես ինչ ուզես, քեզնից առաջ ընկած` ինքն է պատվիրելու` թեմա, գաղափար, կառույց, ոճ, նույնիսկ` փորձ, տառապանք, զգացում, զգացմունք, ապրում… Ինքը ճոխ է, զարդարուն, ինքը արժեք է, այո, բայց ոսկրանում` անկիռարելի թանգարանային նմուշ է դառնում: Գուցե ասելիքի պակա՞սն է շեշտը լեզվի վրա դնում, լեզուն պաշտամունք դարձնում… Դոստոևսկու լեզուն դժվարությամբ է հասնում նրա ասելիքի ետևից, բայց հասնում է, ներդաշնակում, ես չէի ցանկանա, որ լեզուն առաջ ընկներ ու Դոստոևսկուց ասելիք խլեր: Ասելիքի և լեզվի համաձայնությանը, ներդաշնակությանն եմ կողմնակից: Եթե ասելիք ունես, փնտրում ես այնտեղ, որտեղ քո փնտրելու տարածքն է, արհեստական ճիգեր չես գործում` քեզ ներդաշնակող լեզուն, ոճը գալու է, և առանց արհեստական ճիգի էլ` այն ինքնատիպ կլինի, որքան ինքնատիպ է յուրաքանչյուր անհատականություն:

Գրականությունն ո՞վ է:

Գրականությունն ապրելու իմ կերպն է, ազատության տարածքը, աշխարհ ճանաչելն է, մարդուն, ինձ ճանաչելը, Աստծուն ճանաչելու փորձն է, ինձ համար` մարդկային զբաղմունքներից ամենահետաքրքիրն է:
Վերջերս մամուլի բազմաքանակությունը, ինտերնետը սիրողականության, գրամոլության մեծ հորձանքի սադրիչ դարձան, այս կարգի «գրողները» արագ համախմբվելու հատկություն ունեն, ենթագիտակցորեն զգալով իրենց թուլությունը, դեռևս հարձակում չտեսած` պաշտպանական պարիսպներ են ստեղծում, նախահարձակ լինում, դեմ են անում դպրոցական շարադրանք նմանող գրերը և պահանջում` ինչո՞վ գրականություն չի, բա գրականությունը ո՞րն է, դե սահմանեք գրականությունը, բանաձևեք:

Սահմանելու, բանաձևելու քո բնորոշումը: Գրերից ո՞րն է և ինչո՞ւ է գրականություն, գրականություններից ո՞րն է առավել գրականություն:

Իմ պատկերացմամբ` դա այն գիրն է (խոսքս արձակին է վերաբերվում), որն.
առավել ընդգրկուն է, առավել հարուստ ու խոր` փորձով, երևակայությամբ, զգայունությամբ, զգացմունքայնությամբ, մտածողությամբ, իմաստնությամբ, ճանաչողությամբ, ունի ձևի, ռիթմի, չափի, ներդաշնակության զգացողություն, տիրապետում է արհեստի հմտություններին, ճկուն, ներդաշնակող լեզվի, տեղյակ է նախորդածին, հենվում է պատմությանը, բայց ստրուկ չի դառնում, համարձակ է, կարող է քանդել, նորը կառուցել, թաբուների, ստանդարտների գերին չէ, մշակույթի և այլ բռնություններից ազատվելու ունակ է, հասկանում է մշակույթի և արվեստի տարբերությունը, թարմություն բերելու կարող, ետ ու առաջ տեսանող է, բայց իր ժամանակը չի անտեսում, իր ժամանակի կրողն է, երևակայությունը հզոր է, կարողանում է թափանցել երևույթների խորքը և նույնիսկ դուրս գալ անդին, անալիտիկ մտածողություն ունի, տեսնում է իրականը, կռահում անիրականը, բայց վարկածին առավելություն չի տալիս, ոտով-գլխով չի սուզվում անիրականի, էզոթերիկի մեջ, թաքնվելու ու մոգոնելու գայթակղությանը չի խաբվում, պիտի կարողանա բարուց և չարից վեր կանգնել, որ լավ տեսնի-հասկանա, ունի հստակ վերաբերմունք, տեսակ, աշխարհայացք, չի վախենում կյանքից, գիտի, որ կյանքն ապրելու համար է, ուրիշի սխալները, գրքերում կարդացածը որպես սեփական փորձ չի ներկայացնում, թերապևտի նման կարողանում է տնտղել, լսել, ախտորոշել, վիրաբույժի նման կարողանում է հատել, մաքրել` չվախենալով թարախոտվել-արնոտվելուց, պիտի ճանաչի մարդուն, հասկանա, որ մարդն է գերագույն արժեքը, պետք է կանգնի մարդու կողքին առավել, քան` «վեհ» գաղափարների… Երևի թե այսքանը: Եվ այս ամենը որքան առավել` գրականությունն այնքան առավել, ինձ համար:

Դու էկզիստենցիալիստ ես: Հի­մա ասում են էկզիստենցիալիզմն այլևս ակտուալ չէ:

Նույնն է, թե ասեն` գրականությունն այլևս ակտուալ չէ, ավելին` նույնն է, թե ասեն` ապրելն այլևս ակտուալ չէ, որովհետև յուրաքանչյուր կյանք, նույնիսկ ամենաբարեկեցիկը, սահմանային իրավիճակների շարան է, ուր մարդու միջից ի հայտ են գալիս թաքնված հնարավորություններ, իր իսկական ես-ն է ի հայտ գալիս, իր իսկական բնույթը: Գրականությունն ինձ համար էկզիստենցիալիզմն է, չոր սխեմատիզմի շրջանակներից դուրս բերած էկզիստենցիալիզմը, որն ըստ էության կյանքի խոր, համընդգրկուն դիտարկումն է, գոյաբանական խնդիրների դիտարկումը: Շարքային մարդուն հիմարացնում են, քթից բռնած տանում-բերում-ուղղորդում, պարբերաբար հոգին, միտքն ու գրպանները դատարկում, փոխարենը տալով պատրաստի պատասխաններ, զվարճալիք, անհոգության պատրանք, բայց մարդը պիտի հասկանա, որ ինքը դրախտում չի ապրում, որ հիմարանալն իրեն ձեռնտու չէ, որ վաղ թե ուշ պատասխան է տալու հիմարության համար, ճգնաժամերը, պատերազմները, բնական աղետները, հիվանդությունները, վերջապես մահն անխուսափելի են, և ճշմարտությունից հեռանալը, նարկոզի տակ ապրելն իր շահերից չի, իր բնույթով ինքը կոչված է դիմակայելու, փնտրելու, գտնելու, այս մասին մարդուն հուշում է գրականությունը, էկզիստենցիալիզմը, բայց մարդուն մեթոդապես, մտածված, կազմակերպված հեռացնում են իսկական գրականությունից: Էկզիստենցիալիզմը մերժում են նրանք, ովքեր ցանկանում են աղքատացնել, խեղճացնել գրականությունը, ովքեր համառորեն սպառողի հոգեբանություն են ներարկում մարդուն, նրանք, ում ձեռնտու է թմբիրի մեջ ապրող, օրեցօր հիմարացող մարդը: Ինձ հատկապես զարմացնում է, երբ հայերս ենք փորձում շրջանցել, մերժել էկզիստենցիալիզմը, այն դեպքում, երբ մենք մեր անցյալով, ներկայով և մշուշոտ ապագայով լրիվ սահմանային իրավիճակներում ենք գոյատևել ու գոյատևում, նույնիսկ աշխարհագրությունը փոխած սփյուռքահայը չի ազատագրվում էկզիստենցիալ ճակատագրից, տարագրի բարդույթով է տառապում, ունի անբուժելի կարոտախտ, օտար միջավայրին ինտեգրվելու խնդիր, որը կապված է էթնիկ հային իր մեջ սպանելու դժվար հաղթահարելի ճիգին, իսկ իր երկրում ապրող հայը ագրեսիայի ենթարկվելու վտանգի մեջ է, հազարամյակներով, նա պատմական անարդարության զգացման կրողն է մշտապես, աշխարհագրորեն մեկուսացված է, ոխերիմ հարևանների անխուսափելի ներկայությունը քթի տակ ինքնին էկզիստենցիալ իրավիճակ են ստեղծում, էկզիստենցիալ տարածք, մեր առասպելները, հեքիաթները, էպոսը փորձել են տեսնել, բնորոշել սահմանային իրավիճակում հայտնված հային, ով մերթ խորամանկ է, մերթ միամիտ, մերթ հնարամիտ, մերթ պարզամիտ, մերթ ողբերգական, մերթ հերոսական, հաղթող, մերթ հեռացող, փակվող, սպասող… Նույնիսկ մեր ավանդական ազգային խաղը` լարախաղացությունն է էկզիստենցիալ իրավիճակի խաղ` ոչնչի միջով անցնող ճոպան, որի վրայով քայլող մարդն ամեն պահ անկման եզրին է, պետք է ի հայտ բերի իր ֆիզիկական, կամային, հոգևոր հնարավորությունները, որպեսզի չտապալվելով առաջ գնա, լեզու գտնի ոչնչի հետ, կռահի անհայտը, Աստծուց օգնություն խնդրի` հավասարակշռություն տալ իրեն, և սա պետք է անի մենակ, նա մենակ է խաղում իր խաղը ոչինչի մեջ: Խորհրդային շրջանն իր արգելքներով, արվեստը, գրականությունը սոցռեալիզմի շրջանակներում նեղելով` փաստորեն ընդհատեց մեր էկզիստենցիալ փնտրտուքը, հիմա վերադառնում ենք: Իսկ ոմանք ասում են` ակտուալ չի: Առհասարակ, գեղարվեստականության մերժման տենդենց կա, իբր այսօր պետք է գրել առավել կոնկրետ, տեղեկատվային, քաղաքական, քաղաքացիական շեշտադրումով, առանց մետաֆորների, ենթատեքստերի… Գրականություն են պատվիրում-կաղապարում` մոռանալով, որ գրականության մեծագույն հմայքը ազատությունն է: Որովհետև գրությամբ զբաղվողները շատացել են` լրագրողներ, բլոգերներ, ինտերնետ տարածքում «անկեղծություն» զեղողներ… Ով ինչքանի և ինչի ունակ է` այն էլ պաշտպանում է, և քանի որ շատվոր են ու համախումբ` տեսություններ են ստեղծում, փաստարկում, մերժում, ժխտում… իրականում` անտաղանդության, գրամոլության արշավանքն է, միշտ եղել է, հիմա պարզապես մեծաքանակ է, մեծ տարածքի տեր:

Անահիտն ասում է սատանային մի թող քո կյանք, թող բարությունն ինքնաբավ լինի: Մի օր տեսա` դի­վա­յինի հմայքն էլ նրան գայթակղել էր:
Որտե՞ղ է Աստծո թափը: Նրան բաժանե՞նք մեր մեջ: Մասնատե՛նք: Որտե՞ղ է մեր առա­քե­լութ­յունը:

Նախ սատանան քո թողնել-չթողնելուն չի նայում, սատանայապաշտպան որևէ գործիք հնարված չէ, և փառք Աստծո, այո, հենց` Աստծո, սատանան էլ Աստծո ստեղծածն է, առանց սատանա կյանքը ստերջ, անբովանդակ, անհետաքրքիր կլիներ, հմայքազուրկ:
Անահիտին հասկանում եմ` ուզում է պաշտպանված լինել, պաշտպանված ապրել իր կյանքը, թասակի տակ, սատանային մոտ չթողնել, ոչ մի սուր, կտրող բան մոտ չթողնել, գինին մոտ չթողնել, ծխախոտը մոտ չթողնել, մարմին մոտ չթողնել, վատ միտք մոտ չթողնել… Կարելի է փորձել (թեև կարծում եմ` չի ստացվելու)` եթե եկել ես պաշտպանվելու, քեզ անընդհատ պաշտպանություն փնտրելու, եթե գալու քո առաքելությունը միայն պաշտպանվելն է, թասակի տակ ապրելը, սակայն եթե եկել ես ճանաչելու,- որովհետև մի անգամ ես եկել, ու քեզ ճանաչելու բազում գործիքներ են տրված, եկել ես իմանալու, դրան գումարած` ուզում ես գրող կամ նկարիչ լինել, ուզում ես արվեստի մեջ էլ ճանաչող լինել,- չես կարող սատանային մոտ չթողնել, չթողնես` թերի կլինի, և իրավունք էլ չունես քեզ դավաճանելու. մեզ դրել են էստեղ ճանաչելու էս ամեն ինչը, ոչ թե խուսափելու, շրջանցելու, չպիտի վախենաս, չպիտի խնայես քեզ: Դիվայինի գեղագիտությունը մեծ հմայք ունի: Գյո­թեն Մեֆիստոֆելին եթե բացառեր` «Ֆաուստի» աղը որտեղի՞ց էր բե­րելու… Չլիներ սատանան, չարը` Աստծուն, բարին ճանաչելու ցանկությունն էլ չէր լինի, գուցե միտքը, բանականությունն էլ էս հակառակությունից է ծնվել: Մարդիկ երբեմն էնպես են խոսում, որ կասկածում ես, թե Աստված նրանց զգայարաններով, ատամներով, մկաններով, անդամներով է ուղարկել, բայց էդպես չի, չէ՞, բոլորս ծնվում ենք ձեռքով, ոտքով, ատամով, ստամոքսով, սեռանդամներով, մղումներով, ցանկություններով, կամքով, տեսակով, որը թերի թողեցիր, հետո Էնտեղ հարցնելու են` չէ՞ որ տվել էինք, ինչի՞ մեռցրիր, չօգտագործեցիր, արհամարհեցիր, դու էլ գուցե սրբազան կեցվածք ընդունես ու ասես` ես հրաժարվեցի, Տեր, հանուն քեզ, ընդդեմ կյանքի… Այ թե կքրքջան երկինքները:
Գրողներ կան, որ չեն սիրում կյանքը, կյանքը, երկրայինը ճանաչել դժվարանում են, զլանում կամ չունեն դրա տաղանդը, կամ էլ իրենց մերժված, անմասն թողված են զգում, և կյանքից սարսափած, վիրավորանքից գրգռված-բորբոքված երևակայությամբ երկնային ոչնչի մեջ փախուստի պատրանքային կառույցներ են նկարում, ու իրենց երկնային օնանիզմը իրական ու միակ արժեքավորն են ներկայացնում, մոլագարային համառությամբ ու «տեղյակի» մեծամտությամբ փաթաթում են դիմացինի վզին: Իսկ Աստված դեռ ոչ ոքի երբևէ չի ներկայացել, Նրան դեռ ոչ ոք չի տեսել ու ճանաչել, Նրա գործերը այդպես էլ մնում են անքննելի: Այլ խնդիր է` երբ կռահումը որպես այդպիսին էլ ներկայացվում է, Այն կողմերը տեսնելու ձգտումը, շոշափելու փորձն անշուշտ հետաքրքիր է, եթե սարքովի չէ կամ մտագարությամբ չի խթանված:

Իսկ արվեստի դիվային քրք­ջա՞նքը: Աստվածահաճո Սատանան արվեստի ա՞ղն է:

Այս առումներով հետաքրքիր է երաժշտությունը, հատկապես` ավանգարդային ջազը, էստեղ զսպել-վերահսկելը հաճախ անհնարին է, նույնիսկ, ասենք, նեգրական եկեղեցական երգեցողության վրա հիմնված ջազային գործերը երբ մեկնաբանվում են ավանգարդային ազատ կատարմամբ, կատարողն այլևս անկարող է լինում զսպել ենթագիտակցության արտահոսքը, կասկածների, հարցերի, ընդվզումի, բողոքի ու խռովության մի էնպիսի հնչյունային արշավանք ես լսում, պոռթկումների մի էնպիսի տարափ, որ մտածում ես` ինքը կատարման հրճվանքի, ինքնամոռացության մեջ երևի չի էլ զգում, թե ինչեր է արտահանում, և կատարումից հետո ունկնդրի առաջ խոնարհվելիս համոզված է, թե իրեն ծափահարում են հայտարարված, ասենք, «Հայրը, Որդին և Սուրբ ոգին» կատարման համար, ծափահարողն էլ է ինքն իրեն համոզել, թե լիովին անկասկածելի հավատքի դրսևորման է ծափահարում, բայց երկուսն էլ համարյա դիվային վայելք են ապրել քիչ առաջ, և դա հրաշալի է, դա աստվածահաճո է, Նա էլ է վայելք ապրել: Արվեստի իսկական գործում Դիվայինն ու Աստվածայինը տարբաժանել անհնարին է: Ի դեպ, Սուրբ գրքերի «ոգի»-ն մեզանում չգիտես ինչու փոխարինվել է «հոգի»-ով, այնուհետև այդ թյուրիմացությունը նստել է մեր գրերի, մտածողությունների մեջ, թուլացնելով Սուրբ ոգու, առհասարակ ոգի (դուխ) ասվածի թափը, մի տեսակ նվնվան, խեղճ դարձնելով այն` հոգի (դուշա), իսկ ոգին այլ բովանդակություն, այլ տեմպերամենտ, այլ բնույթ ունի, նրանում դիվայինն էլ ներկա է: Ես Աստծուն էդպես էլ տեսնում եմ, նրա արարման հզոր թափը մրրիկի պես վզզալով գալիս է, ինչ-որ բաներ է սարքում, ինչ-որ բաներ է քանդում, դու չես էլ տեսնում, չես էլ գիտակցում, դու մնացել ես «սա սատանայական է, սա աստվածային է»-ի համակարգում, իսկ Ինքը քո ժամանակից դուրս է, քո պատկերացումից դուրս, անսահմանության մեջ գնում է, գալիս, սահմաններ է գծում, ժամանակ «քոքում», խառնում, հավաքում… մեզ համար` անիմանալի, միայն` թեթև կռահելի, ու հենց էս մի թեթևի մեջ է գերագույն հմայքը, ուստի արհեստականորեն չզտենք, չաղքատացնենք այն: Չեմ կարծում Աստված միայն բարություն է, Աստված ամեն ինչ է: Չարը, բարին մարդկային հասարակության անցուդարձերը կարգավորելու համար են, անպայման անհրաժեշտ են: Բայց մտածող անհատականությունը, արվեստագետը եթե ունակ է` ոչ միայն կարող է, այլև պարտավոր է այս համակարգից անցնել և այն կողմից նայել: Երբ քեզ դուրս ես բերում համակարգից` Տեսնում ես: Սա ամենևին չի նշանակում, թե դու քեզ բարոյականությունից դուրս ես դնում, ոչ, դու ստեղծում ես բարոյականության քո համակարգը, որը հաճախ կարող է ավելի խիստ լինել, քան ընդունվածը, որովհետև այդ կետին հասնելով` մեղքի, խղճի, պարտքի, պատասխանատվության զգացողությունն ու գիտակցումն ավելի են սրվում, դրսից` մարդը չար չէ, չարաճճի է` խեղճ, դատապարտված, անգիտակ ու անմեղսագիտակ, չարաճճի արարած…

Երաժշտության արահետները: Քո հայտնաբերած­ները: Դրանց մոգությունը: Միստիկան:

Երաժշտությունը միայն իրեն հայտնի թաքուն արահետներ ունի դեպի մարդու հոգին, ոգին, միտքը, և այնտեղից, անիմանալի խորքերից, այնպիսի առեղծվածային զգացումներ, զուգորդումներ, ապրումներ, զգացմունքներ է վեր հանում, որ ապշում ես` բացահայտելով դրանց ներկայությունը քո մեջ, նույնիսկ հյուսիսային չուկչաների կոկորդային երգեցողությունը, մետաղային վիբրատոները ունակ են շարժելու ներսդ, ինչը հուշում է, որ մարդկությունն իսկապես մեկ արմատից է սերվել: Երաժտության մոգական, ֆանտաստիկ ազդեցությունը չունի ոչ մի արվեստ: Իզուր չէ, որ հին ու նոր բոլոր ծեսերը, թատրոնը, կինոն, տարբեր ցուցադրություններ, հանդիսություններ ուղեկցվում են երաժշտությամբ` ազդեցությունն ուժգնացնելու համար, կինոկադրեր կան, որ երաժշտական օժանդակությունը հանելու դեպքում անհեթեթության կվերածվեն:
Երաժշտությունն օդի մեջ է, այն քեզ մատուցվում է պարբերաբար, և դու վերցնում ես` երբ պատրաստ ես, վերցնում ես այն, ինչին պատրաստ ես, հետո, եթե ընկել ես նրա մոգական թակարդը, մատուցվածը սկսում է չհերիքել, ինքդ պիտի փնտրես, այն, ինչ ուզում ես գտնել` արդեն օդում չէ, չի մատուցվում, թեև գոյությունը հուշվում է, նույնիսկ փնտրելու մոտավոր ճամփան է հուշվում-երաժշտության միստիկան է:
Իմ մանկություն-պատանեկության ընթացքին երաժշտությունն անպակաս էր` պապս թառահար էր, քեռիս` ջութակահար, մայրս նրանց նվագակցությամբ ժողովրդական, գուսանական երգեր էր երգում, երաժշտական դպրոցում դասավանդող հարևանիս նվագարկիչը պարբերաբար հնչեցնում էր Բախ, Վիվալդի, Մոցարտ, Բեթհովեն, Ռախմանինով, Չայկովսկի, Խաչատրյան, գիշերները քեռուս ռադիոն ամերիկյան հեռուներից ջազ էր բերում տուն` Էլինգտոն, Բեյսի, Ֆիտցջերալդ, Փարքըր, Բրուբեկ, Գիլեսպի, Դեյվիս, Էվանս… Փոփը, քաղաքային շանսոնն ու ռաբիսն ամենուրեք էին, չուզեիր` զոռով կխցկվեին ականջդ: Հետո «մատակարարումները» սկսեցին պտտվել իրենց շուրջը, ոչ մի նոր բան, իսկ երաժշտական գուրմանը նստած էր մեջս, սնունդ էր պահանջում` նոր, ավելի նոր, ավելի ազդեցիկ… Գեղեցիկը, մեղեդայինը, նուրբը սկսեցին չբավարարել, ուզեցի առավել բովանդակալից, անսովոր ձևեր, ռիթմի և հարմոնիայի կապանքներից ազատ երաժշտություն, այդպես գտա մոդեռնը, ավանգարդը, դասականում` Ստրավինսկի, Մալեր, Ալան Հովհաննես, Պենդերեցկի, Շնիտկե, Տերտերյան, ջազում` Դեյվիս, Մոնկ, Կոնից, Քոուլմեն, Շեպպ, Դոլֆի, Քոլթրեյն…

Աստծո քո՛ որդին:

Ջոն Քոլթրեյն, «սևամորթ ախպերս»… Նա միշտ կար իմ շուրջը, իր ջազային շրջանով ծանոթ էր, սակայն նրա ավանգարդային, ապա նաև հոգևոր ազատ որոնումների շրջանին պատրաստ չէի, երբ ինձ պատրաստեցի` եկավ և արդեն երեսուն տարուց ավելի է` միասին ենք, թեև ինքն արդեն քառասունհինգ տարի է` չկա, ամենամոտ ընկերս է, այն ամենը, ինչ նա ուզեց ասել աշխարհին, հաշվետու լինել Տիրոջը` իմ հավաքածուում է(«Բլյու Թրեյն»-ից մինչև «Էքսպրեյշըն»), ես դնում եմ ձայնասկավառակը, նստում, վառում սիգարետը, և սաքսոֆոնի առաջին հնչյունների հետ նա գալիս` նստում է իմ կողքին, հաղորդակցվում ենք, վայելում, զրուցում, ես ասում եմ` Ջոն, երբ լույսի արագությունից անդին խելակորույս սավառնում ես, ենթագիտակցությունդ վերահսկողությունից ձերբազատվում` ելք է տալիս միջիդ կասկածներին, դիվայինին, դու մինչև վերջ համոզված ես, թե երգդ ամբողջովին հաստատուն, ամենաընդգրկուն հավատքի, բարձրյալ սիրո մասին է, այնինչ ենթագիտակցությունդ երբեմն թաքուն դուրս է պրծնում և իր նշանները դնում, և դա շատ հետաքրքիր է, դրամատիկ, Ջոնն ասում է` ոչ, ախպերս, իմ հավատքն է այդպիսին, պոռթկուն է, կրքոտ, սևամորթիս աֆրիկյան արմատներն են խորքեր դուրս բերում, ես ասում եմ` հա, հենց էդ խորքերն են, որ խորհրդավոր, առեղծվածային երանգներ են ուղարկում, ասում է` նախնիներիս հավատքների ձևերն են, ընդունենք` ոնց կան, եթե նրանք ելք են գտնում իմ միջով` հրաշալի է, ես իրավունք էլ չունեմ նրանց խմբագրելու կամ զսպելու, վայելիր, էլ ո՞վ էսպիսի բան կտա քեզ: Ոչ ոք, Ջոն, միայն դու, համոզված եմ: Ասում եմ` Ջոն, չես կարոտու՞մ, չես ուզո՞ւմ գոնե երբեմն վերադառնալ` ջազ-ստանդարտներ, բալլադներ… Ժամանակ չունեմ` ասում է, սպառվում է, արդեն Կանչել են…
Վերջերս առավել պոռթկուն, ըմբոստ, էներգետիկ հզոր թափահարում ուզեցին հոգիս, միտքս ու ոգիս` եկավ մետաղային ծանր ռոքը` Սլեյեր, Սեպուլտուրա, Նապալմ դեթ, Կորզուս, Սիստեմ օֆ է դաուն… Չոր, ժլատ, ծանր, հատու, իրոնիկ, ազնիվ, անկեղծ, չեն խաբում, հարմարվող չեն, վերամբարձ չեն, չմարսած-չճշտած բաներ չեն ասում, թարմացնում են բնազդներդ, հանում են միջիդ կեղծը, սենտիմենտալը, կարոտախտայինը, ստիպում են պարբերաբար հակասնոբական, հակաքաղքենիական, հակահարմարվողական «ինվենտարիզացիա» անել ներսդ:
Երբեմն մտածում եմ` եթե ընտրության առաջ կանգնեցնեն` տեսողությու՞ն, թե լսողություն, կկարողանա՞մ հրաժարվել երաժշտությունից… Սա իմ պարբերական մղձավանջներից է:

Սերս:

«Սեր ասելով հեշտորեն պրծնում ենք երևույթի խորքը տեսնելու, իրականը ճանաչելու գլխացավանքից»` այսպիսի միտք եմ արտահայտել 1998-ին տպագրված իմ պատմվածքներից մեկում: Եվ իսկապես, արդյոք չե՞նք խուսափում, ամեն ինչին ասում ենք` սեր, փոխանակ խորանանք-պարզենք… Սեր ենք ասում սեքսուալ համակրանքին, իրացում չստացած սեքսուալ էներգիային, խղճահարությանը, տվյալ վայրի, սովորույթների, միջավայրի կապվածությանը, բարությանը, պարտքի զգացումին, աստվածավախությանը, տարվածությանը… Գիտնականները պարզել են` կնոջ ու տղամարդու սեր ասվածը քիմիական ռեակցիա է, որ տևում է երեքից չորս տարի… Ուստի կա՞ սերը` կնոջ, ծնողի, հայրենիքի, Աստծո, մարդկանց, կենդանիների, ֆուտբոլի և այլնի նկատմամբ, առհասարակ կա՞ այդ սերը, թե պրոզայիկ հասկացությունների պոետիկ փոխարինողն է ընդամենը…
Այսպես էի մտածում, իմ անալիտիկ միտքը բացահայտում էր սիրո սուտը, սիրում էի ու մտածում… Անցավ ժամանակ և…
Եվ ինձ համար պարզեցի` ամեն բան սեր է` եթե սիրելու կարողությունը տրված է քեզ, կա սիրո ունակ, սեր ունեցող մարդու տեսակ, կա` չունեցող, կա` շատ ունեցող, կա` քիչ, առեղծվածային զգացմունք է, անալիզից անդին է, դու իրեն տարբերելու ճամփով առաջ ես գնում, նույնքան էլ ինքն է գնում ու էլի մնում չճանաչված, թեկուզ` քիմիական ռեակցիա, թեկուզ` հորմոններ, բայց էդ հորմոնները ընծայող, բաշխող, պատվիրող-ներդաշնակող պիտի լինի, ռեակցիային սկիզբ տվող պետք է լինի… Միջոցներ են, խորհրդավորի դրսևորման միջոցներ: Եթե սեր կա մեջդ, եթե պատրաստ ես սիրո, համարձակությունդ հերիքում է, եթե բաց ես սիրո առջև` ամեն բան սեր է, նույնիսկ ատելությունը: Սերը զեփյուռն է, որ ալիքում է մարգագետնի հազարագույն խալին, սերը այդ խալին ոչ միայն տեսնելն, այլև զգալ-ներառելն է, երբ այն նույնությամբ կամ առավել ընդգրկուն մտնում-փռվում է կրծքիդ մեջ ու ծփում այնտեղ, սերն անտառի քամին է` ծառերի խշշոցի ակորդը, ծովի մրրիկը, անապատի լռությունը, այրող արևը, տեղատարափը, ձյունը… Սերը անակոնդայի դանդաղ, սահմռկեցնող սահքն է, վագրի ոստյունը, ծաղկից նեկտար քաշող կոլիբրիի թևխփոցը, թութակների խժխժոցը, կրիայի խեղճ-խեղճ ձգած-ծռած վիզը, տիրոջը սպասող գամփռի կաղկանձը… Սերը սիրելիիդ կրծքին ճզմած նարինջն է, որ նեղլիկ առվակով ծորում է դեպի պորտը, սերը սիրելիիդ ավարտի ճիչը լսելու տքնանքդ է, քո քրտինքին խառնված նրա քրտինքը, որ սառչում է կրծքիդ, սերը սիրելիիդ աչքերն են, մաշկը, մազերը, մատները, բառերը, զվարթությունը, հառաչանքը, արցունքը… շուրթերով առնում ես, պահում` այսօր, վաղը, մյուս օրը… ու ներսումդ գրվում է սիրո ժամանակագիրքը: Սերը այնկողմնայինի հետ անպատասխան զրույցն է, պատասխանը լսելու ճիգը… Սերը գույների, ձայների, հոտերի հետ անհայտից եկող կարոտն է: Սերը սրտիդ դողն է, երբ անցնում ես գերեզմանատան մոտով: Սերը մորդ չհեռացող հայացքն է հորիզոնից, հորդ մատնահետքը բլթակիդ, տատիդ «բամբազյա» խալաթի հոտը, հացթուխ պապիդ դաստակի մազերին կպած-չորացող խմորը… Սերը` երբ որսում ես հուշումը, թե գալդ զուր չէր, գնալդ` նույնպես, երբ կռահում ես, որ Նա կա, տեսնում է, որ բոլորը, ինչի մասին ասվել է` կա, ինչ անցել է մտքովդ` կա: Սերը փողոցում հանդիպած ծուռ-խեղճ հայացքն է, հուսահատությունից դալկացած դեմքը, անզորությունից կծկված-լարված իրանը… Խղճահարություն է, այո, բայց այն խղճահարությունը չէ, որին սեր անվանելով գլխացավանքից պրծնում ենք, էլի սերն է, խղճահարությունը սիրուց է հյութվում, որովհետև եթե սեր չունես` խղճալու ունակ չես, ցավակցելու ունակ չես, մեղք զգալու, պատասխանատվություն զգալու ունակ չես, գեղեցիկը, տգեղը ընկալելու ունակ չես, ատելու ունակ չես…
Օր է լինում` սերը հանկարծ լքում է, կյանքը դառնում է անհամ, անգույն, նույնիսկ «Սլեյերը» հույզ չի ծնում, Մինասի նկարներն անգույն են, մեխակն անհոտ, կողքով սիրունիկ կանայք են անցնում` ծուլանում ես շրջվել, մտածում ես` օղի խմե՞լ, թե միանգամից ինքնասպան լինել: Եվ հակառակը, պատահում է, որ փթթող, ուժգնացող ճնշումը հանկարծ ուռցնում է կուրծքդ, ասես սիրո բողբոջը պայթել` ծաղիկը սրընթաց ծավալվում է ներսումդ, ոտքերդ հողից կտրվում են, բարձրանում ես երկինք, մտածում ես` հիմա կպայթեմ, և այն, ինչ կհորդի ներսիցս` կարող է ողողել ամբողջ երկրագունդը, տիեզերքը…

Հարցազրույցը`  Նառա Վարդանյանի

Տպագրվել Գրեթերթ, 2012, թիվ 3

Կիսվել նյութով

Թողնել մեկնաբանություն