Անի Հովհաննիսյան
արձակագիր
Պատերազմը… պատերազմը մեր պատմության դասագրքերում սև տառերով շարադրված բառերն էին ու հերոսների նկարները, որոնց դեմքերին տղաները բեղ ու մորուք էին նկարում: Կապույտ գրիչով: Մեկ-մեկ էլ աղջիկները:
Պատերազմը Սիրիան էր: Սիրիայի փախստականների նկարները, որոնց կարելի էր հանդիպել համացանցում, կարեկցել ու անցնել առաջ:
Պատերազմը Իրաքն էր, Սադամի ռեժիմը, ով ամենաազդեցիկ պապիկն էր երեխաների համար: Լենինից հետո:
Պատերազմը շատ հաճախ նույն ճակատամարտն էր, սուր ու թվանքով զինված Վարդան Մամիկոնյանը ու Ավարայրի դաշտը՝ կարմիր լճակի մեջ կորած:
Պատերազմը Սումգայիթն էր, որ լսել էինք մեր ծնողներից:
Պատերազմը շատերի տան պատերին սև շրջանակի մեջ առնված սև-սպիտակ նկարներն էին: Իմ սերնդի համար: Բայց մի սերունդ ապրեց ու ապրում է պատերազմի մեջ և պատերազմի հետ: Կողք–կողքի, ոչ թե զուգահեռ, այլ համընկնող գծերի վրա: Բնական օրենքը միշտ էլ բախվում է իրականությանը: Եվ այդ սերունդը բռնեց բեղ, մորուք նկարողների ձեռքը ու նետվեց պատերազմի մեջ: Իրականության մեջ: Անխուսափելիորեն: Բայց չմեռավ: Մեռնում են անհատները: Ազգերը իրավունք չունեն մեռելու: Հատկապես, եթե հնագույն են: Եվ թշվառ: Նաև ուժեղ կամքով: Հատկապես, եթե հայ են: Իրավունք չունեն:
Պատմությունը սիրում է պատերազմներ գրել, նշել թվականներ ու կարևոր իրադարձային ամսաթվեր: Նաև ականավոր անուններ: Ցավոք: Պատերազմում, որը ագահորեն խժռում է կյանքերը, որևէ կողմի պարտությունը տրամաբանական է, նաև անխուսափելի: Անխուսափելի է ներքին ըմբոստությունը պարտությունից հետո: Անխուսափելի է խուճապը ու դառնահամ հուսահատությունը: Խուսափելին՝ դառնալ անհայրենիք: Ինչպես զինվորը, որ անիծյալ պատերազմում կորցրեց վերջույթները, շարունակում է ապրել: Հաղթանակը զինվորի կենսակերպը որդեգրելն է: Զինվորը շարունակում է մեզ սովորեցնել: Մենք տարիները բաց թողեցինք պաշտպանելու լավագույն տղաներին, բայց նրանք մեզ շարունակում են սովորեցնել: Չհանձնվել: Վերջույթները կորցրած զինվորի համար աչքը, սիրտը, հոգին դեռ տեղում են, որի համար նա հոգում է ու պայքարում է: Ամեն օր հիշելու է դրանց բացակայությունը, ամեն օր է մրմռալու տեղում մնացած սիրտը, ինչպես մենք ենք հիշելու կորցրածը ու տանջվելու ենք երկար: Բայց ապրելու ենք:
Պարտությունը ինքնասպանության մեջ է:
Պարտությունը՝ եղածն էլ թողել, հեռանալն է:
Պարտությունը կորցնելն է նաև մնացածը: Պատերազմը… այսքան տարիներ չգնահատված ու թվացյալ խաղաղության բացակայությունը: Այսուհետ տղաների հավերժական՝ ածելու պես հոգին ու սիրտը կտրող բացակայությունը, որբացած տների, երեխեքի կորցրած ու այրված դպրոցների, Սուրբ Ղազանչեցոցի զարկերի բացակայությունը, մենությունից ճաքած նռերի պատերազմն է այս ու չեկած խաղաղությունը: Այսքան սխալ, կիսատ, չնչին ապրեցինք, որ ընդամենը հասկանայինք. խաղաղությունը ամենաարժեքավոր խոսքի մասն է, որ դրվում է ամենակարևոր գոյականի՝ հայրենիքի հետ: Ու դրվում է սև հագած մամաների լացերի ու լռության արանքում: