***
Ճահճացող անձրևի
կաթիլներն անկարող են
միայնությունս փարատել սիրահարների պուրակում.
այնտեղ երջանկությունը հարատև է,
խոստովանություններն այնքան հարատև,
որ չեմ հասցնում գիտակցել բացակայությունդ:
Կարոտիս թացությունն
այնքան անսպառ է,
որ չեմ հասցնում չորացնել դատարկ նստարանները:
Սպասումն այնքան անժամկետ է,
որ թվում է` իմ աչքերում
հենց այսպես կանաչ էլ կմնա մեր սիրո մոլորակը:

***
Չհասցրի թաքցնել քեզ թախծիս մահճակալում.

անկողինս գունաթափված է,
կարկատված վերմակիս տակ ցուրտն է մրափել.
գիշերային պայքար է.
ինձնից գողացան վերջին հույսս:
Ես շտապում եմ հավաքել իրերդ,
որ չզգաս անձրևի դողը.
չհասցրի ըմբոշխնել քեզ այսօր էլ.
ժամասլաքն արշալույս է գոռում:

 

Տպագրվել է «Գրեթերթ», 2010, թիվ 1

Կիսվել նյութով

Թողնել մեկնաբանություն