ՀԻՇՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԱՆԳՈՅԻՑ
Ես ապրել եմ հեռուները և թախիծը տարտամ լույսի,
Եվ խոտերի լռությունը, թափառումը աշխարհների,
Տարագրված մեկ կաթիլի ուծացումն եմ ապրել կյանքից,
Եվ բաշխվել հեռուներին,
Բիլ վարարուն գետակների խինդը շաչյուն`
Օվկիաններում վերածնված,
Տարերքների թափն եմ ապրել` մարդահմա,
Իրենց զորեղ ճշմարտության մտորումի վկան եղել:
Ես ապրել եմ երկունքների ցավը վերին,
Եվ երկրային կնոջ մահը,
Տղամարդուն շանթահարված, անօգնական արարման դեմ,
Անասելի ցավեր բեկել անդարձների,
Եվհեռացող ժամանակի թարթն եմ եղել:
Ես եղել եմ ճիշտ իմ տեղում,
Ուր արդար են ապրումները` անգթությամբ միահյուսված
Այլ խոհերի գիտակցությամբ…
Ես ապրել եմ ընդերքները և որսացել միտքը Նրա:
Ես ապրել եմ, իմ իսկ, կյանքը… հեռուներում:
ԿԱԹԻԼԻ ԾՆՈՒՆԴԸ
Ես հյուծվում եմ, Տե՛ր…
Կապանքներից, թելադրանքից վերին` աներկրային:
Կտրիր պորտալարը քեզ հետ կապող,
Ես վաղուց է, որ կամ…
Թե՞ գուցե չկամ, ինքս էլ չգիտեմ,
Գուցե հիմա է, որ պիտի ծնվեմ,
Թե՞ պատրաստվում եմ մի ուրիշ կյանքի,
Այն որ հեռու է փակ շրջաններից,
Հյուլեանման անեզրությունից,
Անվախճան հեռու…
Մի օր հենց այսպես վերածննդի սահմանը կանցնեմ,
Առանց պատմության, առանց ոտնահետք և հիշողություն,
Միայն կարոտախտ և ուրիշ ոչինչ.
Լուռզգացումներ անհայտածնունդ`
Ամբողջատեսիլ և տարրաբնույթ,
Որ թանձրանում է
Մինչ վերածնունդ…
Տե՛ր, մի՛ մոռացիր, հաջորդը Ես եմ:
ԽԱՂՈՂԻ ՀԻՇՈՂՈՒԹՅՈՒՆԸ
Ուզեցի հոսել ինքս ինձանից,
Լինել ամենուր և լինել անես,
Ուզեցի անփակ վերքերն իմ անտես,
Ահռելի գրկով առնել ինձնիցներս:
Ուզեցի քամվել ինքս ինձանից
Կավե սափորում` ճկուն, մարմնատես,
Ուզեցի գինին արյան տեղ ըմպել,
Խաղողի ներհոս հիշողության պես:
ՓԱԿՈՒՂԻ
(P.S.)
Ուղիներն այս, որ հոսում են անուղի
Ենթադրական, մարմնատիպար երազում,
Շոշափելի, շոշափելի ցավագին,
Ուր ձգում է անուղի այս փակուղին:
Անրջային եզերքներում ու անես,
Թվացյալս հոգիներում անհոգի,
Շոշափելի, շոշափելի ցավագին,
Ո՞ւր է ձգում այս անուղի փակուղին:
ԱՐՁԱԿ ԵՐԱԶ
Մտրակիր քամի,
Շեղբահար մարմինն իմ առ քեզ գերի,
Գուցե մարմնակեզ մրմուռը հանկարծ
Լռեցնի բախտիս ցավը անմեկին`
Տեղահանելով մեկ այլ հարթություն.
Այնտեղ, որտեղ կամ,
Որտեղ ես շատ եմ,
Անասանելի…
ԱՂՈԹՔ
Տեր, օգնիր ինձ տուն դառնալու ճանապարհին,
Մարմնիս տեսիլքը կորցրած իմ հոգուն
Խաղաղություն տուր` Տիրամույն մարմնով:
Փրկիր ինձ քարացած տրտմության ծովից,
Ուր ամեն քայլը խեղում է հոգիս,
Եվ շարժում անշարժ տխրությունը քար,
Ու կախվում ինձնից:
Փրկիր ինձ, Տեր, ինչպես նախորդ երազներում,
Առանց ինքնակեզման, սահուն,
Վերջին անգամ:
ՄՆՋԱԽԱՂ
Ձեռքերս վերև պարզեմ,
Ծածկելով անփակն ափերով,
Եւ աշխարհն իմ մեջ առնելով,
Անհոգքայլեմ մայթերով:
Ձեռքերս վերև պարզեմ,
Եզրեմ ամբողջըգրկով,
Եւ սիրեմ, շոյեմ քնքշորեն,
Աշխարհի մենությունն իմ գրկով: