***
Կլռե՞ս,
Խնդրում եմ…
Կամ էլ գոռա…
Լա՞վ,
Գոռա,
որ ատում ես ինձ…
Գոռա, որ մեղավոր եմ…
Արա ինչ ուզում ես,
Բայց եղիր,
Եղիր…
Ինձ ու քեզ, խնդրում եմ,
Մի տեղ համատեղիր…
Գրողը տանի…
Արի իմ դիմաց,
Գոռա, հեղեղիր,
Կամ ասա կամաց,
Որ խելագար եմ,
Եթե ոչ, ապա
Դու խելագարվիր…
Հասարակ մարդկանց
Հանդեպ օտար եմ,
Թե խելագար ես,
Դու ինձնով տարվիր
Ու տար ինձ այնտեղ,
Որտեղ Դարվինի
Տեսություն չկա,
Տար մի մոլորակ,
Որը կլոր չէ,
Ոչ էլ ձվաձև,
Ոչ էլ եռանկյունի,
Տար ինձ այն վայրը,
Որտեղ ատում են
Երկրաչափություն…
Որտեղ ոչ մի գիծ
Ոչ մի գծի
Երբեք չի հատվում,
Եթե հատվում է,
Առանց դիցուքի…
Ուր թեորեմները
Առանց հարցմունք են,
Թքած թե դրանք
Անարդյունք են.
Տաաաար…
Եկ գնանք այնտեղ,
Որտեղ որ շատ են
Երիցուկները…
Ուր կարմիր չկա.
Ցույց տուր այն տեղը,
Որտեղ, ուր չկան
իմ արցունքները…
Լսո՞ւմ ես՝
ինչ են ասում ձկները,
Ջրում տնկել են
այդ մոլորակից,
Շուտով կծաղկի…
Եկ գնանք այնտեղ…

***
Թող ինձ
Մնամ,
Մնամ այստեղ`
Ձեռքիդ վրա,
Մնամ քո մեջ,
Մնամ ինձ հետ,
Մնամ հիմա
Կամ առհավետ
Աստղերին կից,
Լինեմ դրկիցը քո,
Մնամ գիշերվա ներքո:
Մնամ սգով
Սքողված
Համատարած
Գիշերվա հետ,
Կորչեմ անհետ,
Վերադառնամ
Ուրիշի մոտ
Ու մշուշոտ
Գիշերներում
Երազ փնտրեմ:
Մնամ ցավոտ
Վերքերիդ մեջ,
Երակներում
Քո արնահոս,
Հայացքներում
Ստախոսի:
Ստերիդ մեջ
Լողամ խեղդվեմ,
Մտքերիդ մեջ
Ահաբեկվեմ,
Հետո բեկեմ
Ապակին քո,
Շրջապատեմ
Ցավդ երգով…
Վերքապատեմ
Ողջ մարմինդ,
Զգամ քո շունչն ու
Խլեմ քեզնից,
Արժեզրկեմ
Ցածր գինդ…
Դու` անգին իմ…
Էժանագին,
Էժան անգին…
Ապագա կին
Չեմ լինի քեզ,
Բայց իմ առաջ
Դու կծնկես,
Որ ես մնամ
Ձեռքերիդ մեջ,
Շրթունքներիդ,
Սրտիդ խորքում,
Որտեղ ցավն է
Դեռ բորբոքվում…
Ուղեղումդ
Կթևածեմ
Ու կլցվեմ
Մաշկիդ ներսը…
Կջնջեմ ես
Քո երեսը,
Փոխարենը
Կնկարեմ
Իմ աչքերն ու
Շուրթերը իմ,
Բայց չէ որ դու
Նյութել էիր
Իմ դեմ դավեր,
Որ ցավեր այն,
Ինչը երբեք
Չի ցավեցնում,
Ցավը հաբով
Չի անցկացվում,
Տուր ինձ քեզ որ
Ցավազրկվեմ,
Հետո զրկեմ
Քեզ հաբերից…
Զրկեմ ինձնից…
Տուր ինձ քեզ որ
Մնամ ինձ հետ.
Տուր քեզ ինձ ետ:

Ներկապնակ

Իմ գիշերներում
Դու վարագույր ես`
Սև ու թափանցիկ…
Անձրևագույն ես դու,
Կամ էլ լուսնագույն`
Աչքերիս նման:
Բույրդ քամու է,
Բույրդ` թարմություն
Ու միշտ հպանցիկ,
Բայց արցունքոտ է
Երկինքդ նույնիսկ.
Ամպեր են վրան…
Իմ գիշերներում
Դու միշտ տեղ ունես `
Օդի մեջ կախված…
Դու մոխրագույն ես,
Կամ էլ լոկ մոխիր,
Որ բիծ է թողնում:
Դու ջրաներկ ես
Կամ էլ երանգ ես
Ջրում թաթախված…
Բայց քո երանգը
Իմ նկարի մեջ
Չի տեղավորվում…
Իմ գիշերներում
Դու վարագույր ես,
Հենց գիշերն ես դու,
Դու մի սև գույն ես,
Որը ծածկում է
Կապույտ երկնքիս:
Դու թափանցիկ ես,
Մտքերիդ նման,
Կամ էլ երեկո,
Երբ չլուսացած,
Գիշերվա կեսին
Գալիս ես մտքիս…

Կիսվել նյութով

Թողնել մեկնաբանություն