Բալիկիս
Զգում եմ, որ ուժեղ ես լինելու,
Շա՜տ ուժեղ։
Չգիտեմ ինչու՝ ինձ թվում է,
Որ աղջիկ ես,
Երևի նրա համար,
Որ ուզում եմ ինձ հասկանաս
Ինչպես աղջիկը աղջկան,
Երևի նրա համար,
Որ հետդ ամեն ինչ խոսում եմ,
Բայց եթե տղա լինես,
Իմ պաշտպանն ես լինելու,
Իմ ապավենը։
Ու ես իմ հոգսերը կսփոփեմ քեզնով,
Կասեմ՝ տղես, որ մեծանա,
Բոլորին ցույց կտա իր տեղը։
Դու ապագա արքայադուստր ես լինելու
Թե հզոր զինվոր, հստակ չգիտեմ,
Բայց գիտեմ,
որ անսահման գեղեցիկ աչքեր ես ունենալու,
Ու երբ ժպտաս, ես դրախտում կհայտնվեմ։
Գիտեմ, որ քեզ չափից շատ կսիրեմ
Ու երբեմն կգժվեմ էդ սիրուց,
Երբեմն քո սիրուց կմոռանամ,
Որ քեզնից բացի ինձ էլ եմ սիրում։
Գիտեմ, որ էլ ավելի շատ ինձ կտանջես,
Ու ներկայիս վիճակը հրաշք կթվա
դրա համեմատ։
Գիտեմ, որ խելացի ես լինելու, ուժեղ,
Գիտեմ, որ սկզբունքային ես լինելու ու քո ասածի,
Գիտեմ, որ անքուն գիշերներ եմ ունենալու,
Գերհոգնած եմ լինելու, բայց երջանիկ։
Բայց ամենից լավ գիտեմ մի փաստ,
Որ դեռ չծնված՝ ինձ ուժ ես տալիս,
Ստիպում ես հաղթահարել բաներ,
Որ առանց քեզ չէի կարող,
Ստիպում ես ինձ անչափ ուժեղ զգալ,
Ուժեղ՝ քեզնով,
Դու իմ մեջ ես, ես՝ քո մեջ։
Ու քո միջի եսին շուտով ես կառերեսվեմ, ու
Կփշաքաղվի մարմինս։
Շուտով կգրկեմ քեզ
Ու կլռեմ՝
Մտածելով, թե լռությունս էլ ես հասկանում։
Չուշանաս, սպասում եմ քեզ։
Անձրևային եմ
Անձրևային եմ
Մի քիչ թաց, մի քիչ հոգնած,
Անուղղակի եմ,
Անուղղություն եմ,
Խառն եմ,
Քամոտ եմ,
Քամով հարբած։
Անձրևային եմ,
Թախիծ բերող,
Ամենախորքից
Խորհել ստիպող եմ,
Սառը ցողով
Քեզ նուրբ շոյող
Ու համբուրող եմ։
Անձրևի պես
Բառերս նույնպես
Գլխիդ թափվող են,
Քեզ հեղեղող են,
Մինչ ոսկորներդ թրջող
Ու տրամադրությունդ
Հարամող են։
Անձրևի նման ես էլ կարող եմ
Բանաձևերից իմաստներ կարել,
Թեև կարուձևից հեռու եմ,
Ավելի շատ ասեղ եմ, քան թել։
Անձրևի նման ես էլ վանող եմ,
Պետք եղած դեպքում պատրաստ եմ քանդել,
Իմ կյանքից հավետ ետ վտարող եմ
Չեմ սիրում մարդկանց իմ կյանքում բանտել։
Անձրևի նման անուղղելի եմ,
Պատահական եմ, հանկարծակի,
Անձրևի նման անուշադիր եմ
Ու չեմ տարբերում փիղը մոծակից։
Անձրևի նման սկսվող-վերջացող եմ,
Բայց էլի եկող ու հեռացող եմ,
Անձրևի նման դուռը թակող, բայց ներս չեկող եմ,
Մի կիսատ տող եմ…
Մամ…
Մամ, փաստորեն էս ամուսնական կյանքը
էդքան էլ հեշտ չէ,
Այսինքն՝ իմը դժվար չէ ավելի,
քան մյուսներինն է,
էս կյանքը ինքնին բարդ է,
խառն է,
քեզնից կտրված ու ուրիշին միացած ես,
ուրիշի սիրով քո սերը մարած
ու էդ մեկին նվիրվածությամբ
ինքդ քեզ դավաճանած ես,
հաա, ապրում ես ամուսնուդ համար,
ապագա երեխայիդ,
հետո արդեն երեխայիս համար կապրեմ,
ինչպես դու էիր ինձ համար ապրում,
հա, մամ, երևի քո օրինակով լավ մայր կլինեմ,
բայց քո օրինակով ինձ չեմ սպանի ամեն անգամ
շուրջբոլորս կյանք սփռելու համար,
քո նվիրվածությունը չափազանց էր, մամ,
ու ես հիմա եմ հասկանում դա,
երբ հեռու ես ինձնից,
ոչ հեռախոսը, ոչ տեսազանգը,
չի լրացնում բացը,
գրկելու բացը,
քեզ փաթաթվելու, տաքանալու բացը,
մայրական ջերմությունդ ինձ կլանելու,
ու էս աշխարհից կտրվելու բացը,
քո մասին, մամ, վաղուց չեմ գրել,
բայց էն ժամանակ գրածս ուրիշ էր,
մանկական էր, հասարակ էր,
ուղղակի սեր էր՝ օդի մեջ կախված,
արհեստական ծաղիկի նման
կար, բայց քիչ էր,
հիմա ուրիշ ա,
հիմա ես էլ եմ շատ ուրիշ, գիտե՞ս,
մամ, ես գիտեմ, որ քո միակը,
քո աղջնակը պիտի միշտ ժպտա,
պիտի միշտ շողա,
պիտի միշտ հաղթի,
պիտի միշտ գործի, միշտ առաջ գնա,
չհանձնվի ու էլ չտրտնջա,
բայց, մամ, գիտե՞ս,
լացել եմ ուզում, քո պես,
երբ ուժերդ չափից շատ էին,
ու դու հոգնել էիր ուժեղ լինելուց,
ուղղակի նստում ու լալիս էիր
քո չափից ավելի ուժերի վրա,
մեջքիդ շալակած հոգսերի վրա,
մենակության ու կարոտի վրա,
որևէ մեկին չհենվելու, հոգսդ չկիսելու վրա,
լալիս էիր, մամ, հիմա էլ թույլ տո՛ւր, աղջիկդ լացի,
քո ապրած կյանքի, հեռավորության,
էս կարոտի ու նրա վրա,
որ շուտով ես էլ կլսեմ, մամ, մի լացի,
ես սիրում եմ քեզ,
կլսեմ, սակայն, դեռ կզգամ ինձ փոքրիկ երեխա,
Աղջնակը քո…