***
Սովորական գրող եմ,
Համ էլ՝ լրագրող,
Բայց, դե, գիտես…
Չափից ավելի փափուկ եմ
Էդ կեղտի մեջ լինելու համար,
Բանաստեղծ եմ,
Մեկ-մեկ էլ՝ մարդաստեղծ,
Մեկ-մեկ էլ՝ մարդասպան,
Բայց, դե, գիտես,
Ցավեցնում եմ, որ
Չցավի այդքան…
Սպանում եմ, որ
Մի քիչ էլ ապրեմ,
Խաբում եմ ինձ
Ու ստեղծում քեզ՝
այդքան սիրուն, այդքան սիրող…
Գրողի ծոցը թող գնա իրականությունը,
ինչ-որ գրողի տարած գրողի ծոցը,
Դու կաս, դու կգաս,
Կգաս, կգրկես,
Ու կասես՝ հերիք է,
Կլվաս արյունոտ ձեռքերս
Ու կտանես ինձ ծաղիկներ ջրելու…
Կմաքրես արցունքներս, որ ներս են թափվում,
Ու դեմքիս չմարող ժպիտ կնկարես…
***
Դեռ թաց ներկի նման
ծորում է հայացքս,
Հետո՝ մարմինս
Հետո՝ հոգիս…
Թափվում է գետնին,
Մարդկանց ոտքերի տակ,
Թափվում է դանդաղ…
Ու անհամաչափ
Ու տխրահռչակ ինչ-որ մեղմությամբ…
Ես հոսում եմ մարդկանց առջևից,
Հոսում եմ՝ անվերջ ինձնից փախչելով,
Անվերջ հալչելով մարդկանց աչքերից,
Մարդկանց շուրթերից մեղմ հառաչելով…
Ու ես փախչում եմ մարդկանցից բոլոր,
մարդկանցից՝ անհայտ ու հռչակավոր,
Ես հեռանում եմ ու երջանիկ եմ,
Ես ծորում եմ ինչպես չարիքը
Երբ որ բարիք է պատրաստվում դառնալ,
Ես որոշել եմ կրկին մենանալ…
Ինքս ինձնից էլ… փախչել եմ ուզում,
Գուցե ինձնից է, որ չեմ երազում,
Էլ չեմ երազում, իսկ դա պատճառ է,
Որ ես կորցնեմ ներսիս հանճարը…
***
Ես վերցրի գրիչս,
Հետո՝ զենքը,
Եվ սպանեցի բառերը՝ իրար կողք շարվող:
Եվ ես ցանկացա դիպչել քեզ,
Մատներս սահել ուզեցին ուսերովդ,
Եվ ես զգացի կարիքը քո,
Իմ հավատարիմ,
Քո անասելի կարիքավոր կարիքը,
Քո անկարելի կարոտը զգացի։
Գիտե՞ս՝ ատում եմ հոգնեցունց տրտունջը,
Որն աշխատասիրության հետևանք է,
Արի չջարդենք մեր մարմինները նրանց նման,
Արի թույլ տանք լինել ազատ ու ազնիվ նույնպես,
Ես աշխատասերներից ծնվեցի ալարկոտ,
Եվ սիրելն էլ ինձ համար հավելյալ հոգս էր,
Բայց քեզ սիրելուց չձանձրացա,
Ու դարձա կին քեզ հավատարիմ,
Կիսեցի կենցաղն այս զզվելի
Եվ քեզ հետ կիսեցի սիրտը իմ,
Մարմինս կիսեցի, մտքերս, բայց
Արվեստ կիսել չկարողացա,
Արվեստասեր չգտնվեցիր,
Բայց ինչպե՞ս սիրել ինձ կարողացար։
Հիմա վերցնում եմ զենքն ու սպանում
Կամ միջիս կնոջը,
Կամ էլ՝ աղջկան,
Կամ էլ՝ քեզ, ներիր,
Ուրիշ ելք չկա։
***
Տողերիս մեջ դու միշտ կաս,
Թաքնված դրանց ետևում՝
Նայում ես ինձ,
Ուզում ես՝ քեզ չնկատեմ, բայց
Անհնար ա… ախր, տողերս քեզնով են լցված,
Ախր, էս դու ես,
Էս բառերից քո հոտն ա գալիս,
Քո մանկական հոտը,
Ու միամիտ հայացքը քո ամենուր ա։
Չգիտեմ՝ դու ինձ օգնում,
Թե խանգարում ես ապրել,
Բայց ես քեզնից ազատվել չեմ կարողանում,
Ու չեմ էլ ուզում,
Դու ինձ պետք ես,
Պետք ես, որ հիշեցնես,
Թե ով էի, ինչից սկսեցի,
Պետք ես
Քո միշտ կապտուկներով լի ծնկներով,
Որոնք քեզ փոքրիկ մոլորակներ էին հիշեցնում,
Քո ոչ հավասար, իրարից հեռու ատամներով,
Որ քեզ սկյուռի տեսք էին տալիս,
Քո վախերով, քո անհարկի տխրությամբ,
Քո անսահման հավատով,
Քո անհասանելի երազանքներով,
Քո իլյուզիաներով ու իդեալիզմով,
Դու պետք ես ինձ, հա՛,
Լացկանս, ուժեղս,
կոմպլեքսավորված ինքնավստահս,
Միակս, թանկս,
Ես քեզ էնպես կգրկեի,
Էնքան երկար կխոսեի հետդ,
Կպատմեի, որ արդեն քեզ պես
հրաշք երեխա ունեմ,
Կասեի, որ դուք նույն աչքերի խորությունն ու իմաստությունն ունեք,
Ու կուրախացնեի քեզ՝ ասելով,
Որ նրա աչքերը քո սիրած գույնն ունեն՝ կապույտ, անեզր ծովի կապույտ գույնը…
Կհավատացնեի քեզ, որ երջանիկ եմ, գտել եմ իմ մարդուն ու, ամենակարևորը, սիրված եմ,
Դա կասեմ, որ չվախենաս ինձ համար,
Գիտեմ՝ որն է քո ամենամեծ վախը։
Հետո քեզ համար մրգային պաղպաղակ կգնեմ, կնվիրեմ քեզ մեծ ու գեղեցիկ մազակալներ,
Երկու պոչ կանեմ մազերդ,
ու կգնանք քո սիրած տեղը`
Կմտնենք սեղանի տակ,
Որտեղ տնակ ես պատրաստել`
Բոլորից կտրված,
Ես կլինեմ միակը, որ հյուր կգա քո տնակ,
Դու ինձ խաղալիք բաժակներով թեյ կհյուրասիրես ու կծանոթացնես քո միակ ընկերոջ՝ Սիմբայի հետ,
Հետո կհարցնես՝
— Իսկ քեզ հեռուստացույցով ցո՞ւյց են տալիս ինչպես երազում էիր.
Ես կշեղեմ հարցը,
Որովհետև շատ կտխրես, երբ իմանաս, որ ամենամեծ երազանքդ անկատար է դեռ,
Որ հեղինակային հաղորդում չեմ վարում ու
սուպեր լրագրող չեմ,
Բայց կսփոփեմ քեզ՝ ասելով, որ հիմա շատ ավելի հեշտ է առաջ գնալ, ուղղակի դեռ չեմ հասցնում, ախր արդեն ընտանիք ունեմ,
— Ընտանի՞ք,- կհարցնես դու,- մեր ընտանիքի նմա՞ն,
— Չէ, մի քիչ ուրիշ,
Բայց մենք էլ ծնողներիդ պես
պաշտում ենք մեր փոքրիկին:
Ես կհավատացնեմ քեզ, որ դու շատ գեղեցիկ ես,
Ու կխնդրեմ ավելի ինքնավստահ լինել։
Վերջում կասեմ.
— Փոքրիկ Անիս, ես էնքան եմ սիրում քեզ,
Իսկ դու կասես.
— Իսկ քեզ հիմա սիրո՞ւմ ես:
— Շատ,- կպատասխանեմ ես,
ու այդժամ դու հանգիստ կվերանաս՝
մյուս անգամ գալու ակնկալիքով։
***
Իսկ էս անգամ չեմ փախել քեզնից,
Էկել եմ գրկաբաց,
Մի քիչ կարոտած,
Ու շա՜տ հոգնած։
Հա՛, հոգուս խորքում դեռ քեզնից նեղացած եմ,
Չգիտեմ ինչի, դու ավելի լավ գիտես,
Դու ինձնից իմաստուն ես, քաղաքս,
Իմ ծեր ու կանաչ քաղաք,
Իմ հետաքրքրասեր, բայց սրտացավ քաղաք,
Իմ փոքր, բայց սրտի չափ մեծ թվացող քաղաք,
Աշխարհի ամենահանգիստը լինելով՝
Ինձ անհանգստացնող քաղաք,
Իմ հրաշք քաղաք,
Որ լի ես հրեշներով,
Իմ ճնշող քաղաք,
Իմ ճնշված քաղաք,
Իմ մութ քաղաք,
Բայց այս ամենի մասին միայն ես գիտեմ,
Չէ՞, իմ գաղտնիքներով լի քաղաք։
Քո մասին դու չես սիրում պատմել,
Քո մասին մարդիկ են իրար պատմում հիացած,
Քեզ մոտ եկածներին նայում նախանձով,
Իսկ ես՝ քեզնից գնացածս,
Ամեն անգամ քեզ գրկել եմ ուզում,
Բայց գրկել՝ հրաժեշտ տալուց առաջ։
Չէ, հիշաչար չեմ, ու մի օր հաստատ կհաշտվենք,
Չէ՞ որ երկուսս էլ մեղավոր ենք,
Բայց ես գիտեմ, դու ինձ սիրում ես,
Սպասում ես, համբերում,
Իսկ ես քեզնից էլի փախչում եմ,
քո մեջ էլ քեզնից թաքնվում ու…
Հիշում մանկությունս քո մեջ,
Պատանեկությունս քո մեջ,
Երբ ոչ երջանիկ էի, ոչ էլ՝ դժբախտ,
Բայց ես էդքան էլ ես չէի,
Քո պես,
Ինձ կհասկանաս, իմ սիրուն քաղաք,
Իմ բոլորից փակ, բոլորին կանչող,
Բայց բոլորից թաքնվող քաղաք…
Դու իմ հոգեբանը դուրս եկար,
ես էլ քոնը փորձեցի լինել,
Բայց էլի չհասկացանք իրար։
Ես կգրեմ քո մասին դեռ շատ անգամներ,
Իսկ դու ինձ փորձիր ժպտալ այս անգամ,
Իմ տխուր քաղաք, իմ կանաչ քաղաք…

Կիսվել նյութով

Թողնել մեկնաբանություն