Գյուղացին բերել է գյուղացուն ման տալու: Մերին տասնհինգ տարեկան է: Երբ ծնվեց, հորքուրս` գյուղի դպրոցի տարրական դասարանների ուսուցչուհին, գնաց ծննդականի հարցերով զբաղվելու. մեր տանն ընդունված չէ, որ տղամարդիկ ամեն մի առիթով թեթևացնեն իրենց ծանր տեղը: Նոյեմբերյան ցեխի միջով քայլելով` հորքուրս անուն մտածեց, հետո գրասենյակի վեցթևանի ջահին նայելիս` գլխի ընկավ, որ Մերին մի տեսակ գյուղական անուն է, անշուք, ծննդականի մեջ գրել տվեց Մերրի` քաղաքի փափուկ, ծորուն ր-ներ, քաղաքային սիրուն երկարատառ ձեռագրով. մենք դեռ էն ժամանակ էինք քաղաքների մոդայից հասկանում: Ծննդականը տվեց Վարդուհուն,- աղջիկդ մեծանա ինձ երախտապարտ կլինի` հոգաչափ,- ասաց ուսուցչուհին: Մերին դպրոցում պրոբլեմներ ունի. մատյանի մեջ սխալ, գովասանագրերի մեջ սխալ են գրում անունը, ութի վկայականի սխալն ուղղելու համար հասել էին Քաղաք: Վարդուհին ասում է պասպորտի մեջ մի ր-ն կհանենք, ձևերի հետևից չենք ընկնի, հորքուրս հուսահատ նայում է Մերիի երկար, բարակ քաղաքային մատներին, մտածում է դրա համար է դաշնամուրի դասերի գնում: Ատելով է գնում, որովհետև արդեն վեց տարի հարևանի տանն է պարապում, դաշնամուր չունի: Հարևանի աղջիկները նայում են նրա մատներին, իրենց մատներին, նրա մատներին… Սրանք երրորդ դասարանից թողեցին պարապելը, մայրն ասում էր` ինչի՞ս է պետք: Մեծն անցած ապրիլ ամուսնացավ: Մերին երկար մատներով պարել էր նրա հարսանիքին ու նրա հարսի շորը հեչ չէր հավանել,- գեղացու շոր էր, Ա՛ն, սրա պես,- Մերին ցույց է տալիս ցուցափեղկի հարսանեկան զգեստը, որ բարակ սպիտակ լույսի մեջ սպասում է Երևան քաղաքի “Փարիզ” խանութում: Մերին սիրուն բաներից հասկանում է, բայց մտածում է, թե ուզում է բուժքույր դառնալ: Մտածում է` ինքն է ուզում բուժքույր դառնալ: Իբր Վարդուհին չի ասել, թե գյուղին բուժքույր է պետք: Վարդուհին ասել է գյուղին բուժքույր է պետք, մի ր-ն էլ կհանենք, որ նախիրով կով չպահենք` Մերիին երևաններում ուսանող կերցնելու, հագցնելու: Ուզում է Մերիի նուրբ երկար մատները տանի-փաթաթի սրսկման ասեղներին, ճնշման ապարատին, ջերմաչափին ու փորկապության մոմիկներին, ուզում է Մերին սրսկի ու մտածի` ափսոս, Ֆիլիկի կնգա հաստ միսը ծակի ու մտածի, բամբակով մաքրի արյունը, մի ձեռքով ասեղը բռնի, մյուս ձեռքով վերև քաշի դրա կեղտոտ տրուսիկը: Էդքանը գյուղում էլ կսովորի` մտածում է Վարդուհին: Մերին երկար մատով ցույց է տալիս «Փարիզի» հարսանեկան շորը ու չի հավանում. ոչ որովհետև գյուղացի է: Մերիին բերել եմ Երևան ման տալու:
Քաղաքը լիքն է գյուղացիներով, որ լցվել են այստեղ ու չեն թողնում Վարդագույնն իրեն հանգիստ տա, արարատյան արևի տակ փռվի, Ֆիլիկի կնգա պես բաց հետույքը դեմ անի, արևի տակ չորանա-մնա: Այս քաղաքը` գյուղացիներով, այս քաղաքը` քաղաքացիներով` հներով, որ առասպելներ են լսել, օրինակ, հավերի հղիություն մասին, ֆու, գյուղերը` հավերով լցված, ֆու, ֆու, գազարներն աճում, երկար կախվում են ծառերից, կպնեն գլխիդ, կընկնես նոր ջրած մարգի մեջ, կովի թրիքի մեջ, թրիքը վառում, լավաշ են թխում, աստվա՛ծ, հեռու պահես, մենք սուպերմարկետից ենք օգտվում, գազար ընդհանրապես չենք առնում, հավ առնում ենք, բա որ հղի լինեն, աստվա՛ծ, շնորհակալ ենք` մեզ քաղաքում ես ստեղծել:
Քաղաքի մի քանի աղջիկներ հենց նոր դուրս եկան դիմահարդարման սրահներից, ու հնարավոր չեղավ նրանց տարբերել: Մյուսները, որ ներկռտում էին սրանց, սեղանին Vogue-ի բարիկադներ ունեին, EL Style, Playboy, հո գյուղացի՞ չենք, ու քսում էին ոսկեգույն ներկը, հետո հոնքերի տակ ահագին սպիտակ փայլ, արծաթ ու փիրուզ, սիրենըվին մոդա է, հետո կառուցեցին մազերը, հետո բիժուները, ու երբ սրանք դուրս եկան սալոններից` նույն հոգուց վեց հատ, ես ու Մերին այդ կողմերում չէինք, որ նայեինք նրանց, հետո նայեինք իրար, կիսաժպիտ նայեինք իրար` այսինքն մեր գյուղի Հովնանը գառներին ներկում էր տարբեր գույներով կամ բրդին գունավոր կտորներ էր կարում, որ գառնոցում իրարից տարբերվեին, գառներին հոտի մեջ անհատականություն էր շնորհում, ընտրում էր, որ ներկած գույնը գառանը սազի: Հովնանը գույներից հասկանում էր: Գառնոցում նրա շորերն արևից գունաթափ էին, քաղաք գալու շոր չուներ: Քաղաք շուտ-շուտ գալիս էր հորքուրս Ֆիլիկի կնգա հետ:
Մերին նեղվում է սալոնների անսովորությունից, ասում է արի մի տեղ գնանք, որ ծառից խնձոր ուտենք, ոտքերս դնենք առվի ջրի մեջ, դու ծուխը ներս շնչես, հետո դուրս, ես նայեմ: Նստում ենք 253-ը` ոչ գյուղ, ոչ քաղաք Հաճըն: Ամեն ինչի արանքում, Երևանի ու Ճատկռանի արանքում: Տրանսպորտի մեջ կապկպված հավեր, բանկաներ, սուր-սուր կոշիկներ, կլոր օղեր կանանց ականջին: Տղաների վրա Վերսաչիի, Գուչիի քրտնած նշաններն ու գարշահոտը, աղջիկների վրա հալվող կտորներ, աղջիկների վրա տղաներ, տղաների վրա մենք, մեր վրա հավերն ու վարորդը, բոլորիս վրա Վարդան Ուրումյանի տառապանքը: Ամբողջ ճանապարհին մտածում եմ` Հաճընում քանի՞ ր-ով կգրեին Մերիի անունը (ասա ձեր ծառերին խնձոր չկա՞ր): Ես ու Մերին ուժասպառ իջնում ենք, ես ու Մերին ձիու նման փնչալով հանգստանում ենք, առվի ջուր ենք խմում, ես ու Մերին նայում ենք իրար, դիմացի մայթից մարշուտկա ենք նստում, ես ու Մերին Հաճընից վերադառնում ենք քաղաք: Բոլորիս վրա` Բղդոն: Մերիին Հաճընում հարցրած են լինում` ո՞ր գյուղից ես, ազիզ:
Ես ու Մերին գնում ենք Հոկտեմբերյան, ես ու Մերին Հոկտեմբերյանից հետ ենք գալիս քաղաք: Մերիին Հոկտեմբերյանում հարցրած են լինում` ո՞ր գյուղից ես, ազիզ:
Կարմիր սրճարանում խնձորի հյութ կա ու լողացող ձկներ: Մերին, որ չի կարողանում պատառաքաղը ձախ ձեռքում համարձակ գործածել, գիտեմ կարմրելու է: Ես պատմում եմ, որ Օնասիսը մատներով է կերել Ժակլինի մատուցած արքունական ճաշը, մի բան էլ կերակուրն համեմատել է կնոջ հետ` մատներով ճաշակելու առումով: Մերին արդեն լրիվ կարմիր է: Ես ասում եմ, որ ամենակարևորն արհամարհելն է, քաղաքն արհամարհելն է, գյուղն արհամարհելն է, ամենակարևորը պատառաքաղն ու երկար մատները արհամարհելն է: Ամենակարևորն ապրելն է նրա անունից դուրս պրծած ր-ի նման` ավելորդ ու անհրաժեշտ: Ես ատում եմ, որ Մերիին սովորեցնում եմ, թե ինչպես է պետք ապրել: Ես ասում եմ` ապրում ես, ինքդ կսովորես: Հետո որոշ բաներ չես կարողանա մոռանալ: Ամենակարևորը հիշածդ մոռանալն է:
Ես տասնհինգ տարեկան էի, գյուղն էլ բուժքույր ուներ, ու ես չգիտեի որտեղ պետք է օգտագործեի բարեգութ քրոջ իմ տաղանդը: Ու մերս ճիշտ ժամանակին ջարդեց կողը, որովհետև շատերն արդեն գնում էին մասնավոր պարապմունքի, իսկ ես պարապությունից մեռնում էի: Հետո ես շատ լացեցի քաղաքում անգլերեն լեզուն սովորելու համար, ու որ գյուղում դեռ բուժքույր կար, մերս ստիպված էր ցանել տոննայով կարտոլը, ու հերս ստիպված էր մշակել հինգ արտի չափ հող, չնայած այդքան էլ չէր հասկանում, թե ինչի համար է այդքան տառապանքը: Մերիի հետ նայում ենք լողացող ձկներին, որոնք վաղուց մոռացել են, թե ինչպիսի ծովերում են ծնվել:
Ես Մերիի համար առնում եմ սպորտային կանաչ կոշիկներ, համոզում եմ, որ հագնի իր կարած ծաղկավոր զգեստը, որ անի ուզածը, որ դառնա ուզածը, որ ինքը գեղեցիկ ծաղկեփնջեր է սարքում, որ սիրուն էր ներկել իրենց հին կամոդը, որ պատառաքաղը հեչ պարտադիր չէ, նա լավ է պարում, բնատուր արտիստ է, ու կարևոր չէ, թե գյուղում ինչ չկա: Մերին ոգևորված է: Մերին գնում է գյուղ, գյուղից զանգում է ինձ, որ միտքը փոխել է բուժքրոջ հաշվով, որոշել է դառնալ կենսաբանության դասատու: