Երբ փակվեցին ճանապարհները կյանքի,
և կյանքը խաչվեց մահվան հետ մի անկյան տակ,
երբ սովամահ եղան երեխաներն այն տան,
և կնոջ արգանդում մնաց չծնված մի կյանք,
ձեռնափայտով պապն էլ
ուշքը կորցրեց անթթվածին օդից,
և խանութներն իմ բակում
դատարկությունից փակեցին իրենց մուտքը։
Չոր հացին կարոտ մնաց երկու-երեք տարեկան երեխան։
Երբ հերթի մեջ մահացավ տղան,
ուժասպառ եղած տատիկն էլ
հիասթափված բռնեց ճամփան իր տան։
Ես նայում էի բակում ծիծաղող
փոքրիկներին ու հավատում՝
լոխ լյավ ա իննան…
Ես լսում էի թռչունների ծլվլոցը,
ու քամի շնչում ողջ թոքերիս մեջ…
Ինքս ինձ ժպտալով՝
աղոթքալցված կրկնում էի՝
Լոխ լյավ ա իննան…
Որովհետև Աստված մեծ է
և իր Զավակին մենակ չի թողնում։
Որովհետև բազմիցս տեսել եմ հրաշքներ
ու հուսացել, լուռ սպասել…
Որովհետև Աստված Սեր է,
և Աստված է ժամանակը։
Աստծով է ժամանակն ապագայի։
Բայց այսօր,
երբ երեխան արևահարված ու պառկած է առանց դեղի,
երբ գերի են տանում հիվանդ մարդուն,
երբ մայրը հեռու է իր զավակից,
մանուկն էլ զուրկ է «մանուկ» մնալու իրավունքից,
երբ կյանքը խաչվել է մահվան հետ
և վանդակված ազատություն է մեր գլխավերևում
և անազատ «ազատ» ենք մենք…
և անարդար գերի ենք մենք ու մեղավոր,
որ ծնվեցինք հենց այս երկրում…
Մեզ կողպեցին մի քաղաքանման վանդակի մեջ,
խլեցին մեզնից շնչելու օդն ու ասացին՝
ապրե՜ք…
ապրեք,
որ Չապրե՛ք։
Հիմա նայում եմ (ան)հոգ երեխաներին,
հիվանդ ու ծեր տատուպապերին,
այս կռո, չհանձնվող ու պայքարող ազգին,
ու նորից մտքում ասում ինքս ինձ.
— Լյա՛վ, պա վերջը հինչա՞ իննան։
Ու էլի Աստված գալիս է մտքիս,
ամուր գրկում ինձ,
Ու…
— Վերջը Եսում իննան (Տեր Աստված)
Ուրեմն…
Լոխ լյավա իննան։
Մի աղջկա պատմություն
Պատերազմ էր…
Հիշում եմ՝ հայրս իրեն զոհեց, որ ես ու մայրս ողջ մնանք։
Հետո եղբորս սպանեցին։
Սպանեցինը ո՞րն է…
Ողջ-ողջ կաշին քերեցին, տանջամահ արեցին։
Ու վերջում մայրս ինձ ամուր կրծքին սեղմած
թաքստոցում մնաց այնքան,
որ ի վերջո լսենք՝ հաղթել ենք։
Այդ ժամանակ մայրս մենակ մնաց։
Ու մնացի ես անհայր, անեղբայր, փոքր ու անպատշպան…
Մեծացա… մի կերպ մեծացրեց մայրս։
Այսօր ամուսնացել եմ…
Էի… ամուսնացած էի…
Կրկին պատերազմը եկավ։
Ու հիմա իր գրողի տարած բացակայության համար
ես էլի գին վճարեցի։
Խաղաղության փոխարեն
պատերազմը տարավ իր հետ ամուսնուս։
Ու իմ երեխան, որ դեռ նոր պիտի ծնվեր,
անհայր մնալու ցավից ծնվեց ավելի շուտ
ու մահացավ տեղում։
Տղա էր… իմ չապրած երեխան էլի տղա էր։
Ու ես նրանց բոլորին
միայն մի տեղ եմ գնում ու հանդիպում։
Իմ հայրենիքում։
Հայրենիք, որն ինձ ծնկի է բերել իր փորձություններով,
իր ցավով ու վշտով։
Հայրենիք, որտեղ ապրելը
արդեն իսկ ուժեղ մարդու ընտրություն է։
Այսօր այդ հայրենիքում չկա ոչինչ նյութական արժեքից։
Չկա սնունդ։
Չկա դեղորայք։
Չկա լույս կամ գազ,
Չկա տրանսպորտ,
Չկա ոչ մի նյութական անհրաժեշտ բան։
Բայց փոխարենը կա ցավ,
որ կապում է ամուր իմ հոգուն իրեն։
Կա սեր, որ ծանրն ու ամենաիրականն է։
Իմ ընտանիքը հիմա ննջում է այստեղ։
Իմ սիրտը հիմա քնած է հայրենիքիս ոտքերի տակ։
Իմ երեխան իր հոր, հորեղբոր, քեռիի ու
պապիկի կողքին է քնած։
Մուշ-մուշ…
Մուշ-մուշ…
Աչքերը փակել ու հրեշտակի պես քնել է…
Ինչպե՞ս թողնեմ նրանց այստեղ ու
հրաժարվեմ ապրելու կամքից։
Ինչպե՞ս չապրեմ …
եթե նրանք իմ ապրելու համար ննջեցին։
Հայրենիքս գրկել է նրանց…
Հայրենիքս գրկել է նրանց։
Իսկ ես գրկում եմ նրանց այնքան,
որքան դեռ կամ ու ապրում եմ հայրենիքիս մեջ։
Ու եթե ես տարել եմ հոգևոր փորձությունները,
Այս նյութական բարդությունները ոչինչ են…
Ոչինչ են…
Ես ապրել եմ ու ապրելու եմ իմ հողում։
Շրջափակված Արցախ, 2023 թ.

Կիսվել նյութով

Թողնել մեկնաբանություն