Աննա Միրաբյան

Ես այնտեղ չեմ

Ինձ մի փնտրիր անցորդների թաց աչքերում,
Ծովի ափին, ավազներին մոլորաշաղ…

Ինձ մի փնտրիր գիշերվա մութ առկայծներում,
Խավարի մեջ կամ լռության ստվերներում…

Ոչ էլ փնտրիր կամուրջներին հին խենթության,
Կամ էլ տարվա բյուր օրերի կտավներին…

Ես վաղուց եմ հետքս ջնջել, զուր մի փնտրիր,
Ես այնտեղ չեմ, ու երբևէ չեմ էլ եղել…

Դու ինձ փնտրիր լուսաշղարշ երազներում,
Ես այնտեղ եմ`
կապույտներում ծիծաղաշուրթ…

***
Իջնում են փաթիլները դանդաղ
Եվ ակամա երազներն են հայտնվում
Թափանցիկ հուշերից պարելով…
Եվ մենք թաքցնում ենք հույզերն անցյալում,
Փակում ենք դռներն անեծքով,
Մենք էլ չենք խոսում,
Փախչել, անէանալ ենք ուզում
Երկնքում ծնված ու երկիր չիջած
Երազանքների կորսված ծովում…

Հիշում եմ
Ես չէի շնչում, որ դու չխեղդվես,
Չէի փոթորկվում, որ չթացվես ցավից,
Չէի բղավում, որ չզգաս անզորությունս,
Չէի փախչում քեզանից, որ
մենությունից չսարսես,
Չէի դողում տերևի պես, որ ճախրել սովորես,
Չէի փշրում սիրտդ, որ այնտեղ մնամ…
Հիշում եմ… ես սիրում էի…

***
Ամեն հուշ, իր բույրն ունի,
Եվ նույնիսկ, երբ հոգու պատերից
Ջնջվում են կարոտի դիմագծերը,
Միևնույն է, վերադարձի հրաշքը
Հուշի բուրմունքին է ծաղկած…

***
Ուզում եմ նստել մեզ բաժանող գնացքը,
հեռանալ…
Թողնել մաշված փողոցներին
Մեր անդավաճան հուշերը,
Որ նրանք էլ ոտնատակ դառնան,
Մեզ իրար էլ չկամրջեն…
Իսկ գնացքն էլ թող անվերջ սլանա,
Հեռու տանի քեզ… բաժանի մեզ…

***
Ձմռան արևի պես խաբուսիկ,
շողում ես, չես ջերմացնում…
ամռան անձրևի սպասումով
գալիս ես, տեղ չես հասնում…
աշնան քամու պոռթկումով
փոթորկվում` չես տանում…
գարնան ծաղկի ծիծաղով
հայտնվում ես, չես մնում…
տարերքի պես ելնում ես,
ինձ չես հուզում, չես բացում…

***
Մենություն,
երբեմն սիրում եմ քեզ,
ինչպես ազատությանը,
բայց ավելի հաճախ ատում եմ,
երբ դավաճանում ես կրկին ու կրկին,
կորցնում ես խոսելու ընդունակությունը
ու ես փակում եմ կոպերս,
որ կարդամ մտքերը ինձնից հեռացող…
մեզ իրար կապող…

Կիսվել նյութով

Թողնել մեկնաբանություն