Մտովի արթնանում եմ քնից ու քունս անկողնուս մեջ կիսատ թողնելով դուրս եմ գալիս իմ սենյակից, հետո իմ տնից եմ դուրս գալիս ու վերջապես քաղաքից, ու վերջապես գիտակցում եմ, որ ոչ անկողինս էր իմը, ոչ տունս ու ոչ էլ քաղաքը: Ժպտում եմ թեթևացած ու կիսատ: Գիտեմ, որ այս ասֆալտապատ արահետը ետադարձ ճանապարհ չունի: Մի տեսակ վերջին անգամ եմ նայում ամեն ինչին, նայում եմ ու անկախ ինձնից ժպտում` էլ ետ չեմ գալու, մտածում եմ, էլ ետ չե՞մ գալու, մտածածս հարցի է վերափոխվում, էլ ետ չեմ գալու կիսատ, վերջապես եզրակացնում եմ ես: Պիտի գտնեմ:
Մտովի հասնում եմ հղի կանանց հիշեցնող կամուրջներին, ակամայից ձեռքերս տանում եմ որովայնիս, ժպտում եմ: Այնտեղ ոչ ոք չկա, ես գիտեմ, բայց հազար ու մի անուն է անցնում մտքովս, չեմ կարողանում կողմնորոշվել, թե այդ անուններից որ մեկով պիտի կոչեմ նրան, մի օր երբ հայտնվի նա նախ մտքիս մեջ, հետո որովայնիս ու վերջապես այս կամրջին` ձեռքս պինդ բռնած: Չեմ կողմնորոշվում ու հեռանում եմ կամրջից, որոշելով այնտեղ վերադառնալ միայն այն ժամանակ, երբ անուն ունենամ, երբ գտնեմ նրա անունը: Հեռանում եմ կամրջից մի տեսակ խռոված ու զարմացած, որ մենակ եմ, որ ձեռքիցս ոչ ոք բռնած չէ….
Քայլում եմ ծովի վրայով ու ինքս ինձ զարմացած հարցնում, թե ոնց առաջ ոչ մի անգամ մտքովս չէր անցել այս ճանապարհներով երթևեկել: Հասնում եմ մի ապարանք ոսկեթել կլոր պատուհաններով ու ջրածին դռներով: Մերժում եմ խանի կինը դառնալ: Հաշունում է: Բացատրում եմ, որ չէ, չեմ կարող, որ ինձ տանը սպասող կա, հիմար ժպիտով ժպտում է: Չի հասկանում, ասում եմ, որ ես կամրջի վրա մի երդում եմ թողել, պիտի մի օր ետ վերադառնամ, հենց անունը որոշեմ, հենց գտնեմ նրա անունը… ոչինչ չի հասկանում, աշխարհի գանձերն է ինձ խոստանում, երդվում է ինձ աստվածուհու պես սիրել, հավատում եմ, բայց ախր չեմ ուզում, աստվածուհի լինել չեմ ուզում: Չի հասկանում: Ես էլ չեմ հասկանում, թե ինչը չի հասկանում, թե ինչու չի հասկանում: Դուրս եմ գալիս ապարանքից ծանրացած սրտով:
Մի քիչ գնում եմ, պտտվում եմ, ետ նայեմ ինչ տեսնեմ` ոսկե ապարանքը ավազե մի կույտ է դարձել, ու քամին իր բարակ մատներով խաղում է ավազի հետ, ին-որ բան է փնտրում, փորփրում է, ինչպես տատս բրինձ էր մաքրում:
Ծանր հոգոց եմ հանում ու շարունակում ճանապարհս: Ո՞ւր: Չգիտեմ:
Գնում եմ մտքով, գնում ու Բուդդային եմ հանդիպում մի խուլ ու մոռացված անտառում, հարցնում եմ` ի՞նչ ես անում, ասում է, թե` մտածում եմ: Ասում եմ` ախր մինչև հիմա մտածել ես, աշխարհի ոչ սկիզբն ես հասկացել, ոչ էլ վերջը, ինչի՞դ է պետք, արի գնանք, մարդավարի կապրես մյուսների նման, ի՞նչ ես հետդ բերել, որ ինչ էլ տանես, մյուսներիս նման մեկն ես, մյուսների նման աշխարհով գնա: Ժպտում է, չի հասկանում: Ասում է` արի, մնա էստեղ, կսովորեցնեմ այն ինչ նույնիսկ ես չգիտեմ, ասում եմ, չէ, կներես, ես պիտի գնամ, կամրջի վրա խոստում ունեմ թողած, հիմա աշխարհով մեկ ընկած անուն եմ ման գալիս, հենց գտնեմ, պիտի ետ վերադառնամ: Նայեց, նայեց, ոչինչ չհասկացավ: Իմաստուն ես ասացի, պիտի իմանաս թե որտեղ կարող եմ անունը գտնել: Ժպտաց, դարձյալ ժպտաց ու ավելացրեց, թե ինքն էլ է նույնը փնտրում ու դրա համար էլ մինչև հիմա փնտրում է: Ժպտացի… ժպտացի, ոչինչ չհասկացա:
Գնացի:
Մտովի մի քաղաք հասա, ուր կաթից շատրվաններ կային ու մամուռե ժայռեր: Մի ծերուկ տեսա, որն ինքն իր հետ թղթախաղ էր խաղում ու միշտ պարտվում էր ինքն իրեն: Ասացին, թե Կոլումբոսն է: Ուրախացա: Մոտեցա ու հարցրի, թե ինչպես եղավ, որ հայտնաբերածդ բոլորովին էլ մտքիդ հայտնաբերածը չէր, ախր ինչպես եղավ, որ սխալվեցիր: Ասաց` ես անունն էի փնտրում:
Ցավ զգացի որովայնիս մեջ, ուժեղ ցավ զգացի ու չհասկացա` ինչպես հայտնվեցի քարանձավում: Մեկ ջրի կաթոց էր լսվում, մեկ էլ գետնին ընկնող մետաղադրամի ձայնը: Մոտեցա, մոտեցա, բայց որքան մոտեցա ձայնն ավելի հեռացավ, որքան ինձ թվաց, թե հասնում եմ այնքան ճանապարհն ավելի խճճվեց: Հանկարծ մի ծերուկ հայտնվեց դիմացս գետնին նստած: Փորձեցի առաջանալ: Ուժեղ ճիչ արձակեց, ասացի, որ կարող եմ հետ գնալ, եթե ուզում է, կամ կարող եմ ետ գնալ, եթե չի ուզում: Էլի տարօրինակ ճիչ արձակեց ու լռեց: Քարանձավի առաստաղներից պարաններ էին կախված` կախվելու համար արդեն պատրաստ պարաններ: Շատ էին, հաշվել չկարողացա, չհասցրի: Գետնին արծաթադրամներ էին շարված: Հասկացա, թե ով էր: Լռեցի:
-Ինչու՞ ես եկել,-հարցրեց,- ի՞նչ ես փնտրում:
-Անունը, — ասացի:
Ուղիղ աչքերիս մեջ նայեց: Չհասկացա, ինձ սաստե՞լ էր փորձում, թե՞ ինչ որ բան էր խնդրում: Կարող եմ գնալ, եթե խանգարեցի, ասացի: Դարձյալ նայում էր ինձ անթարթ, անխոս: Հետո սկսեց իր մետաղադրամները հավաքել: Արծաթ են, ասաց: Հա գիտեմ, պատասխանեցի, ո՞վ չգիտի, զարմացա իմ հերթին: Ցնցվեց ամբողջ մարմնով իմ ասածից, խոցվեց: Իսկ ո՞վ գիտի, ասաց: Լռեցի, պապանձվեցի, չգիտեի ինչ պատասխանել: Մի խառնիր ինձ քո գործերին, կլինի՛, ասացի իբր թե վիրավորված, ես քո գործերի հետ գործ չունեմ, ես անունն եմ փնտրում, եթե գիտես ասա, եթե չէ, ես գնացի:
-Բոլորն ինձ մոտ են գալիս,- ասաց,- գալիս են երբ անունն են փնտրում, այն ժամանակ էլ անունն էին փնտրում, եկան մոտս, անունը գտան, հետո համբուրեցին ինձ, հետո համբույրս վեր կացավ ու գնաց ուր որ գրված էր ու բոլորն իմ համբույրի ետեևից եկան… Եթե աղոթես ինձ համար, բոլոր արծաթներս քեզ կտամ:
Լռեցի: Հասկացավ լռությունս: Ես իմ լռությունը չէի հասկացել:
Գնա, ասաց, ես չգիտեմ քո փնտրածի տեղը: Խռոված վեր կացավ տեղից, ուղղվեց դեպի պարանները, սկսեց հանգամանորեն զննել դրանք, տեսնելու համար արդյոք որևէ մեկը նորոգման կարիք չունի: Երբ նկատեց, որ չեմ գնացել, տարօրինակ շարժում արեց, բարկացավ մի պահ, հետո մանկական միամտությամբ ու սեփական անզորության գիտակցումով ուսերը թոթվեց ու ասաց` տես եթե քեզ սրանցից մեկը պետք է, վերցրու, էսքանն ի՞նչ եմ անում, մեկ է ինձ մահ չկա, իմը պատիժը կյանքն է:
Դուրս եկա էնտեղից, քայլեցի, քայլեցի, քայլերս իրենք իրենց արագացան ու վերածվեցին վազքի, քրտինքիս հետ արցունքներ խառնվեցին, որոնք իմը չէին, հաստատ իմը չէին, արցունքներով ցանկացա փողոցը մաքրել, չհաջողվեց, քիչ էին, ստիպված ոտքերս լվացի ու հոգնած պառկեցի արցունքներիս մեջ: Ուսերիս մեջ ծանրություն զգացի, թիակներիս մեջ` սաստիկ ծակոց, մարմինս ցնցվեց, գալարվեց, չհասկացա ինչու, չեմ հասկանում ինչու: Մեկ երկու անզոր շարժում արեցի մարմնիցս դուրս գալու ու հանկարծ թիակներս ծակվեցին ու ահռելի թևեր դուրս պրծան` մանուշակագույն ու դեղին բծերով: Ծանրությունից ուսերս սկսեցին նվվալ, հիմա ավելի էր մեծ մարմնիցս դուրս գալու ցանկությունը. ուժերի գերլարումով ևս մեկ անհաջող փորձ արեցի, որ դուրս պրծնեմ մաշկիցս, բայց հանկարծ թևերս ինձ վերև տարան… ու ես թռա: Ինձ չղջիկ էի զգում, այնինչ մի փոքրիկ աղջնակ տանիքին կանգնած` պապու թևն էր քաշում` բղավելով` պապի, պապի, նայիր, հրեշտակ է: Ծիծաղեցի ինքս ինձ վրա, ախր ինձնից ի՞նչ հրեշտակ… հետո հիշեցի, որ կարևոր մի բան եմ փնտրում, մտովի պատկերացրի, որ գուցե իմ աղջիկն էլ ինչ-որ տեղ հեռավոր մի տանիքի վրա կանգնած, անծանոթ մի ծերուկի ձեռքը բռնած սպասում է, որ ես իր անունը գտնեմ ու հետո գնամ իրեն գտնեմ: Մտածեցի, որ գուցե նա իմանա, փորձեցի ետ դառնալ, որ հարցնեմ, չկարողացա… ճանապարհգը փակվեց, միտքս խճճվեց, ես խճճվեցի մտքերիս մեջ, տխրեցի, լաց եղա, գլուխս պտտվեց, հավասարակշռությունս կորցրի ու վայր ընկա… անկողնուցս ցած, վայր ընկա երևի մանկանս լացի ձայնից, որ անհույս բղավում էր մաաաա աաաամ… վազեցի, վազեցի ու ինձ թվաց, թե չեմ կարողանում իր սենյակ հասնել, սիրտս պատռվում էր, ես վազում էի, նրա լացի ձայնն ավելի էր մոտենում, հասկանում էի, որ ուր որ է կհասնեմ, ուշանում եմ… հասա, գրկեցի, սեղմեցի նրան կրծքիս, շունչս կտրվում էր ցավից, ցրտից, ցասումից… հեկեկացի, հեկեկացի` ինքս էլ չգիտեմ ինչու, ինչի համար… հետո նա հարցրեց ինձ հազիվ տառերն իրար միացնելով` մամ, բա դու ո՞ւր էիր: Զարմացա, որ չգիտեր, զայրացա նույնիսկ, ասացի գնացել էի քո անունը փնտրելու, առանց անուն մարդ չի կարող ապրել, ասացի` քո անունն էի փնտրում: Հասկացա, որ ոչինչ չհասկացավ, զգացի, ու դրանից ես ինձ ավելի անզոր զգացի… ախր մարդ անանուն չի կարող մնալ, ես կամուրջներին խոսք էի տվել, երդվել էի, որ պիտի գտնեմ քո անունը, որ հետո քեզ գտնեմ… որքան ավելի էի խոսում, այնքան սեփական լռությունս ավելի էր սեղմվում մարմնիս: Լռեցի: Լռեց: Չհասկացանք իրար ու հասկացանք… մտովի ինձ հազար ու մի հարց տվեցի, հանելուկի նման կյանքս նետեցի մտքիս օրագրի մեջ ու ամեն ճիշտ պատասխանի համար ես ինձ բարձր գնահատական տվեցի, սխալ պատասխանի համար` ես ինձ զրկեցի պաղպաղակից ու կոնֆետներից, մտովի զայրացա ու զարմացա այս տարօրինակ ու անօրինակ աշխարհի վրա ու ինձ վրա զարմացա, քայլեցի մտովի ու մտովի հասա կամուրջներին, հիշեցրի ինձ ևս մեկ անգամ, որ նրանք նման են հղի կանանց, ժպտացի, ցանկացա նրանցից մեկը լինել, ընկնել անկողնուց իսկական մանկանս իսկական ճիչից… ձեռքերս իրենք իրենց շարժվեցին դեպի որովայնս ու հարմար տեղավորվեցին այնտեղ…ծարավ էի, մտովի քամին ըմպեցի, ծարավս հագեցավ, զգացի, որ կուզեի միայն մեկին տեսնել, նրան ում փնտրելու ու գտնելու համար դուրս եկա տանից (մտովի) ու մտքիս ճանապարհը կորցրի: Հիմա հաստատ գիտեմ, որ միայն նա գիտի այն անունը, որ ես եմ փնտրում, բայց այլևս ուժասպառ եմ ու ճանապարհս շարունակելու անզոր… տերունական աղոթքը արցունքի պես սահեց աչքերիցս ու այտերս ծանրացան ու այտերս ճաքեցին գերհասած կարմիր խնձորի նման ու արցունքներս հոսեցին դեպի շուրթերս ու արցունքներիս հետ աղոթքը լցվեց շուրթերիցս ներս… գտաաաաաաաաա, բղավեց հոգիս, ու ձախ ափս ուժգին սեղմեցի, վախենում էի, թե եթե բացեմ, գտածս կցնդի… այնքան ուժեղ սեղմեցի ափս, որ ուշագնաց ընկա ու քամին ինձ գրկեց ու քամին կեսգիշերային ճեպընթացի պես ինձ իմ տան մոտ հասցրեց, հետո էլ ասաց, թե` էլ տուն չեմ մտնի, կներես, շատ եմ շտապում, գործեր շատ ունեմ, ու ինձ շպրտեց պատուհանից ներս… ընկա անկողնուս մեջ, գրկեցի քեզ, ՍԵՐ ԻՄ, որ իմ բացակայությունից անտեղյակ հանգիստ քնած էիր, հետո իմ ու քո ձեռքերով որովայնս գրկեցի ու ձախ ափս արդեն համարձակորեն բացեցի… փոքրիկ մի զատիկ դուրս վազեց ու սկսեց շրջել որովայնիս վրայով… ժպտացի ու դու ոչ տեսար ու ոչ էլ հասկացար ժպիտս… ախր ես գտել էի…. գտել էի նրա անունը… սուր ծակոց զգացի որովայնիս մեջ, նա էր, երևի ուզում էր ինձ իր առաջին շնորհակալությունը հայտնել, երևի ուզում էր ասել, որ գոհ է մեր ճանապարհորդությունից, երևի… գուցե… ի՞նչ իմանամ… ամեն դեպքում ժպտացինք իրար, ու ես քեզ ժպտացի, հետո կարոտած համբուրեցի քեզ, որ իմ շուրթերի մեջ լցված տերունական աղոթքը քո մեջ լցվի…
Խնդաց սիրտս, կծկվեց տարօրինակ երջանկությունից ու միտքս շշնջաց.
— Ինչ լավ է, որ դու կաս ինչ-որ տեղ ու մենք մի օր պիտի հանդիպենք… ու դու պիտի կանչես ինձ` մաաաաաաաա ամ…..

Կիսվել նյութով

Թողնել մեկնաբանություն