փակեցի սենյակի բոլոր դռները,
որպեսզի դու անարգել լցվես իմ մեջ,
ու երակներիս միջով հոսող տիղմը ծորաց հայելու մերկության վրա,
որտեղ միևնույնն է ադպես էլ չապրեցինք երբեք,
թաց տողը գրված մայրամուտից մի քանի ժամ առաջ թափվեց ձայներիզի մեջ,
որ ամեն քայլափոխին կանխագուշակում էր մեր մահը,
և ես շատ հեշտ մոռացա տաք լույսը, որ պառկել էր ձեռքերիդ,
ու ձայնը, որ օձի պես սողում էր մկաններիս միջով,
որովհետև չեղա ջուր՝ քո մաշված մենակությունը շերտ առ շերտ լցնող,
կամ այն խորանարդը, որտեղ հանեցիր կոշիկներդ ու պառկեցիր քնելու
ինձ այնքան շատ են պատմել մի լքված տան մասին, որը ես եմ,
որի ավիրված սյուները ոտքերս են,
մինչ ահարկու մտքերը դուրս ցցված ցախերի պես քերծում են պատուհաններս,
իմ տեսած քարանձավներում կիսաքանդ խարիսխ կար,
որն ինչպես տձև օտարություն կախել եմ աչքերիցս, որպեսզի փախուստս գեղեցիկ լինի,
ու հիմա իմ բբերն արյունահոսում են նուրբ սիրով,
մինչ բառերը կհասցնեին ցամաքել աշխարհի բոլոր գետերում
գրողը տանի, խելագարություն է քայլել անդունդի եզրով ու գրել բանաստեղծություն,
թե ինչպես է ծխախոտդ այրում ձեռքերս, թե որքան մութ է շուրջդ ու ոչինչ չկա,
ինչպես ինքնաթիռներ ինձնից հեռանում են երկրաշարժված օրերը, ու ամեն մեկի մեջ դու ես,
ամեն ինչ այնքան փոշոտ է, որ չգիտեմ մարմինդ փնտրեմ, թե լսեմ ձայնիդ գեղեցկությունը
չլինելը այն ամենաերկար անքնությունն է,
որ թողեցի բարձի վրա, մինչ դու հագնում էիր վերնաշապիկդ իբրև կեղև
սեր իմ, դետեմբերի գիշեր էր, ես կանգնել էի պատուհանի մոտ,
ու շենքերի մերկ ուրվագծերը ճչում էին մթության մեջ,
և ինչ հաճելի էր պատկերացնելը, որ ինչ-որ տեղ հեռվում
դու փակում ես պատուհանները ամանորի սպիտակ հրեշտակների առաջ,
ու ծխում կիրքը՝ լինել հեռվում, լինել լքված, լինել մենակ մինչև հաջորդ կործանում
ես ապրում եմ վարկյանների դատարկ կմախքներում և կառուցում այն մարմինը,
որտեղ թարախի փոքրիկ պարկերում ամենակապույտ ծովերն են ծփում,
ես երազում եմ լինել նավը, որ խորտակվում է,
որ ջրիմուռը դիպչի իմ թաց փայտերին քո մատների շարժումներով
դու մեռնող նավապետի եղերերգն ես,
դու նա ես, ում հետ կուզեի այրվել այսպիսի դժոխային առավոտներում՝
կառուցելով այն քաղաքը,
որը չի ունենա տեսք,
չի ունենա հատակագիծ,
ձև,
տեղ,
չի լինի երբեք
***
գրել ինքդ քո մասին թափանցիկ տողերով, որ կանգնես մյուս կողմում ու երևաս,
ու հիշել կապույտի մեջ մխրճված անէությունը,
որից դուրս թափվող կռռոցի մեջ է մահը,
նայել արևածագին բանաստեղծության նեղ անցքից,
որտեղ մի տղամարդ կանգնած վարագույրի հետևում բառ առ բառ քողարկում է թռիչքը,
որտեղ մատաղե ծանր քայլերով կյանքը տրորում է որովայնը բառի
ու հիշում հին սովորությունը գերեզմանների միջով քայլելու
հայր, ես լարում եմ մազանոթները թևերիս՝ վերջին կործանող թռիչքի գեղցկության համար,
այնքան գրավիչ է քայլել ասֆալտի վրա, բիբերիդ մեջ, թարթիչներիդ միջով՝
պահելով նորաթուխ մի մահ,
կամ արցունքի անձայնությամբ հոսել դեմքի ակոսներով,
նույնքան գեր ու մերկ, որքան բուդդան կարող էր լինել,
կամ էլ սիրել հիսուսի ափերի կարմիրը, որ թողեցիր,
երբ սովորության համաձայն ուշանում էիր աշխատանքից
ձկները լողում էին ակվարիումում ու հաբ առ հաբ կուլ տալիս իջնող մենակությունը,
ես նրանց թեփուկների վրա խզբզում էի չապրած մահվան սեթևեթությունը
հայր, երբ վերադառնաս, մաշկափոխված կլինեմ այս նույն կաշվի տակ,
ու դեմքիս ծաղկած կլինեն նոր որդու դիմագծեր,
քստքստացնելով կքայլեմ գլխուղեղիդ վրա՝ այն համոզմամբ,
որ կերել ենք մեր բաժին խելագարությունը
հայր, երբ վերադառնաս, արյունը ամենաճիշտ ձեռագիրը կլինի՝
տառասխալներով գրված եղերերգի համար,
ու ավազի փոքրիկ թմբերի վրա կքամենք մեր ներսի արցունքը
ոչինիչ չկառուցելու համառ նպատակով,
կթողնենք, որ ալիքների կոպտությունը մաքրի տիղմը պարկետի վրայից,
ու դու լուռ կպառկես կողքիս՝ մեղքի մեջ,
ես մեծ անձրևանոցներ եմ կարել փոքր պայթյուններից չմեռնելու,
բառի արգանդում ծնվելու համար
թող որ իմը լինի գեղեցկությունը ու ահավորությունը մսակեր ծաղկի,
թող որ իմ բույրից փուլ գան քաղաքները բոլոր
հայր, սպանիր ինձ, երբ մառախուղ է,
դարձիր աստվածաշնչյան հերոս ու մսաղացի մեջ նետիր քո միակ որդուն,
որովհետև ես միշտ հայտնվելու եմ փակ դռան հետևից՝
անգույն ինչպես քամին, կատաղած ինչպես քամին, անանուն ինչպես քամին
***
որդը կերավ գեղեցկությունը մեր հոգիների թելերից կախ,
ու մենք մերկ մարմիններով քայլեցինք բարձր աշտարակներից ներքև,
ո՞րն էր ցավ, որ ճյուղերի պես դուրս էր ցցվել աչքերից,
երբ խելագարության ծանր աթոռները նստել էին մեր բիբերի ներսում
ես կարող եմ պատռել ցավը ու մաշկիցս պլոկվող տարիների հարմոնիան,
ու ձմեռն ապրող բույսի պես՝ սիրել պատուհանին կանգնած լռությունը,
տուր ինձ բանաձևը կյանքի ու սահիր ոտնաթաթերիս վրայով,
միգուցե ես կկարողանամ պատմել ուրիշ մոլորակում ապրող ձայների մասին,
իմ մարմինը բողոքում է ինքնասպանությամբ՝
մի սպիտակ դրոշ, որ թափահարում եմ ցուրտ արևի տակ,
ու կողոսկրերիս ցավից լցվում դատարկության արգանդում
ես անփութորեն կուլ եմ տալիս հաբը երջանկության ու կակազում տաք սենյակի մասին,
ես անկողնուս վրայից վերցնում եմ աղմուկն ու ուտում ամենօրյա նախաճաշի նման,
ու ինչպես անպարտաճանաչ հիսուս ուշանում եմ խաչելությունից
վառեք ձեզ,
ես մեռնում եմ, վառեք ձեզ, որովհետև միայն լողալ գիտեմ դատարկ օրորոցներում,
ու կոկորդումս խրված նոտան դուրս թքել ինձ համար պահած օրերի պաստառին,
ոչ մի նավ չի հասնում իր ափին, ու ցավը չի գտնում իր ուղղագիծը,
փաթաթվում է օձի նման, որ հենց նոր ծակեց ակնախոռոչս ու դուրս եկավ
չգրված բանաձևի պես թափառում անհաղորդության մեջ,
որտեղ մի տղա կարդում է՝ արյան հոտն առած,
մինչ վամպիրները սահում են անոթների ներսի զարդանախշերով
պոեզիայի չար վհուկներ, գողացեք նրան, պոկեք կաշին.
ցավը բառի զառանցանքն է,
նայեք նրան, նա հասարակ մեռնող է,
ով ողնաշարի ոսկորներում պահում է մահացու հիշողությունը երջանկության մասին,
որ մի հուդա հորինեց փրկության պարանից կախ
սիրեցեք նրան, որովհետև փշաքաղումից ծնվում է արարումը,
պատռեք նրա օրագիրը, ծամեք ու կուլ տվեք,
որովհետև նա վաղուց հիպնոսացրել է չնախատեսված կյանքը,
ու վերջապես առանց երկմտանքի շրխկացրեք դուռը մատների վրա,
որովհետև, օ՜ պոեզիա, դու բոլորովին էլ թռչող աստված չես՝
նոր ու վերջին անգամ ծնված
փակեք ձեր աչքերը, այստեղ մարդ է վառվել
հրաբուխ
պատի վրա մատով ճեղքեր քերծեցիր,
որպեսզի ամեն օր հետևես, թե ինչպես եմ տառապում,
ու աչքերիցս դուրս ցցված մետաղալարերից
դու կախեցիր քո հրաժեշտն ու հեռացար.
փոքրիկ կորուստներից հետո պետք էր սովորել լցվել արյանդ մեջ ու շոշափել ցավը,
որը երբեք չկարողացա լղոզել տան պատերին
զգույշ, ես կարող եմ փուլ գալ ոտնաձայներիդ երկրաշարժից,
ես կարող եմ գողանալ ժայռի տձևությունն ու դնել իմ մեջ,
քարեր, որ վառվեցին գանգիս խոռոչում, մինչ կսկսվեր պատերազմը,
և ձյան առաջին փաթիլը, որ ամենագեղեցիկ մահն էր,
նկարեցի հենց այս սուզման համար
տանկերը ծանր թրթուրներով տրորում էին դաստակներս,
իսկ ես սիրում էի պարտվածի հանդարտությամբ պառկել որովայնիդ մեջ,
և ինձ դուր էր գալիս հիշելը, որ ինձ կուլ ես տվել՝ ծամելով իմ մետաղե ուրվագծերը,
սառն եմ, ինչպես երկաթ՝ չկառուցվող շենքերի մեջ լցված,
և ծանր, ինչպես առանձին-առանձին կործանվելու անհոգությունը
օ՜, ճանապարհորդություն վառվող ածուխների վրայով,
ու մամուռե իմաստություն, որ բուսնել է ծերացող մարմիններին
անտանելի հաճելի է, երբ հալածում են քեզ իբրև կամազուրկի,
մինչ դու քայլում ես ձյունոտ տանիքների վրայով՝ երազելով ինչ-որ հիմար բաների մասին.
կվերադառնա՞ս իմ ավերակների առաջ,
կկարողանա՞մ հողի բարակ շերտերի պես նստել կոպերիդ,
այստեղ, իմ ավերվածության մեջ ես սպանել եմ կարոտն իմ ու մի թռչնի
հալված ապարի նման թափվում եմ հողի ամենամոտ շերտին,
հուսալով, որ երբեք չեմ ծլի երկրորդ անգամ,
գրողը տանի, ի՜նչ անհոգությամբ են բացվում ծաղիկները
իմ ոսկորներից պատրաստած ծաղկամանների մեջ
մահն ինձ հետ չի զրուցում, և չգիտեմ ինչպես պարաններ հյուսել քո երակներից,
ինչպես թաքնվել վերնաշապիկի տակ,
այն հողն եմ, որի վրա երբեք շենքեր չեն կառուցվում,
լափում եմ դրանք, թողնելով ձայնն անկումի ու մի քանի կակազող բառ՝
իմ կենսագրության համար,
քո կենսագրության համար