կապույտին քսվող մատներ

***
գնամ
խորտակվեմ
ծովում
որ
դառնամ
լսելի
միայն
դատարկ
խեցիների
միջից

***
անգամ
քո
վերնաշապկին
եմ
խանդում
որն
այդքան
հաճախ
գրկում
է
քեզ

այստեղ երկուսով ավելի տաք է

եթե
տեսնում
ես
ինձ
նկատիր
նաև
իմ
թաց
վերարկուն
կախիչից
կախված
և
ցեխոտ
կոշիկներս
միջանցքի
անկյունում

***
վազող, ընկնող, քերծված ծնկների ու արմունկների ժամանակներ են,
տղան՝ փշոտ մասրենի սենյակի անկյունում,
կինը՝ բնադրող ցախսարեկ՝ խցկված փշերի մեջ,
այնքան նուրբ ու ներդաշնակ,
որ եթե մատս ձգեմ, մասրենին կկծկվի մատիս ծակոցից,
եթե պատուհանը բացեմ,
ուրիշ թռչուն կարող է ներս գալ,
սենյակի մեջ մի կապույտ օվկիանոս կփշրվի
***
երկնքով
սրընթաց
մի
թռչուն
է
անցնում
ու
ես
հասկանում
եմ
ծառի
ափսոսանքը

***
իմ մեջ ջուրն է, որից արտահոսում են աշխարհի բոլոր գետերը,
երբեմն՝ կղզին, որի վրա դու երբեք չքայլեցիր,
և այս պարապությունը, որ մի ոտքը սեղանին հենած՝
ճոճում է ինձ աթոռի ետևի ոտքերի վրա,
իմ մեջ լռությունն է պատուհանի, մոխրամանում մոռացած ծխախոտը,
ինչպե՞ս մեկնվել որովայնիդ ծովափին,
որն իրական է, ինչպես դեղինը միքելանջելոյի մոտ,
ինչպե՞ս քայլել մի տան մեջ,
որի պատերն արդեն օսվենցիումի գազախցիկ են հիշեցնում,
և ինչպե՞ս, ինչպե՞ս չսարսափեմ իմ մարմնից,
որ հիշողությունների գերեզմանատուն է
քո բևեռային շնչառության մեջ,
առանց քեզ օրերը պտտվում են քունքիս մոտ, ինչպես ատրճանակի
փամփշտակալը,
իմ մահը քո հրաժեշտի մեջ է

***
սերը ծիծաղի կարմիր ծաղիկներ էր հորինում դեմքիդ վրա,
ու դու քո քիմերյան սև թիկնոցով շրջում էիր անապատային իմ էության մեջ,
միտքս ձիու վարգով դեպի քեզ է սլանում՝
գլխատելով բառերը, որ անփույթ նետված էին ճանապարհին,
հիշելով թափանցիկ առավոտը,
որն, ի տարբերություն ինձ, այսքան շուտ չի մեռնում,
և քամին,
և մազերդ՝ քամու անհեթեթությամբ լցված,
հիշելով կոպերիս մեջ դանակի պես սահուն մխրճվող լույսը,
ու կյանքը,
որն ինչպես անհանգիստ ալիք փշրվեց ոտքերիս տակ

***
ես ատլանտյան թույլ հոսանք եմ, որի միջով մի նավ է անցնում,
իմ մեջ հսկա շնաձկներ են վխտում, ու ամենավերջինը դու էիր,
դու, որ անվերադարձ փակվող դուռն էիր
ու երջանկությունը, որ վարանեց մի պահ ու գլխահակ հեռացավ,
դու, որ էս շուն անձրևն ես, չկարդացածս գրքի անմխիթար էջերը,
սեր իմ,
երբեմն այսպես է ավարտվում կիրակին՝
կողքիդ պառկած, ինչպես ասֆալտին մոլորված ոտնահետքերիդ ձեռագիրը,
մատներս երկար փողոցներ են,
որ ինձ տանում են քեզնից ու ճանապարհի կեսին մոռանում, թե՝ ուր,
հիշիր ինձ էսպիսին ու երբեմն էլ անիծիր,
շրթունքը թող ժայռ դառնա, կզակի փոսը՝ անդունդ,
գրպանում գաղտնի պահած հրաժեշտը՝ դանակ՝ կոկորդին դեմ տված

***
հիմա, երբ բանալու փոխարեն դանակը դանդաղ պտտում ես սրտիս մեջ,
հիմա, երբ ես գոռում եմ մարմինս աղացող դեղերից փրկված ցավը,
հիմա, երբ քաղաքի բոլոր ճանապարհները եկել են քեզ տանելու,
հիմա, երբ բառերն ինձ էլի սխալ են թարգմանում,
ու դրանից ես ավելի դատարկ եմ դառնում,
ու ավելի մենակ,
քան ինչ-որ մեկը աշխարհի ամենամարդաշատ քաղաքում,
մահը մոտենում է թիկունքից կատվի փափուկ ոտնաթաթերի վրա
ու սպանում քեզ աշխարհի բոլոր բանաստեղծությունների մեջ

վիրջինիա վուլֆ

ես տեսել եմ մահվան անտարբեր ձեռքը, որ իջավ մարմնիս մեջ,
կոճակ առ կոճակ արձակեց մաշկս
ու սեր չարեց իմ՝ չիմացությունից դողացող նյարդաթելերի հետ,
տեսել եմ մինչև վերջին կոճակը կոճկած ցավը թարգմանող բառեր,
տեսել եմ ասֆալտը ոտքերիս տակ ու մարդկանց, որ թռչել դեռ չեն սովորել,
տեսել եմ մենակ ու անօգնական մարմիններ հերձասեղանի վրա,
ու թե ինչպես էր դանակը բացում նրանց
սուրբ ծննդյան առավոտի փոքրիկ ստվարաթղթե տուփերի պես,
տեսել եմ ծով մեկնող գնացքը, կապույտին քսվող մատներս,
սիրո համաճարակը մարմնիս մեջ, ծխախոտը, անչափ սիրելի մեկին գրած նամակը
և իմ ապահարզանը ցամաքային կյանքից

Կիսվել նյութով

Թողնել մեկնաբանություն