հեքիաթ մորս համար
մելոդրամի վերջին կադրի
անհասկանալիության մեջ
քարացել է քաղաքը,
ու բոլոր որդիներն ու մայրերն ընդունում են
անխուսափելիությունը`
պտտվող մոլորակի ուղեծրի,
ավելորդ բառերի պարտությունների,
որ նետված բումերանգի պես
անընդհատ վերադառնում են քեզ
մամ
ու շարունակում վախեցնել ինձ
անառակ որդիների մասին
չպատմածդ հեքիաթներից
Հեքիաթ անառակ որդու մասին
Տղան ձայնը տվեց ու ոտք առավ,
Պոչը թողեց, շունչ ու թոք առավ,
Փողոցներով քայլեց, յար չգտավ,
Թախտին նստեց, բախտը չեկավ…
Ձյան տակ քնեց, արջի քուն մտավ,
Գարուն չեկավ, ա՛խ, գարուն չեկավ…
Սպիտակաձյուն աղջիկը խնձոր կերավ,
Բայց հենց համբուրեց վեր չթռավ…
Ու էն անտառի մի չար պառավ
Կյանքի թելը թաք ատամի տակն առավ,
Տղան ոտքն ոլորեց, ճամփան թեքվավ,
Վերջին շունչը փչեց, ջուրը մտավ…
Բախտը տղուց, տղուն բախտից փոշման թողավ…
Եկավ կանգնեց հոր դռան դեմը, ախն առավ…
ու կոշիկիդ լղոզված ծամոնի համառությամբ
ամեն օրը սկսվում է առավոտից,
մարդիկ թափվում են բաց պատուհաններից
ու փոշման քարանում օդում` սպասման մեջ,
որովհետև նորից պատրաստ են
նոր օր, նոր կյանք ու անգամ նոր
իրականություն սկսել`
նոր պարբերության մի մատ
խորքից ու մեծատառով,
ու հենց ամեն օր առավոտից սկսվում է
երկրորդ հեքիաթը
Երկրորդ հեքիաթը
Յոթ քար էն կողմ,
Յոթ ծառ էն կողմ,
Յոթ սար էն կողմ
Խորթ մերս տարավ, որ ինձ կորցնի…
Հետևիցս հաց շաղ տվի, ծիտը կերավ,
Գարի քցի, մուկը տարավ…
Օրը թեքվավ, ելած արևը վար ընկավ,
Բայց աներես շան պես հետ ճամփաս գտա,
Տունս մտա…
Քույրս բլուզից տասներկու եղբայր գործեց,
Փոկերով վզերն օղակեց,երկինք ձգվեց…
Տատս պարապությունից ինձ գորտի փոխեց,
որ ով համբուրեց,պռոշը ճաքեց…
Ու յարերս-յարաներս`
Թոնրի մոխրի մեջ բախտ չգտած,
Կոշիկները էստեղ-էնտեղ թողած,
Ստախոս ու քթերը աճ,
Ըտենց էլ չիմացան,
Որ էն թփի տակի պպզած գորտ-փեսացուն ես եմ,
Անտառում կորած, ծակ գուլպայով էն
քյոռփան ես եմ,
Էն աներես շունը ես եմ,
Քարը ես եմ,
Ծառը ես եմ,
Սարը ես եմ…
Բայց անխեր, անշառ ընենց պատահեց,
Որ թագավորը ստիս համար ինձ փայ հանեց,
Թե կյանքը քսակ արծաթից թանկ արժի,
Թե առանց սիրտ ոչ մի ձմեռ չես լուսացնի,
Թե հավատաս, դարդ չես անի, չես փոշմանի…
մամ ջան, գիտեմ,
որ անհավատ մարդիկ դատարկ ու
պսպղուն փորձանոթներ են,
գիտեմ, թե ձեռքդ ճար լիներ
երկնքից երեք խնձորի պես կընկնեիր
ինձ, սրան, նրան,
որ միայն էս հեքիաթը բարի ավարտ ունենա,
անպատճառ մենությունը դադարի
հոսել անհեթեթության եզրով,
հայելիները էլ ավելի չմեծացնեն
դատարկությունը փնթի, թափթփված սենյակների,
կոկորդները չոլորվեն պատռվող երակների ճիչով,
չմրսեն, չկապտեն
ածելիների անձայն սրությանը արդեն վարժ
նվագող ձեռքերը,
ու ոտքերը`
ցուրտ գիշերներին վերմակից դուրս մնացած,
ու մամ թող որ կտավին թքեմ
վերջին վրձնահարվածը,
որ վերջանա էս բանաստեղծության պես
անտեղի երկարած կյանքը,
մայրերին հեքիաթներ պատմող որդիների
անառակությամբ,
որովհետև ընդհանրապես կարևոր չեն
անհասկանալի կադրերի մեջ քարացած մարդիկ,
մայրերն ու որդիները`
մատնված ավելորդ բառերի ուղեծրին,
ու աստված,
որ դեռ պարզ չէ առանց նրա
լինում է, թե չի լինում
էսսե
և որովհետև ես չափազանց ուրիշ եղա,
ջարդեցի ժամացույցները, որ ինչ որ կարևոր բանի
հետհաշվարկն էին կտկտացնում,
կոշիկներս կոշկելու պես անհավես ապրել եմ
կյանքս մինչև այսօրը ու սրանից հետոն,
և որովհետև անցած հեքիաթների մեջ
ոչ ոք քնած ինձ չէր սպասում,
ոչ ոք կոշիկը միտումնավոր չմոռացավ
մեր տան աստիճաններին,
ոչ ոք հացի փշուր շաղ չէր տվել ինձ
ուղղորդելու համար,
ես էս պստիկ-մստիկ ցույցերում
գոռացող ժողովրդի պես
կսպասեմ իմ պայծառ ապագային
ախր ինչի է նման էս ձգված երկարած ժամանակը,
վահանակը ձեռքիդ
ձանձրացնող հեռուստաալիքների
հետ օրեր թերթելը,
ու գժությունները, որ նորածնի պես
արմատ էին տվել մարմնիդ մեջ,
որ փաղաքշել, մեծացրել էինք
հիմա պատռելով մարմինդ ազատվում է քեզնից`
քեզ թողնելով երեկվա մեջ մոռացված ու
դեպի վաղը շտապող,
բայց հենց այստեղ, հիմա սկսվում և
ավարտվում է անվերջը,
անվերջը անընդհատ հիման է
ու էս կարևոր տողից հետո,
երբ իրոք վերջանում է բանաստեղծությունը,
նստում եմ անկողնուս եզրին,
ծխելը ինձ հեչ չի սազում,
կոշիկներս մի տեսակ սեղմում են,
շորերս, կյանքս ոնց որ իմ հագով չլնեն,
մտածում եմ սիրելը սովորություն է,
իսկ սովորությունը ձանձրացնում է,
ձանձրությունը վերածվում է ատելության,
ատելությունը` հետաքրքրասիրության,
հետաքրքրասիրությունը` կարոտի,
կարոտը` կասկածի,
կասկածը` խանդի,
խանդը` սիրելու,
իսկ սիրելը սովորություն է,
սովորությունը ձանձրացնում է,
ձանձրությունը վերածվում է ատելության,
ատելությունը` հետաքրքրասիրության,
հետաքրքրասիրությունը` կարոտի,
կարոտը` կասկածի,
կասկածը` խանդի,
խանդը` սիրելու,
իսկ սիրելը սովորություն է
ու ինչու էսքան երկարեց վերջին կանգառը,
մեր մարմինները հոգնեցին մեզնից,
մեր ձեռքերը չճանաչեցին մեզ,
մեր գլուխները կախ ընկան ծանրությունից,
երբ մեզ թագադրեցին փշապսակով,
մեր աչքերը թաքնվեցին փակ կոպերի տակ,
մեր բերանները կակազեցին ու
մարեցին վերջնականապես,
մեր ոսկրոտ կրծքավանդակը բաց թողեց վերջին
շունչը հոգու,
և մենք հրճվում ենք մեր ծակված
ձեռքերով ու ոտքերով
և մարմիններով`
մերկ ու խաչաձև,
ներիր մեզ, քանզի մենք չգիտենք, թե ինչ ենք անում,
որովհետև չգիտենք, թե ինչ անենք
ու որովհետև ես չափազանց ուրիշ եղա`
մյուս բոլորի պես,
ջարդեցի ժամացույցները
ու մտածեցի, որ լռեց հավերժականը,
այսօրվա օրաթերթի պես հապշտապ
թերթեցի կյանքը
ու գնացի ապրելու իմ հեքիաթի մեջ`
կատարյալ, կատարյալ, կատարյալ…