Արամ Մամիկոնյան

*
երկնքում,
ուր բոլոր աչքերից հեռու
թաքցրել էին աստծուն,
որ չտեսնեն, բայց հավատան,
քանզի այդպես է առավել երանելի,
բայց գիտեին նաև,
որ հենց էդ երկնքից
ընդամենը մի քանի մետր վերև
հաստատ
ինչ-որ կարևոր բաներ են կատարվում
ուրեմն մի՞թե լավագույնը
ափին ընկած ռեմբո լինելը չէր՝
հարբած ու ավիրված,
մինչև երկմտանքը կդադարեր ճնշել
թրջված վերնաշապիկի պես,
և ուշացած իջնողի անզգույշ ոտնահետքից
փուլ կգար ամենամեծ սողանքը,
ու ավազի տաք շերտերը կծածկեին
մի ամբողջ կյանք տևող հոգեվարքից չորացած մարմինս
ոչ մի աստծո անտարբեր ձեռք չիջավ մարմնիս մեջ,
կոճակ առ կաճակ չարձակեց մաշկս
ու սեր չարեց
իմ չիմացությունից դողացող նյարդալարերի հետ
ու ես գոռում եմ մարմինս աղացող դեղերից փրկված ցավը,
բռերով ծխախոտ եմ կուլ տալիս ամեն տողի վերջում
ու զգում, թե ինչպես են տրաքում թոքերս
ողկույզ առ ողկույզ
մի լավ, տղամարդավարի չթափած արցունքների համար
ու ժպիտների, որ լողացին մանկությանս երեսից ու մարսվեցին որովայնում,
տատս ճզմեց ու պոկեց աքաղաղի վիզը,
ճակատիցս ծորացող արյունահոտքից
ոտքերը ավելի խելագարված էին դոփում գետնին,
ծափն ու ծիծաղը բարձրանում էին փոշու հետ,
ու արցունքներս ցեխի փոքրիկ առվակներ էին հորինում
դեմքիս վրա
հետո երկինքը փուլ եկավ,
ավազի տաք շերտերը եկան ու ծածկեցին
մի ամբողջ կյանք տևող ցնծությունից կուրացած մարմինները,
վազեցի ու կողպվեցի սենյակում,
բայց ոչ մի հոր անտարբեր ձեռք չիջավ ուսիս
ու չհարցրեց,
թե ինչու եմ առանձնացել մյուսներից
*
հեռախոսի լռությունը
քարացած մեռելի պես պառկել է կողքիս,
ոչ մի բառ այդպես էլ մեր մասին խոսել չսովորեց
ծուխը սահեց բրոնխներիս ձայնազուրկ միջանցքներով,
ուր մանրաքայլ սողացող բժիշկները մեզ չսովորեցրեցին
ծխել բառերը անհրաժեշտությունից,
այլ ոչ թե կախվածությունից դրդված
ես չհասցրեցի հրացանի նշանակետի տակ առնել
հայացքաներն՝
անփութորեն մայթերին նետված,
ու ագահությունը՝ ցփնված դրանց վրա,
իմ առավոտներն էլ սկսվեցին
սառնարանի դռանը
մագնիսով ամրացրած անհետաձգելի պրոբլեմներով
մինչ դու շարժասանդուղքով լուսնի վրա ես բարձրանում,
մինչ ես փնտրում եմ ամենասուր բառերը,
որ վերջնականապես մեխեմ քեզ սենտիմենտի խաչափայտին,
պատի վրա ու ոտնահետքերիդ ուղղությամբ
կփշրվի մարմինս՝
ապակե դագաղը
մանրակրկտորեն ընտրված իմ հոգու համար
ես կարող էի հետ պտտել ժամացույցի սլաքները,
միևնույն է էս օրերեը առանց մեզ էլ են ապրում,
ժամանակը փորձառու մարմանվաճառի պես է,
ամեն ինչ գիտի,
չամաչենք նրան խաբելուց
դուռը շրխկոցով հետ կաբցվեր ու ներս կմտնեիր,
ապակու կտորները գլորվելով կբարձրանային պատի վրայով,
ու ձեռքիդ մեջ այն բաժակը կհայտնվեր,
որը երբեք պատով չես տալու
թախիծը կքայլեր քաղաքի փողոցներով,
կնայեր պատուհաններից ներս,
մինչ մենք իրար ամուր գրկած
թաքնված կլինեինք նրանից
վերմակի տակ
*
էսպիսի գիշերներին
մեզ տարբեր վերմակներ են ծածկում,
երբեմն տարբեր մարմիններ,
պարապությունը ոտքը դնում է սեղանի եզրին
ու ճոճում է ինձ
աթոռի hետևի ոտքերի վրա
ոչինչ չի մնացել քեզանից հետո,
քաղաք, որ մեկ է ջազ չի լսում,
ու չկան շեփորներ,
որ մի քանի րոպե կարտասվեին մարդկանց փոխարեն,
պատահական փաբ,
անկյունի նստարան,
չկա անծանոթ մեկը,
փուչ խոսակցություններ դեսից դենից,
օր օրի մաշվող հայաստան,
չէ, ոչ էլ հայաստան, որովհետև հայասանը տաք էր,
ինչպես շփոթված վանկերը ականջի բլթակին,
փոքր հայրենիք թիակներիդ արանքում,
որից միշտ խոտաբույսերով օճառի հոտ էր գալիս,
հայրենիք, որ գնացել է
կամ գոնե դիրքն է փոխել անկողնուս մեջ
էս քաղաքի շապիկի տակ զսպված օրեր կան,
որ ձեռքերս մեջքիս ետևում ոլորած
դեռ երկար ինձ քարշ կտան
հիվադասենյակներով,
արյունոտ մտքեր,
որ երբեք չեն բուժվելու ու պետք էլ չի,
փոքրիկ հրեշներ գանգիս մեջ,
որ գիշերներով էին գալիս՝
դանակով
էսպիսի գիշերներին
լավագույնը բարձր շենքերից
փոքրիկ սերմնաբջիջների պես առաջինը լինելու համար
ինչ-որ տեղ շտապող մարդկանց հետևելն է,
այնքան շատ,
որ մեկին կորցնելը այսքան ցովոտ չէր լինի,
հետո կվերադառնամ սենյակ,
դատարկությունը պարանի պես կօղակի վիզս,
և ձեռքերս ու ոտքերս
կախ կընկներն
հիասթափությունից

Կիսվել նյութով

Թողնել մեկնաբանություն