(հատվածներ էսսեից)

***
Մերձավոր Արևելքի ավարտը, նրա մասնատումը: Բռնապետերին սպանելու կերպը, նրանց միայնակ լինելը: Որ խիստ կտարբերվի լատինամերիկյան դիկտատորական վեպից: Կկարևորվի սպանողների վերնաշապիկներին հորդած արյան ջերմաստիճանը: Երեկոյան վերնաշապիկները պաղ օճառաջրում տրորող տղամարդու կամ կնոջ առօրյան:

***
Մեծ միգրացիան: Փախստականների քնատեղերը: Քնատեղերից մեկում մոռացված ջեմով կոնֆետի արևից հալչող թուղթը: Թղթի նկարագիրը, նաև ջեմի նկարագիրը: Վերջապես կոնֆետի ապագան, որն ավելի ու ավելի է թաղվում տաք ավազահատիկների մեջ:

***
Աֆրիկայից դեպի Եվրոպայի ափերը ձգվող մոտորանավակները, մակույկներն ու ծովի ալիքների վրա ցատկոտող անվադողերը: Ծովի մեջտեղում անվադողերից մեկի մեջ մկնապուր եփելը: Եվ մկնապուրը՝ մկան բեղիկով, սև մարդու դիզվառելիքից այրված մաշկի կտորներով ու ջրիմուռի փնջով համեմելը:
Եվ ինչո՞ւ է տախտակամածին կանգնած աֆրիկացի աղջիկը, ով օդում ձուկ է բռնել. ինչո՞ւ է մատը տնկել ձկան աչքին: Ի՞նչ ձուկ է բռնել: Ինչո՞ւ է կծում ուտում ձկան մի լողակը:

***
Պոռնոաստղերի կյանքը, առհասարակ պոռնոինդուստրիայի քաղաքակրթության /մասին/: Պոռնոաստղերի՝ տարատեսակ, ծանր հիվանդություններից մահանալը, վախը ՁԻԱՀ-ի հանդեպ: Պոռնոն՝ որպես նոր հումանիզմ, որպես նոր լեզու, նոր լեզվի բացարձակ հնարավորություն:
Պոռնոաստղերի խոստովանական վեպերը, որոնք Օգոստինոս Երանելուց, Ռուսսոյից, Անաիս Նինից հետո ամբողջովին վերաիմաստավորել են խոստովանական գրի կյանքը:
***
Որ կգրեն՝ Ինչո՞ւ ծիտը ծրտեց հենց քո ուսին և ինչո՞ւ ուսիդ, այլ ոչ գլխիդ:

***
Վեպում վեպ գրելը: Վեպում վեպ գրողին գրելը: Քանի որ վեպում վեպ գրող հեղինակի միակ հերոսը վեպում վեպ գրող հեղինակն է, ուստի վեպում վեպի հեղինակը վեպ գրողն է: Որ կգրի, թե ինչպե՞ս է վեպում վեպ գրող հեղինակը փորձում հավատալ, որ այնուամենայնիվ վեպում վեպի հեղինակը կարևոր գործ է անում՝ վեպում վեպ է գրում: Ինչո՞ւ է ժամանակների հերոսը դարձել վեպում վեպ գրող հեղինակը: Որովհետև այլ տարբերակ չկա: Հեղինակը պիտի ցույց տա, թե որքան կարևոր է անհեթեթությամբ զբաղվելը: Այսինքն պիտի անդավաճան մնա գրականությանը՝ պիտի շարունակ խաբի:

***
Որ կգրեն՝ Ինչո՞ւ հյուսիս-արևմուտքից փչող քամին մտավ տան օդանցքներից մեկի մեջ և ցրիվ տվեց ղշի փոխան բմբուլները: Ո՞վ էր ղուշը, որտե՞ղ էր այդ պահին:

***
Որ կգրեն՝ Ծետուկի կյանքն ու զարմանալի արկածները:
(Ծետուկ — աչքի համար անտեսանելի մանրաորդ):
Քանի որ համաշխարհային գրականության մեջ դեռևս ոչ ոք չի անդրադարձել ո՛չ Ծետուկի կյանքին, ո՛չ էլ նրա զարմանալի արկածներին:

***
Որ կգրեն՝ Կրկնությունը՝ ռեալիզմը, մոդեռնիզմը, պոստմոդեռնիզմը, պոստ-պոստմոդեռնիզմը, պոստ-պոստ-պոստ-պոստմոդեռնիզմը: Թե շարունակում ենք 19-րդ դարի ավանդույթը, շարունակում ենք 20-րդ դարի ավանդույթը: Կամ՝ որևէ ավանդույթ չենք շարունակում, որ եկել է հանգիստ շնչել-արտաշնչելու ժամանակը՝ ընտրի և գրի կամ գրի և ընտրի: Կարևորը՝ Անելն է: Անելով դու Անում ես այն ինչ պիտի Անեիր, քանի որ շարունակում ես լծվել վերջին, հավերժական ավանդույթին՝ խաբեությանը:
Շարունակ խաբում ես և Քեզ և Մյուսներին: Քեզ խաղաղեցնում ես համոզմունքով, թե այն, ինչ անում ես, միևնույնն է, կրկնություն է, սակայն սփոփվելով՝ թե կրկնությունն էլ կարող է հետաքրքիր լինել: Այնինչ, ցավալիորեն կրկնությունը միայն կրկնություն է, և, իհարկե, դրա մեջ անհագ ու ահռելի ցանկության դեպքում ինչ ասես որ չես տեսնի՝ հանճարի, տաղանդի, շնորհի բեկորներ, մտքի աներևակայելի բրածոներ, նաև Բախի կեղծամից մի քանի մազ, Դինգոյի կաթ, մաս-մաքուր երեխայի միզաշիթ: Ահա՝ իսկ մյուսները խաղաղվել են համոզմունքով, թե իսկապես ոչինչ չկա և չի կարող լինել, որ անգամ այդչափ փառաբանված Դինգոյի կաթը վերջին հաշվով Դինգոյի կաթ է, իսկ մաս-մաքուր երեխայի միզաշիթը՝ մաս-մաքուր երեխայի միզաշիթ:
***
Որ կգրվի՝ Աղքատության /մասին/: Կպատկերվեն մարդիկ, որոնք ուտելու հաց, խմելու ջուր չունեն, դպրոց չեն գնում, մեռնում են համաճարակներից, սպանվում են, տառապում, բնաջնջվում: Որ ընթերցողները ընթերցեն և սարսափեն, վերջապես հասկանան, թե ինչ աշխարհում են ապրում:
Եվ ընթերցողներն ընթերցում են ու սարսափում և հասկանում են, թե ինչ աշխարհում են ապրում: Հեղինակին հաջողվում է ցույց տալ աղքատության ողջ բնույթը, ընթերցողին գլխի գցել, թե որտեղ է հայտնվել:
Մի քանի օր հետո ընթերցողը դարակից վերցնում է հաջորդ գիրքը, և հեղինակը նույնպես սահուն անցնում է իր հաջորդ գրքին:

***
Որ կգրեն՝ Ինչո՞ւ է Ծետուկը՝ Ծետուկ: Ծետուկի առեղծվածային լինելը: Ծետուկի կերպարանափոխությունը: Ծետուկը, եթե Ծետուկն է, պիտի եղբայրանա Աֆկային, Որխեսին, Ուկովսկուն: Այսինքն՝ Կաֆկային, Բորխեսին, Բուկովսկուն: Ծետուկի դիակը, Ծետուկի մարդասիրությունը, Ծետուկի խիղճը, Ծետուկի վախերը, Ծետուկի մղձավանջները, Ծետուկի տառապանքները: Ծետուկը միշտ քառիմաստ է կամ պարզ, ինչպես քաղցրահամ ջուրը բյուրեղյա: Ծետուկի երազները, երազների երազները: Ուրիշի երազը Ծետուկի երազում և Ծետուկի երազում ուրիշի երազի երազը, որ ոչ թե ուրիշի երազի երազն է, այլ Չժուան Ցզիի երազում թիթեռ տեսնողի երազը, որ երազ տեսնող թիթեռի Չժուան Ցզին է:

***
Որ կգրվի՝ Ինչո՞ւ չեմ փախչում, եթե իմ հետևից ոչ ոք չի ընկել:

Կիսվել նյութով

Թողնել մեկնաբանություն