Եթե ինձ հարցնեին

Եթե մի անգամ կյանքում ինձ հարցնեին, թե որն է աշխարհի ամենագեղեցիկ քաղաքը, բայց հարցնեին այնպես, որ հնարավոր լիներ ինչ-որ բան փոխել, կասեի հենց քո քաղաքի մասին, որ այդքան շատ սիրում եմ։ Բայց չհարցրին…
Եթե աշխարհն ստեղծելիս ինձնից հարցնեին, թե ինչպիսին ստեղծել այն, ես շատ բան չէի փոխի, թերևս ավելի պարզ ու հստակ կպատկերեի մարդկային հարաբերությունները, կփոխեի ինձ ու քեզ տեղերով, որ մի պահ գոնե հասկանայիր, թե ինչ եմ զգում։ Բայց չհարցրին…
Եթե հարցնեին, թե ինչպիսին ստեղծեն քեզ, կփոխեի թերևս միայն ինձ…

Մանկական երազանքների մեջ բոլորս էլ պատկերացնում ենք մեր աշխարհը, մեր տունը, աշխատանքը, մեքենան, մեր ապագան, որտեղ մենք ամենակարող ենք։ Հետո սկսում ենք փոխել կամ փոխվել։ Մենք երազում ենք ամեն ինչ կառուցել նորից, մեր արարչից ավելի լավ, ավելի կատարյալ, ուզում ենք հանել այտեղից չարին, վատին, տգեղին, ուզում ենք, որ հարցնեն մեզ մեր կարծիքը, թե ինչպես կառավարել երկիրը, ինչպես դադարեցնել պատերազմը, ինչպես տուն կառուցել։ Ուզում ենք, որ ծառը մեզ հարցնի իր աճելու մասին, գետն իր հունի ու արևն իր լույսի մասին, այո, ուզում ենք աստղերը հարցնեն մեզ դասավորվելուց առաջ։ Մանկական մեր ցանկությունների մեջ խաղերն են, որ խաղում են մեծերը ու մենք ուզում ենք, որ նրանք հարցնեն մեզ կանոնների մասին, բայց մենք բոլոր խաղերին նայում ենք որպես միայն հանդիսատես, իսկ եթե մեզ հարցնեին…
Հետաքրքիր մի կախարդանքով բոլորս էլ դուրս ենք գալիս մանկությունից։ Մեզ թվում է, թե դա տեղի կունենա պաշտոնապես, հանդիսավոր, մեզ կհարցնեն, թե ինչպես ենք ուզում մեծանալ, ինչ պետք է անեն իրենք, որ մենք մեզ հարմարավետ զգանք, բայց այդպես էլ ոչ ոք չի հարցնում…
Փոխարենը հարցնում ենք մենք. «ինչո՞ւ», «ինչպե՞ս», «ե՞րբ»։ Ու բոլոր հարցերը մնում են անպատասխան։ Դեռ երկար կփնտրենք այս հարցի պատասխանը, իսկ եթե մեզ հարցնեին…
Մի օր բոլորս էլ մեծանում ենք ու կանգնում նրանց շարքերում, ում նայում էինք ու հարցնում։ Ու մենք էլ դառնում ենք նրանց նման՝ մի տեղ բարի, մի տեղ չար, մի տեղ ներող, մի տեղ նախանձ, մի տեղ կարոտում ենք, մի տեղ խաբում, սիրում, ներում, զարմանում, մտածում, հարցնում։ Ու նորից մեզ ոչ ոք չի հարցնում…
Հետո տեսնում ենք այն շարք կանգնած երեխաներին, որ նայում են մեզ մի թախանձանքով, որ գոնե մեկ հարց տանք՝ իրենց կյանքի ամենագլխավոր հարցը, թե ինչպես և ինչ են ուզում իրենք որ լինի, բայց մենք ժամանակ չունենք նրանց համար. ի՞նչ պիտի ասեն նրանք, որ մենք չգիտենք, ի՞նչ կա այնտեղ, որտեղից մենք եկել ենք։ Իսկ կյանքի գույները երբեմն ետևում են ու գոնե մեկ անգամ հարկավոր է շրջվել տեսնելու համար։ Մեղավորը ժամանակն է, գործերը, գործատուն, տունը, շունը, կատուն, երեխաները… նրանք դեռ շատ փոքր են երազելու կամ հարցնելու համար։ Իսկ ինչո՞ւ մեզ ոչ ոք երեխաներից չի հարցնում, թե ինչ կուզեինք մենք իրենցից։ Այ եթե հարցնեին…
Մեր ամբողջ անցած ճանապարհը մեկն է, դա կյանքի միակ ճանապարհն է, որտեղ միայն հարցեր պիտի տալ կամ պատասխանել։ Բայց երբեք, լսում եք, երբեք մեզ չեն տալիս այն հարցը, որ մենք ամբողջ կյանքում ուզում ենք լսել (իսկ եթե տալիս են, ապա այնքան ուշ, որ տխրում ենք միայն), իսկ եթե ժամանակին մեզ հարցնեին…
Եթե ժամանակին ինձ հարցնեին, թե ինչպիսին կուզենայի, որ լիներ աշխարհը, ես կպատասխանեի՝ անվերջ։ Եթե ինձ հարցնեին…

Կյանքի տևողությունը

Կյանքը փոխվում է, ու առաջինը փոխվում է տևողությունը։
Կյանքը փոխվում է աննկատ, բայց զգալի։
Չե՞ք զգացել, որ մենք ապրում ենք ծննդյան օրերով, հիշարժան թվերով, շարժվում ենք կանգառից կանգառ, հանդիպում ենք առիթից առիթ այն մարդկանց հետ, ում հետ հանդիպումն ինքնին առիթ էր մի ժամանակ։
Զգացե՞լ եք, որ մենք դարձել ենք անզգա ու ուրախանում ենք, երբ զգում ենք (թեկուզ մեր չզգալը)։ Մեր օրերը լցնում են դատարկություններն ու երբ ետ ենք դառնում դատարկելու այդ խորդանոցը այնտեղ այլևս ոչինչ ու ոչ ոքի չենք գտնում, սկսում ենք մոլորված ու կաղալով քայլել այդ ընթացքում՝ դեռևս չկողմնորոշվելով անցյալն ենք ուզում վերադարձնել, թե կառուցել ապագա, երբ հանկարծ հսականում ենք, որ դրանցից և ոչ մեկը մերը չէ։ Հասկանում ենք այն ժամանակ, երբ նորից սկսել այլևս չենք կարող և պիտի ընդամենը մաքրագրենք, սրբագրենք մեր կյանքն ու հանձնենք դատավորին, ով վճիռ կկայացնի՝ հավատո՞ւմ ենք դրախտ ու դժոխքի գոյությանը, թե այստեղ էլ դեռ չենք կողմնորոշվել, հավատո՞ւմ ենք մեղքին ու անմեղությանը, ուզո՞ւմ ենք մեռնել, թե դեռ պետք է գոյություն քարշ տալ այստեղ, հասկացե՞լ ենք մեր գոյության իմաստը, թե ուղեկորույս ճամփորդի նման մի փոքր էլ ենք արևից լույս խնդրում փնտրելու համար, բայց ի՞նչ փնտրելու։
Կյանքը փոխվում է ու զուգահեռ փոխվում է կյանքի մասին պատկերացումը։
Կյանքի իմաստն է փոխվում (եթե այն երբևէ եղել է)։ Փոխվում է ամեն օրվա մեջ, մինչև հասկանանք, որ կյանքը հենց այդ օրերն են։ Ծանր ու դժվար պահերին աստված ենք փնտրում մի պայմանով՝ եթե գտնենք կհավատանք, իսկ եթե չգտնե՞նք…
Զգացե՞լ եք, որ հավատում ենք վերապահումներով, պայմաններով ու պատճառներով, ու կյանքը դառնում է պատճառահետևանքային մի շղթա, որտեղ մեզ անհրաժեշտը պատճառն է միշտ, ու մեզ պատահածը՝ հետևանքը։ Սրա հիման վրա յուրաքանչյուրս սեփական փիլիսոփայությունն է կառուցում, որտեղ գլխավոր գործողությունը ինքնարդարացումն է։ Միգուցե հենց այսպե՞ս պետք է լինի։
Զգացե՞լ եք, թե ինչ թրթիռով ենք սպասում օրացույցի փոփոխությանը, անձնական տվյալներում մշտապես աճող թվերին, իսկ տասնամյակներ անց անհնազանդ առաջ սլացող ձիու սանձի նման փորձում ենք ետ քաշել ժամանակը՝ ավելի դանդաղ ընթացք հաղորդելու համար, մինչդեռ նժույգն անկառավարելի է ու նշանակալի անզգուշության պարագայում մեզ թամբից ցած կնետի՝ իր ընթացքն առավել անհոգ անցնելու համար։ Նա, միևնույն է, պիտի ընթանա իր ընթացքով։
Զգացե՞լ եք, որ մենք արժևորում ենք կյանքը ոչ թե փոխաբերական, այլ ուղիղ իմաստով, որ մեր նախաճաշն արժենում է 10 լումա, իսկ հանգիստը՝ 20, ու պետք է ընտրություն կատարենք երկու ճաշի ու մեկ հանգստի մեջ, հետո հանգստի և բուժման, հետո բուժման և ճաշի, հետո ճաշի և ապրելու։ Ու միշտ ընտրում ենք ճաշը (չգիտեմ ինչու)։
Ու մի՞թե չկա հավասարակշռում այս ամենի մեջ. համոզված ենք, որ կա, բայց ոչ մեզ համար. մենք սովորել ենք ապրել առավոտյան 9-ից երեկոյան 9-ը, քնել մի քանի ժամ և ապրել նույն օրացույցով, սպասել աշխատանքային ժամին, որ հետո սպասենք դրա ավարտին, գնալ կանգառ ու սպասել մեզ սպասող մեքենային, որ մեզ տանեն մի տեղ, որտեղ կսպասենք ետդարձին, սակայն ետդարձի ժամանակ մենք այլևս նույնը չենք լինի՝ արդեն մոտեցած կլինենք մեր վերջին կանգառին…
Զգացե՞լ եք կյանքի ընթացքը։ Դե ուրեմն՝ ապրեք…

Մերը

Մեր չիրականացած երազանքների համար
Պատասխանատուն մենք ենք ու մեր երազանքները. ուրեմն՝ իրար լավ չենք հասկացել։
Բոլոր չիրականացված երազանքները նստվածք ունեն մեր հոգում, մեր մտքում ու մեր պատմության մեջ։ Բոլոր երազանքներն իրականանալու հատկություն ունեն։ Երազողներն ուրիշ մարդիկ են, այլ ռասսայի, այլ ազգության, այլ մոլորակի, երազողներն առանձին տեսակ են։ Իրականացված երազանքների համար մենք միշտ ափսոսում ենք, քանի որ դրանք կարող էին դեռ առջևում լինել, դրանք արժեզրկվում են այն ժամանակ, երբ կան, և արժևորվում չլինելով։
Մեր երազանքներն ամենաթանկն են, ամենագեղեցիկը, որ մենք ունենք, ամենագունավորը, որ կարող ենք պատկերացնել. երազանքներով մենք ձևավորում ենք ինքներս մեզ ու ներկայանում մյուսներին, հենց այստեղ ենք մենք թաքնվում ու փնտրում երջանկություն՝ մոռանալով, որ այն ապրում է մեր մեջ։

Մեր իրականացած երազանքներից
Աստիճանաբար հասունանում ենք, լցնում ժամանակը, եղանակը, օրը, օդը, կյանքը։
Ուզում ենք դառնալ նա, ում սպասում են. սպասում են գոնե մի տեղ, գոնե մի ժամ, մի հոգի։ Կարևոր չէ՝ որտեղ են սպասում՝ տանը, պատշգամբում, այգում, անկողնում, ծառի վրա, փողոցի մի անկյունում, մտքում՝ պատկերացնելով հազար ու մի տարբերակ, թե ես ոնց եմ գալիս, ու նրանք ոնց են գրկում։
Ուզում ենք՝ սպասեն մեզ, որ կարևոր զգանք, ու կարևոր չէ, թե ինչու են սպասում, կարևոր չէ՝ կգանք, թե՝ ոչ։
Ուզում ենք՝ բոլորն ինչ-որ մեկին սպասեն. այո՛, դա տանջող զգացում է, իսկ երբ չեն գալիս՝ կործանարար, բայց և առանց սպասելու կյանքն իմաստ չունի։
Ուզում ենք պարզապես գոյություն ունենալ, լցնել այն տարածությունը, որտեղ դատարկ է ու կդատարկվի հետո։
Կարևորն ու անկարևորը հենց մենք ենք վճռում, դարձնում, դատում ենք մեզ ու ուրիշներին, դատվում անկարևորով ու դատապարտվում, լցվում ու դատարկվում ամեն օր, լծվում նոր խնդիրների լուծման, նոր երազանքների հորինման, հին սահմանների վերացման, մինչև կզգանք բավարարվածություն ունեցածից, ինքնարժևորում, խաղաղություն։
Ու կհասկանանք, որ հենց այստեղ է այն երջանկությունը, որ փնտրում ենք, կգիտակցենք, որ այն փողոցը, որտեղ քայլում ենք, լավագույնն է բոլոր մոլորակների մեջ, քանի որ մենք հենց այս ենք ընտրել երկար փնտրելուց հետո, կհամակերպվենք, որ մեր կողակիցը թեև ամենան չէ աշխարհի համար, բայց մեր ամենան է, քանի որ մերն է, ու մենք ենք նրանը։ Այդ օրը կհաշտվենք մեր լինելության հետ ու թեև դեռ կյանք ունենք ապրելու, կզգանք երջանկություն, կզգանք մեր երազանքների հետ մտերմություն. մեր իրականացած ու չիրականացած երազանքների…

 

Կիսվել նյութով

Թողնել մեկնաբանություն