Անձնական աշուն
Ամեն մեկն իր անձնական աշունն ունի,
որի մասին
չարժե պատմել ոչ-ոքի,
պետք չէ բառեր փնտրել
դեղինը նկարագրելու համար:
Հիմա քամին ցնցում է ոսկորներս,
գրկի՛ր ինձ,
լսո՞ւմ ես,
պարզապես գրկիր ինձ էնպես,
որ կարողանամ քեզ տալ իմ աշունը…
Ծննդյան նախօրե
Ձնառատ մի գիշեր,
Աստված մորս ծաղիկներ է նվիրել,
հետո ուղեկցել դուրս,
բառին մի կաթ արյուն է տվել մայրս,
ու սպասել ծնունդիս…
***
Չնայած եղանակին,
ամեն օր մի պատուհանից,
քաղաքի ճաղատ գլխին
հախճապակե
սիրտ է փշրվում,
ինչ-որ մեկի հորինած քաղաքում՝
հիմա ցնցում է.
անկարևոր-անսպասելի
հեռացումից…
***
Էս ի՞նչ մարդիկ են, Սե՛ր,
ամեն օր քեզ կեղտոտում են բառերով,
հանգիստ կտրում են
հիշողության երակը,
և չեն վախենում
բոսոր երազներից:
Չունեն հասարակ՝
երկխոռոչ մի սիրտ,
քեզ ընծայելու համար:
Ամեն օր քեզ ծխում ու թքում են
Էս ի՞նչ մարդիկ են, Սեր,
Էս ի՞նչ մարդիկ են:
***
Ձմռան առաջին օրն է,
ու թողնել-գնալը
քո միակ սիրելի հոբբին է:
Ձմռան առաջին օրն է՝
ես չեմ հասցնում
քաղաքի
բոլոր պատերին գրել,
որ անասելի անմարդկային է
լքել
այս մահացու ցրտին:
Ձմռան առաջին օրն է,
ու գուցե վերջին:
Ձյան մեջ կթողնեմ հոգիս…
***
Ինչո՞ւ լքեցիր քաղաքը, Աստվա՛ծ
Վաղաժամ պղծված է
անցումը սրբազան.
Ադամից` Եվա,
նախամարդուց` մարդ,
մարդուց` ամեն ինչ,
մարդուց` եսիմ ինչ,
մարդուց` ոչ մի բան…
Ինչո՞ւ լքեցիր քաղաքը, Աստվա՛ծ
Մարդու սիրտը
մաստակ է դարձել
մարդու բերանում:
Իջի՛ր ինչպես երբեք,
Իջի՛ր ինչպես երբեք,
Ամէն…
***
Գնա՞մ ձյուն դառնամ,
առաջին արցունքից
նորածնի…
***
Թափառիկ երգ էիր`
մարմնիս թաքստարաններում
պահ մտած,
արևելյան քամիների
hրաժեշտի նախօրեին
թաց բառեր էին քո շուրթերը
շեկ ավազին,
ու լուսաբացին
առաջին համբույրից
ջրհեղեղ դարձան,
նոր հասկացա՝
մենումիակ տապանս էիր…
***
Բանաստեղծություն եմ գրում.
սա նշան է,
որ ինչ-որ մեկին
հենց նոր ասացիր անունդ,
անունդ, որ բանաստեղծություններիս
մեն ու միակ բնագիրն է…