Սուպեր Արամն ուներ մեծ թուր ու ապրում էր սարի վրա: Նա անընդհատ թաքնվում էր ու չգիտեր, թե ումից: Արամը չգիտեր իր սուպեր հնարավորությունների մասին, որովհետև երբեք բախտ չէր վիճակվել օգտագործել դրանք: Արամը կարող էր թռչել, բայց չգիտեր այդ մասին: Նա ուներ սպիտակ ձի ու միշտ ձիով էր շրջում սարի վրայով:

Սուպեր Արամը շատ էր սիրում ծաղիկներ, մեկ-մեկ հավաքում էր, փունջ էր սարքում ու նվիրում անցորդներին: Արամը միշտ իր թուրն իր հետ ման էր տալիս, ու հենց թուրն էր պատճառը, որ նա չէր թռչում ու չգիտեր այդ մասին, եթե հանկարծ թուրը թողներ տանն ու դուրս գար առանց թրի, միանգամից կթռչեր ու կիմանար, որ ինքը սուպեր է, այլ ոչ հասարակ:

Մի օր Արամը, թուրը կողքին կապած, ձիով շրջում էր սարի վրա ու նկատեց, որ հեռվում` սարի լանջի մոտ, թռչուններ էին թռչում, բայց անհանգիստ թռիչք էր, կարծես բան էր պատահել: Ամպերը կուտակվել էին լանջի մոտ, ու թռչունները փորձում էին թռչել ուրիշ կողմ: Թռչունների մեծ մասն անցավ ամպերից ներքև, միայն մեկը մնաց վերևում: Ամպերն ավելի շատացան, ստիպված թռչունն ավելի բարձրացավ, բարձրացավ մինչև սարի վերևն ու ուժասպառ ընկավ Արամից մի փոքր հեռու:

Արամն իջավ ձիուց, վազեց թռչունի մոտ, վերցրեց նրան ու տարավ տուն:

Երեկոյան թռչունն արթնացավ, նրա թևը վնասվել էր, և Արամը վիրակապեց այն: Առավոտյան թռչունը թռչելու փորձեր արեց, բայց ոչինչ չէր ստացվում, վնասված թևը խանգարում էր: Մի քանի օր Արամն օգնեց թռչնին, ուտելիք տվեց, խաղաց հետը, բայց թռչնակի թևը չէր բուժվում: Արամը շատ էր նեղվում թռչնակի համար և մտածեց, որ տարբերակներ է պետք մտածել նրան օգնելու համար:

Որոշեց իջնել սարից ու օգնություն խնդրել լանջի մոտ բնակվող գյուղակի բնակիչներից:

Նստեց իր ձին, թռչնակին տեղավորեց պայուսակի մեջ ու ինչպես միշտ թուրը կողքին դրած` ուղևորվեց սարով դեպի ներքև:

Եղանակը գնալով ցրտում էր, և ամպերը, որոնք հետևում էին թռչուններին, սկսեցին նորից հավաքվել: Արամը ձիուն խթանեց, ու նրանք շուտով հասան լանջի մոտ գտնվող գյուղակին: Հասցրին մտնել առաջին հանդիպած տնակը, երբ սկսեց անձրևը կաթկթալ, հետո էլ ուժեղացավ, ու կաթիլների թփթփոցը կտուրին ավելի սաստկացավ:

Տանտերերը թեյ հյուրասիրեցին ու ասացին, որ բժիշկը բնակվում է գյուղակից մի քանի կիլոմետր հեռավորության վրա: Անմիջապես անձրևի կտրվելուց հետո Արամը թռչնակի ու ձիու հետ շարժվեց դեպի բժշկի տուն:

Գյուղակի ու բժշկի տան միջև շուկա կար, որը հայտնի էր Կլոր շուկա անունով.  այստեղ մարդիկ վաճառում էին ամեն ինչ` սկսած մրգից, վերջացրած տան համար անհրաժեշտ իրերով: Արամին անընդհատ համոզում էին ինչ-որ բան գնել, մեկն էլ առաջարկեց թռչնակին փոխարինել կախարդական ոսկե ձկնիկի հետ, բայց Արամն ի պատասխան ծիծաղեց ու շարժվեց առաջ: Արամը քայլում էր, ձին էլ` հետը, հանկարծ ձին արագ առաջ գնաց, Արամը չնկատեց ջրափոսն ու ընկավ ջրի մեջ, թռչակն էլ այդ պահին դուրս եկավ պայուսակից ու նորից փորձեց թռչել, բայց, միևնույն է, չէր ստացվում, գետնին ընկած Արամը նորից ափսոսանք զգաց թռչնակի համար, բայց դեռ հույսը չէր կորցնում.  բժիշկը կօգներ:

Վեր կացավ գետնից, թափ տվեց շորերը, վերցրեց թռչնակին, ձիու կողքով քայլելով` շարունակեց ճանապարհը, թուրը նորից ստուգեց` արդյո՞ք պինդ է կապած, ու արագացրեց քայլերը: Մոտենում էին արդեն շուկայի վերջնամասին, երբ գոռոց լսվեց.

— Զգուշացե՜ք, գալիս են:

Երկնքով թռչունների երամներ էին անցնում, նրանք շատ ցածր էին թռչում, ու պետք էր ծածկերը հավաքել, որ թռչուններին չխանգարեր թռչել: Իսկ ծածկերը շատ բարձր էին կապված£

Մարդիկ սկսեցին բարձրանալ քարերի վրա, մեկի վրա մի փոքրիկ տղա էր բարձրանում, ու բոլորի ուշա­դրությունը թեքվեց դեպի նա: Արամն էլ սկսեց ուշադիր նայել, թե ոնց է տղան բարձրանում: Արդեն բոլոր ծածկերը հավաքված էին, իսկ տղան դեռ չէր կարողանում հավաքել ծածկը, թռչուններն արդեն շատ մոտ էին.  բոլորի հայացքները լարվեցին: Մի քանի թռչուն հասան արդեն շուկային, ու մեկն ընկավ ծածկի մեջ, սկսեց ուժեղ թևերը շարժել, պատռեց ծածկն ու նորից թռավ: Տղան պինդ բռնվել էր ծածկից, բայց այն արդեն ամուր չէր, ու կախվել էր քարից: Արամը լարվեց, հասկացավ, որ տղան հիմա կընկնի, թուրը սկսեց քանդել, բայց այնքան ուժեղ էր կապել, որ չէր ստացվում, վերև նայեց ու տեսավ, որ ծածկը պոկվել է, տղան միայն քարից էր կախված, իսկ ձեռքերը սահում էին: Հանկարծ թուրը զրնգոցով ընկավ գետնին, ու Արամն սկսեց պղպջակի նման բարձրանալ օդ, բոլորը թեքեցին հայացքները Արամի կողմը, մեկը գոռաց.

— Տեսե՛ք, Սուպեր տղա է, սուպեր է:

Արամը սկսեց լողորդի նման շարժումներ անել, բայց չէր ստացվում.  կախվել էր օդում, չէր շարժվում: Վերև նայեց նորից ու տեսավ, որ արդեն մատներից էր կախվել տղան, հավաքեց ուժերն ու թեքեց մարմինը, սկսեց շարժվել դեպի տղան, հասավ, ձեռքից բռնեց ու տղայի ոտքերը մոտեցրեց ամրակներին, որոնց միջոցով տղան սկսեց իջնել այնպես, ինչպես բարձրացել էր:

Արամը հանգիստ իջավ ներքև. բոլորը շշմել էին:

— Տղա՛, քո անունն ի՞նչ է:

— Արամ,- պատասխանեց նա:

— Սուպե՜ր Արամ, Սուպե՜ր Արամ,- գոռացին շուկայում գտնվող մարդիկ:

Արամն ամաչեց, բայց ուրախ էր: Նա նաև զարմացած էր իր ունակությունից ու թռչնակին նայեց, մտածեց.  «գուցե խլել եմ թռչնակից իր հնարավորությունը»:

Թռավ ձիու վրա ու արագ սլացավ բժշկի մոտ:

Ծառերի մեջ փոքրիկ տնակ էր բժշկի տունը, այստեղ կային նաև փոքրիկ տնակներ փոքրիկ կենդանիների համար: Ծառերի արանքում եռանկյունի տանիքով դեղնավուն տնակի դուռը բաց էր, ու Արամը, ձին թողնելով, արագ ներս մտավ ու թռչնակին դրեց մեջտեղում գտնվող սեղանին:

Նայեց աջ ու ձախ, բայց ոչ մեկին չտեսավ: Շվշվոց լսեց, տնակը, պարզվեց, ետնամուտք էլ ունի: Ետնամուտքով դուրս եկավ, տեսավ, թե ինչպես է բժիշկը գայլի ականջը զննում:

— Չէ, չէ, չէ, չէ, էս ո՞նց ես մտել էդ թունավոր թփերի մեջ, ախր, լավ է, միայ ականջդ ես վնասել, բա որ աչքդ լցվեր: Լավ, հիմա կլվանանք, կանցնի:

Արամը սառել էր տեղում, գայլի հայացքը նկատեց ու սկսեց վերև բարձրանալ, ոտքերը պոկվեցին գետնից, գլուխը խփեց տնակի տանիքի փայտին: Բժիշկը տեսավ ու ասաց.

— Ա՛յ տղա ջան, առաջին անգամ ե՞ս գայլ տեսնում: Զարմանում եմ` ո՞նց կարելի է վախենալ այս հրաշք կենդանիներից, էդ ո՞նց ես անում, որ տենց թռչում ես, երանի ես էլ կարողանայի թռչել, է՜հ, սարի վրայի բոլոր քարայծներին լավ կխնամեի:

Արամը ետ իջավ գետնին ու ասաց.

— Բժիշկ, թռչնակից եմ գողացել, ես նրա թևը կապեցի, որ բուժեմ, երևի նրա հնարավորությունն ինձ է անցել:

— Արի՛ տղաս, արի՛ տեսնենք նրան:

Բժիշկը մտավ ներս, տեսավ թռչնակին, որը սենյակով մեկ թռչում էր այս ու այն կողմ ու ուրախ ծղրտոց հանում:

— Է՛հ, բա ասում ես` գողացել ես, տղա ջան, թե՞ ուզում էիր զարմացնել ինձ, ախր գայլի ականջը պետք է բուժել, է՜, էս ջահելներն իրենց դերասանություններով:

Բժիշկը ձեռքը շարժեց օդի մեջ ու դուրս գնաց: Արամն աչքերը մեծ բացած նայում էր ուրախ թռչնակին, որ մոտեցավ Արամին, աչքերով կարծես հաջողություն մաղթեց ու թռավ:

Կիսվել նյութով

Թողնել մեկնաբանություն