Ես սիրում եմ քեզ, Երևա՛ն,
Ինչպես մեր այն հին հեքիաթում
Դավիթին սիրում էր իրա ձին:
Եղիշե Չարենց

Կար-չկար, մի երթուղի կար, որի բոլոր մեքենաները երազ էին: Նկատի ունեմ՝ «Երազ»: Մակնիշը: Էդ որ նստում էիր, գնում-գնում, Ավանից մոստով մտնում էր Մասիվ: Սիրտս միշտ խառնում էր երազներում: Իմ Երևանն էդ երկար ու ձիգ տարիներին, որ կարելի է մանկություն կոչել, Մասիվն էր: Էնտեղ մի շուկա կար, որը «Մերսեդես»-ի խանութի թիկունքում էր: Չգիտեմ՝ հիմա կա՞, թե՝ չէ: Ամեն տարվա օգոստոսի վերջին տասնօրյակին գնում էինք պապամամայով՝ դպրոցական շորերս առնելու: Էն ժամանակվա Մասիվի շուկան շատ ուրիշն էր: Մուտքի մոտ նստած տատիներին եմ հիշում, որ մածունը բանկայով բերում էին, ադնառազըվի ցելոֆանները լցնում, վաճառում: Շատերը կհիշեն, շատերը մածունը հենց էդպես առած կլինեն: Ու տենց շարունակ, ես տարիներ ի վեր իմ հագով շոր էդպես էլ չճարեցի Մասիվի շուկայից: Այսինքն՝ մաման չճարեց: Էրեխեք կային, որ իրենց հագով շորեր էին հագնում: Նայում էի, մտքովս չէր անցնում, որ իմ հագով շոր էլ ա հնարավոր ճարել, մտածում էի՝ տձև եմ (Բա՜, Լուսինե Հովհաննիսյան, չեմիչե, ֆրանսիական դերասա՜ն):

Եվ քանի որ ութերորդ դասարանից հետո բոյս չավելացավ, ես վերջին տարիների հագուստ-կապուստով «Պլանի գլխով» իջա քաղաք: Որոշել էի համալսարան ընդունվել: Էս պատմությունը ոնց որ Ալլա Լևոնյանի կլիպներից լինի: Շատ ռոմանԾիկ ա ու գեղական: Առաջ սանրած մազերով, լեն-լեն վերնաշապիկներով: Ման չգաք, ֆեյսում տենց նկարներ չունեմ: Էս վերջերս Նորոյի հետ էինք խոսում, որ պետք ա պարբերաբար մտնել, պրոֆիլը փորփրել, հին, անկապ բաները «տոլկը յա» դնել, որ երբ նախարար դառնանք, կարող ա խառը լինենք, չհասցնենք փակել էդ ամենը: Ու հա, ասում էի, որ Մասիվից հետո իմ Երևանը «Պլանի գլուխ»-ն էր, որը նման էր Աբովյան քաղաքին: Էնտեղ էլ նմանատիպ հրապարակ կա: Անահիտ Հայրապետյանը լավ կիմանա (Էդ կիսանդրին աչքիս նույն մարդն ա քանդակել, Անահիտ, հլը գուգլի): Ու հարազատացավ «Պլանի գլուխ»-ը:

Մի Երևան, մի բանասիրական, մի Արմեն: Ժողովուրդ, մինչև գտա էդ անտեր ինստիտուտը, հոգիս դուրս եկավ, որովհետև բոլոր ծանոթներս մեր գյուղից էին ու բացի Գեղամա լեռներից ու հանդուչոլից ուրիշ ոչ մի բանի տեղ չգիտեին: Ես էլ, ինչ մեղքս թաքցնեմ, եկել էի քաղաք, մի-երկու տարի սովորեմ, հետ գնամ, մեր գյուղում գրականության վարժապետ աշխատեմ: Պապս ասում էր, որ լավ աշխատանք ա. ժամը երկուսին կգամ տուն, տան գործերն էլ կանեմ, հողամաս-բան ունենք:

Քաղաքից առաջին օրը եկան, ինձ տուն տարան: Երկրորդ օրը համալսարանը մի քիչ ավելի հեշտ գտա: «Հին Հռոմ»-ի մոտ էի իջնում էս անգամ: Դե, ես մանկավարժականի բանասիրականն եմ ավարտել: Ճիշտ ա՝ ուզում էի պետականինն ընդունվել, բայց խելքս չներեց: Նենց էլ հավանում էի էդ «Հին Հռոմ»-ը: Հարազատ էր, միակ բանն էր, որ հրետանու նշանառուի նման վերցրել էի հենման կետ: Դրա կողքով համալսարան էի գնում: Բռնեցին, փակեցին: Տերերին չեմ ճանաչում, բայց տխրել եմ: Իտալիայի տնազ կար մեջը: Դուրսը, ուզում էի ասել: Արձանները կհիշեք:

Հետո եկան դասախոսներս: Մեկը մեզ ալանների ցեղի հետ էր համեմետում, մեկը Կենտրոնում էր ապրել, չնաշխարհիկ էր: Տենց էլ գլխի չընկա, ես խոյեցի եմ, գեղաշենցի, թե փախստական: Երկրորդ օրը դասերից հետո մեր կուրսի Մկոյի ու Ռազմիկի հետ գնացինք հրապարակ: Մկոն արեշցի էր, սաղ քաղաքն անգիր գիտեր, մեզ ճարպկորեն ստեղ-ընդեղ էր տանում: Ռազմիկը Կալինինոյից էր, մի օրի էլ ինքը չէր: Ֆռֆռալուց հետո Մկոն որոշեց մեզ հրապարակում լքել, 67-ը ըտեղով էր Արեշ գնում: Գնաց տուն, արդեն երեկոյանում էր: Ռազմիկն էլ ճամփվեց: Վ-ով եմ ասում, որովհետև ես չէի կարող ճամփել, ո՞ւր ճամփեմ, որ ոչ մի ճամփա չգիտեմ: Վերջը… մնացի մենակ: Էդ տարիներին կարգին հայերեն էլ չգիտեի: Խելոք երեխա էի: Մենակ գիտեի, որ մի ավտոբուս պիտի նստեմ, որը էն մոդեռն, բետոնե Ռոսիայից ա գնում: Մինչև հիմա էլ էդ շենքը չեմ սիրում: Գեղեցկությունը տենց էլ չհասկացա: Հիմա կողքերս եմ նայում, վեց ճանապարհ կա: Ուղիղ վեց: Բա ո՞ր մեկն էր տանում Ռոսիա: Ու վայն էկել ա, քեզ տարել, եթե սխալ տեղից սկսես փորձել: Ժամացույցի սլաքի ուղղությամբ սկսելով Վազգեն Սարգսյանից՝ գնացի մեկ կիլոմետր, «Ռոսիա»-ն չգտա ու վերադարձա հրապարակ: Անցնելով Ամիրյանը, Աբովյանը, Նալբանդյանը… «Ռոսիա» հասա Ռազմիկի ճամփվելուց երեք ժամ հետո: Էդ թվերին բջջային չունեի: Թե ինչի մարդկանց չէի հարցնում, չգիտեմ: Հիմա հարցնելով սաղ Եվրոպան ման եմ գալիս: Հրապարակը իմ երրորդ ծանոթությունն էր Երևանին:

Հետո լիքը ծանոթություններ եղան: Անցան տասից ավելի տարիներ: Հիմա էնքա՜ն եմ սիրում էս քաղաքը: Շուտով կտեղափոխվեմ երևի: Եթե էն «Դալմա»-ի մոտի շենքերի պրոեկտի գլուխը չուտեն (Նորոյի հետ բրոքեր ենք դառել արդեն):

Լավ, հերիք ա: Եսիմ, ժող, դժվար ա գրել Երևանի մասին: Համ էլ, ես բանաստեղծ եմ, էսքանն էլ որ գրեցի, գոհ մնանք: Ասել Գեմոն՝ չկա՝ չկա, քաղաքի մասին «Գրե»-ի նախորդ համարում տպված բանաստեղծությունս դնեմ, կարդացեք:

Ծաղկանոցների և աղբամանների արանքում կորած քաղաք:
Տրոլեյբուսի երթուղիներով մասերի բաժանված: Ասֆալտի տակ կքած:
Իմ քաղաքն է, որտեղ ոչ մի մահացու մեղք չեն գործել:
Որտեղ Չաքմաքչյանը պարզապես պիտի թույլտվություն ստանա,
որ կարողանանք տեսնել իր Քայլող մարդը:
Իմ քաղաքն է, որտեղ ատրճանակներն անհանգիստ են մարդկանց ձեռքերում:
Որտեղ բոլորը խաղադրույք են անում և միշտ պարտվում երջանկության հարցերում:

Կիսվել նյութով

Թողնել մեկնաբանություն