◾◾◾

Ամեն անգամ դոկ բացելիս

հիշում եմ Մաթևոսյանին ու փակում,

որովհետև դժվար ա գրել,

երբ մեկն ապրել

ու չի մեռել բոլորովին,

մեկը, որ սովորեցրել ա քեզ

հասկանալ էս ամենը։

Սև աչքերով տղան սիրում ա Մաթևոսյան։

◾◾◾

Լավագույն նվերը չի երևի,

լավագույն պայքարը չի հետևել՝

ինչպես են սեպտեմբերի տասնմեկին ընկնում,

օգոստոսի չորսին՝ բարձրանում։

Քո սենյակից, որ նայում ես,

ո՞վ ա ընկնում։ Ո՞վ բարձրանում։

◾◾◾

Սենց փորձառություն չէի ունեցել․

կներես, որ ուշ եմ հասկանում

բառերը, բառերը, բառերը, բառերը։

Ապրես, որ վերլուծում ես ինձ համար,

ինչպես աղոթքի պես բանաստեղծությունը։

◾◾◾

Առաջին տողն ինչ էրոտիկ ա բայց․

գրում ես, իսկ այն ոչինչ չի որոշում։

Առաջին տողն ինչ էրոտիկ ա բայց,

ինչպես սահող կաթիլը՝ հալոցից հետո,

ինչպես քաղաքի լույսերը՝ մեքենայի պատուհանից։

Առաջին տողն ինչ էրոտիկ ա բայց,

ինչպես եկեղեցու զանգերը՝ կեսգիշերին։

Ների՛ր, հավատացյա՛լս։

◾◾◾

Սիրում եմ՝ ջիղդ

ինչպես ա պրկվում ու թուլանում։

Պրկվում ու թուլանում,

գետնին քսվելիս սրթսրթում:

Խամաճիկ, թելերդ երկարել են,

քեզ փրկել չի լինի։

Երկարել, կախվել են։

Ներիր, որ քեզ չթողեցի

թզուկի երգից հետո։

◾◾◾

Շնորհավոր,

անկախության սերունդ ջան,

քեզ սիրելը ծանր հանցանք էր։

◾◾◾

— Կուզե՞ս գնամ։

— Հա, տենց ավելի անկեղծ ա։

◾◾◾

Որքան կարճ ա ճանապարհը

երաժշտությունից մինչև պատերազմ։

Որքան նույնական բառեր են

կոմիտասյան զանգը և մարտակոչը։

Որքան տևականություն կա

երկու օրերի միջև,

ու կյանքեր՝ ճամփաբաժանին։

Բարի լույս։

Այսօր կիրակի ա։ Հանգստյան օր։

Աստծո համար։

◾◾◾

Սահմանին հեշտ ա հիշելը, կարոտելը,

սիրելը, զգալը, զգալ տալը, գրելը։

Սահմանից հետո հեշտ ա մոռանալը։

Լուսանկարներ, որ մնացին ժապավենին։

Ֆոտոն փակել են։

Չգիտեմ՝ որտեղ երևակել։

Այսօր սեպտեմբերյան սովորական առավոտ ա։

Դու քնած ես դեռ։

Ու ես հիշեցի, որ նախորդ կյանքում

հրետանավոր եմ եղել։

Հիշեցի հրամանատարներիս,

որ հիմա դիրքերում են։ Կարոտեցի։

Հեշտ ա գրել խաղաղության մասին,

երբ այն չկա,

ու խոսել մահվան մասին,

որ հեռվում ա շատ։

Բարդ ա ապրելը

խաղաղության ու մահվան ժապավենին,

որ գուցե շուտով երևակելու են։

Բարի լույս։

Այսօր կիրակի ա։ Հանգստյան օր։

Աստծո համար։

◾◾◾

Ներիր պարտադրված քնի,

արթնության համար։

◾◾◾

Հիմա ասածս ինչ ա՝

ժամանակակիցներից յան տվեք,

թե ձեր սրտի սերերը մեռած են։

◾◾◾

Նվիրել, տե՛ս նվեր տալ։

Գնացքի մատչելի տոմսեր Երևանից Գյումրի։

Ճամփորդությունից առաջ

անհրաժեշտ օգտակար տեղեկատվություն․

զգուշություն,

զգուշություն։

[Աղայանում բառը կա,

Լեդի Գագայից չեմ վերցրել]։

Սև աչքերով տղան տրամադրություն չունի․

ճամփորդության մասին բանաստեղծությունը

քաղաքից հեռանալու մասին ա։

Բանաստեղծությունը սկսվում ա «Սասունցի Դավիթ» կայարանում,

որտեղ հիմա Երևանի «Ե» տառը փոխել են,

ու ամեն անգամ անցնելիս

Լուսինե Հովհաննիսյանի Երևանն եմ հիշում։

[«Երևա, երևա, երևան»-ը]։

Բոլորը շտապում են հերթում առաջ ընկնել,

մի քիչ ավելի շուտ թողնել քաղաքը,

որ չմնան փլատակների տակ։

Սև աչքերով տղան տրամադրություն չունի։

Գնացեք, ուղեղներիդ զոռ տվեք, հասկացեք՝

ինչ ա ուզում,

որովհետև ինքն ավելին գիտի, քան դուք,

որովհետև ինքն անցել ա էս ճանապարհը

հակառակ նվաճումով։

Նա անցել ա յոթանասունհինգ մղոն,

գնացքի պատուհանից տեսել

յոթանասունհինգ սովետական կանգառ,

որ մոդեռնիզմի ծնունդ են,

բացի ավտոբուսից, որ լրիվ հիպերռեալիզմ ա։

Սև աչքերով տղան երկար ա նայել,

տեսել յոթանասուն ծննդաբերություն

յոթանասուն մղոն ճանապարհին,

ջղերի յոթանասուն պրկում։

Սև աչքերով տղան տեսել ա կյանքը։

[Բայց ինքն ուսուցիչ չի,

աշակերտ էլ չի]։

Սև աչքերով տղան գնում ա Երևանից Գյումրի

գնացքի էժան տոմսով,

նայում հորիզոնական ու խորությամբ ձգվող տարածություններին,

իր ալտեր-էգոների թվացյալ թուլություններին՝

բազմության շարժման և կանգի հակադրության մեջ

որսալով մարդու մեծագույն ոբերգությունը՝

մենակությունը։

Լուսանկարիչ՝ Դավիթ Հակոբյան

Կիսվել նյութով

Թողնել մեկնաբանություն