Օրերը սկսվում ու ավարտվում են

Ներիր, իմ արքայազն,
Որ էդ լակոտից հետո լենքիս տվեցի
Ու նման չեմ էն աղջկան,
Որին սիրում էինք ես և դու:
Ներիր, որ ֆենած չեն մազերս,
Ու աչքերիս մեջ հանգած ատրուշանը
Մխում է ծուխ անելով…

Ներիր, որ հազվադեպ եմ շոյում գլուխդ
Եվ հաճախակի՝ կեղտոտ ամանները ջրի տակ,
Որ սեր անելը հոգս է դարձել՝
Կենցաղային այլ հոգսերի շարքում…
Ներիր, որ երազանքներիս տեղը
Բիզնես-ծրագրերն են զբաղեցրել,
Որ կյանքն ինձ հետ նման չէ հրավառության,
Անակնկալներով լի ատրակցիոնի,
էքստրեմալ սպորտաձևի,
Տիեզերական պատերազմների,
Որ օրերը սկսվում ու ավարտվում են…
Որ օրերը սկսվում ու ավարտվում են:

Ուզում եմ ամեն առավոտ, հենց աչքդ բացես,
Ինչ-որ լավ բառեր ասել որպես փոխհատուցում.
Ասել, ասենք, որ դու
Ինձ հետ կատարված ամենալավ բանն ես,
Ու դա չկեղծված ճշմարտություն է,
Բայց
Օրերը սկսվում ու ավարտվում են…
Օրերը սկսվում ու ավարտվում են…

Սիրում եմ

Պահը, երբ կանգնած ես անդունդի եզրին,
Ու ինչ-որ մեկը ներսիցդ ասում է՝ ճախրիր,
Եվ մի ուրիշն էլ բղավում է՝ կընկնես,
Երբ քեզ մի քայլ է բաժանում
Թռիչքից, անկումից և ընկրկումից,
Ու երեքն էլ նույնքան հավանական են,
Ու երեքն էլ՝ կանխավ լի ափսոսանքով:

Պահը, երբ մարմինները մոտենում են,
Բայց աչքերը դեռ չեն փակվել,
Շուրթերը չեն միահյուսվել,
Երբ բիբերի մեջ տեսնում ես քեզ,
Եվ գլխի թեթև շարժում է բաժանում
Մեկնումից և հետդարձից,
Ու երկուսն էլ լի են տխրությամբ:

Պահը, երբ նստած ես սպիտակ թղթի առաջ,
Ու սիրտդ բաբախում է այնքան ուժգին,
Որ բոլոր ձայները խլանում են:

Լինել բռնված

Բառերը՝ անծայրածիր օվկիանոս,
բառերը՝ խորտակված նավեր,
բառերը՝ գանձեր նավերի մեջ,
բառերը՝ ձկներ մեծ ու փոքր,
բառերը՝ քարեր ու բույսեր,
բառերը՝ ալիքներ անհամար,
բառերը՝ ավազ, փրփուր…
Ես՝ արհեստավարժ ջրահարս,
որ կարող եմ լողալ անվերջ
ու առանց հոգնելու,
կարող եմ լողալ նազանքով,
կարող եմ լողալ կատաղի,
լողալ բառերի արանքով,
բառերը ճեղքելով,
խճճելով ու խճճվելով,
քանդելով խճուճները,
բառերից խաբկանքներ հյուսել
հոգնած նավաստիների համար,
ուռկաններ՝ խիզախ լողորդների,
և կարթեր, անհամար խայծեր՝ ինձ համար…

Լինել բռնված,
լինել սովորական մի ձուկ`
բացուխուփ անող բերանը անբարբառ,
թպրտացող ցավոտ ավազների վրա,
ուր քայլելու ամեն փորձ կավարտվի անկմամբ,
ուր չեն լինի բառեր օգնական,
բառեր փրկարար,
բառեր ամոքիչ,
բառեր ապրեցնող,
բառեր սպանող…
Լինել կեր սիրո համար:
Անբառ ցամաքում:

Դառնալ Ճարտարապետ

Արդեն երեք օր զարթնում եմ ամոթահար ու երջանիկ,
ինչպես ամուսնացած մի կին,
որ երազում սիրահարվել է այլ տղամարդու
ու ամբողջ օրը մտածում է նրա մասին,
ու չգիտի՝ ոնց նայի ամուսնու դեմքին,
որին սիրում է ու հարգում
և ընդհանրապես միտք չունի բաժանվելու…
Որտեղի՞ց եկան, կպան ինձ էս նոր, կրքոտ երազները՝
շենքերը, շենքերը, շենքերը՝
վերսլաց ու գետնատարած,
գլաններ, կոներ, խորանարդներ,
շենքեր՝ ամպերից կախված ծաղիկների պես,
շենքեր՝ ծառերի նման, կենդանիների, մարդկանց,
անվերջ ապակի, մետաղ, բետոն, քար, փայտ
և այլ անհայտ նյութեր…
Ես վանում եմ մտքերը շենքերի մասին,
և աչքիս առաջ հառնում են փողոցներ,
ու քաղաքներ եմ տեսնում ամբողջական,
ու տրոփում է սիրտս սիրահար՝
գիժ, հիմար, մանկամիտ անասուն…
«Դառնալ ճարտարապետ»,- գուգլում եմ՝
վախեցած ու ամաչելով,
ինչպես կգուգլեի անծանոթ տղամարդու անուն,
որին հանկարծակի, լրիվ անիմաստ ու անկապ
սիրահարվել եմ…
Քանի դեռ չի բացվել էջը, արագ փակում եմ այն.
ճարտարապետ, չէ մի, ինձնից ի՞նչ կառուցող,
այն, ինչին կոչված եմ ես, իմ կյանքը փլուզելն է…

Քամուց քշված

Ես՝ ինչպես մի առագաստանավ,
հրդեհվող առագաստով,
որ քամուց ավելի է բոցավառվում,
չեմ կորցնում հույսս:
Քամին ինձ հեռացնում ու հեռացնում է ափից,
որից պոկվել եմ անաստղ գիշերով,
և թույլ չի տալիս մոտենալ այլ ափերի,
որտեղ կարող եմ առնել հանգիստ:
Քամին ինձ քշում է բաց ծով՝
դեպի անապատը ջրերի,
որ անօգնական բոցկլտամ ու ծխամ,
որպես գեղեցիկ զարդ՝ ծովի ահռելի կրծքին:
Չկա փրկություն այս խելագար ընթացքից…
Ես ասում եմ՝ կմտածեմ այդ մասին վաղը,
և վաղն եմ կրկնում նույնը,
և հաջորդ օրը…

Եվ հույսս այն է, որ ի վերջո
կրակն ու ջուրը կհանդիպեն:

Քո պահապան հրեշտակը

Իմ հիվանդ սիրտ՝ ջերմող ու տնքացող,
Ես գրկել եմ քեզ ու հեքիաթ եմ պատմում:
Ես չունեմ այս կյանքում այլ երազանք՝
Բացի նրանից, որ քո ջերմությունն իջնի:
Ես կվազեմ դեղի հետևից, թրջոցի, ջրի,
Ես չեմ քնի գիշերը և չեմ քնի ցերեկը,
Մշտարթուն կհետևեմ, որ էլ չմրսես,
Որ չընկնես, որ քեզ վնաս չտաս:
Ու այդպես կլինի մինչև օրերի ավարտը.
Ես քո պահապան հրեշտակն եմ ցմահ:
Էլ ի՜նչ առաքելություն, ի՜նչ գեղեցկություն,
Ի՜նչ տղամարդ, ի՜նչ սեր, ի՜նչ կյանք…

Իմ կյանքն ավարտվեց այն պահին, երբ դու ծնվեցիր:
Ինչո՞ւ համառորեն չեմ ուզում սա հասկանալ:

Շշուկներ անդրաշխարհից

Մթնով է ծաղկել խնձորենին.
Աչքերիս հետ բացվեցին կոկոնները,
Որ լուսաբացին պատուհանից
Տեսնեմ անակնկալ:

Գիտեմ, թե որ հին սերս է
Ուղարկել այդ մեծ ծաղկեփունջը:
Էս ինչքան երկար ապրեցի.
Հին սերեր ունեմ դիզած երկնքում…

Մենք ընտրովի ենք հավատում.
Մեր մեռյալները մեզ հետևում են
Երբ կարիք ունենք օգնության,
Իսկ երբ կուզենային հետևել՝ օ՜, ո՜չ,

Թող մոտ չգան մեր անկողնուն,
Տարփանքի մեջ մենք անհավատ ենք:
Կատաղի կենակցման բղավոցներում
Լսե՞լ եք շշուկներ անդրաշխարհից…

Ծաղկած խնձորենին ձայնով ծանոթ
Շշնջում է՝ ապրիր, ձագս…
Բայց այնպե՜ս տխուր է ասում:
Ասես ուզում է՝ չապրեմ:

Այսպիսի սերմնացան

Եվ էլի կլինի, ինչպես միշտ՝
անաղմուկ, բայց վստահ, լիիրավ
կտիրանան հողիս ու տանս,
տղամարդուս ու երեխայիս,
իմ բաժին սիրուն,
ողբերգությանս,
դափնիներիս,
բառիս…
Չեմ ասում սա իբրև նախատինք.
ես ճանկեր չունեմ կառչելու,
ու էլի չհուսաք պատերազմ,
ձեզ լինի բերքը, վայրի հավքեր,
ինչպես նաև հավեր ընտանի,
գազաններ գազազած,
խոզեր կենսախինդ,
ոչխարներ, կովեր և այլք…
Սրտանց եմ ասում՝ ձեզ լինի,
ի՞նձ ինչ, թե ինչ համ ունի հացը,
եթե ես չեմ կարող սպասել
մինչև հատիկը հասնի:
Կքայլեմ՝ շաղ տալով սերմը
աշխարհի կլոր երեսին,
կքայլեմ անոթի ու թեթև,
և սնունդս կլինի իմ քայլքը:

Իրական կինը

Կհաղթի կինը իրական՝
չափավոր քնարական հոգով
մարմինը ջահել, սիրառատ,
գրկաբաց ազդրերը փափուկ,
կաթնառատ կուրծքը փարթամ,
նորածինը՝ դեռ թաց ու փայլուն,
տանիքը գլխի վերևում,
կռիվները տանիքի ներքո,
սերը կռիվներից հետո,
տունը հավաք
ու ճաշը եփված,
իրերը՝ իրենց տեղը գտած,
աշխատանքով լցված օրերը,
իմաստուն ու անպետք խորհուրդները՝
սերունդներին տրված,
տխրությունը կորսված երազի՝
չափավոր քնարական,
կյանքը մահկանացու՝
մահը կհաղթի…
Իրական կինը կպարտվի…

Կլինենք զրահապատ

Ապրելուց մեր հոգուն կոշտուկներ կառաջանան,
և բառը էլ չի մխրճվի մսի մեջ՝
կլինենք զրահապատ:

Ընկերոջ կորստի համար
մի քանի գիշեր չենք հեկեկա
և գուցե մի քանի վայրկյան էլ չարտասվենք:

— Նա մեռած է ինձ համար,- վերջնագիրը
այլևս ողբերգական չի հնչի,
մեզ կթվա, թե տեսել ենք դա ինչ-որ ուրախ ֆիլմում:

Նրա մահը չի պարգևի մեզ զգացողություն,
որ մենք դեռ ապրում ենք:
Մեզ այլևս ոչինչ չի սպանի:

Մենք կնայենք մարդկանց հանգիստ՝
նրանց մեջ չեն լինի մեր սիրածներն ու ընկերները,
նրանք չեն լինի մեզ դաշնակից ու թշնամի:

Չենք այրի դաշտերը նահանջելիս,
չենք թունավորի գինին,
չենք ականապատի զիջածը:

Մեր սիրտը չի լինի ավիրված քաղաք՝
այրվող շենքերով ու ծխից մթնած երկնքով:
Ինչ-որ մի օր երկնքից էլ արկեր չեն տեղա:

Կգա երկնային արքայությունը մեր սիրտ,
կծաղկեն այնտեղ քաղաքները,
տնտեսությունն ու գիտությունը,

և կյանքը կլինի՝ ինչպես մահից հետո:

Ծիսակարգ

Ես մոմ չեմ վառում եկեղեցում,
պարտեզումս վարդ եմ տնկում,
վարդ՝ երազանքներիս իրականացման համար,
վարդ՝ սիրելի մարդկանց հիշատակի համար,
վարդ՝ տխրելիս,
վարդ՝ երբ ինձ երջանիկ եմ զգում:

Ես չեմ կարող խնամել ու փայփայել մոմը,
վարդը ջրում եմ ու պարարտացնում,
նրա աճը ինձ լցնում է հավատով, հույսով,
որ իմ ներսում շարունակում է աճել ցանկությունը,
որ հիշատակը դեռ ողջ է,
հիշեցնում է, որ երջանիկ եմ եղել:

Երևի մեծ են ու անհաղթահարելի
պահանջներս վարդերից,
իսկ գուցե խնամքս էր շատ՝ չիմացա…
Այս տարի նրանց պատեց մի մեծ տխրություն,
կոկոնները այդպես էլ չբացվեցին, չորացան:
Ուժասպառ են վարդերս:

Եվ ահա՝ մեկը զորեց,
դեղին մի վարդ նարնջագույն եզրերով,
նրան նայելիս սիրտս ավելի է ցավում.
հուսահատության ու մահվան ձգտման մեջ
վերջին ճիգերը ժողոված այդ վարդը
ասես ես լինեմ:

Հեռու

Որպեսզի դու ապրես, ես պիտի մեռնեմ:
Եվ էլի խրվեց սերը կոկորդում…
Ինչ ահավոր ծանոթ է ամեն բան:
Կյանքս՝ հին հունական ողբերգություն՝
վաղուց գրված ու խաղացված,
և հեղինակն է մեռած, և հերոսները:
Ես՝ անհաղորդ հանդիսատես,
կդիտեմ իմ մահը առանց կարեկցանքի.
այնքան հին են կրքերն այդ:
Այն ամենից, ինչ կատարվում է այստեղ ու հիմա,
այն ամենից, ինչ կատարվում է ինձ հետ,
հեռու եմ միլիարդավոր լուսային տարիներ…
Ես զարմանում եմ, որ դեռ խոսում եմ այս լեզվով,
որ խոսում եմ ընդհանրապես,
որ ասում եմ՝ ես և նկատի ունենում ինձ:

Հիշիր հուշերդ, ստուգիր հուշերդ

Իմ մանկության տան բակում,
ահռելի եղևնիների տակ
կանգնած եմ բահը ձեռքիս:
Հող էի փորում:
Հողից ծովի հոտ է գալիս:
Հեռվում լիճ կա:
Գորտեր են կռկռում:
Հանկարծ հիշում եմ՝
իմ պատանեկության գորտերն են:
Սիրտ ճմլող մթնշաղներին,
երբ իմ սենյակում փակված՝
սիրում էի ինձ,
և ձեռքերս դառնում էին սիրածիս ձեռքերը,
գորտերը կռկռում էին նույն կերպ:
Եվ կլոր լուսինն էր պատուհանի մեջ:

Այստեղ միշտ լիալուսին է:
Վաղուց էի հեռացել այս տնից:
Ինչպես ինձ էր թվում՝ ընդմիշտ:
Քսան տարի իմ բոլոր երազներում
այս տունն էի տեսնում,
ասես սա ոչ թե բնակարան,
այլ կենդանի արարած լիներ՝
երազներիս գլխավոր հերոսը,
որ շշնջում էր ինձ ամեն գիշեր.
— Դու դեռ այստեղ ես ապրում:

Արթնանալուց հետո միշտ
թեթևացած մտածել եմ՝
ես ունեմ երեք եղբայր ու մի քույր,
երբ ծնողներս չեն լինի,
մենք կվաճառենք այս տունը
ու գումարը կբաժանենք հինգ մասի:
Բայց տունը հայրս նվիրեց ինձ,
և հիմա այստեղ եմ՝ եղևնիների տակ:
Փորել եմ հողը, որ վարդեր տնկեմ:

Ինձ թվում է՝ ես վաղուց եմ մահացել:
Եվ երևի՝ ոչ մեկ անգամ:
Հաշվում եմ:
Երեք կյանք եմ ապրել՝
երեք տարբեր մարդու:
Մեկը մահացել է 18 տարեկանում,
մյուսը՝ 25,
երրորդի կյանքը, զգում եմ,
մոտենում է ավարտին:
Նրանք իրար երբևէ չեն ճանաչել,
բայց միշտ լսել են միմյանց մասին,
ինչ-որ անծանոթ մարդիկ
միշտ շփոթել են նրանց՝
ստիպելով հիշել, հիշել, հիշել…
Եվ նրանք, քաղաքավարությունից դրդված,
հաճախ ձևացրել են, թե հիշեցին:
Մի բան է միավորել նրանց աննկատ՝
Երազների տունը:

Երբեք այսքան տխուր չի եղել
բաժանումը ինձնից:
Եղել է մաժոռ, պաթոս, հաղթանակ,
կենսահաստատ մի բան:
Հանկարծ հասկանում եմ,
որ վարդեր չեմ տնկում պարտեզում,
այլ նոր երազանքներս,
որ պիտի ջրեմ, քաղհանեմ, աճեցնեմ:
Ապրելու համար բավական չէ մեռնել,
բավական չէ թաղել քեզ ու մոռանալ,
պետք է հեռանալ նոր ճանապարհներով:
Բայց ես հազիվ սկսել եմ ինձ սիրել,
հազիվ հաշտ եմ ինձ հետ,
գուցեև երջանիկ:

Թիկունքումս տունն է կանգնած,
շնչում է ծանր: Շշնջում է.
— Չկա հին ու նոր, չկա կյանք ու մահ,
բոլոր ճանապարհները քեզ բերելու են,
և չկա ճանապարհ, որ կտանի…
Հիշիր հուշերդ, ստուգիր հուշերդ,
քո նոր երազանքները
իրականացել են անցյալում…
Դու երբեք երջանիկ չես եղել…

Այս տան մասին մտածելու ձևն իսկ
նման է երազ տեսնելու ձևին:
Չի կարելի ինձ մենակ մնալ նրա հետ:
Հանկարծ հասկանում եմ,
որ պետք է թափով երազել,
երազել ինքնամոռաց,
երազել բոլոր վերջույթներով,
բոլոր օրգաններով ու զգայարաններով,
երազել անմնացորդ…

Եղևնիների տակ, բահը ձեռքիս, աչքերս փակ՝
ես լսում եմ գորտերի կռկռոցը՝
այն նույն կռկռոցը,
այն նույն գորտերի…
Ես նայում եմ վերև՝ նույն լուսինն է կլոր:
Ես նայում եմ ոտքերիս,
որ մինչև ծնկներս խրված են հողի մեջ:
Եվ շարունակում են խրվել:
Հանկարծ հասկանում եմ,
որ սա սովորական հող չէ,
Ո՜չ, սա հող չէ…
Եվ սա երազ չէ՝ այն երազներից,
որ տեսնում էի այդքան շատ:
Սա իրականությունն է՝
ավելի խելագար, քան երազը:

Կիսվել նյութով

Թողնել մեկնաբանություն