Ես Քրիստոսի համար
հեքիաթ եմ կարդում, իսկ
ինքն ինձ աշխարհից է հարցնում,
բայց ես այնքան չեմ ուզում
նրան պատմել
երկրային աղետների մասին՝ չնայած,
որ ինքն ինձնից լավ գիտի։

Ես Քրիստոսի համար
օրորոցային եմ երգում, իսկ
ինքն ինձ հորից է հարցնում.
ո՞ւր է հայրս, ասում է.
չգիտեմ, ասում եմ, մեզ էլ է դա հետաքրքրում։

Ես Քրիստոսի համար
երգում եմ ու կարդում, իսկ
ինքն ինձ հարցնում է, թե ոնց եմ.
բայց, ախր, ես այնքան չեմ ուզում
նվնվալ, բողոքել. չեմ ուզում,
որ նա իմանա, թե իմ մեջ
պարտվել է աստված։

Ո՞ւր է հայրս, ասում է.
գնա, բեր հորս.
բեր, թող գրկի ինձ,
բեր, թող հեքիաթներ հորինի,
բեր, թող դադարեցնի ցավը։

Ես Քրիստոսի համար
ամեն գիշեր
երգում եմ օրորոցային,
իսկ ինքն ինձ հարցնում է աշխարհից,
ու ես նայում եմ նրան լուռ, երկար.

մի՞թե ես չպիտի նրան հարցնեի աշխարհից։

Կծկվում է անկողնում
ու ասում.
բեր հորս,
բեր, որ փրկի ինձ,
բեր, որովհետև ես փոքր եմ,
հորս կանչիր, որովհետև ես ուզում եմ
երեխա լինել,
բեր նրան, որովհետև մոռացել եմ, թե ով եմ։

Ու մի խելագար օր
նայեց ինձ լուռ,
երկար ու Քրիստոսի դեմքով՝

դու մատնելո՞ւ ես ինձ,
որովհետև
հենց Հուդան ես, որ կաս։

***

Ես պարզապես Հայաստան եմ ուզում,
լեռների գրկում ու քեզ հետ սպասվող լուսաբացներում։

Ընդամենը մի փոքրիկ Հայաստան է ուզածս՝
աղմուկից ու առօրյա դարձած երթերից զուրկ,
իրար չհասկացող ու սպանելու պատրաստ,
իրար ատող նույնալեզու մարդկանցից հեռու։

Պարզապես մի սովորական Հայաստան տվեք ինձ,
ուր հողը չի ճաքում գոռոցներից,
ուր սուրճը խմվում է մինչև վերջ,
ուր գիտենք՝ ոնց ապրել։

Հա-յաս-տան.
մի կտոր տեղ տան ու
անցնեն մեր կողքով՝ առանց հայացք թեքելու
մեր սովորական ու հազիվ պահվող սիրո վրա։

Մեզ թողեք մեր Հայաստանն ու չտեսնելու տվեք,
խնդրում եմ
կամ կոչ եմ անում, եթե էդպես
ձեզպեսներին
ավելի հասկանալի կլինի…

***

միշտ էնքան ես ներում,
որ սկսում ես ատել,
չսիրել,
չհասկանալ,
չգոռալ,
չխոսել,
չբացատրել

միշտ ներում ես էնքան, որ
դատարկությունը
կանգնում է կոկորդումդ,
ու նույնիսկ դրանից
չես տանջվում այլևս

կարո՞ղ եմ քնել կողքիդ
կամ ձեռքերիդ մեջ,
մեղավո՜ր, մեղավո՜ր ձեռքերիդ,
որոնց վրա
արևներ նկարելը դադարել եմ

ամեն ինչ կվերջանա, սեր իմ,
թեթև սիրահարվածությունները,
անկողնուց անկողին վազելը,
մարմնիցդ ամաչելը,
աշխարհին հայհոյելը,
մենք, սեր իմ, մենք կվերջանանք

չեմ կարծում, թե կհանդիպենք մյուս կյանքում,
խոսք չեմ տալիս
տեսնել քեզ ու նորից
գիրկդ վազել,
չեմ կարծում, թե սատանան,
մեր մեջ կանգնած, դա թույլ կտա

դե, ես դժոխք եմ գնալու, չէ՞,
քեզ սիրելու համար հատկապես.
քեզ, որ ամենամեծ մեղքս եղար
ու ամենասիրուն
պահը կյանքիս

ես մյուս կյանքում
կպատմեմ քո մասին բոլորին,
ոնց արել եմ երևի նախորդ կյանքերում,
երբ ոչինչ էի
կամ ամեն ինչ, բայց հիմա չեմ հիշում

գուցե ես լուսի՞ն էի,
դու՝ աստղ որևէ,
որին չգտա էդ բազմության մեջ
կամ գտնելու պահին
արևածագ եղավ,
ու ես կրկին
անժամանակ
կորցրի քեզ

սեր իմ, կվերջանա ամենը,
բայց ոչ իմ սերը
քո հանդեպ
ու տառապանքն այս երկար,
որից արդեն տառապելն ամոթ է

պարզապես հասկանո՞ւմ ես,
սատանան հանգիստ չի տալիս.
աստծո հետ գրազ են եկել՝ ե՞ս եմ հաղթելու,
թե՞ կյանքը

իսկ կյանքը դու ես. կատարվիր։

կատարվի՛ր, ինձ ամոթով մի
թող
ահեղ դատաստանի ու
երկրի մեջտեղում,
ուր ես ծուռ-ծուռ կանգնել
ու միամիտի պես
օգնության եմ սպասում

քեզնից չի պահանջվում շատը՝ կատարվիր։

Կիսվել նյութով

Թողնել մեկնաբանություն