Մեկ-մեկ թվում է, թե սարերի քամին չի ավարտվելու, ու դեռ հասցնելու ես ոտաբոբիկ վազել կանաչի միջով՝ ինքդ քեզ գտնելու: Իսկ արևը փչացնում է քո որոշումները ու ինչ-որ պահի, թեկուզ մի քանի ժամով, օդը կանգնեցնում պատի նման՝ քո առաջ: Քո ձեռքի տակ էլ գնդակ չկա, որին շեղակի հարվածելով՝ կարելի կլինի պատը օդ թռցնել, ու դու աթոռ ես դնում անկյունում մի կերպ ձգված ծառի տակ, կանգնում վրան, ամենահաստ ճյուղից թելից ճոճանակ կապում: Առաջ-հետ, առաջ-հետ. կյանքը փորձում է փախչել քեզնից ու քո սառը ոտնաթաթերից, որոնք ամեն անգամ հենում ես տաք մեջքին, բարձր ծիծաղում ու գրկում: Կյանքը՝ միշտ նեղացած, հոգնատանջ, հիասթափված, ընկել է ձեռքդ, ու դու նրանից քամում ես վերջին գրամ ժպիտը, թողնում նրան մերկ մտքով ու խոտերի մեջ թռվռալով՝ հեռանում: Ինքն էլ որոշում է խլել քեզնից ամենաթանկն ու արժեքավորը: Կյանքիդ մեկ տարի էլ է ավելանում, իսկ կարոտներիդ՝ ամենամեծը:
Ետդարձի ճանապարհ չկա. ա՜յ, որ լավ սովորեիր ֆիզիկա, հիմա ժամանակի մեքենա էիր ստեղծել ու… չէ, եթե հետ գնայիր, չէիր հասկանա դրա հաճույքը: Հիմա, երբ դա անլինելի է, ու քեզ մնացել են միայն չշոշափելի, զգայացունց հիշողություններ, ամենակարևորը մնում է տասնյոթ տարեկանը:
Կյանքի ամենամեծ խաչմերուկը դու անցնում ես տասնյոթում՝ առանց լուսացույց, առանց վթարային ելքերի. անհնազանդ ես՝ չես թողնում որևէ մեկին ընտրելու քո փոխարեն, չես կարդում կանոնները, չես նկատում կողմնակի ազդեցությունները կամ հետևանքները ու չհասկանալով, որ ընթանում ես միակողմանի ու քո ուղղությանը հակառակ ճանապարհով, ծիծաղելով ու փորիդ մեջ խուտուտ զգալով՝ վազում ես:
Տասնյոթի հետ ավարտվում են քամիները. իհարկե, իրենք կան, բայց դու վախենում ես տրվել դրանց, փորձում ես, բայց էլ չես զգում նույնը, ու ոտքից գլուխ քո ներս լցվող սև նյութը, որը ոչ մի դեպքում նավթ չէ, դառնացնում է ներկադ, քեզ գցում հին սովորությունների ու մարդկանց գիրկը, կորացնում մեջքդ, հանում պահարանիցդ ամենաբարակ զգեստը ու հայելու մեջ նայելով հասկանում՝ ժամանակներն անցել են:
Տասնյոթում կգտնես Բուկովսկուն, Ստալինին, Տարանտինոյին, Տարկովսկուն, Կոմս Մոնտե Քրիստոյի որդուն ու էլի շատ միմյանց հետ կապ չունեցող մարդկանց. կկորցնես ընկերներիդ, ամենասիրելի գուլպայիդ զույգը, քաղցրի հանդեպ թուլությունը, ուտել-չչաղանալու սինդրոմը ու մի քիչ էլ ժպիտիդ պատճառները: Քո սիրելի երգիչները կգոռան ականջներումդ, որ կարևորը էս ամենի մեջ քեզ չկորցնելն է, բայց, սիրելի՛ս, լսիր ծեր ու բարի պապիկին ու միշտ, գրեթե ամեն օր, մի բան կորցրու քո հին ես-ից, որովհետև ամենակարևոր բաները միշտ էլ մնում են: Կորցրու ու գտիր նորերը, մեկ է՝ դրանք էլ ես կորցնելու՝ ինքնակամ, ստիպողաբար, տանջահար:
Հայրենիք ու մայրենիք ճանաչելու ընթացքում քո հեղափոխական հոգին ձեռք թափ կտա գնդակահարության պատերի տակ կանգնած, ու դու չես հասկանա, որ ճանապարհ ես հարթում տանկերի ու կրակոցների, արյունոտ ծաղիկների ու շարունակաբար կրկնվող լռության առաջ, բայց դա քեզ կներվի, բոլորի աստվածները վկա, դա քեզ միշտ կներվի, որովհետև էս աշխարհում բոլորը եղել են տասնյոթ տարեկան ռոմանտիկներ, որոնք արել են նույնը, նույնը, նույնը:
Հարթություններ գծելու վերջը տուր, հատկապես մաշկիդ խորդուբորդերին. փակելու կարիք չունես: Դու այն ես, ինչ որ ես: Դու նա ես, ով որ ես: Դու նա ես՝ տասնյոթից առաջ էլ, հետո էլ, ում սիրելու են ու ճանաչեն: Իմանալու են քո ամենասիրելի գույնը, քո մազերի փափկությունը, քո ամենասարսափելի երազները: Ճանաչելու են քեզ անձրևի տակ պարելիս ու քամիներ փնտրելիս:
Տասնյոթը միշտ վերադառնում է մարդու տեսքով: Նրա հետ դու լինելու ես հավերժ չար ու կյանքի թելիկներից կախված, օվկիանոսը չընկնող, ասֆալտին պառկող աստղեր հաշվողը:
Դու ձանձրանալու ես, գոռաս, լաց լինես, չզգաս ոչինչ, արթնանաս՝ չքնելով, ճտտացնես մատներդ, լսես ձայներ, իսկ բառերը փակես ականջներիդ համար: Դու սովորելու ես ու աշխատես, հաճախ ոչինչ, բայց դա քեզ կօգնի գտնել ամենակարևորը՝ ժամանակ սիրելիների համար:
Ու դու նրան կմոռանաս մի քամոտ ակնթարթ:
Ու դու տուն վերադառնալիս, ամենաերկար ճանապարհին պատուհանից դուրս նայելիս չես հիշի, որ ինչ-որ պահի եղել ես տասնյոթ:
Որ էս վազող ծառերի ու թափթփվող սպիտակեղենի արանքում դու մտածել ես՝ «լո՞ւսինն ա գալիս մեր հետևից, թե՞ մենք ենք իրեն հետևում»:
Դու չես հիշի, որ անցել ես ինչ-որ խաչմերուկներ, որոնք չկան տիեզերքի ոչ մի քարտեզի վրա:
Դու չես հիշի, որ տասնյոթում ռուսերենը չէիր սիրում, մատանիներ չէիր դնում ու մազերդ գրիչով էիր հավաքում:
Չես հիշի:
Չես կարոտի:
Դա կտևի մի ակնթարթ, մի երկար, կյանքի չափ տևող դանդաղ ակնթարթ, որը կընդհատվի կնոջ տարիքը չհարցնելու ու եկեղեցու կողքով խաչակնքվելով վարող տղայի մահվան ելքով ավտովթարից: