***
Երբ մենք նստած էինք ավազներին` խարույկի մոտ
ու զրուցում էինք ինքնամոռաց,
Մայրամուտը խառնվել էր մազերիս գույնին
չզանազանելու աստիճան,
կիսատ թողնելով քո գարեջուրը`
ես մատներս աննկատ դասավորում էի խարույկի փայտերի տակ…
Դու ինքնամոռաց լողում էիր իմ մայրամուտի մեջ ու զարմանում,
երբ վերջացրիր ձկան վերջին կտորները, ու էլ մայրամուտը չկար,
դու ուզեցիր բռնել մատներս,
բայց, ցավոք, չգտար նրանց մոտակայքում,
մենք երկար էինք փնտրում մատներս խարույկի փայտերի մեջ,
բայց ուշ էր արդեն,
ծովը այրել էր մատներս ու բոլորովին էլ դժբախտ չէր զգում իրեն:
***
Իմ մենության մեջ
Ես քեզ ջանում էի բացատրել
որ կապ չունեն բանաստեղծները իրենց
բանաստեղծությունների հետ.
պոետները իրենք իրենց համար սեր են հորինում,
սիրում են, թե՞ չէ, չգիտեմ:
Իմ մենության տանգոն ես պարում եմ ինձ հետ,
գիտեմ` վերևից է ծաղկեփունջը ընկնելու,
իսկ բանաստեղծություն կոչվող հագուստը շատ չի ուշանա:
***
Երաժշտությունը ավարտվում է, հետո ի՞նչ ենք անելու…
Ես շուրթերով պոկում եմ վարդի թերթը,
իմ հոգնության մեջ Հիսուսն է ապրում,
եթե դու լինեիր կողքիս,
ուսերս ծանրացնող վերարկուն կգցեի վրադ:
***
Գիտե՞ս, մարդիկ գիտեն, թե դու սովորական ես
Մազեր, տաբատ, մաշկ, վերարկու
Դա ճիշտ է…
Բայց դու նման ես…
Ամեն ինչ պետք է հատուկ լինի
Ես հավատում եմ…
Մարդիկ պատմում են իրենց հանդիպումների մասին
Ես էլ կարող եմ նման բան արագ հորինել
Բայց քո աչքերը պետք է իմ աչքերին նայեն, որպեսզի ինչ-որ բան ծնվի…
Ու ես դա չեմ փոխի ոչ մի հեքիաթի հետ,
Հետո ես կգնամ կպատմեմ,
Բայց արդեն նույնը չի լինի,
Նույնիսկ նա կարող էր տգեղ թվալ,
Բայց լույսը ցեխոտ ջրափոսերի մեջ էլ է ընկնում,
Իսկ թթվածին (օդ) որոնող ձկնիկները ջրափոսեր են երազում:
Դու սովորական ես թվում, ժպտում ես, սակայն ինչ-որ անթաքույց բեռ ես տանում
Քեզ հետ, որը միայն ինձ է հասանելի:
***
Տարիներ հետո դու լա՛վ պահիր քո վերարկուն,
որը քայլում էր միջանցքներում`
քեզ առանձնացնելով բոլորից,
դու` լավ պահպանիր հուշե վերարկուդ,
տարիներ հետո ես նրա տակ եմ քնելու,
և դա լինելու է ամենախոր ու հանգիստ քունը իմ կյանքում,
երբ սև վերարկուիդ թևերը ինձ երկու կողմից կպահպանեն աղոթելով,
ճերմակ աղոթք կիջնի անկողնուն` հեքիաթի նման և անտառի պես,
ու իմ բոլոր բանաստեղծությունները կքնեն կանաչ ծառերի շվաքում
ու կշնչեն օդը` եդեմային, ագելված պտղի նման: