Արփինե Վարդանյան

Ինքնասպանություն` օգնության կանչ,
որը ոչ ոք չլսեց…
Ռավիլ ԱԼԵԵՎ

Ցուրտ էր: Երեկո էր արդեն, երբ եկա: «Գժվել է»,-կմտածեր ինչ-որ մեկը, եթե այդ ժամին ինձ տեսներ գերեզմանոցում, բայց ես չէի վախենում: Ուզել` եկել էի: Ում ի՞նչ: Նրա չգոյության մեջ ուզում էի անընդհատ զգալ ներկայությունը: Իսկ նա այլևս չկար: Չէի տեսնելու: Վառում եմ հերթական ծխախոտը: Խորենը ինձ սովորեցրեց ծխել: «Ո՞վ է ասել, թե աղջիկը չպետք է ծխի»,- մի օր ծխախոտը տվեց ձեռքս ու այդտեղից ամեն ինչ սկսվեց: Այդ օրվանից ծխելը չթողեցի: Ու ամեն անգամ, երբ ձեռքս եմ վերցնում ծխախոտը` հիշում եմ նրան: Անհնար է մոռանալ Խորենին: «Վա՜յ, պահի… պապս է վերև բարձրանում,- ամեն անգամ իրար էր խառնվում Խորենը, երբ լսվում էր վերև բարձրացող Խաչիկ պապի ծանր ոտնաձայները,- ինքը նահապետական մարդ է, անհնար է իրեն բացատրել, որ վատ բան չկա, երբ աղջիկը…»: Բայց Խորենը չէր հասցնում նախադասությունը վերջացնել` դուռը բացվում էր: Ես դուռը բացվելուն պես էի իրար խառնվում, բայց միշտ հաջողվում էր թաքցնել ձեռքիս ծխախոտը: Ու այդպես էլ միշտ Խաչիկ պապի համար մնացի համեստ ու շնորհքով աղջիկ…
Մի երկու րոպե հետո հանկարծ զգում եմ, թե ինչպես են վառվում մատներս: Սթափվում եմ: Գլանակը գցում եմ գետնին: Ցուրտն էլ ավելի էր սաստկացել, և մութն արդեն ընկնում էր: Նորից հայացքս դարձնում եմ քարի վրա դաջված Խորենի նկարին… անասելի ցավ եմ զգում:
— Քուր ջան, կգա՞ք, թե՞ չէ,- հանկարծ լսում եմ ինձ սպասող տաքսու վարորդի ձայնը:
— Գալիս եմ,- դժգոհ տոնով պատասխանում եմ ու դժվարությամբ քայլերս ուղղում դեպի մեքենան:
— Սաղ են գժվել, այ մարդ… ժամին նայե՞լ եք,- մեքենան գործի դնելով` փնթփնթում է վարորդը:
Խեթ-խեթ նայում եմ` որպես պատասխան:

***
Խորենն ուրիշ էր: Նման չէր իր հասակակից տղաներին ու առհասարակ` իրեն շրջապատող մարդկանց: Նրա մեջ ինձ երևի հենց այդ տարօրինակությունն էր գրավում: Եթե ուրիշներից առանձնանում ես որպես տարբերվող և հենց դրանով ուրիշների կողքին դառնում ուրիշ` առանձնացող, տարօրինակ, անսովոր, ուրեմն` պետք է, չէ՞, քեզանից ինչ-որ բան ներկայացնես: Իսկ այդպիսին լինելու համար պետք է ավելին լինել, քան բոլորը: Եվ Խորենը հենց այդպիսինն էր: Նա բոլորի մեջ չէր մտնում: Իսկ բոլորի մեջ մտնող մարդիկ այնքան նույնական են թվում: Այդ առումով էլ մերժվում էր շատերից: Իրականում մենք բոլորս մեր տեսակով ուրիշ ենք, տարբերվող, առանձնահատուկ… պարզապես պետք է, որ ինչ-որ մեկը հայտնվի, ցույց տա, որ մենք բոլորի մեջ չենք մտնում, և առանձնանում ենք մեր ուրիշությամբ: Հետո էլ հո՞ պատահական չէ, որ երբ ինչ-որ մեկին ենք վստահում, հավանում, դա նրանից է, որ ուրիշներին նման չեն, համենայնդեպս` մեզ այդպես է թվում:
Երբ առաջին անգամ ինձ տարավ իրենց տուն, շատ բան չգիտեի նրա մասին: Ընդամենը գիտեի, որ նկարիչ է, ու ապրում է պապի հետ:
— Զիլ մարդ է պապս, Սոն: Պետք է անպայման ծանոթացնեմ: Բայց զգուշացնում եմ` կարող է քեզ չհավանի: Բանի տեղ չդնես: Ինքը ոչ մեկին չի հավանում: Ինձ էլ,- ծիծաղելով զգուշացրեց Խորենը:
Ուշադիր ու զարմացած լսում էի: Ինչ ծանոթացել էինք` մռայլ մարդ էր թվում, և դա լրջությունից չէր գալիս, չէ՛: Ինչ-որ անբացատրելի թախիծ ու տխրություն կար նրա մեջ: Եվ այդ օրը այնքան անսովոր էր նրա խոսելու ձևը` ծիծաղելով: Բայց իսկապես Խաչիկ պապը «զիլ» մարդ էր: Ոտքից գլուխ չափեց ինձ: «Չհավանեց»,- մտածեցի: Մի տեսակ հուսահատված նայեցի Խորենին: Աչքով արեց:
— Արի՛,- հանկարծ բռնեց ձեռքս ու համարյա քաշեց իր հետևից:
— Սպասի՛, վա՜յ,- դժգոհեցի:
— Վա՜յ, արի՛…
Երկրորդ վայրկյանին արդեն բարձրանում էինք աստիճաններով:
— Ա՛յ տղա, թողնեիր աղջկան մի բան հյուրասիրեի,- ներքևից լսվեց Խաչիկ պապի ձայնը:
— Հավանե՛ց: Թե չէ հիմա քեզ դուրս էր արել,- կամաց վրա բերեց Խորենը: Միասին ծիծաղեցինք:

***
Տան երկրորդ հարկը փակ պատշգամբ էր, որը Խորենի արվեստանոցն էր` մեծ, ընդարձակ, լուսավոր, ամեն տեղ դրված էին մեծ կտավներ, սպիտակ շորով ծածկած նկարներ ու ներկեր: Նստելու տեղ անգամ չկար: Բայց ինձ միանգամից դուր եկավ: Ու քանի որ այդ ժամանակ (սկսնակ նկարչուհի էի) դեռ նոր էի ինձ համար տեղ գտնում, որ ստեղծեմ իմ արվեստանոցը, Խորենը ինձ համար էլ իր արվեստանոցում տեղ գտավ: Այդ օրվանից սկսեցինք հաճախ միասին նկարել:
Խորենի նկարները միշտ աչքի էին ընկնում մահվան թեմատիկայով, հատկապես` ինքնասպանության: Նկարներն էլ այնքան իրական էին, որ մագնիսի նման քաշում էին, կլանում ողջ ուշադրությունդ: Ամեն անգամ նայելիս` անելանելիության զգացում էր առաջանում, որ չէի կարող օգնության ձեռք մեկնել ինձ նայող, թախծոտ ու օգնություն աղերսող աչքերով մարդկանց:
Նկարներից ինձ հատկապես տպավորեց մեկը: Առաջին հայացքից սովորական սենյակի պատկեր էր` մահճակալով, որի վրա մարդ էր քնած, գրասեղանով` թափթփված գրքերով ու թղթերով, ոչ մի արտառոց բան, բայց երբ ներքևում կարդացի վերնագիրը` միանգամից նկարի նկատմամբ վերաբերմունքս փոխվեց ու հանկարծ այլ աչքերով սկսեցի դիտել ու ընկալել… Ուշադրությունս ավելի կենտրոնացրեցի: Ուզում էի վերնագրին համապատասխան ինչ-որ բան գտնել, ի վերջո, հասկանալ, թե ինչու է նկարը այդպես անվանվում` «SUICIDE»: Նայեցի դետալ առ դետալ… ու… մահճակալի կողքին, համարյա աննշան (պետք է շատ ուշադիր դիտես, որ նկատես), տեսա ինչ-որ թափված կոճակներ, որ առաջ չէի նկատել: Նկարի անունը… այդ կոճակները…
— Կմեկնաբանե՞ս,- հարցրեցի Խորենին, ով մի քիչ հեռու կանգնած ինձ էր հետևում:
— Իհարկե,- մոտեցավ,- նայի՛, առաջին հայացքից ուղղակի սովորական սենյակի նկարագրություն է, ու թվում է, թե այս մարդը ուղղակի քնած է` սովորական պատկեր: Բայց երբ ուշադիր նայում ես ու տեսնում թափված դեղերը, նկարում պատկերված մարդու «կարգավիճակը» փոխվում է, հասկանում ես, որ նա ոչ թե հանգիստ քնած է, այլ մեռած: Այնուամենայնիվ, նկարում դա ընդգծված չէ… կարծես թե ոչ մի լուրջ բան չի կատարվում: Ամեն ինչ նույնիսկ շատ բնական և լավ է թվում: Իրականում suicid-ը հենց այդպիսինն է: Հեշտ չէ հասկանալ դա: Դրա համար էլ համատարած անտարբերություն է, որովհետև կարևորը չտեսնել, չնկատելն է, ու «ամեն ինչ լավ է» ` իրավիճակին հավատալն է, մինչև…
— Խորե՜ն, բայց դու….
Սակայն Խորենը կարծես ինձ չլսեց` կտրուկ ավելացրեց.
— Մահվան մեջ ինչ-որ գրավիչ բան կա: Մարդիկ կորցնում են ցավ զգալու ունակությունը…
Բայց այս անգամ էլ ես չթողեցի, որ շարունակեր.
— Չեմ կարծում: Դա սփոփանք չի կարող լինել, որովհետև մահը, երբ էլ ասես` կլինի, իսկ կյանքի թե՛ լավ, թե՛ վատ պահերը անցողիկ են: Պետք չէ ինքնակամ (անցողիկ վատ պահերի համար) գնալ մահվան, ինչից մեկ է` մի օր չես կարող փախչել:
— Հանգիստ եղի՛ր, չեմ պատրաստվում ինքնասպանություն գործել,- նորից խոսքս ընդհատեց Խորենը, և արագ մոտեցավ դռանը (ինձ թվաց խոսակցության թեման փոխելու համար) և ավելացրեց,- սուրճ չխմե՞նք:
— Պարզապես ափսոս է լինել տաղանդավոր, եթե դա պետք է օգտագործես միայն աշխարհի սև ու վատ կողմերը ընդգծելու համար,- այնուամենայնիվ, ինչ-որ անհասկանալի անհանգստությունից դրդված, չէի կարողանում հանգստանալ:
Խորենը հանկարծ կանգնեց (արդեն բացել էր դուռը, ու պատրաստվում էր աստիճաններով իջնել), հայացքը դարձրեց ինձ, նայեց ուղիղ աչքերիս մեջ: Զարմացա, երբ տեսա աչքերի արտահայտությունը: Կարծես առաջին անգամ էի տեսնում: Այնքան անծանոթ թվաց, որ մի պահ նույնիսկ վախեցա: Ու հանկարծ սարսափով նկատեցի, որ նկարներից ինձ նայող օգնություն աղերսող մարդկանց աչքերը, հենց իր` Խորենի աչքերն էին: Մի՞թե չեմ հասկացել այսքան ժամանակ, մի՞թե ոչինչ չեմ նկատել:
«Հայտնագործությունիցս» հետո դադարեցի նայել Խորենի նկարներին: Կարծես խուսափում էի նայելուց, որ մեղքի զգացում չունենամ… Խորենի առաջ: Չէ՛, նա ուղղակի նկարիչ էր, ով…
Ժամերով նկարում էինք: Խաչիկ պապը հաճախ էր վերև գալիս: Ջղային ծերուկ էր: Չնայած իմ ներկայությամբ աշխատում էր իրեն հանգիստ պահել, բայց նկատել էի, որ փնթփնթան էր ու ամեն ինչից դժգոհ: Իսկ Խորենը միշտ լարվում էր, երբ պապը ներս էր մտնում:
— Պա՛պ, ստեղ քեզ հետաքրքրող բան չկա: Գնա՛ ցած,- մի տեսակ լարված ասում էր, երբ դռան հետևում հայտնվում էր պապի գլուխը:
— Յա՜, ի՞նչ կլինի: Սոնան հո դեմ չի՞,- դժգոհ տոնով մռթմռթում էր Խաչիկ պապը:
— Չէ՛, պապի, իհարկե, դեմ չեմ,- ժպտալով պատասխանում էի:
— Է՜հ,- գլուխը թափ էր տալիս Խորենը:
Խաչիկ պապը համառ ծերուկ էր: Մեկ-մեկ ինձ նույնիսկ թվում էր, որ դիտավորյալ է մնում: Մի քիչ հեռու նստում էր աթոռին, վառում ծխախոտը ու զննող հայացքով նայում մեզ: Այդ պահին Խորենը հազիվ էր իրեն զսպում: Ես էլ էի ահավոր լարվում:
— Տան անդամները, որ մեծին չեն լսում` միշտ ոտները քարին է դիպչում: Ա՛յ հերդ քեզ օրինակ: Ինձ չլսեց… Սովից կմեռնեիք, եթե ես չլինեի…- լռել էլ չէր կարողանում Խաչիկ պապը: Շատախոսն էր:
— Լավ էլի, ա՛յ պապ: Էլի սկսեցի՞ր,- փորձում էր պապին սաստել Խորենը:
— Ա՛յ լակոտ, մի՛ ընդհատիր, երբ ես եմ խոսում: Մի աննորմալ էլ դու ես` հորդ նման,- աչքերը կլորացնելով` միանգամից բռնկվում էր Խաչիկ պապը:
Նման պահերին ինձ միշտ վատ էի զգում: Բայց երբ հայացքս հանդիպում էր Խորենի հայացքին` մի տեսակ զինաթափվում էի, հասկանում էի, որ չեմ կարող հենց այնպես հեռանալ: Զգում էի, գիտեի, որ Խորենը իմ կարիքն ունի, իմ ներկայության:
Երբ, ի վերջո, մենակ էինք մնում, Խորենն ասում էր.
— Պապիս անտանելի բնավորությունը ծերության հետ է ձևավորվել: Նա կարծես ծերության հետ չի ուզում հաշտվել: Ամեն օր, երբ կանգնում է հայելու առաջ, գիտես` ի՞նչ է ասում. «Անգամ սպիտակ մազ չի մնացել» : Սոն, բայց երևի ծերությունը տրված է մարդուն, որ մարդկանց մեջ պահպանվի «հավասարության բալանսը» : Ի՞նչ կլիներ, եթե ժամանակը մարդկանցից չխլեր գեղեցկությունը, հիշողությունը, եռանդը… Ծերությունը բնության ճիշտ պարտադրանքն է, որ ժամանակի ընթացքում մարդիկ կորցնելով իրենց գեղեցկությունը, հիշողությունը, կյանքի ասպարեզում գործելու ճանապարհը թողնեն ջահելներին: Ծերերին էլ մնում է միայն կյանքի փորձը: Միայն թե այդ փորձը արդեն կիրառելի չէ. չկա ո՛չ ջահելություն, ո՛չ հիշողություն, ո՛չ եռանդ:

***
Ժամանակի ընթացքում նկատեցի, որ Խորենը նաև դեպրեսիվ անձնավորություն էր: Սակայն աչքի չէր ընկնում ագրեսիվությամբ: Նա, հանգիստ թվացող բնավորության քողի տակ, փորձում էր հաղթահարել իր ներքին «ես»-ի` աշխարհի ու մարդկանց հետ անհաշտ լինելու շարունակական բախումը: Եվ դեպրեսիան հաճախ էր քայքայում նրա նյարդերը: Մեկ-մեկ էլ ավելի էր փակվում իր մեջ, խուսափում անգամ ինձ հետ շփվելուց:
— Սոն, էսօր ինձ մենակ կթողնես, հա՞,- ժպիտով ու մի տեսակ մեղավոր տոնով ասում էր նա:
Չէի սիրում այդ ժպիտը: Երբ նա այդ տոնով էր խոսում ու ժպտում, ուրեմն` հերթական հոգեկան ճգնաժամի մեջ էր. մեղավոր երեխայի նման մի տեսակ փախցնում էր հայացքը, ձգում շրթունքները, որ դեմքին մի կերպ գծագրեր «ժպիտը», իսկ աչքերում նկատվում էին հազիվ զսպվող արցունքները: Նա «ժպտում էր», որ թաքցներ, բայց ամեն անգամ ժպտալիս` ավելի էր ընդգծում այն, ինչն ուզում էր թաքցնել: Ու ես չէի ուզում, որ նա ժպտա: Չէ՛, չէի ուզում տեսնել նրա ժպիտը: Փորձում էի օգնել: Մոտ չէր թողնում. «Մի քիչ մենակ մնամ` կանցնի»: Եվ այդ օրերին անհետանում էր, բայց որոշ ժամանակ անց նորից հայտնվում: Անցնո՞ւմ էր ներքին անհանգստությունը: Երևի չէ: Ուղղակի թվացյալ հանգստությունն ինչ-որ ժամանակահատված էր վերագտնում: Նրա համար աշխարհը կարծես մութ տարածք էր, որտեղ խարխափելով փորձում էր գտնել իր տեղը, բայց չէր գտնում:
Մի օր Խորենը նորից անհետացավ: Մտածեցի, որ հերթական հոգեկան ճգնաժամն էր: Որոշ ժամանակ մենակ կմնա` նորից իր մասին հիշեցնել կտա: Իսկ ժամանակը անցնում էր և նրանից ոչ մի լուր. ո՛չ զանգում էր, ո՛չ գրում: Ես էլ այնքան էի զբաղված արվեստանոցիս գործերով (վերջապես հարմար տեղ էի գտել), որ չէի կարող ինքս գնալ նրանց տուն: Մյուս կողմից էլ` վիրավորված էի: Խոսք էր տվել օգնել, բայց կորել էր: Հանկարծ Խորենից հաղորդագրություն եմ ստանում: Մի պահ աչքերիս չեմ հավատում: Արագ բացում եմ ու կարդում. «Երբ մենք ցած ենք ընկնում` դա միայն անկում չէ: Ի վերջո, թռչում ենք, չէ՞: Ի՞նչ ես կարծում, Սոն… Եթե Աստված իրական է ու բարի, ուրեմն նա չի կարող, չէ՞, մարդուն դատապարտել նրա համար, ինչը նա չկարողացավ հաղթահարել»: Մի պահ կարդացածս չեմ ընկալում: Նամակը մի քանի անգամ եմ կարդում ու լարված հավաքում Խորենի համարը: Անհասանելի է: Ահավոր լարված դուրս եկա փողոց… Հանկարծ հիշեցի նկարները… Պետք է մի բան անեի: Ես պետք է փրկեի նրան…

***
Երբ գերեզմանոցը մնաց մեքենայի հետևում, շարունակ մտածում էի, որ Խորենը չէր ուզում դա անել: Այլապես ինչու՞ գրեց ինձ: Չէ՛, երևի ոչ մի ինքնասպանության գնացող մարդ չի ուզում մահանալ: Ու երևի նա սպասում էր, որ ես կհասցնեմ, սպասում էր… Գիտեմ: Իսկ ես… ուշացա: Մարդ միշտ իրեն օգնելու հնարավորություն տալիս է, միայն թե երևի չի հասկանում, որ չի՛ կարելի ինչ-որ մեկից օգնություն ակնկալել ու հնարավորություն չտալ վերջինիս օգնել իրեն… Ի վերջո, մարդիկ ինքնասպանության են գնում ոչ թե մեռնելու, այլ ապրել ուզենալու, բայց չկարողանալով հասկանալ, թե ինչպես ապրելու համար:
Սովորաբար, երբ խղճիս խայթը անասելի տանջում էր, Խորենի արարքը էգոիստական էի համարում: Ու հա՛, մեղադրում էի նրան, բայց գալիս էր նաև մի պահ, երբ հանկարծ մտածում էի, որ մեր խղճի խայթը մեր ներքին «ես»-ի «պաշտպանական մեխանիզմն է»: Մեր խղճի խայթը, այսպես ասած, «մաքրում է մեղքերից», «փրկում է» մեզ. մի տեսակ համոզում, որ մենք այնքան «լավն ենք», որ կարող ենք ինքներս մեզ մեղադրել, մեղավոր զգալ: Անգամ խղճի խայթի մեջ մենք «էգոիստ ենք»:
Վերջապես տաքսին կանգ է առնում Խորենենց տան դիմաց: Աչքս գցում եմ պատուհանին: Խաչիկ պապին ինձ է սպասում: Պատուհանի մոտ է: Ժպտում եմ: Խորենի մահից արդեն 3 տարի է անցել, ու հիմա այդ երբեմնի բարկացկոտ, ջղային ծերունին ապրում է արդեն ինձ համար: Նա իմ մեջ փորձում է վերագտնել իր թոռան կարոտը. ես դարձել էի նրա թոռնուհին, նա` իմ սիրելի պապին, որին մենակ թողնելու ոչ մի իրավունք չունեի:
Դեռ դռանը չհասած` դուռը բացվում էր:
— Արի՛, բալա ջան, ի՞նչ ես կանգնել,- մի քիչ նեղվում էր Խաչիկ պապը, և մեղավոր երեխայի նման մի տեսակ փախցնում էր հայացքը, ձգում շրթունքները, որ դեմքին մի կերպ գծագրեր «ժպիտը», իսկ աչքերում նկատվում էր հազիվ զսպվող արցունքը: Նա «ժպտում էր», որ թաքցներ, բայց ամեն անգամ ժպտալիս` ավելի էր ընդգծում այն, ինչն ուզում էր թաքցնել… Խորենի նման: Ու ես չէի ուզում տեսնել նաև Խաչիկ պապի ժպիտը… չէ՛, չէի ուզում, որ նա «ժպտար»:

————————
*SUICID (լատ.` sui` ինքն իրեն և caedare` սպանել բառերից)հասկացությունը առաջին անգամ հիշատակվել է Թոմաս Բրաունի «Religio Medici» գրքում, որը հրատարակվել է 1642 թվականին:

Կիսվել նյութով

Թողնել մեկնաբանություն