Արք, բարև, ապեր, ո՞նց ես:
Գիրքդ կարդալու ընթացքում մի բան հիշեցի: Երբ ընդունվել էի բժշկական համալսարանի դեղագիտության ֆակուլտետը, սրտովս չէր, վիրաբույժ էի ուզում դառնալ, բայց գնացի դասի, որ մերոնք… մի խոսքով: Գյուղից գնալիս, ավտոբուսից նայում էի դուրս, սարերին, ու մտածեցի կամ սփոփեցի ինձ, որ բուսաբուժության մեջ կխորանամ… Երկու տարի հազիվ ձգեցի, դուրս եկա համալսարանից, քանի որ բիոքիմիայի ժամին բանաստեղծություն էի գրում ու ուղարկում համակուրսեցուս, ում սիրահարված էի ու սիրում եմ մինչև հիմա (անունը չեմ գրում, ամուսնացած ա, չնեղվի, էլի, մարդ ես… ինքը հաստատ կիմանա, որ կարդա սա): Հիմա տես, թե քո Թերապիայի ամենաառաջին արդյունքը որն ա. խոսում եմ մի բանից, որի մասին երբեք չեմ խոսել, ու էստեղ հեչ կապ չունի իմ այսպես կոչված, գրողական սկսնակության գործոնը, որի ընդհանրացված կարևորությունը անկեղծ ու արժեքավոր ընդգծումներով ներկայացրել ես գրող-գրաքննադատ երկխոսության տիրույթում:
Շարունակեմ հիշելս ու զուգահեռելս:
Դեղագետվելու կարճ ընթացքում, գիշերներն աշխատում էի դեղատանը. կամ բանաստեղծություն էի գրում կամ կարդում դեղերի ցուցումներն ու հակացուցումները: Ու սա հիշեցի գիտե՞ս երբ: Երբ կարդում էի վերլուծություններդ առանձին հեղինակների ու նրանց գործերի մասին, թե՛ բանաստեղծական շարքերը, թե՛ վեպերը, թե՛ պատմվածքները կամ մենագրությունները: Անկեղծությունս շարունակելով, ասեմ, որ ոնց որ որոշ դեղերի ցուցումները կարդալիս էի հատվածներ բաց թողնում, էնպես էլ քո առաջարկած դեղերի ու դրանց խմբերի դեպքում էի անում, որովհետև, հոտառությամբ կամ բնազդով զգում էի, թե հենց հիմա ինչ ա պետք իմ ներքին օրգանիզմին:
Դեղի «ազդող նյութը» ամենակարևորն է ու բնականաբար, պակաս կարևոր չէ նաև միջավայրը, որտեղ ազդող նյութն ազդում է. էս իմաստով, հետաքրքրական ու հատկանշական է օրգանիզմի արձագանքը ընդունվող դեղին: Դեղագետներն ու կենսաքիմիկները շատ շատ են, բայց քչերն են լավագույնները, ովքեր ճանաչում են ոչ միայն դեղը-ազդող նյութը-դարմանը, այլև «հիվանդությունն» ու «հիվանդին», մարդուն՝ որպես ամբողջություն, ոչ թե միայն որպես մարմին-օրգանիզմ, որը էդպիսին (հիվանդ) դարձել է միայն մի պատճառով. մոռացել է առողջ լինելը:
Այսպիսով, քո «Խոսքի տարածությունը» գրողական ուսձեռնարկ լինելուց զատ, մի դեղատուփ-դեղատուն է (իհարկե, ոչ լիարժեք): Հաստատ էնպիսինն ա, որը (էլի հիշողություն, ծերանում եմ այ ախպեր) բանակում ուսիցս կախած վազում էի «տագնապ» կամ «Ի մարտ» վարժանքների ժամանակ:
Ամիրդովլաթ Ամասիացին իր բոլոր դեղատոմսերի վերջում գրել է. «Բժշկում է հավատով»: Նա ոչ միայն հայ բժշկության ու բժշկագիտության անկյունաքարերից է, այլ առհասարակ՝ բժշկության պատմության (անուններ էլի կան բնականաբար): Էս ենթատեքստի մեջ շարունակելով զուգահեռումս գրականության հետ, ուզում եմ կարևորել ու դիմել հետևյալով. արդյո՞ք ժամանակը չի ավելի հասանելի հիշելու և հիշեցնելու բժշկության երբեք չհնացող եղանակը՝ բնաբուժությունը: Հենց հիմա տարակուսանքդ պատկերացնում եմ, որովհետև ըստ էության դու հենց սա էլ արել ես քո դեղատանը, բայց էլի նոր հիշեցի վերջերս Հայաստան եկած մի բուսաբույժի խոսքերը. «Աշխարհում ամենաշատ ու օգտակար դեղաբույսերը Հայաստանում են աճում, մարդիկ ուղղակի տրորելով անցնում են դրանց վրայով, բայց հայերից շատ քիմիական դեղեր ընդունող ու հիանդ՝ չեմ հանդիպել…»: Ու բեռնավորված աշխարհի ամենաշատ ու օգտակար դեղաբույսերով՝ գնում էր իր լաբորատորիա, իր երկիր: Էստեղ, բնականաբար, ազգային սնափառության մասին միտք անգամ չկա, ըստ իս, խնդիրը ճանաչողությունն է: Այլ քննարկման նյութ է, թե ում կամ ումերին է պետք «մոռացկոտ, հիվանդ» հասարակարգը, որին պետք ա ընդամենը ցավազրկող տալ, թմրեցնել ու քնացնել… Տես ինչ ա ստացվում. դու գրաքննադատելով գրաքննադա- տությունը մեջբերում-հեղինակում ես՝ «Ափսոս քննադատությունը»: Համաձայն եմ, որովհետև, դասական ու էլի չհնացող բժշկագիտության մեջ անխախտ է բուժող բժիշկ-դեղագետ մշտական կապը, երկխոսությունը, որի արդյունքում է հենց նշանակվում արդյունավետ դեղատոմսը, որը անպայման չի, որ լինի արհեստական-քիմիական:
Նույն, դեղագետվելու ընթացքում, թոքաբորբով հիվանդացա: Մի բարի ու անկեղծ բժիշկ մի շարք դեղեր նշանակեց: Հարցրի՝ ինչ են, ինչի համար, ազդեցություն և այլն, պատասխանեց, որ պետք ա «հանդիպեն» իրար ազդող նյութերը օրգանիզմումդ, եթե բախտդ բերի՝ կոնտակտը եղավ, կլավանաս: Չգիտեմ, բախտս բերեց, թե բարի ու անկեղծը կատակասեր էր նաև, բայց էն ժամանակ Ամիրդովլաթ Ամասիացու «բժշկում է հավատովը» չգիտեի:
Էլ ինչ պիտի ասեի…
Հա, կարևոր բացթողում կար, որը, բնականաբար, «քո մեղավորությունը» չի: Քո, որպես գրաքննադատողի մեղավորությունը էս դեպքում «մեղավորության բացակայության» պատճառին չանդրադառնալն է ըստ իս: Խոսքը՝ Մանկաբուժության ֆակուլտետի բացակայությանն է վերաբերում, որը, ի դեպ, տխուր զուգադիպությամբ, իրոք հանվել է բժշկական համալսարանից, որպես առանձին բաժին…
Իսկ էն, որ դեռ ներարգանդային զարգացման ժամանակ հասունացող մարդը պետք է ընդունի համապատասխան վիտամիններ ու նյութեր, որը շարունակվում մանկության ու պատանության ընթացքում, վստահ եմ, ոչ ոքի համար գաղտնիք չէ:
Մինչև «Խառնիխուռն տարածությունը» թուղթ ու գրիչով նշումներ էի անում կարդալու ընթացքում, որոշ տեխնիկական վրիպումներ էլ կային, կտամ կնայես անպայման: «Խառնիխուռն տարածությունը» ինձ հուզեց, ուրախացրեց, եռանդ տվեց, էլի անկեղծ շարունակությամբ ու աստիճանական վերջաբանով եմ ասում, ապեր: Շնորհակալ եմ:
Հա, «Գրեթերթի» հետ կապված սենց մի բան ծնվեց հենց նոր. երբ առաջին անգամ տպագրվեցին հեքիաթներս, 2010-ն էր, քանիսն էր, չեմ հիշում, Խանջյանը էն քո ասած ժպիտով նայում էր նոր-նոր խոսել սկսող աղջկաս, ում հետ էլ լուսանկարեց Նառան ինձ՝ տպագրության համար: Սոմային՝ աղջկաս, ցույց եմ տալիս Վերը՝ լուսանկարում, ու հենց նոր զգացի, որ «Գրեթերթն» էլ ինձ էր գրկել էդ ժամանակ ու ցույց էր տալիս Գրականության Վերը՝ հողն ու երկինքը…
Համաձայն եմ քո Թերապիային, որը «Բժշկում է հավատով»:
Լավ մնա:
Մինչ հանդիպում:
16լ.17.04.2017թ.
Երևան