Անժխտելի փաստ է, որ արդի հայ պոեզիան հատկանշվում է տաղանդավոր անուններով, որոնց ստեղծագործական որոնումներն ու ձեռքբերումները քայլ առաջ են տարել հայոց բանաստեղծությունը, բայց և անժխտելի է այն պարագան, որ արդի հայ պոեզիան վերջին տարիներին, մեծ հաշվով, կրկնաբանությունների հրավառություն է, ուր գնահատելին կրկնության գոնե բարձր մակարդակն է: Մյուս կողմից` նկատելի է պոետական դաշտի` ինչ-որ առումով ամայացում: Առաջատար մի շարք բանաստեղծներից շատերի լռության ու նաև հատվածական երևումների պարագային թվում է` պոեզիայի ընթացքի պատասխանատվությունն ու բեռը իրենց վրա պետք է վերցնեին երիտասարդ բանաստեղծները, սակայն նրանց, իմ տպավորությամբ, այնուամենայնիվ, պակասում է համարձակությունը, խանգարում է սեփականը հաստատելու կաշկանդվածությունը: Արձակում, այդ առումով, պատկերն ավելի հուսադրող է: Երիտասարդ շնորհալի բանաստեղծները շատ են, սակայն նրանց ձեռագրային որոնումները և, ընդհանրապես, ինքնացման ընթացքը կարծես թե երկար է ձգձգվում: Մի քանի տարի առաջ մեծ հույսեր ներշնչող անունները (մասնավորապես ու ամենից առաջ` Հուսիկ Արան, նաև Գևորգ Թումանյանը, Հասմիկ Սիմոնյանը), վերը նշված կրկնության բարձր մակարդակից այն կողմ չեն կարողանում անցնել: Վերջին շրջանում նոր բանաստեղծություններով գրեթե չի երևացել Վահե Արսենը:
Վերն ասվածի լավագույն վկայությունը 2008 թվականի գրական մամուլի պարագծում հրապարակված բանաստեղծական շարքերն են: Այս պայմաններում գնահատման, ընտրության, արժևորման մեկնակետը դառնում է որևէ մասնավորություն, որն ավելի շատ ներստեղծաբանական բնույթի է և գրեթե չի պարագրկում բանաստեղծության զարգացման ընդհանրական որևէ ջանք:
Թերևս ավելորդ անգամ հիշեցնեմ, որ «Գրականություն» քննադատական նախագծի շրջանակներում բանաստեղծական շարք տարազումը հաճախ պայմանական է, և գրեթե հիմնականում դրա տակ նկատի են առնվում միասին հրատարակված բանաստեղծությունները, որոնք նույնպես հաճախ հատկանշվում են շարքային միասնականությամբ, սակայն հղացված չեն որպես այդպիսին:
Այսուհանդերձ, 2008 թվականին գրական մամուլի հատույթում, մեր կարծիքով, առանձնացնելի են հետևյալ բանաստեղծական շարքերը (հերթականությունն, ինչպես միշտ, պայմանական է).
Վառլեն Ալեքսանյան («Նարցիս», համար 1)
Պատմությունն ու օրինակները ցույց են տալիս, որ ստեղծագործությունների ընտրանի հրատարակելը գրեթե յուրաքանչյուր գրողի համար ունի շրջափուլային, ամփոփող-փակող գործառույթ: Այսինքն` ընտրանու հրատարակությունը ինչ-որ ավարտի գիտակցության վկայագրություն է ու ամրագրում: Հեռուն չգնալու համար հիշենք Հրանտ Մաթևոսյանի` 1985-ին հրատարակված «Երկերի» երկհատորյակը, որից հետո մեծ գրողը, ըստ ամենայնի, փակեց իր հաշիվները գրականության հետ: Ուշարժան է նաև Աղասի Այվազյանի օրինակը, ով երկիցս «Ընտիր երկեր» վերտառությամբ հատոր հրատարակելով յուրաքանչյուր անգամ իր ստեղծագործության փակվող շրջափուլն ազդարարեց (այդ մասին մանրամասն տե՛ս իմ «Պարականոն Ավետարան ըստ Աղասու» հրապարակումը «Այվազյանական ընթերցումներ – 2008» գրքում, Երևան, 2008): Բանաստեղծական ընտրանիների առումով թերևս լավագույն օրինակը Ռազմիկ Դավոյանի «Ընտիր երկերն» է (Երևան, 1987), որից հետո տաղանդավոր բանաստեղծը թեպետ շարունակեց ստեղծագործել, բայց մեծ հաշվով այլևս չգրեց:
Մյուս կողմից` հետաքրքիրն այն է, որ նույնիսկ գրութենական գոյության պարագային գրողի այսպես ասած` հետընտրանիական ժամանակը զարգացում` առաջընթացի տեսքով, երբեք չի ամրագրում: Պարտադիր օրինաչափությամբ` ընտրանի հրատարակելուց հետո գրողը ստեղծում է գոյավորված անհատական գեղարվեստական—ստեղծաբանական տարածությանը նրբագծեր հավելող գրականություն: Այլ խոսքով` հետընտրանիական ստեղծագործական ժամանակը հրաժեշտի ժամանակ է, որը տարբեր գրողների մոտ տարբեր ձևերով կարող է արտահայտվել:
Երևույթը իբրև գիտակցված ու համակարգային դրսևորում տաղանդավոր կերպով արտահայտվել է Հենրիկ Էդոյանի ստեղծագործության մեջ: 2001-ին Հենրիկ Էդոյանը հրատարակեց «Հետգրություն» ժողովածուն, որը ներառում էր բանաստեղծի տարբեր տարիներին հրատարակված ժողովածուների լավագույն գործերը, այլ խոսքով` ժողովածուն իր բնույթով հատընտիր էր: Ստեղծաբանական և վերն ասվածի առումով չափազանց խոսուն ու հետաքրքիր է ժողովածուի վերնագիրը. հետգրությունը ոչ թե տվյալ գրքի պոետիկ տարածության ու համակարգի, այլ հետագայում գրվելիք բանաստեղծությունների ընդհանուր տարազումն է: Այս առումով` էդոյանի հաջորդ գրքերի` «Երեք օր առանց ժամանակի» (2005), «Փողոցի բաժանվող մասում» (2007), խորագրերը ոչ թե վերնագրեր են, այլ` ենթավերնագրեր: Այսինքն` հետընտրանիական ժամանակի ցանկացած ժողովածու Էդոյանի պոետական համակարգում հետգրության արժեք ունի:
2006-ին հրատարակած «Գիշերահավասար» բանաստեղծությունների ընտրանիով նրբագծերի հավելման գրականություն ստեղծելու իր ժամանակն ազդարարեց նաև Հովհաննես Գրիգորյանը: Ժողովածուին հաջորդած բանաստեղծությունները (տե՛ս «Գրական թերթ», 2006, համար 32, և 2009, համար 3) դրա լավագույն վկայություններն են:
Այս բավականին երկար նախաբանը ներկա պարագային միտված է ցուցանել Վառլեն Ալեքսանյանի` առանձնացված բանաստեղծական շարքի արժևորման հիմնական մեկնակետը: 2007-ին Ալեքսանյանը հրատարակեց իր ընտրանին` «Մինչև վերջին անձրևը» խորագրով: Ալեքսանյանի դեպքում էլ այս վերնագիրը նույն գործառույթն ունի կամ կարող է ունենալ, ինչ «Հետգրությունը» Հենրիկ Էդոյանի պարագային, անշուշտ, գեղագիտական, ստեղծաբանական միանգամայն այլ մակարդակի իրացումներով: Ակնհայտորեն փակելով իր ստեղծագործական կյանքի կարևոր մեկ շրջան` Ալեքսանյանը շարունակելու է գրել «մինչև վերջին անձրևն» ընկած ժամանակահատվածը, ընդ որում` «վերջին անձրև» ասվածը կարելի է ընկալել և՛ իբրև կեցության ժամանակի հանգրվան, և՛ իբրև շարունակվող կեցության պայմաններում պոետական վերջին ներշնչանքի պահ, ժամանակ: Ասվածից ելնելով` միանգամայն տրամաբանական է, որ Ալեքսանյանը հետընտրանիական ժամանակահատվածում որդեգրել է ինքնապեղման, ինքնաքննադատության, ինքնավերլուծումի մարտավարություն` աշխարհի, մարդկանց, պոեզիայի հետ հաշիվները փակելու հանգույն: Սա մահվան, ինչպես ինքն է ասում` «հավանական թիրախը» լինելու զգացողության թելադրանք է: Պատահական չէ, որ Ալեքսանյանի պոեզիայում ոչ միայն շատացել, այլև առանձնահատուկ, իմաստային բեռ կրող արժեք են ձեռք բերել «հիմա, երբ դու դարձել ես», «հիմա, երբ արդեն», «քանի դեռ» և նմանատիպ արտահայտությունները: Առանձնացված շարքի բանաստեղծությունների վերնագրերն իսկ` «Ներքին ձայնիս հետ», «Տիրոջ խոստովանությունը», «Երբ այլևս ժամանակ չկա», այդ առումով խոսուն են: Չասված խոսքերի ափսոսանքը, չապրած ու չվայելած պահերի տխուր թախիծը, նոր ժամանակներում հնացած լինելու չափազանց դրամատիկ զգացողությունը լիցքավորում են Ալեքսանյանի բանաստեղծական տողը, դառնում ասելիքային տարածության առանցքը.
Դու, ժամանակավրեպ վերջին բանաստեղծ,
անցյալ դարավերջի կեցվածքով արարած,
մինչ գնդակը համառորեն գալիս է քո ետևից,
դու արդեն չես հիշում,
ավելի ճիշտ մոռանում ես,
թե հարազատներդ վերջին անգամ
խանդաղատանքով ե՞րբ հպվեցին կրծքիդ…
Ալեքսանյանն իբրև պոետ և իբրև անհատականություն ակնհայտորեն սահմանագծային իրավիճակում է: Սա այնպիսի հոգեվիճակ է, որ սրում է զգացական դաշտը, դարձնում բաց ամեն ամեն ինչի առջև, դարձնում ձեռնմխելի, բայցև իմաստավորում յուրաքանչյուր ապրված վայրկյանը, ավելացնում պատասխանատվությունը ամեն մի հնարավոր արարքի հանդեպ ու հատկապես` պոետական խոսքի` «ես պարտավոր եմ ավելի գեղեցիկ // ավելի ճշմարիտ // և ավելի համոզիչ խոսել»: Մյուս կողմից` բանաստեղծական խոսքն է ձեռք բերում նոր գոյավիճակ, արարման այլ ընթացք, սեղմվում-խտանում է` ընդարձակելով պահի պարագրկումը.
ես պարտավոր եմ ի մի հավաքել
քամիների հետ աշխարհի չորս կողմերը սլացող,
սառցադաշտերի ընդերքներում թաքնված,
ծովերի խորխորատներում կորալների տակ
և լեռների վիհերում հալածյալ ու ահից ծվարած
ճշմարիտ բառերն ու հնչյունները`
ընդամենը մի քանի կարևոր տող խզմզելու համար…
Հրաժեշտի ահա այսպիսի համատեքստում վերաիմաստավորվում են նաև բանաստեղծական խոսքի զուտ պոետիկական որոշ հնարքներ: Այդպես` հեգնանքը, որ միշտ բնորոշ է եղել Ալեքսանյանի պոեզիային, նոր բանաստեղծություններում թեպետ առկա է, սակայն վերածվել է նոստալգիկ թախծի, որ երևանում է նույնիսկ հեգնվող երևույթների հանդեպ անթաքույց ու անկեղծ սեր ու կարոտ: «Հանգավոր սեր» բանաստեղծության մեջ ինքնահեգնանքի զրնգուն տողերով իր այսպես ասած` «հանգավոր կեցության» նրբերանգներն է ի ցույց դնում բանաստեղծը, երբ նույնիսկ` «հանգավոր էր փաթ ընկնում լեզուս հարկավոր պահին»: Բանաստեղծության ավարտաբանության մեջ, թվում է, հեգնանքը շարունակվում է, մանավանդ որ` խոսքի` մասնավորեցվող հասցեատիրոջը ցուցանող դիմումնային ձևն այդ տարերքի մեջ է`
Հանգավոր իմ սեր,
հիմա իմ լեզվի կապերն արձակ են,
քաղաքային այս թոհուբոհի մեջ
ես վարժվեցի անհանգ խոսելու այդ բարդ արվեստին,
ու դրանից էլ հիմա ուրիշ է երթը ամպերի,
հիմա ջրերը ազատ են իջնում լեռնալանջերից,
երամակները վաղուց արձակ են կանաչ դաշտերում,
և տարերքներն են անարգել գալիս, ազատ հեռանում…,
սակայն ասելիքի հոգեբանական ծանրությունն իր վրա կրող վերջին տողը վերհանում է թաքնված դրաման. ամեն դեպքում մի բան չի հերիքում երջանկության համար.
բայց հոգուս խորքում դեռ խլրտում է հանգավոր մի հուշ…
Սամվել Կոսյան («Նարցիս», համար 3)
Ընդհանրապես` 2008 թվականի հայոց բանաստեղծության ամենատարածված ու շրջանառվող միտքը չտրվող բանաստեղծությանը, չգրվող բառին, կյանքի ու պոեզիայի նույնականությանն է վերաբերում: Սա ծերացող պոեզիայի ցուցիչ է, որը մղում է փոքր-ինչ, բայց հիմնավոր անհանգստանալ արդի հայ պոեզիայի կացությամբ, որքան էլ այդ համատեքստում ծնվեն լավ բանաստեղծություններ:
Բանաստեղծությունն էլ
չի բացում դուռը իմ առջև…,-
ահա այսպես անմիջապես ազդարարում է Սամվել Կոսյանը` ապահովելով կեցության հոգեվիճակի ու ստեղծագործական պահի պարադոքս, երբ չտրվող բանաստեղծության վերաբերյալ պոետական տվայտանքները վերածվում են լավ բանաստեղծության: Տողի երկիմաստ ընկալում առաջարկելով (հնչերանգային փոքրիկ փոփոխությամբ կարելի է տողի ասելիքը վերաիմաստավորել` «բանաստեղծությունն է՛լ…», «բանաստեղծությո՛ւնն էլ…») Կոսյանը փորձում է ընդարձակել իր ասելիքի ընդգրկումը, այն չդարձնել ներփակ` իբրև սոսկ գրողական ճգնաժամի վկայագրություն: Բանաստեղծություն ասվածն այստեղ ոչ միայն տրվող կամ չտրվող տեքստ ու տարածությունն է, այլև ցանկալի իրականություն երևակայելու շնորհ, որի օգնությամբ հեշտ կլիներ ապրելը: Այլ խոսքով` այստեղ ոչ միայն բանաստեղծության` իբրև վերջնական արդյունքի` տեքստի տագնապ է, այլև` բանաստեղծության` իբրև հոգեվիճակի տագնապ, որին Կոսյանը տալիս է «հոգևոր միջավայր» պարզ բնորոշումը: Սամվել Կոսյանը հատընտիր չի հրատարակել, սակայն տրամադրությունների բանաստեղծականացման խորքային մակարդակներում բավականին համերաշխ է Վառլեն Ալեքսանյանի հետընտրանիական պոետական սուզումներին: Կոսյանի մոտ էլ մահվան անընդհատական ներկայության զգացողություն կա` «մահը… հայտնվել է աչքերիս մեջ»: Եվ հատկանշական է, որ երկու բանաստեղծներն էլ հաշտ են մահվան հետ: Բայց եթե Ալեքսանյանին դրան մղել է մահվան մոտիկության ու անխուսափելիության սահմանագծային զգացողությունը, ապա Կոսյանի հաշտությունը վերհանում է մեր անբանաստեղծական, պրոզայիկ օրերի դրաման ու տխուր պատկերը.
…հոգևոր մի միջավայր,
որ հեշտ լիներ երևակայելը,
իբր դեռ չեմ մեռել…
…իբր մահը, որ հայտնվել է աչքերիս մեջ,
ուրիշինն է, ուրիշ մի բանաստեղծի…
Բանաստեղծական հոգեվիճակի բացակայությունն ու մահվան զուգադրումը մեկ այլ տագնապալի իրավիճակ է երևանում Կոսյանի պոեզիայում, քանզի ինչպես մեկ այլ բանաստեղծության մեջ է ազդարարվում`
Մեռնելն արվեստ է, ինչպես որ ամեն բան…
Դժվար չէ Կոսյանի այս ձևակերպումն անմիջապես համաբանել Սիլվիա Պլատի տպավորիչ սուզմանը.
Մահը, ինչպես ամեն բան, արվեստ է,
Ինձ մոտ դա ուղղակի հոյակապ է ստացվում…
Սակայն եթե Պլատի մոտ մահը կեցութաձև է, ապա Կոսյանը ստեղծում է այնպիսի համատեքստ, որտեղ «հոգևոր միջավայրի» բացակայության պայմաններում մահն իսկապես վերածվում է սովորական արարողության` զերծ զգացմունքային լիցքերից: Այս թելադրանքով էլ` արժեզրկվում է մահը, հետևաբար` մարդն ու նրա կորուստը: Արվեստը փրկելու համար Կոսյանը մահը վերածում է ներքին արարողության` ներսի ու դրսի ընդգծված հակադրությամբ.
Մեռնելն էլ արվեստ է,
եթե քո ներսում ես մեռնում,
դրսում մարմինն է,
որ հաճոյանում է հուղարկավորներին…
Ժամանակի այսպիսի ցուցիչներն ու դրանց հանդեպ ընդդիմադիր կեցվածքը բանաստեղծին մղում է հրաժարվել այդ ժամանակից.
Ես այս ժամանակի հարազատը չեմ ,
այս ժամանակը
ինձ որդեգրել է` խլելով ապագայից…
Թերևս կարևոր է, որ կա ապագայի հեռանկարը, որը Կոսյանի պոեզիան զերծում է հոռտեսության գերակայությունից` ինչ-որ առումով փրկելով այն:
Կարեն Անտաշյան («Գրեթերթ», համար 3)
Մեր նախագծի շրջանակներում, երբեմն ակամա, բազմաթիվ օրինաչափություններ են արձանագրվել, որոնք ուշարժան են ինքնին: Դրանցից մեկն էլ այն էր, որ ոչ մի անգամ երիտասարդ բանաստեղծի շարք չէր ընդգրկվել մեր առանձնացումներում, ի տարբերություն պատմվածքի, որտեղ երիտասարդները մշտական ու կարևոր ներկայություն են: Եվ ահա 2008 թվականի բանաստեղծական ամփոփումը վերջապես ժխտեց այդ օրինաչափությունը. Կարեն Անտաշյանի բանաստեղծությունները, որոնք տպագրվել են «Գրեթերթում» և, ի դեպ, արժանացել թերթի պոեզիայի մրցանակին, մեր ուշադրության կիզակետում են: Առաջին հայացքից սա դրական միտում ենթադրող, առաջընթաց վկայագրող քայլ է: Այնինչ` առաջընթաց ասվածը վերաբերում է սոսկ Կարենի ներստեղծագործական աճին. ընդհանրական ջանքին միտված իրացումներ, ճիշտ է, կան, սակայն դեռևս համակարգային չեն:
Վերջից հետո, սկզբից առաջ» (2004) առաջին ժողովածուից հետո Կարենը որոշակի դադար վերցրեց, որը կարելի է բնութագրել ոչ թե ստեղծագործական ճգնաժամ, այլ նոր փուլի կազմավորման շրջան: Դատելով նոր բանաստեղծություններից` այդ շրջանն օգտակար է եղել երիտասարդ բանաստեղծի համար: Նոր փուլին իբրև բնաբան կարելի է ընկալել Կարենի հետևյալ տողերը.
երբ իմաստներն ընկալված են
զգացված ու ապրված են
բառերն աղմուկ են միայն,
աղմուկը կիսատությունն է…
Ուստի` կառուցվածքային ու հատկապես իմաստային խաղարկումները Կարենի նոր բանաստեղծությունների հայտանիշներից են.
մի հանվիր…
գոնե ժպիտդ թող,
ես հագիդ անչափ սազում եմ նրա հետ…
Առաջին ժողովածուի մանրիկ քառատողերն ու ընդգծված բանաստեղծական պատկերները (ասենք` «Ես հիշում եմ մեռնող մայթեզրերի հևքը, // որ չգիտես թե ում ոտնաձայնն են հիշել») նոր բանաստեղծություններում փոխարինվել են չափ ու կշռույթին ընդդիմացող, առաջին հայացքից` անբանաստեղծական պատկերներով հագեցած տողերով, որոնք վկայագրում են կեցության աբսուրդի նրբերանգները.
…այստեղ յուրաքանչյուրն ունի
ձանձրույթից մեռնելու իրավունք,
Ու թեպետ իր շնորհիվ աշխարհն
Ավելի անթրաշ էր դառնում,
Բայց ոչ անպայման ավելի երջանիկ…
Ընդհանուր առմամբ` Կարենն իր բանաստեղծություններում ստեղծում է այնպիսի համատեքստ, որտեղ երևույթները ներկայանում-դրսևորվում են իջեցված, պարոդիկ շերտերով համեմված ոճի մեջ: Դա առաջին հայացքից անլուրջ վերաբերմունքի տպավորություն կարող է թողնել, եթե Կարենն ամեն անգամ ու ամենաճիշտ պահերին տեքստ չներբերի անչափ բանաստեղծական սուզումներ, որոնք իջեցված ոճի համատեքստում նորովի են իմաստավորվում, ավելի են ընդարձակում իրենց բանաստեղծական ընդգրկումը.
Ախ, գոնե այդքան գեղեցիկ չլինեիր այդ օրը,
Եվ չբուրեիր, ինչպես (երևի)
Ծովը խաղաղ կեսգիշերին…
Առանձնացված շարքում Կարենն հաճախակի է օգտվում կոնկրետ հղումների աղբյուր ունեցող վերնագրային իջեցումներից, ասենք` «Խորհրդավոր նախաճաշ», «Ծննդոց», «Իմ (առայժմ) ցավը կամ մի’ շնանար», որոնք թիրախային են և ծառայում են որպես խայծ: Ի պատիվ Կարենի` պետք է նշել, որ այդ վերնագրերի ուղղահայաց զարգացումները իրավացիորեն հեռանում են Աստվածաշնչի զուտ բովանդակային արծարծումներից, որոնք անպայման էժանագին խաղարկումներ էին լինելու: Այս դեպքում Կարենի որդեգրած հեռադրության մարտավարությունը բանաստեղծության մեջ պահպանում է ներքին իմաստների գայթակղիչ խաղը:
Կարենի բանաստեղծության խայծերից է նաև հմտորեն կիրառվող լեզվանյութը: Երիտասարդ բանաստեղծին մեծ մասամբ հաջողվում է կատարել այնպիսի բառընտրություն, որի շնորհիվ ասելիքը հնչում է թեև իջեցված, բայց անբռնազբոս տարերքի մեջ.
Ես քեզ ժպտացի վերջին անգամ
Ձևացնելով, որ կարող եմ լինել
Մեծ և սուրբ… (բայց կուտը չկերար):
Կամ`
…սեթևեթ ժպտացիր և աչքի ծայրով
նայեցիր ժամացույցին. հասկացա.
հնաոճ եմ
և վրայիցս շան հոտ է գալիս
(լա’վ իմաստով)…
Եվ, ընդհանրապես, առանձնացված բանաստեղծությունները վկայում են, որ Կարենը, իր խոսքերով ասած` «խիստ հերթական դեմք» չի լինելու մեր պոեզիայում, բայց այդ ճանապարհին կարևոր է նաև, որ երիտասարդ բանաստեղծի, էլի իր խոսքերով ասած` շունչը չկտրվի միակության մտքից…