Մեր այգու ծառերը չորացել են։ Կանաչը բարձրացել, ծածկել է ծառերը։ Ծառերի բոյին բուսնած կանաչը ծածկել է լճակը։ Լճակը չի երևում, ճահիճ է դարձել։ Ոտքս դնում եմ հողին, մրսում եմ։ Տատիս մշակած հողը ոտքերիս տակ դողում է։ Մեր բակի տանձի ծառին երեք տանձ կա։ Հողն ամուր պահողը երեք մեխն է։ Երեք մեխն են հողի մեջ առել։ Տատիս հոտը բակից գալիս է։ Կանգնել եմ հողին ու հողից տատիս հոտն եմ առնում։ Չորացած ձեռքերը, կարծես, գրկում են մեջքս… Ամու՛ր կանգնիր… ես քո կողքին եմ, բալե՛ս… Հարևանի տան բակից կանանց լացի ձայն է գալիս։ Ձարուն պառավի թոռին են բերել։ Քարվաճառում էի վերջին անգամ տեսել։ Լացը գալիս ու հավաքվում է մեր բակի, հարևան բակի բուսնած կանաչին։ Պատերազմի օրերին արդեն մեր բակը կամավորական ջոկատներ էր կազմավորել։ Հավաքվում էին ու սահման գնում։ Առնակն էլ մեր բակից գնաց։ Կամավորները նաև թիկունքում էին աշխատում։ Ամեն օր բեռնված մեքենաները տղերքին սահման էին տանում։ Առնակը ետ չեկավ։ Արենն էլ մնաց։ Բեռնված մեքենայով տղերքի մոտ էր հասնում ու արագ ետ գալիս` չեկավ։ Ո՞վ իմանար, որ վերջին անգամ մեր բակից ճանապարհ դրած տղերքը ետ չէին գալու։ Քարվաճառն էլ մնաց թշնամուն։ Շուշին էլ դժբախտ ճակատագրի արժանացավ։ Հողն էլ մեր ոտքերի տակից գնաց ու խառնվեց կորած տղերքին։ Երկիրն ու երկինքն էլ իրար խառնվեցին։ Հիմա հողը քարացել է… խռով է մեզնից։ Թախծոտ հուշեր են մնացել անթաղ։ Բալա՜… կանչեց ջահել մայրը։ Բալին բերել են։ Բալին ողջ չեն բերել։ Բալին սպանել են։ Բալին հողի հետ հանձնել են։ Թշնամուն թողել սրբազան հողն ու հողը հանձնել են։ Տղերքը խռոված մնացին։ Ով ինչ ասես, որ չասաց։ Ասացին` փախել են։ Հողի համար կռիվ տվող տղերքի պատվի հետ խաղացին։ Հովիվը Քարին տակում մնաց։ Անասունները՝ անտեր։ Տները թշնամին իրենով արեց։ Ինչ էլ, որ մնաց, մնաց անդուռ։ Դռները բացել ենք թշնամու առաջ ու սրան-նրան աղերսում ենք` փրկեք… Հայրենազուրկ եղանք մի գիշերվա մեջ։ Մենք լուռ սգացինք… Սգում ենք… Բայց սուգն էլ սուգի նման չեղավ։ Իրականությունը այլ էր։ Մի տեղ՝ քեֆ-ուրախություն, մի տեղ՝ ողբ։ Մի տան մեջ՝ անկենդան մարմին, մի տան մեջ` հարևանի տան ողբը չհարգող մեկը… ցավը իրենը չէ… Ցավի հանդեպ անտարբեր ու անսիրտ եղանք։ Մայրը որդուն երրորդ անգամ թաղեց։ Մարմնի կտորներ տվեցին ձեռքը, առավ ու թաղեց։ Հայրը ուրախացավ, որ որդու դիակը գտան, հողին հանձնեց, դնջացավ։ Մեր աչքերը ո՛չ արևներ տեսան, ո՛չ էլ ըմբոստացող եղավ։ Տղերքը, չգիտեմ, եթե ողջ լինեին, մեր երեսին նայելուց ի՞նչ կմտածեին։ Ցավի մեջ խեղդվելով՝ մնացինք առանց տուն ու տեղի։ Կարոտ պահի վիշտը… բայց ստացվեց, որ վիշտը քոնը չէ, ցավ չես զգում։ Հարևանի վիշտը քոնը չէ` անտարբեր ես։ Երկինքը արցունքն էր առել` իրենով էր արել ու արցունք էր տվել բոլորիս։ Գրկել էի դարպասը, որից դուրս էին եկել կամավորներն, ու սառել էի։ Չէի տաքանում։ Վահան ամին գլխարկը հանել էր ու կռացել հողին։ Հերոսին ճանապարհ էր դնում։ Նարեն ձայն տվեց։ Ծնվեց։ Մի տեղում ողբը երկինքն էր առել, մյուս տեղում մանկան ճիչը ծածկել էր ողբը։ Մի տեղ ծնունդ էր, մի տեղ` մահ։ Հողին բուսնած մատղաշ կանաչը պսպղում էր։ Կյանք է… Հարամ լինի էսպիսի կյանքը։
— Մի տեղ՝ ուրախություն, մի տեղ՝ տխրություն,- ասում էր Մանիկը։
Մանիկը ամուսնուն առաջին պատերազմի տարիներին էր կորցրել։ Ասում էր, թե՝ մենք մեր հաղթանակի տարիները չմարսեցինք, բա էս պարտությունը ո՞նց ենք մարսելու։ Չենք մարսում։ Մինչև հիմա կռիվ ենք տալիս ինքներս մեր դեմ։ Մանիկը հաց էր սարքել ու տանում էր որդուն։ Որդին քար էր դարձել։ Մանիկը չէր հաշտվում։ Ամեն օր հաց էր սարքում, տանում էր որդուն, թողնում էր հողին, ետ գալիս…
— Ամուսնուս մոռացել եմ,- ասում էր Մանիկը։- Որդիս է սոված։
Մեր այգու տանձի ծառը մի գիշերվա մեջ չորացավ։ Արմատը նեխել էր։ Հողից կտրվել։ Իմ մանկությունն էլ հետը առել էր… Հիմա շատերս ենք հողից կտրվել ու քարշ ենք գալիս` հիմա ուր որ է վավաշոտ մի ձեռք կացինը կառնի ու վերջին ծառը, որ հիվանդ ու մերկ մնացել է այգու եզերքին, կկտրի հողից։ Ու խորհրդավոր լռությունը, որ սպասում է արևագալին, չի պայթում, թվում է` մեռնում է օրը։ Մենք էլ մեռնող օրվա հետ վերջալույսի` ցավից ու դողից խելքի չենք գալիս։ Պաղ աչքերով մնում ենք անթաղ ու չենք տաքանում։ Ամեն օր վաղվան սպասելով, բայց վաղվա համար ոչինչ չենք անում։ Աշխարհին կարծես մեր խաբված սիրտը բացել ենք ու չենք փակում։ Լալկանի պես օգնություն ենք խնդրում՝ մեր ցավի հանդեպ անտարբեր դարձած։ Ու ցանկանում ենք, որ մեզ գան փրկեն։ Ու չենք հագենում` անարդար Աստված։ Ու խնդմնդում է անցորդն անծանոթ ու չի հասկանում՝ ինչո՞ւ ենք այսքան մենակ ու համառ մեր կույր վշտի հետ։ Հիմա մեր փոխարեն թշնամին գործում է։ Ճանապարհներ է մեր տան մեջ գցում։ Մեր տունը մեր ձեռքից առել ու իր համար շենացնում է։ Տաճարում բորենիների խրախճանքը շարունակվում է… նրանք շատացել են, մեզնից բան չի մնացել` Աստծու մենակը։ Թշնամին հանգիստ է, թշնամին դարան է դրել… սպասում է… Դանդաղում է լուսաբացը։ Ամպերը կախվել են գլխիս։ Ճակատիս նոր կնճիռ տեսա։ Կեսգիշերը իր վերջին բարուրն է քանդում։ Տատս գրկել է ինձ ու բաց չի թողնում` արի տուն գնանք, արի ու մնա, ամուր կանգնիր ոտքերիդ վրա, թեկուզ դու մենակ, թեկուզ վերջինը` մենակ ու մոլոր այս խաչելության։

Կիսվել նյութով

Թողնել մեկնաբանություն