Հուս
Ես քեզ դրեցի կղմինդրե տանիքին՝
Աշխարհին հակառակ,
Ես քեզ համբուրեցի դողացող շուրթերով՝
Ուխտին հակառակ,
Ես քեզ ողբացի աղի արցունքով
Յոթ օր ու գիշեր,
Եւ կանչեցի հարալեզներ
Հսկա,
Հարալեզներ
Փրկող,
Հարալեզներ
Թևավոր,
Եւ սպասեցի, սպասեցի,
Սպասեցի:
Ու յոթ բյուր գիշեր սպասեցի,
Ու յոթ բյուր գիշեր աղոթեցի,
Ու յոթ բյուր գիշեր ողբացի:
Բայց չեկան հարալեզները
Հզոր,
Բայց չեկան հարալեզները
Փրկիչ:
Մնացի դիակիդ հետ տանիքին
Յոթ հավերժություն:

Մորֆին
Ես եմ պղծությունը իրերի՝
Հրեշտակային
Եւ դա թաքցնելը
Անմտություն է:
Ես եմ երևույթը
Անիմաստ ու վեհ,
Ես եմ բարձրի ձգտումը
Ու դա խոստովանելը
Ամոթալի է:
Ես եմ միակ
Սխալ որթատունկը
Ու դա ինձանից է գալիս:
Անեծքները կաթիլ-կաթիլ
Թափանցում են բաճկոնիցս ներս:
Ես կարող եմ զգալ
Ջրի հպումը
Ու դա
Բնական է:
Ես անցնում եմ ուրվականի պես,
Անցնում եմ առանց մտքերի,
Առանց մարմնի ու սիրո,
Առանց հույզերի,
Ես եմ դատարկությունը
Ու դա
Սարսափելի է:

Անկախության հռչակագիր
Վեց անգամ ինձ արին սրախողխող
Ու ծնվեցի:

Մեռել է գոյությունն արդեն ու միայն
Անգոյի սիրունությունն է մնացել,
Ժանգի էսթետիկան,
Մեռնելու վեհությունը տխմար,
Որ իրականում
Ճարտարապետություն է:
Եւ Տարածությունը հաղթող է
Այնտեղ
Ու չկա Ժամանակը:
Եւ Ժամանակը մեռել է:
Փա՜ռք Տարածությանը
Կենսազուրկ:
Փա՜ռք սեղմմանը:

Այնտեղ չկա գեթ մի
Բան, ու չկա
Ոչինչ՝
Բառի ամենաակնհայտ իմաստով:

Վեց անգամ էր պետք
ինձ սրախողխող անել,
Որ նոր ծնվեի:

Ու ծնվեցի՝
Բացեցի աչուկներս պստիկ,
Բայց արդեն ոչ
Ճպուռի մեջ թաղված:
Կտրած պորտալարով
Ծնվեցի այս անգամ՝
Այնտեղ, իմ ուզած երկրում:

Եւ թող լսեն ազգերը բոլոր,
Թե ինչպես չեմ հեկեկում
Ու ինչպես չեմ լսում
Ձայները,
Որ հռչակում են երկրներ
Տխմար, օրենքներ տխմար,
Ու ազատություններ տխմար:
Ես հռչակում եմ մետաֆորիկ երկիր,
Որտեղից երբեք չեն արտագաղթում:
Փա՜ռք Խցանվածի երկրին,
Զի այն լավ է քան Սղության երկիրը,
Քան Բավության երկիրը
Ու թե հաճենաք՝ քան Լիությանը:

Թքած ընթերցողի վրա,
Նա մեռել է:

Ես եկա այստեղ շատ հեռվից
Ես եկա այստեղ շատ հեռվից
Ու այդ հողը գտա այստեղ:
Ցանեցի
Զգուշորեն
Հատիկներն այն բաների, որոնք
Ծնվել էին մեջս,
Կաղապարներ հորինեցի,
Հուշիկ-հուշիկ
Դրեցի իրերի սկզբնական քաոսը
Խորանարդաձեւ տուփերի մեջ,
Հորինեցի Սուպեր էգո-ն
Ու ասացի.
«Բարի է»:
Ու մեծացավ նա
Ու ճյուղավորվեց
Ու դուրս ելան ոստերը նրա
Տուփերի միջից, որ իր
Էությունն էին ու տարածվեցին
Տիեզերական ջրերի վրա,
Ջրերը նեղացան, գնացին:
Փոթորկեցի գաղափարների
Տարափ, ու յոթ հազար գիշեր
Ջրհեղեղ արի,
Ծնեցի Իդ-ը:
Նեղացա ինքս ինձնից,
Ջղատվեցի, պոկվեցի,
Նետվեցի լայնացումով
Արբելու ու կուլ տալու
Ամեն շերեփ օտարությունը:
Մածուցիկությունը սիրեցի իրերի
Ու բանաստեղծության
Էսթետիկան մոռացա:
Պայքարեցի իմ դեմ,
Երկրաշարժ եղավ,
Աշտարակս քանդվեց:
Կտորներս դարսեցի
կաղապարների մեջ,
Բայց պայթեցին, ինչպես
Ծովափի քարերը
Երկնային թագավորությունում:
Ու ասացի.
«Չար է»:
Թքեցին իմ դեմքին,
Լցրեցին անարգանքը
Պղնձե թասը:
Կորեց, մեռավ,
Ցնդեց
Մի կաթիլ ամոթս:
Չորացած, ամայի
Այդ հողում քնեցի
Հանդարտ
Ու երազի զառանցական
տենդում դարձա
Էգո:

Ու երբ քայլում եմ
Ու երբ քայլում եմ՝
Մտքերիս զառանցական չափումները
Ճղելով,
Ու աչքերիս միջով սլանում են մետրոներ,
Սառած երեխաների ճիչերն են լսվում
Կողքի հագուստի խանութից:
Հարվածում են իրար ճշմարտությունների
Բոլոր մեքենաները,
Ճչում են
Գնապիտակները բոլոր
Ու մայթեզրը
Շշնջում է ինչ-որ բան
Ուրարտերենով:
Շնչում է ուղիղ դեմքիս
Օդը,
Ու աղբը Հայաստանի մյուս ծայրից
Երեսիս հարվածելով
Խուտուտ է տալիս աչքերս:
Շչակները ոռնում են
Կառավարության,
Ոռնում է ամբոխը
Նախագահականի առաջ
Ու հայհոյում են
Ոստիկանները բոլոր:
Այնտեղ՝ Այն երկրում,
Ուր չկա հանգիստ
Եւ ուր թույլատրված չէ
Լայնանալն ու Նեղանալը,
Ուր ժամանակը հաղթել է
Տարածությանը…
… աղմուկնէ իշխում
Այնտեղ:

Ներանձնական աղոթք՝ մայրիշխանությունից առաջ
Մա՛յր մեր, որ այստեղ չես,
ու չես եղել երբեք,
թող հասարակ լինի քո անունը
ընդմիշտ, որ չաղոթեն քեզ
ֆեմինիստները,
որ չերկրպագեն քեզ, որ միստիկ
չդառնաս դու էլ, հարազա՜տս:
Մա՛յր մեր, որ սնուցում ես,
քո տիրապետությունը գալիս է,
բայց թո՜ղ, թո՜ղ կրկին ինձ վեր զգամ,
թո՜ղ ասեմ՝ «հիմար կին»,
թող հայհոյեմ կրկին կեղտոտ
տղայական հիշոցներով,
թող իմ չոր ձեռքերով,
որ փուխր են իրականում
բռնորեն վերցնեմ փայտյա թուրն ու
թափահարեմ, թո՜ղ մի օր էլ
լինեմ տերը:
Մա՜մ, քո կամքը չէ սա, ու նրանք փչում են,
սա դու չե՛ս, մա՜մ ջան, սա ուղղակի թուղթ է,
փուչ բառեր են, դու՛ չես,
ու քեզ չի ուղղված քծնանքը:
Պոստֆեմինիզմը կուլ տալ
ստիպեց ինձ հաբը, մա՜յր մեր,
ի՞նչ անեմ, ասա՜,
տանե՞մ անհոգ կյանքի հեռանկարների
պատկերները զառանցական,
նետվե՞մ գիրկը
եկողի, ապառնին դարձնե՞մ ներկա,
թե՞ դեմ
գնամ պաստառի նկար դառնալու գայթակղումներին:
Մա՜յր մեր, տու՛ր ինձ պատասխանը,
որը այդքան
անկաշառ սփռում ես ամենուր: Մա՜յր մեր,
մանանա մի՛ ուղարկիր, մի՛ ստիպիր
որ շնիկի նման լինեմ:
Թո՛ղ տիրականորեն խմեմ հեշտագին
Տարփանքի օղին՝ առանց փափուկ բարձերի միջամտության,
առանց պոեզիայի, մա՜յր մեր, փրկեա՜ և
պահպանեա՜: Եվ թո՛ղ ինձ իմ պարտքերը՝
պարտականությունները չկատարված,
թո՛ղ ինձ
իմ անգիտակցականությունը,
ինչպես ես չեմ անում երբեք:
Եվ, մա՛մ, այնպե՛ս արա, որ տեսնեմ դա, որովհետև
անգիտակցականությունը իմ սիրած
վիճակը չէ այլևս, բայց փրկի՛ր ինձ
գժվելուց, որովհետև սրտից թույլ եմ:
Զի քոնը չէ ո՛չ փառք, ո՛չ իշխանություն՝
դրա համար կիսվում եմ հետդ անկեղծորեն
ու առանց կաշառելու մտադրության,
քո՛ արև:

Հանուն կարճ կիսաշրջազգեստների ու փայտե զենքերի
ու հնացած խոսքերիս,
ՈՉ ՄԻ

Չորս հարյուր զարդանախշեր
Չորս հարյուր զարդանախշեր
Քամեցի, որ զգամ,
Որ շոշափեմ անհարթությունները
նոր ներկված պատերի
ու
Չզգացի:
Անխղճաբար սրիչով ինձ խոցեցի,
սրեցի ուղեղս,
որ պայթեցնեմ
փուչիկները ձեր,
ու դուք փչվեցիք
Առավել:
Ու քանի՛ անգամ փչեցի
իմ սահմաններին նստած փոշին,
որ չխախտեք դուք իմ
ու ձեր միջեւ
բուսնած խոտերը:
Ու քանի՜ անգամ փչվեցի քամիների
տխմար ու գերիչ ոհմակների կողմից:
Ու դուք ձեր ոհմակով
տրորեցիք խոտերը իմ
ու ավելի փոշոտեցիք,
այն ինչ
արդեն
մաշված էր:
Խոցեցիք ինձ ձեր սրիչներով
ու քամեցիք ողջ ավիշս:
Ես որբի պես կծկվեցի
ու խուտուտ եկավ հանկարծ
էմբրիոն լինելու
չարաճճի իղձը:
Քամվեցի կամովին
չորս հազար քամիչների
կողմից, բայց ավշիցս անդին՝
քամիչի վրա, չորս բյուր
գորգերի զարդարանքի պես
մնաց ստվերային
իմ ներսի տականքը:

Կիսվել նյութով

Թողնել մեկնաբանություն