Իսկ դո՞ւ, հավատու՞մ ես աղքատ Ղազարոսի հարությանը:
Ֆ. Դոստոևսկի ‹‹Ոճիր և պատիժ››

Բայց նրանք փորձում են մեզ հավատացնել, որ կյանքը մի հայելի է, որտեղ ամբողջ տեսանելին է արտացոլված: Մինչդեռ կյանքը այն կախարդական հայելին է, որում արտացոլված է այն, ինչը մեզ տեսանելի է, նաև այն, ինչը մենք անկարող ենք տեսնել: Ուստի այս բոլորը դիտարկենք այլ տեսանկյունից: Օրինակ` մտածենք արևի գոյության մասին: Հայտնի է, որ գիշերներն անհետացող հրե գնդակը չենք տեսնում, բայց ի զորու չենք ասելու, որ գոյություն չունի, սակայն առանց տեսնելու էլ մենք չենք կարող հաստատ պնդել ու ապացուցել, թե արևը գոյություն ունի: Գուցե ամեն ինչ ծիծաղելի է այն ժամանակ, երբ ասեմ, որ այդպես էլ չկարողացա հավատալ աղքատ Ղազարոսի հարությանը, ինչին շատերն են հավատում: Ինչևիցե, մի՛ մահացեք, եթե ուզում եք վայելել հավերժական անմահության պատրանքը, իսկ ես կփորձեմ ձեզ պատմել մի բան, որը տեսել եմ, բայց որին չեմ հավատում կամ, ավելի ճիշտ, չեմ վստահում աչքերիս: Իսկ խաբուսիկության մտորումը հրապուրիչ է: Դեպքը տեղի ունեցավ գյուղում: Վաղուց էր, ինչ միայնակ չէի գնացել հանգստի: Պապենական մեծ տունը շատ սենյակներ ու պատուհաններ ուներ: Մի պատուհան առանձնանում էր մնացածներից: Այդ պատուհանից կարելի է տեսնել գյուղի եկեղեցին: Հիշում եմ` մի օր գնացի մոմ վառելու: Զարմանալի լռություն էր, երբ մոմերը ձեռքիս մտա: Մղձավանջներիս մեջ լռությունը միշտ էլ վախ էր պատճառել ինձ: Նեղ ու կոր քարե առաստաղներով խցեր կային: Մտա դրանցից մեկը, մոմերս պատին ամրացնելուց հետո, լուցկին վառելուն պես բարձր գոռացի` գլխավերևումս անհանգիստ չղջիկների ակամա փախուստից անակնկալի եկած… Այլևս չգնացի մոմ վառելու: Ամեն օրվա վերջում պատուհանից տեսնում էի եկեղեցին: Մի բան ինձ թերի էր թվում. չէի հասկանում` ինչ: Երկու շաբաթ անց զանգահարեց ընկերս` ցանկություն հայտնելով միանալ ինձ: Չմերժեցի, իմանալով, որ Նարեկի հետ հանգիստը առհասարակ ավելի ուրախ է լինելու: Հետաքրքրվում էր արվեստով, հատկապես շատ էր սիրում Վան Գոգ: Ինքն էլ լավ լուսանկարիչ էր: Ժամանեց հաջորդ օրը` մի քանի պայուսակներով, իրերով: Բերել էր նաև մի կտավ Վան Գոգից (իհարկե պատճենը): Կտավին եկեղեցի էր` վառ ու միանման գույներով, որը, սակայն, մռայլ տպավորություն էր թողնում: Մռայլ կտավի հավերժական անշարժության մեջ կարծես մի տեսակ անմահություն կար: Ինձ առավել ուրախացրեց իր ամենալավ ֆոտոխցիկներց մեկը: Նարեկը խոսում էր կատարելապես գրական բառապաշարով, ես էլ նրան նույնությամբ էի պատասխանում:
-Եղբա՛յր, արի՛ մի անգամ գնանք գյուղի եկեղեցին,- առաջարկեց ընկերս:
-Խնդիր չեմ տեսնում, ե՞րբ ես ցանկանում,- հարցրի:
-Թեկուզ հիմա, պարզապես սպասիր ֆոտոխցիկս վերցնեմ,- ասաց ու վերցրեց նաև կտավը:
Հիանալի օր էր: Նման չէր բոլոր սովորական օրերին, որոնք մենք մաշում, մեռցնում, ոչնչացնում, քայքայում ու անհիշողության ենք մատնում` չմտածելով կորցրածի մասին, որը երբեք չէինք վերադարձնի: Պատկերները, որ անմահացնում էր, ունեին որոշակի հետաքրքրություն: Նկարեց ինձ եկեղեցու դիմաց կանգնած` կտավը ձեռքիս: Ես մտածեցի, որ շատ կարճ վայրկյանների մեջ անմահությունը կլանեց ինձ, ընդգրկելով իր մեջ` դարձրեց անբաժանելի մի մասնիկ: -Ի՜նչ հոյակապ ստացվեց,- ասաց: Հետո ֆոտոխցիկի չափազանց պարզ էկրանով ցույց տվեց նկարս, որում եկեղեցու դիմաց անշարժացել էինք ես ու ժամանակը: Ուշ վերադարձանք տուն: Ամբողջովին խորացել էինք նկարելու և նկարվելու մեջ: Պետք է կրկին մենակ մնայի: Միայն հիմա հասկացա միայնության սարսափելի էությունը, խղճացի բոլոր անմահներին և ինձ: Ընկերս գնալուց առաջ խոստացավ նկարս ուղարկել, իսկ Վան Գոգն ինձ էր թողնում: Մինչ գնալը երկու բառով բացատրեց կտավի բնույթը (գիտեր, որ լավ չեմ հասկանում արվեստից):
— Նայի՛ր, այստեղ նկարիչը մռայլ երկինք է պատկերել եկեղեցու ետևում: Եկեղեցին ել շատ գեղեցիկ պատուհաններ ունի, որը զարդարում է կառույցը: Դեպի Աստծո տունն է տանում ծաղիկներով լի մի արահետ, որը գրեթե հասնելով եկեղեցուն` կիսվում է երկու մասի, այնպես, որ դառնալով արահետներ, դրանք շեղվում են տաճարից, բաժանվում ու գնում ուրիշ ուղղություններով: Իսկ ամենահետաքրքիրը, եղբա՛յր, այն է, որ կտավում եկեղեցին, հիասքանչ տաճարն ու աստծու տունը, դուռ չունի: Հասկանո՞ւմ ես: Այն մարդկանց համար միշտ փակ է եղել… Չէի հասկանում` մի՞թե այն պատճառով, որ Արարիչը միայնակ էր թողել մարդկանց, այլապես ինչու խաչի վրա հոգեվարք ապրող ամենամեծ մարդը, որն իր մահով հաղթելով մահվանը ու փրկելով մարդկային ամբողջ ցեղին, վերջին պահին աղաղակեց. «Աստված իմ, Աստված իմ, ինչո՞ւ ինձ թողեցիր»: Եվ կամ մի՞թե մենք էինք սխալ, որ հեռանալով դրախտից, մերժեցինք Նրան ու Նրա տան դուռն էլ արհամարհելով` կառուցելիս քարերով պատեցինք: Իսկ վերջին բառն արտահայտելիս այդ ոգով խաչվածը հազիվ արտաբերեց «Կատարվեց»-ը, ինչը գուժում էր դարերի վերածնունդը` միաժամանակ նաև վախճանը: Նա մեր մեջ էր, բայց մենք չընդունեցինք Նրան: Այդ օրվանից ես էլ սկսեցի սիրել Վան Գոգի կտավները, չնայած շատերի խորիմաստությունը ինձ հասկանալի չէր: Մի քանի օրից Նարեկն ուղարկեց նկարս: Ես այն փակցրի տաղանդավոր նկարչի կտավի հետ` նույն պատին` հենց այն սենյակում, որի պատուհանից անմիջականորեն երևում էր գյուղի եկեղեցին: Շատ քիչ էր մնացել ու ես էլ ավարտում էի հանգիստս: Իսկ իմ այդ ժամանակների հանգստության մեջ ինչ-որ չբացատրվող անհանգստություն կար: Իմ մեջ բացահայտ անմահության կռահումը ինձ սարսափեցրեց ամենից շատ… Պատահական հայացք գցեցի Վան Գոգի կտավին: Սարսափներիս մեջ նկատեցի այն փոքրիկ գաղտնիքը ու հայտնաբերեցի` ինչն էր ինձ թերի թվում գյուղի եկեղեցուն նայելիս: Հեռվում իրական եկեղեցին էլ դռներ չուներ: Չնայած պարզ հիշում էի մոմեր վառելու օրը: Հիշողության հրաշքը մի աշխարհ ի հայտ բերեց, ինչում ևս նկատելի էր անմահությունը… Առավել լավ տպավորվեց վերջին օրս, երբ երեկոյան դիտում էի եկեղեցին` մայր մտնող արևի շողերով զարդարված: Ազատվելով ճառագայթող շողերի անտանելի ծանրության բեռից` արևն էլ անգամ արտահայտում էր իր իսկ գոյության և անմահության փաստը: Քաղաք վերադառնալիս վերցրի ինձ հետ նկարները, ինչի մեջ էի թաղել իմ անմահության գաղտնիությունը: Ուղեղիս մեջ անջնջելի կերպով մնացել է պահի քարացումը: Սենյակում պատից կախված նկարներն են, որոնցից մեկի մեջ ես եմ` ձեռքիս պահում եմ մյուս նկարը` եկեղեցու բակում: Նկար` նկարի և կյանք` կյանքի մեջ: Ապա բաց պատուհանն է տպավորվում, որը կարծես դուռ կամ կամուրջ է հանդիսանում` ուրիշ իրականություն տանող: Մեկ էլ պատուհանից երևացող եկեղեցին… Սառած, քարացած ակնթարթների մեջ է պարփակված անմահության անհունությունը: Այս ամենը կարծես մի մեծ նկար լինի: Տարօրինակ է… Այն, ինչը ինձ է պատկանում, ես չեմ հավատում, չնայած, որ տեսնում եմ: Անդրադառնալով ու կրկնելով` ասեմ, որ չեմ տեսել աղքատ Ղազարոսին և նրա հարությանն էլ չեմ հավատում: Սակայն գրված է. «Երանի հոգով աղքատներին, որովհետև նրանցն է երկնքի արքայությունը» և «Երանի նրանց, ովքեր չեն տեսնի, բայց կհավատան»: Ահա, «կատարվեց»: Երանի ձե՛զ, որովհետև «դուք» կփրկվեք, իսկ ես… իսկ ինձ փրկություն հակավոր չէ:

Կիսվել նյութով

Թողնել մեկնաբանություն