1925 թ. իսպանացի փիլիսոփա, մշակութաբան Խոսե Օրտեգա-ի-Գասեթը, խոսելով ժամանակի նոր ստեղծվող գրականության մասին, հայտարարում է արվեստի ապամարդկայնացման մասին: Շուրջ կես դար անց հայ բանաստեղծ Հովհաննես Գրիգորյանը հայտարարում է «բանաստեղծության անհետացման» մասին՝ նկատի ունենալով բանասատեղծության մարդկայնացումը:[1] Տարբեր ժամանկներում մշակույթի այս երկու գործիչների առաջին հայացքից հակադիր հայտարարությունները համեմատելով (նկատենք նաև, որ Խոսե Օրտեգա-ի-Գասեթի էսսեները՝ «Մշակույթի փիլիսոփայություն» ժողովածուով հայերեն է թարգմանել հենց Հովհաննես Գրիգորյանը) գալիս ենք այն զարմանալի եզրակացության, որ երկուսն էլ, հակադիր եզրույթներով, խոսում են միևնույն երևույթի մասին:
Սուպերռեալիզմ կամ ինֆրառեալիզմ
Խոսե Օրտեգա-ի-Գասեթը նոր արվեստում նկատում է իրերի հիերարխիայի խախտում. այն է՝ անկարևորին առավել կարևոր կոչում տալը: Մարդու աշխարհընկալման մեջ, ինչը արտահայտվում է նաև արվեստում, իրերը և դրանց հասկացությունները ունեն որոշակի դեր և դիրք, դրանով ստեղծվում է իրերի հիերարխիան: Սա այն մասին չէ, որ կա բարձր և ցածր արվեստ, արվեստին «հարիր» և «ոչ հարիր» երևութներ, արվեստի և կենցաղի լեզու, այլ հենց այդ արվեստում նույն շրջանակում գտնվող երևույթների որոշակի դասակարգում՝ կարևորից անկարևոր. կարևորը թեմա/գաղափարի, պոեզիայում՝ պատկերի կրողն ու արտահայտողն է, որին ստորադասվում են այլ երևույթներ՝ պատկերի ամբողջացման համար:
Ահա այս հիերարխիկ համակարգը 20-րդ դարի արվեստում սկսվում է շրջվել. «Բավական է շրջել հիերարխիական կարգն ու այնպիսի արվեստ ստեղծել, որտեղ առաջին պլանում են հայտնվում մոնումենտալությամբ օժտված կյանքի չնչին մանրամասները»: [2]
Այս երևույթը Խոսե Օրտեգա-ի-Գասեթի բնութագրումից տարիներ անց իսպանական գրականության մեջ ստացավ առանցքային դեր՝ ազդվելով դադադիստներից և սյուրռեալիստներից՝ իսպանացի պոետների մի խումբ ստեղծեց ինֆրառեալիզմի շարժումը՝ գերնպատակ ունենալով բանաստեղծության ազատականացնումը:
Բանաստեղծության ազատականացումը բոլոր ժամանակների քիչ տաղանդավոր պոետների գերնպատակներից մեկն է եղել, որը քիչ թե շատ իրականացվել է տարբեր միջոցներով: Վերադառնալով ինֆրառեալիզմին՝ նկատենք այս երևույթը Հովհաննես Գրիգորյանի պոեզիայում: Գեղարվեստական պատկերավորման այս միջոցը, իհարկե, հայ գրականության մեջ Հովհաննես Գրիգորյանը առաջինը չէ, որ առաջինն է կիրառում, սակայն նրա պոեզիայում այն դադարում է միջոց լինելուց և վերածվում է աշխարհընկալման ձևի:
Այսպես, «Երբեք չմեռնես- ահա թե ինչ կասեմ քեզ» ժողովածու տեղ գտած «Կիրակի» բանատեղծությունը առաջին հայացքից շաբաթվա մեկ օրվա մանրամասն՝ ժամ առ ժամ նկարագրությունն է՝ կրկնվող պատկերներով: Վերջին կիրակին, մահը, ինքնասպանության փորձ/ ցանկությունը, որը կարծես թե բանաստեծության գլխավոր թեման է և իրերի ու դեպքերի հիերարխիայի գագաթներից մեկը, հայտնվում է միայն վերջին տան մեջ, երբ գրողը, թվարկելով օրվա ժամերը, հասնում է ամենահաճելիին. «Ես մաքուր սափրվում եմ, հագնում տոնական// կոստյումս և օղակն անցկացնելով վզիս՝ հրում եմ….»:[3] Սակայն, նույնիսկ վերջին տան մեջ սա զիջում է իր դիրքը, դառնում երկրորդական, քանի որ դրանից հետո էլ գործողություններն շարունակվում են: Բանաստեղծության հիմնական մասում են պատուհանի ապակին կտցահարող ճնճղուկը, մուրացկանը, «Աստծու ճշմարիտ խոսքը» քարոզող եհովայականները, «վերջապես վախճանված այսինչ այնինչյանի» թաղմանը հրավիրող ՀԳՄ նախագահը, Մոզամբիկում ծառատնկի համար հազարական դրամ գումար հավաքող թաղի լիազորը, Իսրայելի պրեզիդենտը՝ հին ուղղագրությանը վերադառնալու հրամանով, մածնավաճառը՝ մածունի «բանկաները» հետ պահանջող, կուսակցությունների հանդիսավոր շքերթը, ինքն ու կինը՝ երեկոյան սուրճը վայելելիս նույնքան: Ահա այս շարքով պատկերները մուտք են գործում ու դուրս գալիս բանաստեղծություն, ոչնչով չզիջելով և պակաս կարևոր չլինելով այն առարկայից, որը սվորաբար գրականության մեջ գլխավորներից մեկն է լինում:
Ինֆրառեալիզմը Հովահննես Գրիգորյանի պոեզիայում մի յուրահատուկ կերպավորում է ստանում հետևյալ մեխանիզմներով՝ համաշխարհային խոշոր իրադարձության մեջ հայի ճակատագիրը և, որ առավել գրիգորյանական է, համաշխարհային խոշոր իրադարձության մեջ անհատի փոքրիկ կենցաղը:
Համամարդկային իրադարձությունները հեղինակը շատ հաճախ ներկայացնում է օրվա լրահոսի տեսքով՝ իրականության և ժամանակի ամբողջական պատկերը, առանջին հայացքից առանց այլաբանության, հստակ հատվածականությամբ դառնում է բանաստեղծությունը: Եվ ահա գրողը, ներկայացնելով «օրվա լրահոսը», այն գեղարվեստականացնելու փորձեր չի էլ անում, և դեռ ավելի է առաջ գնում՝ այն շաղախում է առաջին հայացքից կենցաղային և երգիծական, իրականում՝ դառը և ցավալի ընկալմամբ: Բանաստեղծը դնում է իրեն այդ դեպքերի կենտրոնում, իր սովորական կյանքը ոչ պակաս կարևորելով Դիանա արքայադստեր թաղումից:[4] Այստեղ ինֆրառեալիզմը նկատվում է ոչ սովարական արտահայտությամբ՝ ոչ թե խախտվում է իրերի հիերարխիան բանաստեղծության կառույցում, այլ բանաստեղծությունը ինքնին վերցված հիերարխիայի խախտում է արվեստի աշխարհընկալման մեջ:
Նկատենք նաև, որ գրողը նմանօրինակ մի շարք բանաստեծություններով հայ գրականություն է բերում ու կատարելության հասնում լրատվական/ անոնսային բանաստեղծության ժանրը: Սա արդեն ոչ թե բանաստեղծության ապամարդկայնացման արդյունքն է (այն խորհուրդով, որ դրել է տերմինի մեջ Խոսե Օրտեգա-ի-Գասեթը) և մաքուր արվեստ ստանալու հնարավորություն, այլ բանաստեղծության մարդկայնացման կատարյալ արտահայտություն է:
Lրատվական/ անոնսային բանաստեղծության լավագույն օրինակներից է «Վերջին լուրեր» խորագրով բանաստեղծությունը, որում ժամանակի դեպքերը ներկայացվում են քնելուց առաջ լսած և քնելուն նպաստող երեկոյան լուրերի տեսքով.
Անշուշտ ամենաձեռնտուն և ամենաառողջարարը քնելն է
հեռուստացույցի առաջ, հատկապես վերջին լուրերի հաղորդման ժամանակ:
Այդպես դու հանգստանում ես առանց համաշխարհային
և տեղական կարևոր ու հրատապ իրադարձություններից կտրվելու:[5]
Եվ ահա բանաստղծը հատ-հատ ներկայացնում է օրվա լուրերը՝ բնորորշ մեկնաբանություններով: Եթե պայմանականորեն առանձնացնենք այս լուրերը որպես բանաստեղծության առանձին հատվածներ, կնկատենք հիերարխիայի խախտում հենց այդ հատվածներից յուրաքանչյուրի ներսում. այսպես՝ պառլամենտի քննարկելիք գլխավոր հարցը նարգիլեի և ափիոնի դեմ պայքարն է՝ «հայ-թուրքական հարաբերությունների կարգավորումից անմիջապես հետո…»[6]: Պետք է նկատել, որ այս բանաստեղծության մեջ հեղինակը յուրաքանչյուր հատված ավարտել է կախման կետերով. սա մի տեսակ անավարտություն է կիսատություն է հաղորդում արծարծվող բոլոր թեմաներին և արտահայտում է բանաստեղծի անզոր «անտարբերությունը» իրականության հանդեպ:
…. այդպես էլ չիմանալով, թե ինչ
նվաճումներ ենք արձանագրել սպորտի
և հատկապես մշակույթի ասպարեզում,
որոնցից մեկն էլ այն է, որ ծանր ու երկարատև
հաջողություններից հետո վախճանվել է
մշակույթի վաստակավոոր գործիչ…
ափսոս չլսեցի անունը՝
արդեն խորը քնի մեջ էի թաղված…[7]
Հենց բանաստեղծության վերագիրն արդեն իսկ հուշում է կառուցվածքը և թեման: Այսպիսի բնույթ ունեն նաև «Տխուր լուրեր Փարիզից», «Ֆրանսիական ճգնաժամ. սկիզբը երեկոյան ժամը 4-ին, կրկրնությունն ամեն երկուշաբթի», «Այս գիշեր և վաղը ցերեկը Շիրակի հարթավայրում և Գյումրի քաղաքում սպասվում է առանց տրամադրության եղանակ» բանաստեղծությունները:
Եթե Վերոնշյալ օրինակներում գլխավորը ներկայացվում է որպես անկարևոր, ապա կան նաև մի շարք այլ բանաստեղծություններ, որտեղ մեծի մեջ փոքրն է որպես շեղող, ուշադրությունը գրավող դեպք: Հովհաննես Գրիգորյանը նույնիսկ բանաստեղծություններից մեկը հենց այդպես էլ խորագրել է՝ «Շեղումներ»: Այս բանաստեղծությունում գործողության երկու պլան կա՝ Երևան-Տանձուտ և Երևան-Փարիզ չվերթները: «Երևան-Փարիզը», որը բանաստեղծական գործողությունների իրագործման հիմնքն ու հիմնանպատակն է, սկսվում է կամ այնպիսին է, ինչպիսին որ կա, առավել պակաս կարևորի գոծողություններ մտնելու՝ «չեղարկվելու» շնորհիվ: Նախ՝ ինչպես ենք որոշում առաջնային և երկրորդական պլանը՝ բանաստեղծի վերաբերմունքով և տարածված ու իրականության մեջ գոյություն ունեցող դիրք-կարծրատիպով: Այս դեպքում բանաստեղծի վերաբերմունքը լիովին արտահայտված է հենց երգիծանքի միջոցով (սա թերևս ամենատարածված միջոցն է):
Ժամանակավորապես հետաձգվում է Երևան-Տանձուտ
ավիաուղերթը՝ Տանձուտում օդակայան չլինելու պատճառով…[8]
Ուրեմն չեղարկվում է այն, ինչը չկա, որի շնորհիվ ստեղծվում է պայմանական իրականություն, որը հնարավոր է դառնում միայն այս գոյություն չունեցողի շնորհիվ:
Խոսե Օրտեգա-ի-Գասեթը ինֆրառեալիզմը կամ սուպերռեալիզմը համարում է ռեալիզմը հաղթահարելու միջոց հատկապես դրա՝ իրականության «մանրադիտակային պլանով կյանքը դիտելու» շնորհիվ: Սա, իհարկե, առավել հատուկ է արձակին, և հենց ինքը՝ Խոսե Օրտեգա-ի-Գասեթը որպես օրինակ բերում է հենց արձակագիրների (Մարսել Պրուստ, Ջեյմս Ջոյս, Ռամոն Գոմես դէ լա Սերնա): Հասկանալի է, որ բանաստեղծն իրեն չի կարող թույլ տալ «ավելորդ» բառ, պատկեր, սակայն այս գոծիքը հաջողությամբ կիրառվում է հետևյալ մեխանիզմով՝ իրականության մանրադիտակային, խոշորացույցով դիտածի միայն մի պատկերի կամ պատկերի մի հատվածի բանաստեղծացումով: Առաջին հայացքից անկարևոր և փոքրիկ բանը դառնում է բանաստեղծություն, քանի որ այն մեծ աշխարհի մի մասն է, սակայն, ի տարբերություն նախորդ օրինակների, այդ մեծ և կարևոր աշխարհը այդպես էլ չի երևում: Այսպես Հովհաննես Գրիգորյանի «Դատարկ սենյակում զնգում էր հեռախոսը….» սկզբնատողով բանստեղծության մեջ մի զանգին հաջորդող դեպքերն են՝ դատարկ սենյակում տեղի ունեցող, որտեղ փոքրիկ (հետո նաև «ժամանակոտված») սարդն է և այդ սենյակի իրերի աշխարհը:[9]
Ապամարդկայնացումը, ոչ որպես արվեստի զարգացման միտում և ստեղծագործական ուղղություն, այլ որպես թեմա իր արտահայտությունն է գտել «Նորից օր է….» սկզբնատողով բանաստեղծության մեջ: Այս բանաստեղծության մեջ Հովհաննես Գրիգորյանը ոչ թե այլաբանորեն, այլ հենց ուղիղ (ինչը կարող ենք համարել այլաբանության լավագույն դրսևորումներից) մարդուն հանում է իր պատկերած իրականությունից: Եվ, որպեսզի էլ ավելի ընդգծվի մարդու վերացումը, թողնում է մարդու հանդերձանքը՝ կոշիկն ու վերնաշապիկը, թաշկինակն ու ժամացույցը: Եվ սրանք մտնում են իրենց սովորական գործունեության մեջ՝ քայլում, ժամանակ ցույց տալիս, բայց արդեն առանց մարդու: Դադաղորեն մաշվում է այս ամենը՝ ցույց տալով մարդու արժեզրկումն ու կյանքի անիմաստությունը:
Սա արդեն ոչ թե արվերստից մարդուն հանելն է, ինչի մասին խոսում էր Խոսե Օրտեգա-ի-Գասեթը, այլ արվեստի մեջ մարդու՝ իրականությունից հանվելը ներկայացնելն է:
Այսպիսով ինֆրառեալիզմը, որ բանաստեղծության ապամարդայնացման գլխավոր ցուցանիշներից մեկն էր, կատարելագործվելով և էլ ավելի սրվելով տանում է դեպի հակառակը՝ բանաստեղծության մարդակայնացմանը:
[1] Տե՛ս Հովհաննես Գրիգորյան, Բաց դռների օր Մհերի քարայրում, Երևան, 2008 թ.:
[2] Խոսե Օրտեգա-ի-Գասեթ, Մշակույթի փիլիսոփայություն, Երևան, 2019 թ.:
[3] Հովհաննես Գրիգորյան, Նոր տողից, Երևան, 2013 թ., էջ 294:
[4] Տե՛ս նույն տեղում, «Դիանա արքայադստեր թե՞ իշխանուհու թաղումը», էջ 274:
[5] Նույն տեղում, էջ 325:
[6] Նույն տեղում:
[7] Նույն տեղում, էջ 327:
[8] Նույն տեղում, էջ 334:
[9] Տե՛ս նույն տեղում, էջ 119: