Չգիտեմ՝ մի ծաղկով գարուն գալիս է, թե չէ, բայց մի մառախուղով աշուն գալիս է. համենայն դեպս՝ ես ականատես եմ եղել:
Սեպտեմբերի 3-րդ շաբաթն է վերջանում, օրացույցով աշուն է, բայց միայն օրացույցով. ամառային եղանակ է, օդի ջերմաստիճանը՝ 30 աստիճան ըստ Ցելսիուսի (եթե հավատանք այս հազվագյուտ մասնագիտության սակավաթիվ ներկայացուցիչներին), մարդիկ շատ թեթև են հագնված: Ծառերի տերևները չեն կորցրել ամառային գունավորումը: Նման եղանակին շատ երկրներում, այդ թվում Հայաստանի Հանրապետությունում, իրենց աշխատանքն են սկսում ուսումնական հաստատությունները, որոնք անցանկալի են ուսումնառողներիս՝ ամռանը ադապտացված մարմիններին և հոգիներին: Իհարկե, այս կապտավուն մոլորակի վրա կան մի շարք վայրեր, որտեղ դասերն սկսվում են հոկտեմբերին, բայց սա արդեն ուրիշ պատմություն է: Ինչևէ, հանգստյան օրերը կարելի է օգտագործել դասերից զատ այլ բաների համար:
Եվ այսպիսի մի «աշնանային» օր որոշեցինք շրջագայել Հայաստանում և այցելել հանրապետության հարավային շրջանների դեռևս անծանոթ մի քանի մշակութային կոթողներ, լինել հայրենիքի անծանոթ հարթավայրերում, բարձր լեռներում և խոր ձորերում: 1000 կիլոմետր երկարությամբ ճանապարհորդությունը (այո՛, ՀՀ-ում հնարավոր է մեկ օրում նման երկարություն հաղթահարել) սկսեցինք վաղ առավոտյան՝ Հայաստանի հյուսիսարևելյան անտառապատ հովիտներից: Հաղթահարում ենք առաջին լեռնանցքը և հայտնվում բարձրադիր հարթավայրում: Մոտ մեկ ժամ զգացինք գեղատեսիլ լճի շունչը և արդեն կեսօրին 2400 մետր բացարձակ բարձրության վրա մի պահ զգացինք աշնանային շունչ. այն անգամ ամռան ամենաշոգ օրերին կարելի է զգալ այս բարձրադիր լեռնանցքում, որն իրար է կապում (այլ ոչ թե բաժանում) ՀՀ երկու մարզեր: Լեռնանցքը իջնելուց հետո մոռանում ենք աշնան իշխանության մասին, շարունակում ոլորապտույտ ճանապարհը և մի քանի ժամից մտնում անտառապատ ձոր: Ավելի շուտ դեռ ձորը չմտած մտնում ենք բնական մի երևույթի՝ մառախուղի մեջ: Օրը ցերեկով ճանապարհը դառնում է անտեսանելի (գուցե սա բակունցյան Մթնաձորն է), օդի ջերմաստիճանը կտրուկ նվազում է, հագնում ենք նախօրոք դեպքերի նման զարգացման մտավախությամբ վերցրած տաք զգեստները (նման իրավիճակները ծանոթ են) և փորձում հաղթահարել խոչընդոտները՝ նոր վայրեր բացահայտելու համար: Սահմանափակ տեսանելիությունը չի խոչընդոտում հիանալ գեղատեսիլ բնության հրաշքներով և նախնյաց կերտած կոթողներով: Ժամանակակից տեխնիկական միջոցներում ֆիքսում ենք մեր՝ տվյալ վայրում գտնվելը և պատրաստվում լքել արդեն ծանոթ դարձած վայրերը: Վերջապես կարող եմ ասել, որ եղել եմ ՀՀ բոլոր մարզերում: Դուրս ենք գալիս մառախլապատ ձորից և կրկին մոռանում աշնան մասին:
Հետադարձ ճանապարհը առատ է անակնկալներով: Մեկ այլ լեռնանցքի մոտենալիս, որը նույնպես կապում է երկու աշխարհներ, միաժամանակ նաև ՀՀ երկու վարչական միավորներ (մարդիկ բնությունից երբեմն ճիշտ օրինակ են վերցնում), ականատես ենք լինում նույն երևույթին, ինչ ժամեր առաջ Հայաստանի մյուս ծայրում՝ հարյուրավոր կիլոմետրեր հեռու: Երեկոյան մթությունը գումարվում է թանձր թխպին և առանց այն էլ վատ տեսանելիությունը դառնում է վտանգավոր: Երբեք վարորդներն այդպես զգուշավոր ու կարգապահ չեն, ինչպես նման դեպքերում. հեռվից դիտողը կարող է աղոտ նշմարել դանդաղաշարժ շարասյան լուսարձակների լույսերը:
Տուն ենք հասնում կեսգիշերին և միանգամից քնում: Երկար ճանապարհը, այն էլ մեր նման լեռնային երկրի ոլորապտույտ ճանապարհներով, հոգնեցնող է. բայց հաճելի:
* * *
Առավոտյան նայում եմ պատուհանից և քաղաքի շուրջ տարածվող ոչ բարձր սարերի վրա նկատում երեկվա մառախուղը (կամ նրա ցեղակցին): Արևն այլևս առաջվա պես չի շողում: Անգամ տերևներն են փոքր-ինչ գունազրկվել:
Աշունը մտնում է իր բնականոն հունի մեջ:
* * *
Օրեր անց մառախուղը տարրալուծվում է, բայց օդը սառն է. մարդիկ ավելի տաք են հագնվում, ոմանք արդեն վերարկուներով են շրջում: Տերևները ներկայանում են կանաչի և կարմրադարչնագույնի միջև հնարավոր բոլոր երանգներով:
Նստած եմ քաղաքի նստարաններից մեկին: Փողոցում տերևներ չկան թափված. առաջին բանը, որ կարող էր հիշեցնել աշնան մասին: Գուցե քաղաքի մաքրության պատասխանատուների հրահանգով առավոտյան այն հավաքել են և տարել: Սալահատակի վրա երևում են ժրաջան մրջյուններ, ովքեր զգալով եղանակի փոփոխությունները, շտապում են իրենց հերթական պաշարը տեղափոխել ընդհանուր պահեստներ:
Նայում եմ փողոցով անցնող մեքենաներին: Նայում եմ անցորդներին. նրանք շտապում են, չեն նայում իրենց շուրջը, չեն զգում աշնան շունչը:
Սկսում է փչել թույլ քամի: Ծառերի ստվերները թրթռում են մայթի վրա: Օ’Հենրիի հայտնի տերևների նման ծառից պոկվում են մի քանի տերև և օրորվելով իջնում ցած: Նրանցից մեկը քսվում է դիմացիս նստարանին նստած աղջկա այտին, նա նայում է իմ ուղղությամբ և ժպտում: Ես նույնպես ժպտում եմ, այդ կերպ ցույց տալով, որ նկատեցի տերևի վարքը:
Այդժամ եմ հասկանում, որ իսկական աշունը սկսվում է այն ժամանակ, երբ ծառից պոկված տերևը քսվում է այտիդ: